Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԲԻՅԱՆՑ 25

թեքել՝ α անկյունով (α֊ն կոչվում է Ա.)։ Այսպիսով, լուսատուն կտեղափոխվի շարժման ուղղությամբ դեպի ապեքս α անկյունով։ CB կոչվում է լուսատուի իսկական, իսկ CB՛ տեսանելի ուղղություն։ Ա. հաշվվում է α՛՛=χ sinφ բանաձևով, որտեղ χ կոչվում է Ա֊ի հաստատուն և միջազգային համաձայնությամբ 20,496՛՛ է։

Ա. հաշվելու ավելի ճշգրիտ բանաձև ստացվում է Լորենցի ձևափոխությունների օգնությամբ։ Սակայն ուղղումն անչափ փոքր է ժամանակակից չափումների ճշտության սահմանից, ուստի գործնականում օգտվում են դասական ֆիզիկայի բանաձևից։ 2. Օպտիկայում՝ պատկերի թերություն, որ առաջ է բերում օպտիկական համակարգը (տես Օպտիկական համակարգերի թերություններ)։ 3. Կենսաբանության մեջ՝ բուսական կամ կենդանական տեսակի շեղում նորմալ ձևից։ Բնության մեջ Ա. հազվադեպ է, ժառանգական չէ և ըստ ամենայնի առաջանում է արտակարգ պայմանների ազդեցությամբ։ 4. Հոգեբանության մեջ՝ շեղում նորմալ մտածողությունից։ Լինում է կարճատև (հոգնածությունից, ցնցումից) կամ երկարատև (հոգեկան հիվանդությունների դեպքում)։


ԱԲԵՌՆԵՍ, Ապըրնես, գյուղ Արևմտյան Հայաստանում, Թորթում գետի աջ վտակ Աբեռնեսի ափին։ XX դ. սկզբին ուներ 450 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ա. ուներ եկեղեցի և վարժարան։ Ավերվել է աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։


ԱԲԵՐԴԻՆ, Էբերդին (Aberdeen), քաղաք Մեծ Բրիտանիայում, Հյուսիս֊արևելյան Շոտլանդիայում։ Աբերդին կոմսության վարչ. կենտրոնն է։ Նավահանգիստ Հյուսիսային ծովի ափին, երկաթուղային հանգույց։ 181,4 հզ. բն. (1968)։ Ձկնարդյունաբերության խոշոր կենտրոն։ Ունի տեքստիլ, պահածոների արդյունաբերություն և նավաշինություն։ Ա֊ում գործում է (1494֊ից) համալսարան։


ԱԲԵՐԴԻՆ֊ԱՆԳՈՒՍՅԱՆ ՏԱՎԱՐ, մսատու ցեղ։ Ստեղծվել է Շոտլանդիայում (Աբերդին և Անգուս կոմսություններում), XVIII դ. վերջին։ Ա֊Ա. տ. սև է, ունի լայն իրան, կարճ ոտքեր և պարանոց, ամուր ոսկրակազմ, նուրբ և առաձգական կաշի։ Ցուլերի կենդանի քաշը 700–750 կգ է, կովերինը՝ 500–600, սպանդային ելքը՝ 60—61 %, կաթնատվությունը՝ 1400–1600 կգ (բարձրակիթներինը՝ 3200 և ավելի), կաթի յուղայնությունը՝ 3,8–4%։ Ա֊Ա. տ. բուծվում է Անգլիայում, ԱՄՆ֊ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Արգենտինայում և այլուր։ ՍՍՀՄ֊ում բուծվում է 1932-ից՝ Ղազախ. ՍՍՀ-ում, Ուկր. ՍՍՀ-ում, ՌՍՖՍՀ Վոլգոգրադի, Օրենբուրգի մարզերում, Ստավրոպոլի, Կրասնոյարսկի, Ալթայի երկրամասերում։


ԱԲԵՑԵԴԱՐԻ (լատ. Abecedari–այբբենական), ոտանավորի տեսակ, որի տողերը կամ քառյակներն սկսվում են այբուբենի տառերի հաջորդականությամբ․ օրինակ՝ Ներսես Շնորհալու «Առավոտ լուսո»֊ն և «Աշխարհ ամենայն»֊ը։ Մերձավոր Արևելքում կոչվել է ալիֆլամա։ Գրվել է նաև հայկական այբուբենի հակառակ դասավորությամբ։ Տես նաև Անձինք։


ԱԲԺԱԿՎԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 623 բն. (1968), վրացիներ, հայեր և հույներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և շերամապահությամբ։ Ա. ունի վրացական միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկայան։ Հայերն եկել են շրջակա գյուղերից, 1947֊ին։


ԱԲԻԴՈՍ (հուն. Ἅβνδος, մեհենագիր՝ Աբեջու, այժմ՝ Արաբետալ-Մադֆունահ), հնագույն քաղաք և կրոնական կենտրոն Վերին Եգիպտոսում։ Ըստ առասպելի, Ա֊ում սպանվեց և թաղվեց Օզիրիս աստվածը։ Միջին թագավորության դարաշրջանում դարձավ Օզիրիսի պաշտամունքի գլխ. կենտրոնը։ Ա֊ի տեղում պահպանվել են Սեթի I (մ. թ. ա. XIV դ.) և Ռամզես II (մ. թ. ա. XIV–XIII դդ.) փարավոնների՝ Օզիրիսի պատվին կառուցած տաճարների ավերակները, ինչպես նաև Սեթի I հոգեհանգստյան կառույցը։


ԱԲԻԵՏԻՆԱԹԹՈՒ, , օրգ. թթու։ Հալ. ջերմաստիճանը՝ 172°C–175°C, եռ. 248°C–250°C։ Լուծվում է օրգ. լուծիչներում։ Ջրում չի լուծվում։ Բևեկնախեժի բաղադրիչ մասն է։ Ստացվում է բևեկնախեժը սառցային քացախաթթվի հետ տաքացնելով և անջատված բյուրեղները բազմակի վերաբյուրեղացնելով։ Հեշտությամբ օքսիդանում է, ռեակցիայի մեջ է մտնում ծծմբական (սուլֆացում) և ազոտական (նիտրացում) թթուների հետ, մասնակցում դիենային սինթեզին։ Ա. հիմքերի հետ առաջացնում է աղեր, որոնցից ալկալիական մետաղների աղերն ունեն լվացող հատկություն, օգտագործվում են օճառ և լաքեր պատրաստելու համար։

Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 (page 25 crop).jpg


ԱԲԻԽ (Abich) Հերման Վիլհելմ (1806—1886), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)։ Ծնվել է դեկտեմբերի 11֊ին, Բեռլինում։ Ավարտել է տեղի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842֊ին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։ Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844֊ին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը։ 1845֊ին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի 17֊ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Ա֊ին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խ. Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին։ Ա. հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները։ 1876֊ին, տեղափոխվելով Վիեննա, Ա. հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878–87) եռահատոր աշխատությունը, որի 2֊րդ և 3֊րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։

Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որը Ա֊ի մահից հետո հրատարակման է պատրաստել Է. Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1:420000 մասշտաբի քարտեզը։ Ա. նկարագրել է Մեղրիի, Ղափանի պղնձի, Նախիջևանի քարաղի, Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիս. Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով։

Կովկասի երկրաբանության վերաբերյալ Ա. գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Ա. համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»։ Մահացել է հուլիսի 1֊ին, Գրացում։

Գրկ. Волкова С. П. и Тихомиров В. В., Жизнь и труды Германа Вильгелмовича Абиха, «Очерки по истории геологических знаний», 1959, в. 8 (կա Ա-ի աշխատությունների լրիվ ցանկը)։ Լ. Ավագյան


ԱԲԻՅԱՆՑ (Աբիանց) Վիկտոր Քրիստափորի (ծն. 1911), հայ սովետական գիտնական։ Տեխ. գիտ. դ֊ր, պրոֆեսոր (1958), ՍՄԿԿ անդամ 1940֊ից։ Ծնվել է հոկտ. 18֊ին, Չեռնոբիմ քաղաքում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ)։ 1946–65֊ին Մոսկվայի Բաումանի