Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲԵՂՅԱՆ 23

ծռեր»֊ի երկրորդ տարբերակը։ 1889-ին Շուշիում հրատարակել է «Դավիթ և Մհեր» ժողովրդական վեպի մոկաց պատումը՝ գրի առած 1886-ին, Էջմիածնում, Գևորգյան ճեմարանի դռնապան Նախո քեռուց։ Հետազոտել է «Սասնա ծռեր»-ի ժանրային֊գեղարվեստական հատկանիշները, բացահայտել նրա պատմական ատաղձն ու վիպական֊առասպելական շերտերը, ապացուցել նրա համաժողովրդական֊աշխատավորական բնույթը։ Ստեղծագործաբար յուրացնելով նախորդ հայագետների (Մ. Էմին, Ղ. Ալիշան, Հ. Գելցեր) փորձը՝ Ա. պատմա֊համեմատական եղանակով, նորովի ուսումնասիրել է հայերի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, գնահատել դրանց կուլտուր֊պատմական արժեքը։ Հայ պատմիչների (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Սեբեոս) երկերում պահպանված վիպական հատվածների բանասիրական քննությամբ ապացուցել է հնում ժող. այլ վեպերի («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ») գոյությունը։ Հայ վիպական բանահյուսության զարգացումը Ա. բաժանել է ժանրային֊թեմատիկ ժամանակագրական հինգ շրջանի՝ ա. նախնական հմայքներ և առասպելներ, բ. առասպելական վեպ (վիպասանք)՝ անցում առասպելից ժողովրդական վեպին, գ. «Պարսից պատերազմ», դ. «Տարոնի պատերազմ», ե. «Սասնա ծռեր» ու վիպական երգեր։ Ուսումնասիրել է հայ քնարական բանահյուսությունը, մասնավորապես՝ միջնադարյան հայրենները և նոր ժամանակների երգ֊խաղիկները, բացահայտել դրանց առնչությունները։ Ցույց է տվել ժողովրդական երգերի հին ակունքները, նրանց զարգացումն ու գոյատևումը։ Հերքել է հայրենները Նահապետ Քուչակին վերագրելու տեսակետը, ապացուցելով, որ դրանք հին և անհայտ գուսանների՝ միջնադարում ժողովրդականացած ու տարածված երգեր են։ Իր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները նա ամփոփել է կյանքի վերջին շրջանում գրած «Հայոց հին գրականության պատմություն» (հ. 1–2, 1944–46) աշխատության մեջ՝ հայ գեղարվեստական մտքի ծագման ու զարգացման ընթացքը կապելով ժողովրդի պատմա֊քաղաքական և սոցիալ֊տնտեսական կյանքի հետ։ Հայ գրական֊գեղարվեստական մտքի զարգացումը բաժանել է չորս շրջանի, առաջինը նախնական առասպելա֊պատմական բանահյուսությունն է, երկրորդը՝ V–X դդ. հայ դպրությունը՝ կրոնաեկեղեցական և ժողովրդական վիպա֊բանահյուսական բաղադրիչներով, որի ընդերքում նա հայտնաբերել է պարսկա֊արաբական և բյուզանդական բռնությունների դեմ պայքարի և մաքառման ուժեղ ձգտում։ Այդ շրջանի գրականությունը Ա. անվանել է «եկեղեցա֊քաղաքական մաքառման գրականություն»։ Երրորդ շրջանի՝ XI–XVII դդ. գրականության մեջ նոր աշխարհայացքի հետ մեկտեղ երևան են եկել նոր ժանրեր, կրոնա֊ճգնավորական մտայնությունն աստիճանաբար տեղի է տվել ազատ մտածողությանն ու կենսասիրությանը՝ առաջացնելով նոր արտահայտչաձևեր։ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Ֆրիկի, Կոստանդին և Հովհաննես Երզնկացիների ստեղծագործությունների վերլուծությամբ Ա. բնութագրել է գրական մի խոշոր պատմաշրջան՝ անվանելով Վերածննդի գրականություն։ Նա հիմնադիրն է հայկական ուրույն վերածննդի տեսության, որը մաքառման գրականության տեսության հետ կարևոր ներդրում է հայագիտության մեջ։ Ըստ Ա-ի, հայ գրականության 4-րդ շրջանը ընդգրկում է նոր աշխարհիկ գրականությունը։

«Հայոց լեզվի տաղաչափության» (1933) մեջ Ա. մշակել է տաղաչափական տարրերի և հիմունքների մի ամբողջական տեսություն, համակարգել հայ բանաստեղծության տաղաչափական տիպերն ու ձևերը, պատմական փոփոխություններն ու զարգացումը։ Հայերենի տաղաչափությունը վանկական համարելու ավանդական ըմբռնումներին հակառակ, ապացուցել է հայ տաղաչափության շեշտական բնույթը։

Ս. Մալխասյանցի, Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանի հետ Ա. հայ քննական֊բաղդատական տեքստաբանության հիմնադիրն է։ Հրատարակել է բաղդատական բնագրեր (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 1913, Ս. Հարությունյանի աշխատակցությամբ, և Կորյուն, «Վարք Մաշտոցի», 1941, աշխարհաբար թարգմանությամբ հանդերձ)։ Կ. Մելիք-Օհանջանյանի հետ Ա. կազմել ու հրատարակության է պատրաստել «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի տարբերակները (հ. 1, 1936, հ. 2, մաս 1–2, 1944–1951)։

Մեծ արժեք ունեն Ա-ի լեզվաբանական֊քերականական աշխատությունները։ Ա. երիտքերականների հետևորդն էր հայ իրականության մեջ։ Լեզվի բնորոշման, փոփոխության, զարգացման և քերականության տեսական հարցերում հիմնականում առաջնորդվել է այդ դպրոցի մշակած սկզբունքներով։ Գերազանցապես զբաղվել է արևելահայ աշխարհաբարի ուսումնասիրությամբ, փաստորեն հիմնադրել նրա գիտական քերականությունը։ Ա. «Աշխարհաբարի քերականության» (1906) մեջ հանգամանորեն լուսաբանել է բառակազմության, խոնարհման, հոլովման և այլ հարցեր։ «Աշխարհաբարի շարահյուսության» (1912) մեջ քննել է արևելահայ աշխարհաբարի շարահյուսական համակարգը, բացահայտել բառերի պաշտոններն ու կապակցության տեսակները, հոլովների և կապերի նշանակություններն ու կիրառությունները, նախադասության անդամների համաձայնության, շարադասության օրենքները, բայի եղանակների, ժամանակների կառուցվածքային առանձնահատկությունները, պարզ և բարդ նախադասությունների («խոսքերի») տեսակները ևն։

«Հայոց լեզվի տեսություն» (1931) մեծարժեք աշխատության մեջ Ա. ամբողջականացրել է արևելահայերենի ուսումնասիրությունը։ Ա. առաջինն է գիտականորեն համակարգել ժամանակակից հայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը, քննել բարդության տեսակները, ածանցները, բացատրել դրանց ծագումն ու նշանակությունը։

Ա. ստեղծել է բայի կերպերի (կատարվող, կատարված, կատարելի, պարզ կամ անկերպ) տեսությունը, պարզել բայի խոնարհման համակարգի էությունը, որոշել բայի եղանակային ձևերի սահմանները՝ իրենց համապատասխան ժամանակներով։

Լեզվաբանական֊քերականական հարցերի պատմականության խոր ըմբռնումով Ա. նշել է գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի օրգանական կապը, պարզաբանել քերականական իրողությունների առաջացման ուղիներն ու ձևափոխությունները։ Նա ուսումնասիրել ու իր աշխատություններում ընդգրկել է լեզվական հարուստ նյութեր, դրանց հիման վրա ավելի խոր ու հանգամանորեն ներկայացրել հայերենի գիտական քերականությունը։

Ա-ի բառարանագիտական աշխատանքները ևս նպաստել են հայագիտության զարգացմանը։ Նա կազմել է առաջին «Ռուս֊հայերեն ռազմական բառարան»֊ը (1925), մասնակցել «Ռուս֊հայերեն իրավաբանական բառարան»֊ի (1919), «Լատին֊ռուս֊հայերեն բժշկական բառարան»֊ի (հրտ. 1951) ստեղծմանը։ Ա. մշակել է հայ իրավա֊քաղաքական և հատկապես ռազմագիտական տերմինաբանությունը։ Զբաղվել է նաև ուղղագրության հարցերով։ Ա-ի անվան հետ է կապված 1922-ի մարտի 4-ի դեկրետով Հայաստանում կատարված ուղղագրության բարեփոխությունը, որը արևելահայ արդի ուղղագրության հիմքն է։ Ա-ի անվամբ է կոչվում ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը (1944-ից)։

Երկ. Երկ., հ. 1–4, Ե., 1966–1970։ Դավիթ և Մհեր. ժողովրդական դյուցազնական վեպ, Շուշի, 1889։ Հայոց, լեզվի ուղղագրությունը, Թ., 1892։ Գրաբարի համառոտ քերականություն, Վաղ֊պատ, 1907։ Աշխարհաբարի հոլովները, Վաղ֊պատ, 1908։ Հայցական հոլովը մեր աշխարհաբարում, Վաղ֊պատ, 1909։ Ընդհանուր տեսություն հայոց հին բանաստեղծության, Թ., 1917։ Ուղղագրության ռեֆորմը, Ե., 1925։ Հայոց միջնադարյան առակները և սոցիալական հարաբերությունները նրանց մեջ, Ե., 1935։ Գրաբարի քերականություն, 2 հրտ., Ե., 1936։ «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ֊Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941։ Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։

Գրկ. Ղանալանյան Ա., Մ. Աբեղյանի կյանքն ու գործունեությունը, «ՍԳ», 1955, №12։ Մելիք-Օհանջանյան Կ., Մանուկ Աբեղյան, «ՊԲՀ», 1965, №3։ Մանուկ խաչատուրի Աբեղյան (կենսա֊մատենագիտ.), Ե., 1963։ Հարությունյան Ս., Մանուկ Աբեղյան, Ե., 1970։ Ս. Հարությունյան, Ա. Մարգարյան