Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սուն և հինգ տարի հայ բեմի վրա, Ե., 1933։ Գուլազյան Օ., Հուշեր, Ե., 1945։ Հասմիկ, Թատերական հուշեր, Ե., 1947։ Արմենյան Ա., 60 տարի հայ բեմի վրա, Ե., 1954։ Մելիքսեթյան Ս., Հովհաննես Աբելյան, Ե., 1954։ Շիրվանզադե Ա., Երկ. լիակտ. ժող., հ. 9, Ե., 1955։ Քալանթար Լ., Արվեստի մայրուղիներում, Ե., 1963, էջ 181–88։ Հովհաննես Աբելյան [ժողովածու֊ալբոմ], Ե., 1965։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967։ Հարությունյան Ս., Սովետահայ թատրոն (1917–1932), Ե., 1968։ Ս. Մելիքսեթյան


ԱԲԵԼՅԱՆ Ներսես Հարությունի (1855–1933), հայ հասարակական և գրական գործիչ, ինժեներ֊տեխնոլոգ, Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Ծնվել է Շամախիում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը՝ Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875-ին «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է «Մշակ» թերթին։ 1881-ին Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է «Հայրենասերների միություն»֊ը։ 1887–88-ին Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է «Արձագանք», «Զակավկազսկոյե օբոզրենիե» («Закавказское обозрение») թերթերին։ Ըստ Ա֊ի տնտեսագիտ. համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուս․ նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանրբուրժուական սոցիալիզմ։ Սովետական իշխանության տարիներին Ա. ապրել և աշխատել է Թբիլիսիում, ուր և մահացել է։


ԱԲԵԼՅԱՆ-ԱՐՄԵՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, ստեղծվել է 1908-ին, Թիֆլիսում՝ Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի և Կ. Պոլսի հայությանը։ 1908-ին ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Քոթակում, Կաբինում, Բաբերդում, Տրապիզոնում, Սամսոնում, Կ. Պոլսում (40 ներկայացում), Օրդուում, Ադաբազարում, Իզմիթում, Էսքիշեհիրում, Կարասոնդեում, Պարտիզակում, Զմյուռնիայում, Մանիսայում, Բրուսայում։ 1909-ին ներկայացումներ է տվել Իրանում։ Վերադառնալով Թիֆլիս՝ խումբը համալրվել է, մեկնել Բաթում և 1909-ի նոյեմբ. 8-ին «Պատվի համար» ներկայացումով սկիզբ դրել տեղի հայ նոր թատրոնին։ Ուղևորվելով Կ. Պոլիս՝ միացել է Հ. Զարիֆյանի թատերախմբին։ «Աբելյան-Արմենյան-Զարիֆյան» թատերախումբը, ավարտելով ներկայացումները Կ. Պոլսում, բաժանվել է երեք մասի, մի մասը հյուրախաղերի է մեկնել Զմյուռնիա՝ Ա. Արմենյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Անատոլիայի հայաշատ կենտրոնները՝ Ա. Բերոյանի, երրորդը՝ Իզմիթ, Պարտիզակ, Ադաբազար, Էսքիշեհիր և Ռոդոսթո՝ Հ. Աբելյանի և Հ. Զարիֆյանի ղեկավարությամբ։ Ա-Ա. թ-ի վերջին հյուրախաղերը կայացել են 1911-ին, Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Հյուսիսային Կովկասի հայաշատ կենտրոններում։ Տարբեր ժամանակներում թատերախմբի հյուրախաղերին մասնակցել են՝ Հ. Աբելյանը, Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Զաբելը, Ե. Դուրյան֊Արմենյանը, O. Գուլազյանը, Ժասմենը, Հ. Ոսկանյանը, Ա. Բերոյանը, Մ. Մանվելյանը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Թատերախմբի խաղացանկը բաղկացած էր Ա. Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի, Գ. Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Ս. Թառայանի, Մ. Գևորգյանի, ինչպես և Վ. Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Հ. Իբսենի, Հ. Նայդյոնովի և ուրիշների պիեսներից։ Ժամանակի մամուլում Մ. Մնակյանը, Վ. Թեքեյանը, Տ. Կամսարականը, Գ. Զոհրապը բարձր են գնահատել Ա֊Ա. թ֊ի ներկայացումները։ Թատերախմբի գործունեությունը խոշոր երևույթ էր հայ հասարակական֊մշակութային կյանքում։

Գրկ. Ավետյան Գ., Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Ե., 1933։ Արմենյան Ա., 60 տարի հայ բեմի վրա, Ե., 1954։ Մելիքսեթյան Ս., Հովհաննես Աբելյան, Ե., 1954։ Ղարիբյան Գ., Էջեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից, Ե., 1961։ Ս. Սարգսյան


ԱԲԵԼՅԱՆ ԽՈՒՄԲ, տես Խումբ։


ԱԲԵՂԱ (ասոր. awila – չամուսնացած, մենակյաց վանական), հայ եկեղեցու կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանի վանական։ Սարկավագին Ա. է ձեռնադրում եպիսկոպոսը (օծում է մեռոնով և հանձնում վեղար)։ Ա., ի տարբերություն քահանայի, կարող է ձեռնադրվել վարդապետ, եպիսկոպոս և կաթողիկոս։ Հնում, ապրելով վանքերում որպես միաբանության անդամներ, Ա֊ները վարել են ճգնավորի, անապատաբնակի կյանք։

Հունական կրթությամբ հայ պատմագիրները (Ղազար Փարպեցի, Ներսես Լամբրոնացի) «աբեղա», «աբեղենք», «աբեղյան» են անվանել ասորական կրթությամբ այն հայ կուսակրոն հոգևորականներին, որոնք ձգտել են տիրանալ հասութաբեր վանքերի և եկեղեց. բարձր պաշտոնների։


ԱԲԵՂԱԹՈՂ, հայկական հինավուրց կրոնական տոն։ Ծեսը կատարվել է վանքերում, գարնանամուտին։ Տևել է 12 օր։ Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում հոգևորականների շարքը համալրող քրմերի հետ հեթանոսական շատ տոներ մուտք գործեցին եկեղեցի, պահպանվեցին ժողովրդի մեջ։ Ա. փաստորեն հեթանոս բարեկենդանի կրկնությունն էր վանական շրջանակներում։ Բոլոր աստիճանավորները՝ վանահորից աբեղա, հավասար իրավունքներով մասնակցել են Ա֊ի տոնախմբություններին ու ծիսական խաղերին։ Աբեղաներին արտոնվում էր նույնիսկ ծաղրել մեծավորներին, անձնատուր լինել աշխարհիկ զվարճությունների, այստեղից էլ՝ Ա. անվանումը։ Քրիստոնեական մյուս եկեղեցիները ևս ունեն համանման տոներ՝ տարբեր անուններով։ Ա. Օդաբաշյան


ԱԲԵՂՅԱՆ Մանուկ Խաչատուրի (1865—1944), հայ բանագետ, լեզվաբան, գրականագետ, բառարանագիր։ Պրոֆեսոր (1926), գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Ծնվել է մարտի 5(17)-ին, Նախիջևանի Աստապատ գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876–85), Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում (1893–98), մասնագիտացել գրականության և բանասիրության մեջ։ «Հայ ժողովրդական հավատալիքը» (գերմ.) դիսերտացիոն աշխատության համար 1898-ին Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1885–87 և 1898–1914), Շուշիի թեմական (1887–89), Թիֆլիսի Հովնանյան (1889–93), Ներսիսյան դպրոցներում ու հայկական պետական գիմնազիայում (1914–19)։

Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Նոր դար», «Մուրճ», «Արարատ», «Ազգագրական հանդես», «Նորք» ևն)։ Ա. եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիր֊դասախոսներից, պատմագրական ֆակուլտետի դեկան (1923–25), ամբիոնի վարիչ։ 1925–30-ին գլխավորել է Սովետական Հայաստանի գիտահետազոտական առաջին հաստատությունը՝ Գիտության և արվեստի ինստ֊ը։ Այնուհետև աշխատել է Երևանի պետական համալսարանում և ՀՍՍՀ գիտահետազոտական հիմնարկներում։ Մահացել է սեպտ. 25-ին, Երևանում։

Ա. հետազոտել է հայ ժող. բանահյուսությունը, գրականությունը, ժամանակակից հայոց լեզուն, ուսումնասիրել և համակարգել է պատմա֊վիպական ու քնարական ժանրի ժող. ստեղծագործությունները, մշակել դրանց գոյացման և պատմա֊տիպաբանական զարգացման տեսությունները։ Հայտնաբերել է «Սասնա