Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերբեռնվածությամբ։ Պողպատաձուլման մեջ գերազանցապես կիրառվում է թթվածնա–կոնվերտերային եղանակը։ Սև մետալուրգիայի զարգացմանը նպաստել են Վերին լճի շրջանի հարուստ երկաթահանքը և Ապալաչյան ավազանի կոքսացող ածուխը, որոնք միմյանց հետ կապված են Մեծ լճերի ջրային էժան ճանապարհով։ Մետալուրգիայում կապիտալ ներդրումները 1970-ին կազմել են 2,0 մլրդ. դոլար՝ 1969-ի 2,1 մլրդ. դոլարի փոխարեն։ Արդյունաբերական Արևելքը տալիս է պողպատի մոտ 90%-ը։ Կարևորագույն շրջաններն են՝ Պիտսբուրգ–Յանգսթաունյանը, Մեծ լճերի ափերը (Չիկագո–Գերի, Դետրոյտ, Քլիվլենդ) և Ատլանտյանի ափերը (Բալթիմոր–Սփառոուս–Փոյեթ, Ֆիլադելֆիա-Ֆերենս–Հիլս)։ Հարավում, տեղական երկաթահանքերի և ածխի բազայի վրա, սև մետաղաձուլությունը հիմնականում կենտրոնացված է Բիրմինհեմի (Ալաբամա) շրջանում։ Արևմուտքում սև մետալուրգիայի գործարաններ կառուցվել են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Ֆոնթանայում (Լոս Անջելեսի մոտ), Ջենիվայում (Յուտա) և Պուեբլոյում (Կոլորադո)։ Գունավոր մետաղաձուլությունն ընդգրկում է պղնձի, կապարի, ցինկի և ալյումինի արտադրությունը։ Աճում է չզտված գունավոր մետաղների և նրանց կոնցենտրատների ներմուծումը Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներից ու Կանադայից։ Ալյումինի գործարանները կառուցված են էժան էլեկտրաէներգիա ունեցող շրջաններում՝ Կոլումբիա, Թեննեսի, Սուրբ Լավրենտիոս գետերի ավազաններում և Հարավ–Արևմտյան կենտրոնում (բնական գազի էներգիայի բազայի վրա)։ 1957–62-ին Օհայո գետի հովտում կառուցվել է 3 խոշոր գործարան։ Ընդլայնվում է տիտանի և հազվագյուտ այլ մետաղների արտադրությունը։

Մեքենաշինության գլխավոր ճյուղերն են՝ ավիացիոն, ավտոմոբիլային, էլետրոնային, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, շինարարության ու գյուղատնտեսության համար պահանջվող զանազան սարքավորումների արտադրությունը։ Մեքենաշինական ընկերությունների գիտական հետազոտությունների և դրանց արդյունքների մշակման ծախսերը 1968-ին կազմել են 14,2 մլրդ. դոլար, որից ավիացիոն և տիեզերական տեխնիկա արտադրող ֆիրմաներինը՝ 6,3 մլրդ. և էլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային սարքավորումներինը՝ 4,3 մլրդ.։ Ավտոմոբիլային արդյունաբերության հիմնական կենտրոններն են՝ Դետրոյտ, Ֆլինթ, Լանսինգ քաղաքները։ Ավտոմոբիլի հավաքման խոշոր գործարաններ կան Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Ատլանտայում (Ջորջիա)։ Ավիացիոն արդյունաբերությունը արագորեն աճեց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրա արտադրանքի 90%-ից ավելին կազմում են պետական և ռազմական պատվերները։ Ինքնաթիռաշինության խոշորագույն կենտրոններն են՝ Լոս Անջելեսը, Սան Դիեգոն (Կալիֆոռնիա), Սիեթլը (Վաշինգտոն նահանգ), Ուիչիթոն (Կանզաս), Ֆորտ Ուերթը և Դալլասը (Տեքսաս), Ատլանտան (Ջորջիա), Նյու Յորքը, Բալթիմորը։ Շարժիչների արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Հարթֆորդում, Նյու Յորքում, Ցինցինատիում, Ինդիանապոլսում։ Արագորեն զարգանում է հրթիռաշինությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուժեղ թափով աճեց նավաշինությունը։ 1968-ին նավաշինական արտադրանքը կազմել է 2,46 մլրդ. դոլար, որից 62% բաժին է ընկել ռազմական նավաշինությանն ու վերանորոգմանը։ Նավաշինական հիմնական կենտրոններն են՝ Բոստոնը, Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը, Նորֆոլկը, Նյուպորտ Նյուսը, Սան Ֆրանցիսկոն։ Նավաշինության մեջ մեծ բաժին ունեն ռազմական նավերի պետական պատվերները։ Նավաշինության ծավալով ԱՍՆ զիջում է Ճապոնիային, Անգլիային, Արևմտյան Գերմանիային, Շվեդիային, Նիդերլանդներին, Իտալիային։

Արդ. սարքավորումների արտադրությունը և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը գլխավորապես կենտրոնացված են արդ. Արևելքում, հաստոցաշինությունը՝ Հարթֆորդում և Բրիջպորտում (Քոննեքթիքութ), Ցինցինատիում և Քլիվլենդում (Օհայո), Միլուոկիում (Վիսքոնսին), Դետրոյտում (Միչիգան)։ Էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Սկենեկտադիում և Սիրաքյուսում (Նյու Յորք նահանգ), էլեկտրոնային և ավտոմատիկ սարքավորումները նաև Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում և Ֆլորիդա նահանգում։ Չնայած ընդհանուր տնտ. կոնյուկտուրայի վատթարացմանը, 1970-ին նոր ձեռնարկությունների կառուցման և գործող ձեռնարկությունների ընդլայնման և մոդեռնացման վրա ծախսված կապիտալ ներդրումները քիմիական արդյունաբերության մեջ ավելացել են 9%-ով և կազմել 3,4 մլրդ. դոլար, իսկ քիմիական ընկերությունների արտասահմանյան կապիտալ ներդրումներն աճել են 30%-ով։ Քիմիական արդյունաբերության հնագույն ճյուղերի (ծծմբաթթվի, սուպերֆոսֆատների, սոդայի, ազոտային միացությունների, պայթուցիկ նյութերի, ներկանյութերի, սինթետիկ կաուչուկի ևն արտադրություն) կողքին արագ թափով զարգանում է օրգանական քիմիան՝ պոլիմերների, պլաստմասսաների, սինթետիկ խեժերի և թելերի արտադրությունը: Նախկինում քիմիական արդյունաբերությունը հիմնականում զարգացած էր Հյուսիսում։ Նավթաքիմիայի զարգացումը նպաստեց քիմիական արդյունաբերության աճին նավթով ու գազով հարուստ Հարավ–Արեւմուտքում, Կենտրոնում և հատկապես Տեքսասում ու Լուիզիանայում (Հյուսթոն, Բոմոնթ, Պորտ Արթուր, Բատոն Ռուժ)։ Ռետինի արդյունաբերության գլխավոր կենտրոնը Ակրոնն է (Օհայո)։ Քիմիական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացված է «Դյուպոն դը Նեմուր», «Դոու քեմիքլ», «Յունիոն Կարբայդ», «Մոնսանթո» մոնոպոլիաների ձեռքին։ Քիմիական արդյունաբերության ասպարեզում գիտահետազոտական և նախագծային կոնստրուկտորական աշխատանքների վրա 1970-ին ծախսվել է 1,9 մլրդ. դոլար՝ 1969-ի 1,8 մլրդ. դոլարի և 1968-ի 1,6 մլրդ. դոլարի դիմաց։ ԱՄՆ ռազմական նպատակներով կապիտալ մեծ ներդրումներ է կատարում ատոմային արդյունաբերության մեջ։ Խոշոր ձեռնարկություններ կան Օուկ Ռիջում (Թեննեսի), Փադյուքայում (Կենտուքի), Պորտսմուտում (Օհայո), Հանֆորդում (Վաշինգտոն), Սավանա գետի մոտ (Հվ. Քարոլինա)։ Ատոմային արդյունաբերությունը հսկում են «Ջեներալ էլեկտրիկ», «Յունիոն կարբայդ էնդ կարբոն», «Դյուպոն դը Նեմուր» և այլ մոնոպոլիաներ։

Թեթև արդյունաբերության ճյուղերից կարևոր են տեքստիլը և կարի արդյունաբերությունը։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոնը նախկինում Նոր Անգլիան էր. հետագայում այդ ճյուղը «շարժվեց» դեպի Հարավ (գլխավորապես Հյուսիսային և Հարավային Քարոլինա ու Ջորջիա նահանգները)։ Տեքստիլ արդյունաբերության հումքի պահանջարկում բամբակը կազմում է 43%, քիմիական թելերը՝ մինչև 53%: Կարի արդյունաբերությունը կենտրոնացած է խոշոր քաղաքներում (Նյու Յորք, Լոս Անջելես, Դալլաս) ևն։ Կաշվի–կոշիկի արդյունաբերությունը տեղաբաշխված է գլխավորապես Նոր Անգլիայում, ինչպես նաև Նյու Յորքում, Վիսքոնսինում, Իլինոյսում, Միսսուրիում։ Սննդարդյունաբերության կարևոր ճյուղերն են՝ ալրաղաց, մսամթերքների, պահածոների, կաթնամթերքների և շաքարի արտադրությունը։ Ալրաղաց խոշոր կենտրոններն են՝ Բուֆալոն, Միննեապոլիսը, Կանզաս Սիթին, բանջարեղենի և մրգի պահածոներինը՝ Կալիֆոռնիան, կաթնամթերքներինը՝ Վիսքոնսին և Միննեսոթա նահանգները, շաքարինը՝ Նոր Օռլեանը, Բալթիմորը, Ֆիլադելֆիան, Նյու Յորքը։

Արտադրանքի ինդեքսը մշակող արդյունաբերության մեջ 1969-ի համեմատությամբ 1970-ին ցածր էր 4%-ով։ Ընդ որում արտադրության կրճատումը տեղի ունեցավ կարևոր ճյուղերի մեծ մասում՝ մետալուրգիայում, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինության, շինանյութերի, տեքստիլ, կարի արդյունաբերության մեջ։ Կրճատվեց մարդատար ավտոմեքենաների, ռադիոընդունիչների, հեռուստացույցների, մետաղահատ դազգահների, տրակտորների, պողպատի, բրդյա գործվածքեղենի, կահույքի թողարկումը։ Եթե արդ. արտադրության ընդհանուր ինդեքսը 1969-ին 172,8 էր, ապա 1970-ին այն իջավ 167,6 (1959 = 100)։ Արտադրական բանվորների թիվը մշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում 1970-ի դեկտեմբերին 6,6%-ով պակաս էր, քան 1969-ի դեկտեմբերին։ Չնայած արտադրության կրճատմանը, ներքին շուկայի անբավարար պահանջարկը առաջ բերեց չիրացված ապրանքների նկատելի պաշարներ։ 1970-ին կրճատվեցին կապիտալ ներդրումները սև մետալուրգիայում, ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության, ընդհանուր մեքենաշինության, ինչպես նաև կարճատև օգտագործման ապրանքներ արտադրող մի քանի ճյուղերում։ Կապիտալ ներդրումները ավելացրած փոքրաթիվ ճյուղերի թվին