Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյունը ստացել է Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում՝ Ռ. Ն. Սիմոնովի ղեկավարությամբ (1924–26)։ 1927-ին ավարտել է նաև Պրոլետկուլտի ռեժիսորական դասընթացները Մոսկվայում։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1927-ին, կազմակերպել ու ղեկավարել է Թբիլիսիի հայկական դրամատիկական ստուդիան (առաջին ինքնուրույն բեմադրությունն է Դ. Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը», 1927)։ Եղել է Հայաստանի Երկրորդ պետթատրոնի (այժմ՝ Լենինականի Ա. Մռավյանի անվ. թատրոն) կազմակերպիչներից մեկը (1928), դերասան (1928–33), գեղարվեստական ղեկավար (1931–40, 1943–47)։

1938-ից Ա. աշխատում է Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում իբրև ռեժիսոր, իսկ 1953-ից՝ գլխավոր ռեժիսոր։ Այստեղ նրա արվեստը հարստացել է նոր գծերով, խորացել է նրա բեմադրությունների գաղափարական բովանդակությունը։ Ա–ի շատ գործեր էտապային նշանակություն են ունեցել սովետահայ թատրոնի պատմության մեջ։ Նրա լավագույն բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Պատվի համար» (1939), «Նամուս» (1955), «Քաոս» (1959), Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (1940), Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942), Վրթ. Փափազյանի «Ժայռը» (1944), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1954), Սունդուկյանի «Էլի մեկ գոհ» (1955), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961)։

Ազգային դասականների (Սունդուկյան, Պարոնյան, Շիրվանզադե) պիեսների բեմադրություններում Ա. հասնում է ռեժիսորական արվեստի բարձունքներին, հավաստում իր ուրույն կոնցեպցիան։ Ա. առաջ է մղում «առանձին գործող անձանց անմեղության և սոցիալական միջավայրի մեղավորության» թեման, որը նրան թույլ է տալիս բազմակողմանիորեն բացահայտել կերպարների բնավորությունները։ Իր բեմական բնութագրերում ռեժիսորը խուսափում է ուղղագծությունից և միակողմանիությունից, առանձին հերոսների չձերբազատելով սուբյեկտիվ մեղքից՝ գտնում է բացասական գործող անձանց դրսևորած վարքագծի սոցիալական պատճառը, որպեսզի մեղադրի նրանց ծնող աշխարհն ամբողջովին։

Նկարում` Վ. Մ. Աճեմյան։

Ա. բազմաթիվ գործեր է բեմադրել երաժշտական թատրոններում՝ Ա. Այվազյանի «Թափառնիկոս» (1937), Հ. Ստեփանյանի «Հերոսուհի» (1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951), Տ. Չուխաջյանի «Լեբլեբիջի» (1951), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1956), «Անուշ» (1969), Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1971) և այլ օպերաներ՝ Ապենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնում, Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1948), Ի. Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (1950) և այլ երաժշտական կատակերգություններ ու օպերետներ՝ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ 1947–50-ին աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր։ Նրա երաժշտական ներկայացումներն առանձնանում են ռեժիսորական որոնումներով՝ ժանրի ավանդական դարձած ձևերին և սկզբունքներին հակադրելով ճշմարիտ, հավաստի լուծումներ։

Ա. 1944-ից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր 1964-ից)։

Իր ռեժիսորական գործունեության ընթացքում Ա. եղել է սովետական դրամատուրգիայի, հատկապես ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործությունների ամենաակտիվ բեմականացնողներից մեկը՝ հավաստելով ու զարգացնելով ազգային թատերական դպրոցի ոճական և գեղագիտական ավանյյու/թները սոցիալիսաական ռեալիզմի դիրքերից։ Ա. ճանաչված է նաև իբրև նկարիչ (1968-ին լույս է տեսել «ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ»–ը)։ «Աշխարհն, այո, շուռ է եկել» դրամայի և «Անուշ» օպերայի բեմադրությունների համար Ա. արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի (1970)։ ՀՍՍՀ IV–VI և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ Է։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Գրկ. Հախվերդյան Լ. Հ., Կլասիկան Ա մեր օրերը. Վարդան Աճեմյանի արվեստը, Ե., 1962։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967։ Бояджиев Г., Поэзия театра, М., 1960; Ризаев С., Режиссура в армянском театре, Е., 1968. Ս. Ռիզաև

ԱՃՄԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ, ներծին կամ արտածին ծագում ունեցող քիմիական նյութեր, որոնց թույլ կոնցենտրացիաներն արագացնում են բույսերի աճը։ Ա. Խ., ազդելով բջջի ընդհանուր կենսագործունեության վրա, բարձրացնում են բջջապլազմայի թափանցելիությունը ջրի նկատմամբ, ակտիվացնում շնչառական պրոցեսները, բջիջների բաժանումը և բույսերի պաշտպանողական ռեակցիան։ Ա– խ-ից լայնորեն կիրառվում են աուքսինները և գիբերելինը։ Ա. խ. օգտագործվում են բույսերը հանգստի վիճակից հանելու, պատվաստման ժամանակ կտրոնների արմատակալման արագացման, լոլիկի, խաղողի խոշոր, անսերմ պտուղ ստանալու համար ևն։ Ա. խ–ի բարձր դոզաներն արգելակում են բույսերի աճը, առավել մեծ քանակությունը ստանում է հերբիցիդային հատկություն (տես Հերբիցիդներ)։

Գրկ. Леопольд А., Рост п развитие растений, М., 1968. Վ. Ղազարյան


ԱՃՄԱՆ ԿԵՏ, տես Աճման կոն։


ԱՃՄԱՆ ԿՈՆ, ցողունի, արմատի կամ ճյուղի գագաթ, որը կազմված է գոյացնող հյուսվածքից (առաջնային մերիսթեմա)։ Ա. կ–ի ծայրում գտնվում են մեկ կամ մի քանի սկսնակ (ինիցիալ) բջիջներ, որոնց անընդհատ կիսվելով է պայմանավորված տվյալ օրգանի աճումը։ Ցողունի Ա. կ. ծածկված է բողբոջներ կազմող մանր, նուրբ տերևիկներով, իսկ արմատինը պաշտպանված է ծայրապատյանով։ Բարձրակարգ բույսերի ցողոնի Ա. Կ-ի արտաքին շերտը կոչվում է պատմուճան (տունիկա), կենտրոնական մասը՝ իրան։ Ա. կ–ից ցած գոյանում են առաջնային թմբիկներ, որոնցից կազմավորվում են տերևները։ Առաջնային թմբիկների ծոցերում առաջանում են երկրորդային թմբիկներ, որոնցից էլ զարգանում են կողքային ընձյուղները։

Նկարում` Վ. Մ. Աճեմյանի բեմադրություններից։ Ձախից՝ տեսարան Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» պիեսի բեմադրությունից (Լենինականի Ա. Մռավյանի անվ. թատրոն)։ Աջից՝ տեսարան Ա. Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի 3-րդ գործողությունից (Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոն)։