Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էյզենհաուերի կառավարությունը 1953-ի հուլիսին զինադադար կնքեց Կորեայում։ 1954-ին ԱՄՆ Հարավ–Արևելյան Ասիայում ստեղծեց ագրեսիվ ռազմա–քաղաքական բլոկ (ՍԵԱՏՕ), որն ուղղված է Ասիայի երկրների ազգային–ազատագրական շարժումների դեմ։ Հետապնդելով զավթողական նպատակներ՝ Միացյալ Նահանգները միջամտեցին Վիետնամում Ֆրանսիայի մղած գաղութային պատերազմին և խոչընդոտեցին Հնդկաչինում խաղաղությունը վերականգնելու մասին 1954-ի Ժնևի համաձայնագրերի կատարմանը։ Օգտվելով Եգիպտոսի դեմ Սուեզի ավանտյուրայի ժամանակ Անգլիայի և Ֆրանսիայի կրած պարտությունից ու հետապնդելով իմպերիալիստական նպատակներ՝ ԱՄՆ 1957-ի հունվարին առաջ քաշեց «Էյզենհաուերի դոկտրինան»։

1960-ին պրեզիդենտ ընտրվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոն Ֆ. Քենեդին, որը խոստացավ ամերիկյան ժողովրդին դուրս բերել «նոր բնագծեր»։ Քենեդիի կառավարության արտաքին քաղաքականության մեջ կային հակասական միտումներ։ 1961-ի ապրիլին ԱՄՆ կազմակերպեց կուբայական հակահեղափոխական վտարանդիների ներխուժումը Կուբա, որը, սակայն, հաջողություն չունեցավ։ 1962-ի հոկտեմբերին Քենեդիի կառավարությունը բլոկադայի ենթարկեց Կուբան, որի հետևանքով աշխարհը կանգնեց ջերմամիջուկային պատերազմի եզրին։ Այդ այսպես կոչված «կարիբյան ճգնաժամը» կարգավորվեց միջպետական փոխզիջման միջոցով, ՍՍՀՄ և ԱՄՆ–ի կառավարությունների ցուցաբերած ողջամտության շնորհիվ։ 1963-ի օգոստ. 5-ին ՍՍՀՄ, ԱՄՆ և Անգլիան ստորագրեցին Միջուկային փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածության մեջ և ջրի տակ արգելելու վերաբերյալ Մոսկվայի պայմանագիրը։ Քենեդիի կառավարությունը սոցիալիստական երկրների նկատմամբ վարում էր «ճկուն վերաբերմունքի» քաղաքականություն։ 1963-ի նոյեմբ. 22-ին Դալլասում (Տեքսասի նահանգ) Ջ. Քենեդին սպանվեց՝ դառնալով ծայրահեղականների դավադրության զոհ։ Պրեզիդենտի պաշտոնը ստանձնեց փոխ–պրեզիդենտ Լինդոն Բ. Ջոնսոնը (պրեզիդենտ 1963–1968-ին)։ Նա հռչակեց ԱՄՆ–ում «աղքատության դեմ պատերազմի» և «մեծ հասարակության» ստեղծման ծրագիր։ Սակայն Ջոնսոնի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց ամերիկյան ժողովրդին հուզող կենսական հարցերը լուծելու ուղղությամբ։ ԱՄՆ–ում շուրջ 32 մլն. մարդ շարունակում էր ապրել աղքատության մեջ։ Նեգրերի քաղաքացիական իրավունքների մասին կիսակատար օրենքները էապես չփոխեցին նրանց դրությունը։

1964-ի օգոստոսին հրահրելով «Տոնկինյան միջադեպը» ԱՄՆ ձեռնամուխ եղավ ՎԴՀ–ի տերիտորիայի զանգվածային ռմբակոծությանը։ Զինված բացահայտ ագրեսիա սկսելով Հնդկաչինում՝ ԱՄՆ–ի կառավարությունը հույս ուներ կարճ ժամանակամիջոցում ջախջախել Հարավային Վիետնամի ազատագրական ուժերը։ Արդեն 1967-ի վերջին ամերիկյան զորքերի թիվը Հարավային Վիետնամում հասնում էր 500 հզ. մարդու։ Լ. Ջոնսոնի կառավարության օրոք խիստ ուժեղացան հակապատերազմական տրամադրությունները բանվոր դասակարգի, մտավորականության, երիտասարդության (հատկապես ուսանող երիտասարդության) և նեգր բնակչության շրջանում։ Լայն թափ ստացավ պայքարը նեգր բնակչության քաղաքացիական իրավունքների համար։ Լ. Ջոնսոնի արտաքին քաղաքականության հետևանքով լրջորեն թուլացան դեմոկրատական կուսակցության դիրքերը, որը դժգոհության ալիք առաջ բերեց նույնիսկ կուսակցության ղեկավար վերնախավի շրջանում։ Գիտակցելով իր հեղինակազրկվելը՝ Լ. Ջոնսոնը 1968-ին հրաժարվեց մասնակցել պրեզիդենտի պաշտոնի համար մրցապայքարին, ընտրություններում շահեց հանրապետական կուսակցության թեկնածուն՝ Ռիչարդ Նիքսոնը։ Նոր պրեզիդենտը, որն արդեն հայտնի էր ԱՄՆ–ի քաղ. պատմության մեջ իր եռանդուն գործունեությամբ դեռևս Էյզենհաուերի օրոք, երբ գրավում էր փոխպրեզիդենտի պաշտոնը, խոստացավ սոցիալիստական երկրների հետ հակամարտության քաղաքականությունից անցնել բանակցությունների քաղաքականությանը։ Շուտով Գուամ կղզում ունեցած ելույթում նա առաջադրեց պատերազմը «վիետնամականացնելու» պլան, ըստ որի ԱՄՆ–ի ցամաքային զինված ուժերը պետք է աստիճանաբար դուրս բերվեին Հարավային Վիետնամից և ցամաքում պատերազմական գործողությունները պետք է վարեին Սայգոնի վարչակարգի զինված ուժերը։ Միաժամանակ ԱՄՆ այնտեղ պահպանում էր իր օդային և ծովային ուժերը, որոնք պետք է հարաճուն ինտենսիվությամբ աջակցեին Սայգոնի ցամաքային զորքերին։ Նիքսոնի կարծիքով, դրանով վերջ կգտնեին հակապատերազմական ընդվզումները Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պատերազմը կշահեր։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերին մեկուսացնելու, մատակարարման ուղիները փակելու և Սայգոնի վարչակարգի զորքերի հաղթանակի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով ԱՄՆ ընդլայնեց ագրեսիայի սահմանները՝ ռազմական գործողությունները տարածելով նաև Լաոսում և Կամբոջայում։ Սակայն ամերիկյան կառավարության ռազմա–քաղաքական ծրագրերը ձախողվեցին։ Հարավային Վիետնամի ազատագրական ուժերի ընդհանուր հարձակումը 1972-ի ապրիլ–հունիսին ցույց տվեց, որ «վիետնամականացման» պլանը փաստորեն ձախողվել է։ Պրեզիդենտ Նիքսոնը ոչ մի շոշափելի արդյունքի չհասավ նաև ՎԴՀ–ի և Հարավային Վիետնամի ազատագրական շրջանների բարբարոսական ռմբակոծությունների միջոցով։ 1972-ի մայիսի 8-ին նա հրամայեց ականապատել ՎԴՀ–ի նավահանգիստների մուտքերը և ռմբակոծության ենթարկել ցամաքային երթուղիները, որպեսզի վիետնամական ժողովուրդը չկարողանա օգնություն ստանալ դրսից։ Դա միջազգային իրավունքի, մասնավորապես ծովագնացության օրենքների, և ՄԱԿ–ի կանոնադրության կոպիտ խախտում էր։

Միաժամանակ հաշվի առնելով հրթիռամիջուկային պատերազմի հնարավոր ճակատագրական հետևանքները, ՍՍՀՄ–ի հրթիռամիջուկային հզորությունը և 1972-ի պրեզիդենտական ընտրությունների նախօրյակին երկրում իշխող հակապատերազմական տրամադրությունները՝ պրեզիդենտ Ռ. Նիքսոնի կառավարությունը ձեռնարկեց սոցիալիստական երկրների հետ համաձայնության հասնելու քայլեր։ Փետրվարին նա այցելեց Չինական Ժողովրդական Հանրապետություն։ Թեև դա չհասցրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց ավելի քան երկու տասնամյակ լիակատար մեկուսացումից հետո ԱՄՆ–ի և ՉԺՀ–ի միջև ստեղծվեցին որոշակի կոնտակտներ։ Առանձնապես կարևոր էր Նիքսոնի այցը ՍՍՀՄ 1972-ի մայիսին, որի ժամանակ ստորագրվեցին միջազգային խաղաղության համար պատմական նշանակություն ունեցող համաձայնագրեր. հակահրթիռային պաշտպանության սիստեմների սահմանափակման մասին պայմանագիրը, ստրատեգիական հարձակողական զենքի սահմանափակման ասպարեզում մի քանի միջոցառումների մասին ժամանակավոր համաձայնությունը, շրջապատող միջավայրը պահպանելու, տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով հետազոտելու և յուրացնելու խնդրում, գիտության ու տեխնիկայի, բժշկության ու առողջապահության ասպարեզներում համագործակցելու մասին համաձայնությունները և վերջապես «ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև փոխհարաբերությունների հիմքերը» փաստաթուղթը։

Ավելի ուշ ստորագրվեց համաձայնագիր բաց ծովում և նրա վրա գտնվող օդային տարածություններում երկու երկրների նավերի ու ինքնաթիռների միջև միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Ստեղծվեցին սովետա–ամերիկյան խառը հանձնաժողովներ երկու երկրների առևտրա-տնտեսական և գիտա–տեխնիկական համագործակցության գործնական խնդիրները լուծելու համար։ 1972-ի հոկտեմբերին Վաշինգտոնում ստորագրվեցին նոր կարևոր փաստաթղթեր, ծովային առևտրական նավագնացության վերաբերյալ համաձայնագիրը, որով ԱՄՆ սովետական առևտրական նավերի առջև բացեց իր 40 խոշոր նավահանգիստները, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ափերին, Մեքսիկական ծոցում և Մեծ լճերի շրջանում, համապարփակ առևտրական համաձայնագիրը, որով սովետա–ամերիկյան առևտրի ծավալը առաջիկա երեք տարիներին կազմելու է առնվազն 1,5 մլրդ. դոլար։ Առանձին համաձայնագրով ՍՍՀՄ–ը պարտավորվեց մարել 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ լենդ–լիզի գծով ԱՄՆ–ից ստացած օգնության դիմաց իր պարտքը, եթե Միացյալ Նահանգները նրան ընձեռեն ամենամեծ առավելությունների իրավունքը, որից օգտվում են ԱՄՆ–ի մյուս առևտրական գործակիցները։ 1973-ի ապրիլի 11-ին կոնգրեսին հղած առևտրի մասին նոր օրենսդրության նախագծում Նիքսոնը առաջարկեց անպայմանորեն դրականորեն լուծել այդ հարցը, որը որոշիչ նշանակություն ունի սովետա–ամերիկյան առևտրի