անցնում են ածխային թերթաքարերի կամ ածխային արգիլիտների։ Ա–ի արդյունաբերական դասակարգումը հիմնված է ածխացման աստիճանի վրա. դոնեցյան դասակարգմամբ առանձնացվում են երկար բոցավոր, գազային, ճարպային, կոքսացող, վտիտ և անտրացիտ տեսակները։ Ըստ բաղադրիչ մասերի պարունակության, տարբերվում են երկու փայլուն (վիտրեն, կլարեն) և երկու փայլատ (դյուրեն, ֆյուզեն) տարատեսակներ։ Ա–ի կուտակումն սկսվել է քեմբրից, սակայն արդյունաբերական պաշարների կուտակումը՝ դևոնից։ Ա–ի համաշխարհային պաշարները (մինչև 1800 մ խորությունը) գնահատվում են 15000–16000 մլրդ.տ, որից ՍՍՀՄ–ում՝ 8670 մլրդ. տ, ԱՄՆ–ում՝ 4300 մլրդ. տ։ ՀՍՍՀ–ամ Ա–ի երևակումներ կան Ախուրյանի (Ջաջուռ), Արարատի (Ջերմանիս) և Թումանյանի (Շամուտ) շրջաններում։ Ա. էներգիայի և մի շարք քիմիական նյութերի ստացման հումք են։ 500°C ջերմության պայմաններում Ա–ից չոր թորման եղանակով ստացվում է հեղուկ ձյութ, լուսագազ, ածխաթթվային ամոնիակ, իսկ 1000°C–ում՝ կոքս։ Տես նաև Ածխարդյունաբերություն։
Գրկ. Гапеев А. А., Твёрдые горючие ископаемые (Каустобиолиты), М., 1949; Геология месторождений Угля и горючих сланцев СССР, т. 1-10…, М., 1962-67…
ԱԿԱԴԵՄԻԱ (հուն. Ακαδημία), գիտական, ուսումնական, գեղարվեստական և այլ հիմնարկների ու ընկերությունների անվանում։ «Ա.» բառը ծագել է դիցաբանական հերոս Ակադեմոսի անունից, ի պատիվ որի Աթենքի մոտ մի տեղավայր կոչվել է նրա անվամբ, ուր և մ. թ. ա. IV դ. Պլատոնը (տես Պլատոնյան ակադեմիա) իր աշակերտներին դասախոսություններ էր կարդում։
Հելլենիստական դարաշրջանում ստեղծվեցին գիտական ընկերություններ, որոնք ըստ էության ակադեմիաներ էին (Ալեքսանդրիայի մուսեյոն, մ. թ. ա. III դ.)։ Միջնադարում Արևելքում մեծ տարածում գտան «Իմաստության տներ»–ը՝ Բաղդադում (IX դ.), «Մամունի ակադեմիա»–ն՝ խորեզմում (XI դ. սկիզբ), աստղադիտարաններին կից գիտական ընկերությունները՝ Մարաղայում (XIII դ.), Սամարղանդում (XV դ.)։ Փաստորեն միջնադարյան Ա–ների դեր էին կատարում Գլաձորի, Տաթևի, Անիի, Հաղպատի, Սանահինի, Բարձրբերդի և Հայաստանի մի քանի այլ վայրերում եղած համալսարաններն ու ճեմարանները։ XV–XVI դարերում Ա. էին կոչվում Իտալիայի բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում էին հիմնականում հումանիտար գիտություններով։ XVII դ. տարբեր երկրներում հանդես եկան մի շարք գիտական ընկերություններ՝ ակադեմիաներ, որոնց ուշադրության կենտրոնում բնագիտության պրոբլեմներն էին։ Նրանցում, ի հակադրություն սխոլաստիկայի, մշակվում էին հետազոտական–փորձարարական նոր, ճշգրիտ մեթոդներ։ XVII դ. 2-րդ կեսից պետական իշխանությունների աջակցությամբ ստեղծվեցին ազգային գիտական կենտրոններ՝ Ա–ներ, օրինակ՝ Լոնդոնի թագավորական ընկերությունը (1660), Փարիզի ԳԱ (1666), Պրուսական ԳԱ՝ Բեռլինում (1700), Կայսերական ԳԱ՝ Պետերբուրգում (1724) ևն։ Ռուսաստանում բացի ԳԱ–ից գոյություն ուներ Ռուսաստանյան ակադեմիա (1783–1841), որն զբաղվում էր ռուսաց լեզվի և բանահյուսության հարցերով։
Այժմ կենտրոնական (համազգային) Ա–ներ կամ հավանման հիմնարկներ կան բազմաթիվ երկրներում, շատ տեղերում՝ նույնիսկ մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է գիտությունների որևէ խումբ կամ մշակույթի որևէ բնագավառ։ Անգլիայում ԳԱ–ի դեր է կատարում Լոնդոնի թագավորական ընկերությունը, Ֆրանսիայում՝ Ֆրանսիայի ինստիտուտը՝ բաղկացած 5 ակադեմիաներից (այդ թվում՝ Փարիզի ԳԱ ևն)։ Կապիտալիստական երկրների մի շարք Ա–ներ իրենց գործունեությունը հիմնականում սահմանափակում են գիտական աշխատությունների (գլխավորապես՝ Ա–ի անդամների) հրապարակմամբ և քննարկմամբ։
ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում ԳԱ–ները համապարփակ գիտական հիմնարկներ են՝ հետազոտական հզոր բազաներով (ինստիտուտներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ ևն), որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն հետազոտել ժամանակակից գիտությունների հիմնական պրոբլեմները, այլև կոորդինացնել գիտական հիմնարկների աշխատանքը։ Սովետական Միության գիտական գլխավոր եենտոոնր ՍՍՀՄ ԳԱ–ն է։ Գոյություն ունեն միութենական հանրապետությունների ԳԱ–ներ (օրինակ՝ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա) և ճյուղային Ա–ներ՝ ՍՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիա, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիա ևն։ Ա. են կոչվում նաև մի քանի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ (օրինակ՝ Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա) ևն։ Արտասահմանյան երկրներում (մասնավորապես՝ ԱՄՆ–ում) Ա. են կոչվում նաև մի շարք մասնավոր միջնակարգ ուսումնական հաստատություններ և գիտական կամ ուսումնական բնույթի հիմնարկներ։
ԱԿԱԴԵՄԻԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ԲԳԱ), բժշկական բարձրագույն գիտական հիմնարկություն, որը համախմբում է առավել խոշոր բժիշկգիտնականների։ Հիմնադրվել է 1944-ի հունիսին։ Գտնվում Է Մոսկվայում։ 1969-ի նոյեմբ. 1-ի տվյալներով ՍՍՀՍ ԲԳԱ–ի կազմում եղել են 110 իսկական անդամ և 156 թղթակից–անդամ։ Սկսած 1961-ից ակադեմիայի կազմում ընտրվում են նաև արտասահմանյան անդամներ։ ՍՍՀՄ ԲԳԱ–ի հիմնական խնդիրներն են՝ տեսական և գործնական բժշկագիտության պրոբլեմների մշակումը, արտասահմանյան գիտական հիմնարկությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների կազմակերպումը, բժշկության և կենսաբանության ասպարեզում բարձրորակ գիտաշխատողների պատրաստումը։ Ակադեմիայի բարձրագույն ղեկավար օրգանը իսկական անդամների և թղթակից–անդամների Ընդհանուր ժողովն է։ Ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում ակադեմիայի ամբողջ գործունեությունը ղեկավարում է ՍՍՀՄ ԲԳԱ–ի Նախագահությունը (բաղկացած 9 հոգուց), որն ընտրվում է 4 տարին մեկ անգամ։ ԲԳԱ բաղկացած է երեք բաժանմունքներից՝
1. Հիգիենայի, մանրէաբանության և համաճարակագիտության՝ 7 ինստ–ներով. Դ. Ի. Իվանովսկու անվ. վիրուսաբանության, աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների, Ա. Ն. Սիսինի անվ. ընդհանուր և կոմունալ հիգիենայի, սննդի, պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների, նոր անտիբիոտիկների հայտնաբերման, Ն. Ֆ. Գամալեայի անվ. համաճարակագիտության և մանրէաբանության։ 2. Կլինիկական բժշկագիտության բաժանմունք՝ 13 ինստներով. մանկաբարձության և գինեկոլոգիայի, գերոնտոլոգիայի, Ա. Լ. Մյասնիկովի անվ. սրտաբանության, բժշկական ռադիոլոգիայի, նյարդաբանության, Ն. Ն. Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության, մանկաբուժության, հոգեբուժության, ռևմատիզմի, Ա. Ն. Բակուլևի անվ. սիրտ–անոթային վիրաբուժության, Ա. Վ. Վիշնևսկու անվ. վիրաբուժության, փորձառական և կլինիկական ուռուցքաբանության, հյուսվածքների և օրգանների պատվաստման։ Վերջինիս կից գործում է օրգանների և հյուսվածքների պատվաստման լաբորատորիա։ 3. Բժշկա–կենսաբանական գիտությունների բաժանմունք՝ 9 ինստ–ներով. կենսաբանական և բժշկական քիմիայի, ուղեղի, մարդու ձևաբանության (մորֆոլոգիայի), նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիայի, դեղագիտության և քիմիաթերապիայի, բժշկական գենետիկայի, փորձառական բժշկագիտության, փորձառական ախտաբանության և թերապիայի, փորձառական էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի։ Վերոհիշյալ ինստ–ներից բացի Բժշկակենսաբանական գիտությունների բաժանմունքում գործում են՝ ալերգիական, փորձառական–կենսաբանական մոդելների, օրգանիզմի վերակենդանացման և իմունոբիոլոգիայի փորձառական լաբորատորիաներ։ Ակադեմիան շնորհում է 28 անվանական մրցանակ բժշկագիտության ասպարեզում կատարված ակնառու գիտական հայտնագործությունների և աշխատանքների համար։ Հրատարակում է «Վեստնիկ ԱՄՆ ՍՍՍՌ» («ՍՍՀՄ ԲԳԱ–ի լրաբեր», 1946-ից) և «Բյուլետեն էքսպերիմենտալնոյ բիոլոգիի ի մեդիցինի» («Փորձառական կենսաբանության և բժշկագիտության բյուլետեն», 1936-ից) հանդեսները։ Հայ բժիշկ–գիտնականներից ՍՍՀՄ ԲԳԱ–ի իսկական անդամ են ընտրվել՝ Ա. Բ. Ալեքսանյանը (1960–71), Ա. Ա. Բաղդասարովը (1957–61), Հ. Վ. Բարոյանը (1965-ից), Լ. Ա. Հովհաննիսյանը (1944–70), Ս. Ա. Սարկիսովը (1948-ից), Լ. Ա. Օրբելին (1944–58)։ Թղթակից–անդամ՝ Ռ. Հ. Բաբայանցը (1944–62), Լ. Ա. Հարությունյանը (1961-ից), Ա. Ի. Հարությունովը (1948-ից), Ա. Գ. Ղուկասյանը