Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Սկսած IV դարից, գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Ըստ ավանդության, Ա–ում է գործել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներից Բարդուղիմեոսը։ X դ. Ա–ի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը՝ Խոսրով Անձնացին։ Ա–ում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Ալաման, Լեկ և Աղզի գյուղերը և ուրարտական Արուբանա ու հայոց Անահիտ աստվածուհիների կենտրոն Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը՝ Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգյաց վանքը։

Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822։ Երեմ յան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963։

ԱՆՁԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների դեմոկրատական ազատություններից մեկը, որը երաշխավորված է սովետական օրենքով։ Ա. ա–յան իրավունքի համաձայն ոչ ոք չի կարող ձերբակալվել այլ կերպ, քան դատարանի որոշմամբ կամ դատախազի սանկցիայով (ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրությունների համապատասխանաբար 127 և 102 հոդվածներ)։ Ձերբակալվում են միայն նրանք, ովքեր կատարել են հանցագործություն կամ կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ։ Հետաքննության կամ նախաքննության մարմինները ձերբակալման մասին 24 ժամում պետք է հադորդեն դատախազին, որը 48 ժամվա ընթացքում պարտավոր է կալանավորման սանկցիա տալ կամ ազատել ձերբակալվածին։ Օրենքով որոշված են քաղաքացիների ձերբակալման և կալանավորման կոնկրետ դեպքերը, սահմանները և կարգը։ Վ. Վարդանյան


ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, իրավական ակտերում ամրապնդված նորմեր և ինստիտուտներ, որոնք ապահովում են ՍՍՀՄ քաղաքացիների դեմոկրատական իրավունքների և ազատությունների կենսագործումն ու անխախտելիությունը։ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների սահմանադրությունները, հռչակելով ու երաշխավորելով սովետական քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, նրանց լայն հնարավորություն են ընձեռում ստեղծագործ մասնակցություն ցուցաբերել պետական, հասարակական և անձնական կյանքի տարբեր ոլորտներում։ ՀՍՍՀ Սահմանադրության 93–103 հոդվածներում ամրապնդված են Հայկական ՍՍՀ քաղաքացիների ընտրելու և ընտրվելու, աշխատանքի, հանգստի, նյութական ապահովության, կրթության իրավունքները, խղճի, խոսքի, մամուլի, ժողովների ու միտինգների, փողոցային ցույցերի ու երթերի ազատությունները. ապահովվում է անձի, բնակարանի անձեռնմխելիությունը, նամակագրության գաղտնիությունը ևն։ ՍՍՀՄ քաղաքացիների իրավունքների և ազատությունների առանձնահատկություններից մեկը նրանց երաշխավորվածությունն է, իսկ իրականացումը ապահովող գլխավոր պայմանը՝ ՍՍՀՄ հասարակական կարգը, արտադրության միջոցների և գործիքների սոցիալիստական սեփականությունը։ Ա. ի. ե. ամրապնդված են սահմանադրությամբ և դրա հիման վրա հրատարակված իրավական բազմաթիվ ակտերով (քրեական, քաղաքացիական, քրեական–դատավարական, քաղաքացիական–դատավարական, աշխատանքային, ընտանիքի և ամուսնության օրենսգրքերում, տարբեր օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում)։ Տ. Բարսեղյան


ԱՆՁԻՆՔ, հայերեն ոտանավորի տեսակ, որի տների կամ տողերի սկզբնատառերը հաջորդաբար ներկայացնում են հայկական այբուբենը՝ Ա–Ք և հակառակը՝ Ք–Ա։ Ծագել է Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի (615–628) Հռիփսիմեանց «Անձինք նուիրեալք» շարականի առաջին բառից։ Միջնադարում այս տեսակ շարականներ և հոգևոր երգեր հորինել են Ներսես Շնորհալին («Աստված անեղ», «Այսօր անճառ» ևն), Մխիթար Գոշը («Արեգականն արդարութեան», «Ամենօրհնեալ դուստր Դավիթ արքային» են), Հովհաննես Երզնկացին («Անձինք Ս. Գրիգորի Լուսավորչին») և ուրիշներ։ Հետագայում հորինվել են նաև ոչ կրոնական թեմաներով (Առաքել Սյունեցի, «Անձինք ի Նարեկացւոյն»)։ Աշուղական գրականության զարգացման շրջանում (XVI–XVIII դդ.) նման ոտանավորները թուրք–պարսկական հորջորջմամբ կոչվել են Ալիփլամա (Այբբենական)։ Այդպիսի ոտանավորների լավագույն հեղինակներից է Սայաթ–Նովան։ Միջնադարում նման ոտանավորներ հորինվել են նաև Եվրոպայում, որոնք կոչվել են Աբեցեդարի։


ԱՆՁԻՏ, Հանձիթ, գավառ Ծոփքի հայկական թագավորության, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։ Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։ Ասուրա–բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու (Enzitu) ձևով։ Ա–ով Էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Ա–ում Էին գտնվում Անձիտ, Հորեբերդ (հետագայում՝ Խարբերդ), Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ 62-ին հայ–պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին (տես Հռանդեայի պայմանագիր 62)։ Գավառում հայտնի Էր Անձտեայք նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանամից հետո Ա. դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե (Anzetenae) անունով։


ԱՆՁԻՏ, համանուն գավառի գլխավոր բերդն ու կենտրոնը։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից հարավ–արևելք, սարահարթի վրա, այժմյան Թիլ–Էնզիտ գյուղի տեղում, ուր նշմարվում են միջնադարյան Ա–ի ավերակները։


ԱՆՁ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ, կազմակերպություն, որն ունի առանձնացված գույք, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, հայցվոր և պատասխանող լինել դատարանում, արբիտրաժում, միջնորդ՝ դատարանում։ ՍՍՀՄ–ում իրավաբանական անձինք են. տնտեսական հաշվարկով աշխատող, ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող, պետական բյուջեի հաշվին պահվող, այլ աղբյուրների հաշվին ֆինանսավորվող և ինքնուրույն նախահաշիվ ունեցող պետական ձեռնարկությունները, հիմնարկությունները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, միջկոլտնտեսային և կոոպերատիվ ու հասարակական այլ կազմակերպությունները։


ԱՆՁՆԱԳԻՐ, 1. անձի ինքնությունը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթ։ ՍԱՀՄ այն վայրերում, ուր մտցված է անձնագրային համակարգ, 16 և բարձր տարիքի անձանց Ա. ունենալը պարտադիր է։ Հաստատված է անձնագրի 4 տեսակ՝ ցմահ (40 և բարձր տարեկանների համար), 10 տարվա (20–40), 5 տարվա (16–20) և կարճատև ժամկետի համար (մինչև 6 ամիս), որը տրվում է, երբ անձը Ա. ստանալու համար չի կարող ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը, այլև Ա. կորցնելու դեպքում։ Ա. տալիս են միլիցիայի մարմինները, ըստ քաղաքացիների բնակության վայրի։ 2. Անձնագիր տեխնիկական, մեքենաների հիմնական տեխնիկական բնութագրերը պարունակող փաստաթուղթ։


ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, բնակչության հաշվառումը և տեղաշարժը նորմավորող կարգ։ Նախատեսում է քաղաքացու պարտականությունը՝ ունենալ անձնագիր, գրանցվել տվյալ բնակավայրում և պատասխանատվություն՝ անձնագրային կանոնները խախտելու համար։ ՍՍՀՄ–ում Ա․ հ. է մտցված քաղաքներում, քաղաքատիպ ավաններում, շրջանային կենտրոններում (Լիտվական, Լատվիական, Էստոնական ՍՍՀ–ների ողջ տերիտորիաներում, Մոսկվայի մարզում, Լենինգրադի մարզի մի շարք շրջաններում, սահմանամերձ գոտիների ու շերտերի բոլոր բնակավայրերում) և հատուկ նշված այլ վայրերում։ Առանց անձնագրի այդ վայրերում բնակվում են՝ զինծառայողները, մինչև 16 տարեկանները, հիվանդանոցներում բուժվողները, կոլտնտեսականները և Ա. հ. չմտցված վայրերից ժամանակավորապես եկած անձինք։ Այն երկրներում, ուր չկա Ա. հ., գործում է օրինականացման (լեգիտիմացիոն) համակարգը (տես Օրինականացում


ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՀԵՐ, տես Նյութական շահեր։


ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում և մշակում է մարդու առողջության պահպանման և ամրապնդման խնդիրները՝ կապված անհատի անձնական կյանքի և կենցաղի ռեժիմի հետ։ Ա. հ–ի կոպիտ և մշտական խախտումները կարող են անդրադառնալ անհատի և կոլեկտիվի առողջական վիճակի և աշխատունակության վրա։

Ա. հ–ին է վերաբերում մարդու մաշկի, եղունգների, մազերի, ինչպես նաև բերանի խոռոչի, ատամների խնամքը, պայքարը գերքրտնարտադրության դեմ։ Ա. հ–ի մեջ են մտնում՝ անհատի սննդի ռեժիմը, սննդանյութերի ընդունման համապատասխան բաժանումը (տես Սնունդ), ակտիվ հանգստի կազմակերպումը (զբոսանք, խաղեր, հետիոտն հեռավոր ճանապարհորդություններ), օրգանիզմի ֆիզիկա–