Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետագա զարգացման համար։ Պրեզիդենտը արտահանության և ներմուծման բանկին (ստեղծվել է 1934-ին, պրեզիդենտ Ֆ.Ռուզվելտի նախաձեռնությամբ, ՍՍՀՄ–ի հետ առևտուրը ֆինանսավորելու նպատակով) թույլատրեց ամերիկյան ֆիրմաներին վարկեր կամ վարկային երաշխիքներ տալ սոցիալիստական երկրներին ապրանքներ մատակարարելու համար։ ԱՄՆ–ի մյուս խոշոր ֆինանսական հիմնարկություններին նույնպես թույլատրված է ֆինանսավորել ՍՍՀՄ–ի հետ կատարվող առևտրա–տնտեսական գործարքները։ Դրանցից «Չեյզ Մենհեթըն բենկը» (դիրեկտոր Դ. Ռոկֆելլեր) հիմնել է իր գրասենյակը Մոսկվայում։ Սովետա–ամերիկյան տնտեսական համագործակցությունը վերաբերում է ՍՍՀՄ–ում հանքային հանածոների պաշարների օգտագործման, նավթի և գազի հանույթի և վերամշակման, նավթաքիմիայի, դեղագործության, սննդի արդյունաբերության ձեռնարկությունների կառուցման, նավահանգստային կառույցների կատարելագործման, գազային հոսքերի կառավարման համակարգում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ներդրման, բեռնափոխադրման ընդլայնման ասպարեզներին։ ԱՄՆ Սովետական Միությունում, բացի հումքից, կգնի որոշ տեխնոլոգիական պրոցեսներ մետալուրգիայի համար, ծանր մեքենաշինության արտադրանքի առանձին տեսակներ։ Ամերիկացիներին հետաքրքրում է հատկապես մեծ տարածությունների վրա բարձր լարման հաստատուն և փոփոխական էլեկտրական հոսանք հաղորդելու և էներգետիկ սիստեմները միավորելու սովետական փորձը։ ԱՄՆ–ի էներգետիկ արդյունաբերությունը հետագայում զգալիորեն կխարսխվի սովետական հումքի վրա։

Սովետա–ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման և ամբողջ աշխարհում խաղաղության ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի այցելությունը ԱՄՆ և սովետա–ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների երկրորդ փուլը, որ տևեց 1973-ի հունիսի 18–ից 25-ը։ Բրեժնև–Նիքսոն երկրորդ հանդիպման ժամանակ ստորագրվեց ինը փաստաթուղթ. գյուղատնտեսության, Համաշխարհային օվկիանոսը հետազոտելու, տրանսպորտի, ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառներում սովետա–ամերիկյան համագործակցության, շփումների, փոխանակումների և համագործակցության, օդային հաղորդակցության, ստրատեգիական հարձակողական սպառազինությունների հետագա սահմանափակման բանակցությունների հիմնական սկզբունքների, միջուկային պատերազմը կանխելու վերաբերյալ համաձայնագիրը և եզրափակիչ կոմյունիկեն։

Սովետա–ամերիկյան հարաբերություններում վճռական շրջադարձը առճակատումից դեպի երկխոսություն հետևանք է ՍՍՀՄ–ի խաղաղասիրական արտաքին քաղաքականության, ՍՄԿԿ XXIV համագումարում ընդունված Խաղաղության ծրագրի հետևողական իրագործման։ Միաժամանակ դա արդյունք է ԱՄՆ–ի կառավարողների կողմից հակադիր սոցիալ–քաղաքական սիստեմ ունեցող երկրների խաղաղ գոյակցության անհրաժեշտության ըմբռնման։ Սոցիալիստական երկրների հետ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ Նիքսոնի ձեռնարկած քայլերը մեծապես նպաստեցին նրա հաղթանակին՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջ. Մակգովեռնի նկատմամբ, 1972-ի նոյեմբերի պրեզիդենտական ընտրություններում։ Սոցիալիստական երկրների հետ հարաբերությունները բարելավելու դրդապատճառներից է նաև ԱՄՆ–ի ֆինանսա–տնտ. դժվարին կացությունը. 1970-ական թթ. ինֆլյացիան, դոլարի արժեքի անկումը, էներգետիկ ճգնաժամը (ԱՄՆ–ում գազի և նավթի պաշարները սպառման վտանգի տակ են), պետական բյուջեի և վճարման հաշվեկշռի՝ դեֆիցիտը (համապատասխանաբար 18,6 մլրդ. դոլար և 10 մլրդ. դոլար՝ 1970/71 ֆինանսական տարում), գործազրկության աճը (5,8 մլն. մարդ՝ 1971-ի սկզբին), արտադրության աճի ավելի թույլ տեմպերը (Ճապոնիայի և Արևմտյան Եվրոպայի համեմատությամբ), պայքարի սրումը շուկաների համար կապիտալիստական աշխարհի ներսում։ Սովետա–ամերիկյան հարաբերությունների նորմալացմանը մեծապես նպաստեց նաև պատերազմի դադարեցումը Վիետնամում։ 1973-ի հունվ. 27-ին ԱՄՆ Փարիզում ստորագրեց «Վիետնամում պատերազմը դադարեցնելու և խաղաղությունը վերահաստատելու մասին համաձայնագիրը», իսկ փետր. 27-ին՝ Վիետնամի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի «Ակտը»։ Դրանով Միացյալ Նահանգները պարտավորվեցին հարգել Վիետնամի անկախությունը, ինքնուրույնությունը, միասնությունը և տերիտորիալ ամբողջականությունը։ Համաձայնագիրը ստորագրելուց հետո 2 ամսվա ընթացքում Հարավային Վիետնամից հեռացան ամերիկյան զինված ուժերը։ Դա վիետնամական ժողովրդի մեծ հաղթանակն էր ամերիկյան ագրեսիայի դեմ մղած պայքարում։

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ կազմակերպությունները

Դեմոկրատական կուսակցություն։ Հիմնվել է 1828-ին։ Հանրապետական կուսակցություն։ Հիմնվել է 1854-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոմունիստական կուսակցություն։ Հիմնվել է 1919-ին։ Սոցիալիստական բանվորական կուսակցությունը (հիմնվել է 1890-ին) և Աշխատավորների սոցիալիստական կուսակցությունը ռեֆորմիստական կազմակերպություններ են քաղաքական փոքր դերով հանդերձ։ Արհմիություններն ընդգրկում են ավելի քան 20 մլն. անդամ (1970)։ Համազգային արհմիութենական միավորումն է Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիան և արտադրական արհմիությունների կոնգրեսը (ԱԱՖ–ԱԱԿ)։ Արհմիութենական համազգային միավորումը պաշտպանում է կառավարության արտաքին և հիմնական գծերով՝ ներքին քաղաքականությունը։

Նեգրական կազմակերպություններ, որոնք առաջատար դեր են խաղում ռասայական խտրականության դեմ մղվող պայքարում. Գունավոր բնակչության առաջընթացին օժանդակող ազգային ասոցիացիա (հիմնվել է 1909-ին, ունի մոտ 450 հզ. անդամ), Ազգային քաղաքային լիգա (հիմնվել է 1910-ին, ունի 50 հզ. անդամ), Ռասայական հավասարության կոնգրես (հիմնվել է 1942-ին), Հարավի քրիստոնեական ղեկավարության կոնֆերանս (հիմնվել է 1957-ին)։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

ԱՄՆ զարգացած ինդուստրիալ կապիտալիստական երկիր է, ժամանակակից իմպերիալիզմի տնտեսական, ֆինանսական և ռազմական գլխավոր ուժը։ 1970-ին տվել է կապիտալիստական աշխարհի արդ. ամբողջ արտադրանքի 40,9%-ը (1969-ին՝ 43,4%-ը)։ Այդ նույն թվականին նրան բաժին է ընկել կապիտալիստական երկրներում արտադրված չուգունի 28,1 %-ը, պողպատի 29,3%-ը, էլեկտրաէներգիայի մոտ 44,3%-ը, նավթի 25%-ը։ Օգտակար հանածոների պաշարներով, արտադրության մեքենայացման բարձր աստիճանով, աշխատանքի արտադրողականության մակարդակով, արտաքին առևտրի ու կապիտալի արտահանության ծավալով, երկաթուղիների ու խճուղիների երկարությամբ, ծովային նավատորմի տարողությամբ ԱՄՆ գրավում է առաջին տեղը կապիտալիստական աշխարհում, թեև 2-րդ համաշխարհ. պատերազմից հետո նրա բաժինը հարաբերականորեն նվազել է։

Տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ 500 խոշոր մոնոպոլիաներ տալիս են երկրի արդ. արտադրանքի կեսից ավելին և ստանում եկամտի 70%-ից ավելին։ Պողպատաձուլական տասը առաջատար ընկերություններին բաժին է ընկնում այդ ճյուղի արտադրանքի 81%-ը։ Ավտոմոբիլային երեք խոշոր ընկերությունների («Քրայսլեր», «Ջեներալ մոտորս» և «Ֆորդ») ձեռքում է կենտրոնացված ավտոմոբիլի արտադրության 95%-ը։ Տնտեսական և քաղաքական կյանքում որոշակի դեր են խաղում Մորգանի, Ռոկֆելլերի, Դյուպոնի, Մելոնի, Չիկագոյի, Քլիվլենդի, Կալիֆոռնիայի, «Ֆերստ նեշնլ սիթի բենկ օֆ Նյու Յորք» և «Բենկ օֆ Ամերիկա» ֆինանսա–արդյունաբերական խոշոր խմբերը, որոնց ձեռքում է կենտրոնացված բոլոր ընկերությունների ակցիոներական կապիտալի 2/3։ Տնտեսությունը զարգանում է ցիկլերով, արդյունաբերության աճին սովորաբար հաջորդում է անկումը։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի սրումը ետպատերազմյան ժամանակաշրջանում ուժեղացրել է ԱՄՆ–ի տնտեսության անկայունությունը, ճգնաժամային անկումները դարձել են հաճախակի, իսկ վերելքը նրանց միջև՝ թույլ ու կարճատև։ Գնալով քրոնիկական են դառնում ագրարային ճգնաժամը և ֆերմերների մասսայական սնանկացումը։ Մեծ չափերի են հասնում ձեռնարկությունների