Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


դանդաղեցման երևույթը ջրածին պարունակող նյութերում։ 1958-ից ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ է։


ԱՄԱՂՈՒ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ–աբեմուտք։ 515 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտ–ը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Ա. հիշատակվում է X դարից, որպես բնակավայր։ Ավերվել է XV-XVI դդ. և կրկին բնակեցվել XVIII դ.։ Ա–ի տարածքում է Նորավանքը՝ Սյունիքի հոգևոր կենտրոնը Օրբելյանների օրոք։


ԱՄԱՆ (Aman) Թեոդոր (1831 – 1891), ռումինական նկարիչ, ծագումով հայ։ Ծնվել է մարտի 20-ին, Պիտեշտի մարզի Կիմպուլունգ–Մուսչելում (Ռումինիա)։ Կազմակերպել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցը (1864)։ Ա–ի պատմական թեմաներով կտավները, մարտանկարները կրել են թուրք զավթիչների դեմ ռումին ժողովրդի մղած ազգային–ազատագրական պայքարի խոր կնիքը («Ռումինների ճակատամարտը թուրքերի դեմ Ս. Գևորգ կղզում», 1859, «Թուրքերի վռնդելը Կրլուգերենից», 1872 ևն)։ Ունի նաև դիմանկարներ, ռումին գյուղացիների կյանքին ու կենցաղին նվիրված գունանկարներ («Խմբապար», 1890) և օֆորտներ («Գյուղացի», «Եզներ լծելը», 1875 ևն)։ Ա–ի «Ծաղիկներ» նկարը պահվում է Հայաստանի Պետական պատկերասրահում։ Մահացել է օգոստ. 19-ին, Բուխարեստում։


ԱՄԱՆԱԿ (պհլ. ամանա – ժամանակ), 1. անտիկ պոեզիայում կարճ վանկի արտասանության համար անհրաժեշտ ժամանակը, որն ընդունված է իբրև ոտանավորը «չափելու» նվազագույն միավոր։ Հին հունարենում կոչվել է «քրոնոս պրոտոս» (ժամանակ սկզբնական), լատիներենում՝ «մորա» (տես Անտիկ տաղաչափություն)։ Հին հայկական տաղաչափության մեջ չորս Ա. կազմել է մեկ անդամ։ 2. Անտիկ երաժշտության մեջ՝ երգեցողական «կարճ վանկի» տևողությունը որպես չափական (մետրական) միավոր։ Հայ միջնադարյան երգաստեղծության և խազագրության մեջ Ա. համարվել է հարաբերական տևողություն։ Եղել են չորս Ա–ներ (կամ երգեցողական «վանկեր»)՝ կարճ Ա., միջակ Ա., մեծ Ա. և մեծագույն Ա., համապատասխանաբար՝ 1/8-ի, 1/4-ի, 2/4-ի և 4/4 ու ավելի չափական (մետրական) մոտավոր արժեքներով։ Խազագրության մեջ երկու նշան՝ «սուղ» (օ) ու «երկար» (~), ցույց են տալիս լոկ Ա. («սուղը»՝ կարճ Ա., «երկարը»՝ մեծ Ա. և մեծագույն Ա.)։ Մյուս խազանշանների մեծ մասը ցույց է տալիս նաև Ա.։ Օրինակ՝ «փուշը»՝ միջակ Ա., «պարոյկը»՝ մեծ Ա., «ղումը»՝ մեծագույն Ա.։ Նոր հայկական ձայնագրության ստեղծումից հետո Ա. երբեմն գործածվել է նաև տեմպի ու բախումի նշանակությամբ։ Է. Ջրբաշյա, Ա, Ն. Թահմիզյան

Տես նկար (մեղեդիներ)

Նկարում` Ամանգելդի Իմանով։


ԱՄԱՆԳԵԼԴԻ ԻՄԱՆՈՎ (1873-1919), ղազախ ժողովրդի ազգային հերոս, 1916-ի ազգային–ազատագրական ապստամբության առաջնորդ, Ղազախստանում սովետական կարգերի հաստատման համար մղվող պայքարի (1917–19) գործուն մասնակից։ Կոմկուսի անդամ 1918-ից։ Ա. Ի. իր ջոկատներով մեծ դեր է կատարել աուլային սովետներ ստեղծելու գործում։ 1918-ին նշանակվել է Տուրգայի գավառի զինվորական կոմիսար։ Կոլչակի հարձակման ժամանակ (1919, գարուն) Տուրգայում խռովություն բարձրացրած հակասովետական հրոսակներն Ա. Ի–ին ձերբակալել են և սպանել մայիսի 18-ին։


ԱՄԱՆՈՍ, Ամանուս, լեռնաշղթա Կիլիկիայի հարավ–արևելքում։ Հնում Կիլիկիան բաժանում էր Ասորիքից և Փոքր Հայքից։ Երկարությանը՝ 180 կմ, բարձրությունը՝ մինչև 2262 մ (Մհըր)։ Ձգվում է Միջերկրական ծովի Անտաքյա ծոցից դեպի հս–արլ., մինչև Մարաշի դաշտը։ Ծալքաբեկորավոր լշ. է՝ կազմված պալեոզոյի ու մեզոզոյի նստվածքային ապարներից և հիմքային ներժայթուկներից։ Մեծ մասամբ անտառածածկ է։


ԱՄԱՆՈՐ (<ամ – տարի + նոր), հայկական ազգային օրացույցի առաջին, Նոր տարվա տոնը։ Կոչվել է նաև կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ։ Անցել է զարգացման մի քանի թուլ՝ արտահայտելով ժողովրդի կյանքում կատարված սոցիալ–պատմական և մշակութային տեղաշարժերը։ Ա–ի հնագույն փուլը կապվում է գարնան՝ բնության զարթոնքը նշանավորող Բարեկենդան տոնի հետ, որի ծիսակարգը կատարելիս «Առաջինին» (առաջին հանդիպում, առաջին պտուղ և առհասարակ ամեն ինչի առաջնեկին) վերագրում էին իրենից հետո եկող նման առարկաների և երևույթների վրա ներազդելու հմայական հատկության։ Կատարվում էին ծիսական երգեր, պարեր, խաղեր, ժողովրդական–թատերական ներկայացումներ՝ ցուցադրելով այն ամենը, ինչի սպասում էին նոր տարվանից։ Հայկական տոմարի զարգացման հաջորդ փուլում Ա. տեղափոխվում է Նավասարդի 1 (օգոստոսի 11, տես Նավասարդ)։ Մինչև Ա–ի տոն դառնալը Նավասարդը ժողովրդի կենցաղում կար որպես աշնանային բերքահավաքի տոն։ Քրիստոնեության մուտքից հետո Ա. հարմարեցվել է Քրիստոսի ծննդյան տոնին։ Չնայած դրան, մինչև XIX դ. վերջը ժողովուրդը շարունակել է մեծ հանդիսավորությամբ կատարել գարնանը՝ բնության զարթոնքի, աշնանը՝ բերքահավաքի տոները։ XVIII դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հայերը նույնպես հունվարի 1-ն ընդունեցին որպես տարվա սկիզբ և Ա–ի տոն, որը հիմնականում կրկնում էր ազգային ամանորյա տոների ծեսերը։ Պահպանվում էին Ա–ի առթիվ իրար շնորհավորելու, մարդկանց, կենցաղային իրերի, անասունների նմանությամբ ծիսական հացեր թխելու և հանդիսավորությամբ ատելու, գուշակություններ կատարելու ծեսեր։ Պահպանվեցին նաև մեռնող և հարություն առնող բնության զարթոնքին նվիրված ծեսեր։ Ա–ի ծիսական փնջի մեջ արտահայտված է հայ ժողովրդի հասարակական– տնտեսական և մշակութային կյանքը և դրա համար էլ համանման է եղել ամբողջ Հայաստանում։ Այժմ Ա–ի գաղափարական, հմայական և ծիսական նշանակությունը մոռացվել է, մնացել է միայն հանդիսավոր ու կենցաղային կողմը։ Տես նաև Նոր տարի։

Գրկ. Տեր–Մինասյան Վ., Անգիր դպրություն ե հին սովորություններ, հ. 1–2, ԿՊ, 1904։ Ալիշան Ղ., Տին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, [2 հրտ.], Վնտ., 1910։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։ Ադոնց Ն., Հին հայոց աշխարհայացքը, նրա «Պատմական ուսումնասիրություններ», Փարիզ, 1948, գրքում։ Պողոսյան Ե., Նոր տարվո տոնը հին և նոր հայոց քով, Վնն., 1952։ Ա. Օդաքաշյան


ԱՄԱՆՈՒԼԼԱՀ–ԽԱՆ (1892-1960), Աֆղանստանի թագավոր (1919–29), Բարակզայների դինաստիայից։ Ծնվել է հունիսի 1-ին։ Իշխանության գլուխ անցնելուց մեկ շաբաթ հետո, 1919-ի փետրվարի 28-ին, հոչակեց Աֆղանստանի անկախությունը։ Նրա օրոք դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Սովետական Ռուսաստանի հետ, 1921-ին կնքվեց սովետա–աֆղանական բարեկամության, իսկ 1926-ին՝ չեզոքության և փոխադարձ չհարձակման պայմանագիր, 1923-ին ընդունվեց Աֆղանստանի առաջին սահմանադրությունը։ Ա–ի ներքին բարենորոգումներն օժանդակեցին երկրի զարգացմանը։ Անգլիական իմպերիալիստների կողմից հովանավորվող հետադիմականների՝ 1928–29-ի ելույթներն ստիպեցին Ա–ին հրաժարվել գահից և դառնալ տարագիր։ Մահացել է ապրիլի 25-ին, Ցյուրիխում։


ԱՄԱՊԱ (Amapa), վարչական միավոր Բրազիլիայի հյուսիս–արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տարած. 140,3 հզ. կմ² է։ Բնակչությունը՝ 119 հզ. (1970)։ Վարչական կենտրոնը՝ Մակապա։ Ծածկված է խոնավ արևադարձ, անտառներով։ Բնակչությունն զբաղվում է փայտի, կաուչուկի, դեղաբույսերի, բրազիլական ընկույզի մթերումով և որսորդությամբ։ Արդյունահանվում է մանգան։


ԱՄԱՌ, տարվա եղանակ։ Հս. կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22-ից) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբ. 23), իսկ Հվ. կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտ. 22-ից) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21)։