Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վել են շատ պրպտումներ, բայց առայժմ դրանք շոշափելի արդյունք չեն տվել։ Մինգեչաուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են աղվանական համարվող գրերով արձանագրությունների պատառիկներ՝ փորագրված վիմաքարի, աշտանակների և խեցեբեկորների վրա։ Աղվաներեն այբուբենի միջոցով այդ արձանագրությունները վերծանելու փորձերը ևս հաջողությամբ չեն պսակվել։

Գրկ. Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե., 1941, էջ 68–73։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968, էջ 294–95։ Աճառյան Հ., Աղվանից գիրը, «Տեղեկագիր ՍՍՀՄ ԳԱ հայկ. ֆիլիալի», 1941, № 3–4։ Նույնի, Հայոց գրերը, Ե., 1968, էջ 216–31։ Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցի շուրջը, Ե., 1966։ Шанидзе А., Новооткрытый алфавит кавказских албанцев и его значение для науки, «Известия ин-та языка, истории и материальной культуры им. акад. Марра Груз. филиала АН СССР», 1938, т. 4; Абуладзе И., К открытию алфавита кавказских албанцев (մույն տեղում); Шанидзе А., Язык и письмо кавказских албанцев, «Вест-ник отдел. обществ. наук АН Груз. ССР», 1960, № 1; Абраамян А. Г., Дешифровка надписей кавказских агван, Е., 1964.

ԱՂՎԱՆԵՐԵՆ, աղվանների լեզուն, որ միջին դարերում իր կրող ժողովրդի ձուլումից հետո դուրս է մղվել ասպարեզից։ Ա., ինչպես ենթադրում են, պատկանել է իբերո–կովկասյան լեզվաընտանիքին։ Մինչև այսօր աղվանական գրից և աղվանական համարվող արձանագրությունների մի քանի պատառիկներից բացի մեզ ոչինչ չի հասել, ուստի, հայտնի չէ, թե ինչպիսի բնույթ ու կառուցվածք է ունեցել Ա.։ Որոշ գիտնականներ գտնում են, որ Ա. եղել է ուտիների հին լեզուն, որից էլ ծագել է ուտիերենը։

Գրկ. Шанидзе А., Язык н письмо кавказских албанцев, «Вестник отдел. об-ществ. наук АН Груз. ССР», 1960, № 1.


ԱՂՎԱՆԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Քաշունի գետի ափին, շրջկենտրոնից 30 կմ հյուսիս–արևմուտք։ 245 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժ–մանկաբարձական կայան։ Հիմնադրվել է 1923-ին, նախկին գյուղատեղում։ Ա–ում պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի գերեզմանոց և XVII դ. եկեղեցու ավերակներ։


ԱՂՎԱՆԻՑ ԴՈՒՌ, Դարբանդի դուռ, Ճորա պահակ, Չողա դուռ, անրություն հին և միջին դարերում։ Կառուցվել է Կովկասյան լշ–ի և Կասպից ծովի միջև ընկած միակ ճանապարհի վրա։ Անդրկովկասը պատնեշել է հյուսիսային քոչվոր ցեղերի ներխուժումներից պաշտպանելու համար։ Ամրության պարիսպների և երկաթակուռ դարպասների կառուցումը հին պատմիչները (Հովսեփոս Փլավիոս, Տակիտոս, Դիոն Կասիսոս, Պտղոմեոս և ուր.) վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացուն (մ. թ. ա. IV դ.)։ Արշակունիների օրոք (I–V դդ.) Ա. դ. հսկել են Մեծ Հայքի Հյուսիսային նախարարությունները՝ Գուգարքի բդեշխի գլխավորությամբ։ կովկասյան ցեղերի ավերիչ արշավանքներից տուժող Պարսկաստանը և Հռոմը նյութապես օժանդակել են Մեծ Հայքին՝ Ա. դ. հսկելու համար։ Արշակունիների թագավորության անկումից հետո Ա. դռան հսկողությունը Սասանյան Պարսկաստանը հանձնարարել էր Սյունիքի նախարարության ուժերին («Սիսական գնդին»): Պարսից Խոսրով I Անուշիրվանի օրոք (VI դ. կես) վերակառուցվում են Ա. դռան հինավուրց ամրությունները, որի մասին վկայում են հայ և արաբ մատենագիրները։ Սասանյան Պարսկաստանի անկումից (VII դ. կես) հետո Ա. դռան պահպանումը արաբները դրեցին Արմինիայի կառավարչի վրա։ Սելջուկյան և թաթար–մոնղոլական արշավանքներով խափանվեց Ա. դռան հսկողությունը (տես Դարբանդ

Գրկ. Եղիշե, Վարդանանց պատմությունը, Ե., 1958։ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց…, Թ., 1904։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Սեբեոս, Պատմություն, Ե., 1939։ Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Ган К., Иэвестия древних греческих и рим-ских писателей о Кавказе, Тифлис, 1884; Сб. материалов для описания местностей и племен Кавказа, 1903, в. 32. Բ. Ուլուբաբյան


ԱՂՎԱՆԻՑ ԵԿԵՂԵՑԻ, միաբնակ եկեղեցի։ Ա. ե–ու առաջին եպիսկոպոսն է համարվում Գրիգորիսը, որը Հայաստանից գնացել է Աղվանք՝ քարոզելու նոր կրոնը, սակայն 338-ին նահատակվել է (Մազքթաց Սանատրուկ Արշակունի թագավորի կարգադրությամբ նրան սպանել են) և թաղվել Ամարասում։ Այնուամենայնիվ, քրիստոնեությունը տարածվել է Աղվանքում, դարձել պաշտոնական կրոն։ Նոր կրոնը խթան է հանդիսացել 415–420-ին Բենիամինի օգնությամբ Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանից գրերի հորինմանը, թեև Ա. ե–ում գործ էր ածվում հայերենը՝ իբրև Ժամասացության լեզու։ Ա. ե–ու եպիսկոպոսության կենտրոնը գտնվում էր Ամարաս գյուղում։ Եպիսկոպոսները ձեռնադրվում էին Հայոց կաթողիկոսից։ Սասանյանները հովանավորում էին հակաքաղկեդոնական–հակաբյուզանդական միաբնակ խմբավորմանը, որին գլխավորում էր Հայոց եկեղեցին։ 503-ին, Դվինում հրավիրված ժողովում, Ա. ե. հարեց միաբնակ եկեղեցուն, իսկ 551-ին, Դվինի նոր ժողովում, Հայոց և Աղվանից եկեղեցիները վերջնականապես հեռացան բյուգանդական պաշտոնական եկեղեցուց։ Այդ ժամանակից սկսած Ա. ե–ու ղեկավարը կրում էր «կաթողիկոս» տիտղոսը։ Ստեղծվեց Աղվանից կաթողիկոսությունը, որի գահակալները ենթարկվելու էին Հայոց կաթողիկոսին՝ կրելով «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողա» տիտղոսը։ Ա. ե–ու կենտրոնը դարձավ Աղվանքի նորակառույց մայրաքաղաք Պարսավը։ Աղվանից կաթողիկոսության առաջին գահակալն էր Աբասը (552–596)։ 609-ից, երբ վրացական եկեղեցին մերժեց միաբնակ եկեղեցու վարդապետությունը և հարեց բյուգանդականին, Ա. ե–ու թեմերը (Պարտավ, Չողա, Կապաղակ, Ամարաս, Հաշա, Տաղձանք, Մեծաբանից վանք, Գլխո վանք, Սադիան, Շաքի ևն) կազմեցին Աղվանից կաթողիկոսությունը։ Նրա ամառային նստավայրն էր Բերդակուր ամրոցը։

Ա. ե. հանդես էր գալիս իբրև բարձրացող ֆեոդալական ավագանու դասակարգային շահերի պաշտպան։ Աղվանքի Վաչագան Դ Բարեպաշտ թագավորի (487–510) նախաձեռնությամբ հրավիրված Աղվենի ժողովի մշակած կանոնները ապահովում էին հոգևորականության և ազնվականության իրավական և տնտեսական շահերը։ Ինչպես Հայաստանում, Աղվանքում ևս 591–626-ին ուժեղացավ քաղկեդոնականությունը, որի դեմ կատաղի պայքար էր մղում հայ–աղվանական հոգևորականությունը։ Այդ պայքարը կապված էր բյուգանդական կայսրության գերիշխանության ուժեղացման հետ։ Արաբների նվաճումներից հետո քաղկեդոնական եկեղեցու ազդեցությունը թուլացավ։ Ա. ե. մնում էր իբրև Հայոց եկեղեցու թեմերից մեկը։ IX– X դդ. Ա. ե–ու կենտրոնը դարձավ Փառիսոսի թագավորության Միափոր գավառի Խամշի վանքը։ 1240-ից սկսած բարձրացավ Գանձասարի վանքի եպիսկոպոսության հեղինակությունը, որի գահին ժառանգաբար նստում էին Հասան–Ջալալյանները։ XIV դ. վերջից Գանձասարը դարձավ Ա. ե–ու կաթողիկոսանիստ կենտրոնը, և Աղվանից կաթողիկոսությունն այնուհետև կոչվում էր Գանձասարի կաթողիկոսություն, որը ենթարկվում էր Էջմիածնի Հայոց կաթողիկոսին։ Կաթողիկոսանիստ Գանձասարը փաստորեն նաև Արցախի մելիքությունների հոգևոր և քաղաքական կենտրոնն էր։ XVII դ. կեսից մինչև XIX դ. Ա. ե–ու կաթողիկոսներն ունեին իրենց հակաթոռը (Խաչենի Երից–մանկանց վանքում)։ 1815-ին ցարական կառավարության հրահանգով Աղվանից կաթողիկոսությունը վերացավ։ Այս ժամանակվանից սկսած նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա մարզերում ու գավառներում ստեղծվեցին նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմ և մեկ հաջորդական վիճակ։

Առաջին առաջնորդական թեմի (Շուշվա կամ Արցախի) մեջ մտնում էին Վարանդա, Խաչեն, Դիզակ, Բերդաձոր, Ջրաբերդ, Գյուլիստան, Լանքարան, Շաքի, Կապաղակ, Հաջի, խենի, Կամբեճան և Արաշ գավառները։

Երկրորդ առաջնորդական թեմի (Շամախի կենտրոնով) մեջ մտնում էին՝ Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Սալյանի և հարևան մյուս գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ քաղաքը, նրան էին ենթարկվում Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։

Աղվանից կաթողիկոսների անվանացանկ

Աբաս (551 -595), Վիրո (595-629), Զաքարիա (629 – 644), Հովհան (644–671), Ուխտանես (671–683), Եղիազար (683–689), Ներսես (689–706), Սիմեոն (706 – 707), Միքայել (707 – 744), Անաստաս (744–748), Հովսեփ (748-765), Դավիթ (765-769), Դա–