Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ծողությամբ Ա–ում նյութի մանրացումը կատարվում է հարվածային և փշրման բեռնվածքների ներգործության շնորհիվ։ Սրանցից թրթիռային Ա. (նկ. ի) նախատեսված են թաց կամ չոր մանրացման համար։ Թրթիռային աղացն անշարժ շրջանակի վրա ուղղաձիգ և հորիզոնական զսպանակներով ամրացված գլան է՝ ծավալի մինչև 80% –ի չափով լցված մետաղե կամ հախճապակե գնդիկներով։ Աղացի իրանի տատանողական շարժման ժամանակ այդ գնդիկների հարվածներից նյութը փշրվում է։ Կիրառվում են ապակու, մատիտի, տեքստիլ ներկանյութերի, ցեմենտի արտադրության մեջ։ Գերնուրբ աղվածք (1 – 20 մկ) ստանալու համար օգտագործում են կոլոիդային Ա. (նկ. լ), որոնց մեջ նյութը մանրանում է կենտրոնախույս ուժերի ազդեցության շնորհիվ։ Մասնիկների միաձուլումից խուսափելու նպատակով հեղուկների կամ գազի հետ խառնված նյութը խյուսի ձևով մտցվում է Ա–ի աշխատանքային տարածությունը, որտեղ մեծ արագությամբ պտտվում է ռոտորը (որոշ դեպքերում՝ մինչև 18000 պտ/րոպե)։ Մի կողմ նետվող մասնիկները տրորվում են և «պայթում»։ Այս Ա. կիրառվում են հանքային ներկեր, կոլոիդային հավելանյութեր, որոշ մաքուր քիմիկատներ ստանալու համար։

Գրկ. Сиденко П. М., Измельчение в химической промышленности, М., 1968: Ս. Շարամբելյան

ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի (1873–1947), հայ գրականագետ, մանկավարժ, դաշնակցական կուսակցության ղեկավար գործիչ: Ծնվել է մարտի 24-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը և Գևորգյան ճեմարանը։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսարաններում։ Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում։

Ա–ի գրական–քննադատական առաջին հոդվածները տպագրվել են «Մուրճ»–ում, 1890-ական թթ.։ Արծարծել է հայ գրականության ու լեզվի բազմազան հարցեր («Պատմություն հայոց գրականության» (ներածություն), «Սայաթ–Նովայի հետ», «Դիտողություններ հայոց լեզվի մասին», «Բանասերի հուշագիրը», «Դասախոսություններ հայ մատենագրության մասին» ևն («Ամբողջական երկեր», հ. 1–4, 1959-70)]։

Իր հասարակական–քաղաքական գործունեությամբ Ա. ծառայել է դաշնակցության ծրագրերի իրագործմանը։ Ա. եղել է Հայաստանի Հանրապետության (1918–1920) խորհրդարանի անդամ, 1919-ից՝ լուսավորության և արվեստի մինիստր (նախարար)։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո անցել է արտասահման, զբաղվել մանկավարժական աշխատանքով Իրանում, Եգիպտոսում, ապա Լիբանանում՝ Բեյրութի հայ ճեմարանում (այժմ՝ Փալանճյան)։ Լինելով արգասավոր գրականագետ և մանկավարժ՝ Ա., այնուամենայնիվ, չկարողացավ ճիշտ կողմնո–րոշվել հայ ժողովրդի ազգային ազատագրության հարցերում՝ շարունակելով պաշտպանել իր կուսակցության հակասովետական, ազգայնական դիրքորոշումը։ Մահացել է օգոստ. 15-ին, Բեյրութում։


ԱՂԲԱԿ, Մեծ, Փոքր, 1. Մեծ Ա., գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում (այժմ Թուրքիայում՝ Վանի վիլայեթի հարավ-արևելյան մասում)։ Տարածվում էր Աղբակ գետի (այժմ Մեծ Զավ գետի վերին հոսանքը) ավազանում։ Կենտրոնն էր Ադամակերտը։ Արմ. մասում ձգվում է Աղբակի լշ–ն։ Գավառով է անցնում Թավրիզ–Վան ճանապարհը։ Ա. Արծրունիների ժառանգական ոստանն էր։ Գավառի Օսի գյուղում էր գտնվում այդ տոհմի գերեզմանոց Ս. Խաչ վանքը։ Ա–ի նշանավոր վայրերից էին Արեբանոս քաղաքը և Ս. Բարդուղիմեոսի վանքը, ուր, ըստ ավանդության, թաղված է Բարդուղիմեոս առաքյալը։ 2. Փոքր Ա., գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգում (այժմ՝ Հաքյարիի վիլայեթում)։ Հս–ից սահմանակից էր Մեծ Ա–ին։ Ստեղծվել է Մեծ Հայքի 387-ի բաժանման ժամանակ, երբ Ա–ի այս մասն անցավ Պարսկաստանին։


ԱՂԲԱԿԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական լեռնաշխարհում։ Ձգվում է մերձմիջօրեականի ուղղությամբ, Կոտուր և Մեծ Զաբ գետերի միջև, այդ գետերի և Վանա լճի ավազանի ջրբաժանն է։ Երկար. 135 կմ է, բարձր, մինչև 3631 մ (Կարսադաղ)։ Ա. լ–ի հս. հատվածը հաճախ անվանում են Մենգենեի լշ., իսկ հվ. վերջավորությունը համարվում է Հաքյարիի կամ Ջուղիդաղի լեռների մի մասը։ Ա. լ–ի հվ–արլ. լանջերը զառիթափ իջնում են Մեծ Զավի գոգհովիտը, իսկ հս–արմ. լանջերը՝ Մարդաստանի սարահարթը։ Կազմված է կավճի նստվածքային ապարներից, տեղ–տեղ հանդիպում են օֆիոլիտային ներժայթուկներ։ Բարձրալեռ գոտում կան սւնթրոպոգենի սառցապատման հետքեր։ Ունի տափաստանային և լեռնամարգագետնային բուսածածկույթ։


ԱՂԲԱՅՐԻԿ ՎԱՐԴՊԵՏ (ծն. և մահ. թթ. /անհտ.), Վաչուտյանների իշխանական տան ճարտարապետ։ Կառուցել է Տեղեր գյուղի (Աշտարակի շրջան) վանքը՝ բաղկացած եկեղեցուց, զավթից և վերջինիս արմ. երկու անկյունների վրա կանգնեցված մատուռներից։ Ըստ շինարարական արձանագրությունների, կառուցումը տևել է 1207-1232-ը, որը Ա. Վ–ի գործունեության մեզ հայտնի միակ ժամանակահատվածն է։ Ա. Վ–ի շինարարական արձանագրությունը փորագրված է գավթի սյան խոյակի վրա (1221)։ Ս. Բարխուդարյան


ԱՂԲԵՆԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից արևելք, բարեբեր հարթավայրում։ 1881-ին ուներ 406, իսկ 1909-ին՝ մոտ 480 հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և ուսումնարան։ Ա. ավերվել ու ամայացվել է 1915-ին։


ԱՂԲԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում՝ Սասունում, Ծովասարի շրջակայքում, լեռնային վայրում։ 1909-ին ուներ 548 հայ բն., որոնք զբաղվում էին անասնապահությամբ ու երկրագործությամբ։ Ա–ում կար