տիկի մշակությամբ և թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան։ Բանջարեղենի բարձր բերք ստանալու համար Ա–ի կոլտնտեսուհի Ո. Վ. Ավագյանին 1966-ին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, հերոսի կոչում։
Ա–ի շրջակայքում կա բրոնզի և երկաթի դարերի դամբանադաշտ։ Պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ։ Ամրոցի կենտրոնում հետագայում (X–XI դդ.) կառուցվել է եկեղեցի, որը կանգուն է ցայսօր։
Նկարում` Աղավնի։
ԱՂԱՎՆԻ (Գրիգորյան Աղավնի Արշակի, ծն. 1911), հայ սովետական գրող, ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է հուլիսի 15-ին, Կարսի մարզի Տայլար գյուղում։ 1918-ին գաղթել է Ալեքսանդրապոլ։ Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը (1931)։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն է «Արտերի լիրիկան» (1930)։ Արձակ գործերից հայտնի է «Շիրակ» ինքնակենսագրական վեպը (հ. 1, 1954, լրիվ հրտ. 1963), որի մեջ հերոսուհու հիշողությունների ու տպավորությունների միջոցով բացահայտել է սոցիալական ու քաղաքական այն տեղաշարժերը, որ ապրել է հայ գյուղը սովետական կարգերի հաստատման և դրան նախորդած ժամանակաշրջանում։ Գրել է նաև պատմվածքներ («Հայրերի մանկությունը», 1959)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով։
Երկ. Մանթաշ, Ե., 1934։ Ռազմի երգեր, Ե., 1941։ Բանաստեղծություններ, Ե., 1947։ Երևանյան երգեր, Ե., 1951։ Իրիկնամուտ, Ե., 1962։
Գրկ. Սովետահայ գրականության պատմություն, հ. 2, Ե., 1965։
ԱՂԱՎՆԻ (լատ. Columba), համաստեղություն երկնքի հվ. կիսագնդում։ Գտնվում է Մեծ շուն, Նավախել, Կենդանագիր, Դանակ և Նապաստակ համաստեղությունների միջև։ ՍՍՀՄ հվ. շրջաններից (մասնավորապես՝ Հայաստանից) Ա. երևում է ուշ աշնանն ու ձմռանը։
ԱՂԱՎՆԻՃ (Verbena), աղավնիճազգիների ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՍՍՀ–ում աճում է դեղատու Ա. (V. officinalis), որը 30–100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա մոլախոտ է, ծաղկաբույլը՝ հասկ, ծաղիկները՝ մանր և մանուշակագույն։ Ա–ի հիբրիդային սորտերն օգտագործում են դեկորատիվ ծաղկաբուծության մեջ։ Եթերային յուղ ստանալու նպատակով մշակվում է կիտրոնային Ա. (Lippia citrodara)։
Նկարում` Դրոնտ։
Նկարում` Աղավնիների ցեղեր. 1. Սև վանական։ 2. Սիրամարգանման։ 3. Փոստային սպիտակ։ 4. Կինգ։ 5. Յակոբինյան։ 6. Մազոտն։ 7. Խայտախար գլդոն (տուրման)։ 8. Սպիտակ փքուն։
ԱՂԱՎՆԻՆԵՐ (Columbiformes կամ Columbe), թռչունների կարգ։ Բաժանվում են դրոն ներ և աղավնիներ ընտանիքների։ Դրոնտները խոշոր, թռչելու ունակությունից զուրկ թռչուններ էին՝ տարածված Մավրիկյան, Բուրբոն, Rեյունիոն և Ռոդրիգես կղզիների անտառներում։ Անհետացել են XVII–XVIII դդ., ինտենսիվ որսի հետևանքով։ Ա–ի ընտանիքն ունի 292 տեսակ, ՀՍՍՀ–ում տարածված է 4-ը՝ հոբալը (Columbaoenos Linnaeus), կապտավունը (Col. livia gmelin), անտառայինը (Col. palumba Linnaeus) և սովորական տատրակը. (Streptopeliatur Linnaeus)։ Ա–ի մարմինը կարճ է և լայն, կրծքի մկանները՝ զարգացած, գլուխը՝ փոքր, կտուցը՝ բարակ, գույնը՝ բազմերանգ։ Կերակրափողն ունի երկկողմանի ելուստներ, որոնք առաջացնում են կտնառք (զոբ)։ Մեծ մասամբ չունեն կույր աղիք և լեղապարկ։ Սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը, առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող հյութով («աղավնու կաթ»)։ Բազմանում են տարեկան 2–3 անգամ, դնում են սովորաբար 2 ձու։ Բույն են դնում ծառերի, ժայռերի վրա են։
Ընտանի Ա. բուծվում են բոլոր երկրներում։ Հաշվվում է մոտ 150 ցեղ՝ մսային, փոստային, սպորտային են։ Մսային Ա. խոշոր են, կշռում են 700–900 գ, աճում են արագ, միսը համեղ է, սննդարար։ Մեկ զույգ մսային Ա–ի բազմացվող սերունդներից տարեկան կարելի է ստանալ 8–9 կգ միս։ Փոստային Ա. օգտագործվում են որպես կապի միջոց։
ԱՂԱՎՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանի Շապին–Գարահիսար գավառում, Երզնկա տանող ճանապարհին, Շապին–Գարահիսար քաղաքից մոտ 30 կմ հարավ–արևելք։ XX դ. սկզբին ուներ շուրջ 1200 հայ բն. (150 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան։ Ա–ի բնակիչների մեծ մասը զոհվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։
ԱՂԱՎՆՈ, գետ Ադրբեջանական ՍՍՀ–ում։ Տես Հագարու։
ԱՂԱՑՆԵՐ, պինդ նյութեր մանրացնող մեքենաներ։ Ա. զարգացման երկար ճանապարհ են անցել՝ պարզագույն աղորիքից, հողմաղացներից, ջրաղացներից մինչև ժամանակակից բարդ ու հզոր աղացային մեքենաները։ Ներկայումս կիրառվում են լեռնային, քիմիական, դեղագործական, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և շինանյութերի արտադրության մեջ։ Ի տարբերություն ջարդիչների, Ա. տալիս են 1–3 մմ–ից մինչև մի քանի մմ մանրացում: Ըստ աշխատանքի սկզբունքի Ա. բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի․ փշրման-տրորման գործողությամբ Ա–ում նյութի մանրացումը կատարվում է փշրման, մասամբ էլ տրորման միջոցով։ Սրանց թվին են դասվում վազկանները, աղացաքարերը, գրտնակներն ու օղակային Ա. (նկ. ա, բ, գ, դ)։ Հարվածային գործողությամբ Ա–ում նյութը մանրացվում է շարժվող մասերի հարվածներով, թակավոր Ա–ում դրանք շարժվում են ուղղաձիգ, իսկ մրճավոր; զամբյուղավոր Ա–ում (դիսմեմբրատոր, դեզինտեգրատոր) պտտվում են (նկ. ե, զ, է)։ Գնդային կամ ձողային Ա–ում (նկ. թ) հորիզոնական առանցքի շուրջը պտտվող թմբուկների մեջ լցված քարե (հախճապակե) գնդերը կամ ձողերը պտույտի ժամանակ «ընկնում» և հարվածով ջարդում են նյութը։ Շիթային Ա. (նկ. ժ) շարժվող մասեր չունեն, նյութի մասնիկները մտցվում են մեծ արագությամբ շարժվող գազի շիթի մեջ և, շարժվելով նրա հետ, բախվում են շարժման ճանապարհին դրված արգելքին կամ հանդիպակաց շարժվող նույնատիպ շիթին։ Թվարկված Ա. օգտագործվում են, հիմնականում, հանքանյութի մանրացման և հարստացման գործում։ Հարվածային–փշրման գոր–