ԱՃՄԱՆ ՀՈՐՄՈՆ, կենդանիների և մարդու աճումը խթանող հորմոն։ Արտադրում են հիպոֆիզի աոջևի բլթի ացիդոֆիլ բջիջները։ Ունի սպիտակուցային բնույթ, կազմված է 396 մոլեկուլ ամինաթթուներից։ Մոլ. կշ. 27000–46000։ Զանազան կենդանիների Ա. հ–ները տարբերվում են ամինաթթվային կազմով և ազդեցությամբ, օր. ցուլի Ա. հ. խթանում է առնետների աճումը, սակայն չի ազդում մարդու և կապիկի վրա։ Ա. հ. նաև կարգավորում է օրգանիզմի (հատկապես երկարավուն ոսկրերի) աճումը, դանդաղեցնում սպիտակուցային նյութերի քայքայումը, ինտենսիվացնում նյութափոխանակությունը։
ԱՃՊԱՐԱՐ (արաբ, աջաբ – զարմանալի + արար – զարմանալի բաներ անող), կրկեսի կամ էստրադայի արտիստ, որ տեսողական պատրանքի վրա հիմնվելով, օգտագործելով զանազան հնարքներ, ցուցադրում է իրերի, կենդանիներին մարդկանց հայտնվելը, չքանալը, փոխակերպվելը։ Ա–ները, ինչպես և ձեռնածուները հայտնի են հին ժամանակներից, նրանց արվեստի տարրերը կիրառվել են թափառաշրջիկ դերասանների (կատակագուսանների, լարախաղացների, հիստրիոնների, ժոնգլյորների) ներկայացումներում։ XIX դ. Փարիզում ելույթներ է ունեցել պատրանք ստեղծող սարքերի գյուտարար Ի. Գուդենը։ Աճպարարությունը կրկեսային արվեստի ժանրերից է, որը ներառում է նաև այլ ժանրերի տարրեր (ժոնգլյորություն, ակրոբատիկա)։ Ա–ները ներկայացումներում օգտագործում են հատուկ սարքավորում (աներևույթ զսպանակներով, կրկնակի հատակով արկղեր, հայելիների տարբեր համադրումներ ևն), կիրառելով բնատեխնիկական գիտությունների՝ օպտիկայի, մեխանիկայի ընձեռած հնարավորությունները։ Սովետական կրկեսի հայտնի Ա. է Կիոն։
ԱՃՈՒԿԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿ, ճեղքանման թեք տարածություն աճուկային շրջանում, որովայնի առջևի պատի մկանների հաստության մեջ։ Ա. խ. գոյանում է ներարգանդային կյանքում, երբ ամորձին որովայնի խոռոչից իջնում է ամորձապարկ։ Ա. խ. ունի 2 բացվածք՝ որովայնային և ենթամաշկային։ Տղամարդկանց Ա. Խ–ով անցնում է սերմնալարը, կանանց Ա. Խ–ով՝ արգանդի կլոր կապանը։ Որովայնի պատի թուլացումը և Ա. խ–ի բացվածքի լայնացումը նպաստում են աճուկային ճողվածքի առաջացմանը։
ԱՃՈՒՄ, կենսաբանական պրոցես։ 1. Բույսերի Ա., բույսի քաշի և ծավալի ավելացումը կապված օրգանիզմի կառուցվածքային տարրերի նորագոյացման հետ։ Յուրաքանչյուր բջիջ անցնում է աճման 3 փուլ՝ բաժանման, երկարաձգման և տարբերակման (դիֆերենցման)։ Բաժանման փուլում սաղմնային հյուսվածքի մանր, բարակապատ, ամբողջապես պրոտոպլազմայով լցված և խոշոր կորիզ ունեցող բջիջներն սկսում են ինտենսիվորեն բաժանվել։ Երկարաձգման փուլում արագորեն մեծանում են բջիջների չափերը, պրոտոպլազմայում առաջանում են վակուոլներ (բջջախորշեր), որոնք միմյանց միանալով կազմում են մեկ խոշոր, կենտրոնական վակուոլ։ Տարբերակման փուլում ձևափոխվելով՝ բջիջներն ստանում են որոշակի ֆունկցիա՝ առաջացնելով տարբեր հյուսվածքներ (մեխանիկական, փոխադրող, ծածկող ևն)։ Բույսի առանցքային օրգանները երկարությամբ աճելուց բացի, նաև հաստանում են, որը երկրորդային սաղմնային հյուսվածքի՝ կամբիումի կենսագործունեության արդյունք է։ Կամբիումը գտնվում է բնափայտի և կեղևի միջև։ Նրա բջիջները, անընդհատ բաժանվելով դեպի ներս, առաջացնում են բնափայտի տարրեր, դեպի դուրս՝ կեղևի տարրեր։ Բույսերի գագաթնային Ա. կատարվում է ցողունների և արմատների աճման կոներում։ Բույսերի Ա. ընդհանրապես դանդաղ է ընթանում, թեև առանձին բույսեր և օրգաններ աճում են շատ արագ։ Օր. բամբակենու երիտասարդ ընձյուղները 1 րոպեում աճում են 0,6 մմ, իսկ հացազգի բույսերի առէջաթելերը՝ 6–8 անգամ ավելի արագ։ Բույսերի Ա. սահմանափակվում է նրանց կենսական ցիկլի ավարտմամբ. վերջինս բազմամյաների մոտ կարող է տևել նույնիսկ հազարավոր տարիներ։ Բույսերի Ա. կատարվում է ի հաշիվ օրգ. և անօրգ. նյութերի, որոնք դեպի աճող օրգաններն են հոսում տերևներից, արմատներից, սննդանյութեր կուտակող օրգաններից։ Սակայն, Ա. և նրա կարգավորումը տեղի է ունենում ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն անեցող նյութերի՝ հորմոնային կարգավորիչների (աճման խթանիչների) և Ա. դանդաղեցնող նյութերի՝ ինհիբիտորների օգնությամբ։
Բույսերի Ա. բարդ պրոցես է, որին մասնակցում են սննդային և հորմոնային տարբեր նյութեր։ Այն կախված է արտաքին միջավայրից՝ հատկապես ջերմությունից, լույսից, հողի և օդի խոնավության աստիճանից, հանքային նյութերի և միկրոտարրերի քանակից, ցերեկվա տևողությունից (տես Ֆոտոպերիոդիզմ) ևն։ Բույսերի Ա. չափում են բաժանմունքներ ունեցող քանոնով, աճող օրգանի վրա տուշով գծիկներ տանելով, հորիզոնական մանրադիտակով, լուսանկարահանմամբ, չոր նյութերի կշռի որոշմամբ ևն։ Ա. և գեներատիվ զարգացումը միանման պրոցեսներ չեն։ Նրանց բնականոն ընթացքի համար պահանջվում են արտաքին միջավայրի տարբեր պայմաններ և նյութափոխանակություն։ Միաժամանակ դրանք միմյանց հետ գտնվում են սերտ, բայց բնույթով ոչ համանման փոխազդեցության մեջ։
2. ԲույսերիԿենդանիների Ա., օրգանիզմի կամ նրա առանձին օրգանների քաշի և ծավալի ավելացում կենդանու անհատական զարգացման՝ օնտոգենեզի ընթացքում։ Ա. պայմանավորված է նյութափոխանակությամբ և տեղի է ունենում, երբ ասիմիլյացիան գերակշռում է դիսիմիլյացիային։ Ա. կատարվում է բջիջների թվի, չափսերի և արտաբջջային գոյացությունների զանգվածի ավելացման հաշվին։ Կենդանիների աճման առանձնահատկություններն են՝ ա. պարբերականությունը՝ Ա–ման արագության տարբերությունն օնտոգենեզի տարբեր շրջաններում (օր. ձկների Ա. արագանում է գարնանը և ամռանը)։ բ. Անհամաչափությունը՝ օնտոգենեզի ընթացքում օրգանների անհամաչափ Ա. (օր. կաթնասունների ոսկրերը և սիրտն արագ են աճում արգանդային շրջանում)։ գ. Ռիթմիկությունը՝ Ա–ման արագության փոփոխությունը կարճ ժամանակամիջոցում, այդ թվում նաև օրվա ընթացքում։ Կենդանիների Ա. սովորաբար որոշակի տարիքում դադարում է, իսկ առանձին տեսակների մոտ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում (ձկներ, առնետներ)։ Ա–ման կարգավորման մեջ կարևոր դեր են խաղում վահանաձև գեղձի, հիպոֆիզի, սեռական գեղձերի հորմոնները։
ԱՃՈՒՐԴ, գույքի հրապարակային վաճառք նախապես նշված վայրում և ժամանակին, որի ընթացքում ապրանքին տիրանում է ամենաբարձր գին առաջարկոդը։ Կապիտալիստական երկրներում Ա. լինում է հարկադրական և կամավոր։ Գույքի հարկադրական Ա. կազմակերպում են դատական կամ իշխանության օրգանները՝ չվճարողից պարտքերը գանձելու համար, ինչպես նաև մաքսատները, երկաթուղիները, բանկերն ու գրավատները՝ բռնագրավված կամ ժամկետանց ապրանքները, չպահանջարկված բեռները ևն վաճառելու համար։ Կամավոր Ա. կազմակերպվում է գույքի տիրոջ նախաձեռնությամբ՝ առավել շահութաբեր վաճառքի նպատակով։ Միջազգային ապրանքային Ա–ում վաճառվում են անփոխարինելի և որոշ անհատական առանձնահատկություններ անեցող ապրանքներ (մորթեղեն, թեյ, ծխախոտ ևն)։ 1931-ից ՍՍՀՄ–ում (Լենինգրադ) կազմակերպվում է մորթու ամենամյա միջազգային Ա.՝ արտաքին առևտրի պետ. մենաշնորհի հիման վրա։ Հարկադրական Ա. ՍՍՀՄ–ում կատարվում է միայն պարտապանի բնակելի շենքի նկատմամբ։ Ա–ին մասնակցելու իրավունք չունեն պետ. հիմնարկ–ձեռնարկությունները, իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչները են։
ԱՄԱԳԱՍԱԿԻ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հվ. ափին։ Փաստորեն Օսակա քաղաքի արվարձանն է։ 532 հզ. բն. (1968)։ Օսակա–Կոբե ինդուստրիալ շրջանի ծանր արդ. կարևոր կենտրոններից է։ Կան սև մետալուրգիայի, մեքենաշինության, քիմիական, ապակու, խեցեղենի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, խոշոր ՋԷԿ։
ԱՄԱԴՈՒ (Amado) ժորժի (ծն. 1912), բրազիլացի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, կոմունիստ։ Բրազիլիայի ակադեմիայի անդամ (1961)։ Ծնվել է օգոստոսի 10-ին։ Ճանաչվել է «Կակաո» (1933), «Քրտինք» (1934) վեպերով։ 30-ական թթ. կեսերից մասնակցել է Ազգային–ազատագրական ալյանսի (միության) պայքարին, այդ տարիներին գրել «Ժուբիաբա» (1935), «Մեռյալ ծով» (1936) և «Ավազի նավապետները» (1937) վեպերը: Ալյանսի պարտությունից (1937) հետո բանտարկվել է, ապա դարձել վտարանդի (1941–42)։ Վերադառնալով հայրենիք 1945-ին Ա. Բրազիլիայի կոմկուսի կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի դեպուտատ։ Կոմկուսի արգելումից (1948) հետո կրկին դարձել է վտարանդի (մինչև 1952)։ «Հույսի ասպետի՝ Լաիս Կառլոս Պրեստե–