վաստ արտիստ (1963)։ Դորի Ամիրբեկյանի եղբայրը։ Ծնվել է դեկտ. 31-ին (1891-ի հունվ. 12-ին), Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, ապա Պետերբուրգի ժող. կոնսերվատորիայում (1912–15), Մոսկվայի հայկ. դրամատիկական ստուդիայում (1921–22)։ խաղացել է Կիրովականում, Լենինականում, Թիֆլիսի հայկ. դրամատիկական թատրոնում, Զուբալովի ժող. տան դրամատիկական խմբում։ 1925-ից նկարահանվել է հայկ. կինոյում, հիմնականում կատակերգական դերերում, ստեղծել նախահեղափոխական Հայաստանի գյուղացիների տիպական կերպարներ։ Ա–ի կինոդերակատարումներից են՝ Շորշոր («Շոր և Շորշոր», 1927), Արամ («Մեքսիկական դիպլոմատներ», 1932)։ Մահացել է հունվ. 27-ին, Երևանում։
ԱՄԻՐԲԵԿՅԱՆ Դորի (Արտաշես) Բեգլարի (ծն. 1905), հայ սովետ․ դերասան։ ՎՍՍՀ և ՀՍՍՀ Ժող. արտիստ (1958, 1964)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ծնվել է մայիսի 8 (21)–ին, Թիֆլիսում։ 1929-ից աշխատում է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում (1931–36-ին՝ Երևանի Մ. Գորկու անվ. բանվորական թատրոնում)։ Ա. ռեալիստական արվեստով անձնավորել է դրամատիկական և կատակերգական կերպարներ՝ Գիժ Մոզի, Օսեփ, Կակուլի, Պեպո, Իսայի, Զամբախով (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Պեպո», «Խաթաբալա»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Կապիտան Խորեն (Գուլակյանի «Արշալույսին»), Բորիս (Ա. Օստրովսկու «Ամպրոպ»), Օթար բեկ (ՅուժինՍումբատովի «Դավաճանություն»)։ Ա. նկարահանվել է կինոյում՝ Ստեփան («Գրենադա», 1969, «Լենֆիլմ»)։
Գրկ. Փաշայան Ռ., Դորի Ամիրբեկյան, Ե., 1969։
ԱՄԻՐ–ԳՈՒՆԱ խան (ծն. թ. անհտ․– 1625), Արարատյան երկրի կամ Չուխուր Սաադի վիլայեթի բեկլարբեկ (1605– 1625)։ Սերում էր Կըգլբաշ Ղաջար ցեղի Աղջա–Կոյունլու ճյուղից։ 1603-ից Ղազվին քաղաքի դարուղա (ոստիկանապետ)։ Մասնակցել է թուրքերի դեմ Աբբաս I Մեծ շահի մղած պատերազմին՝ Թավրիզի, Նախիջևանի և Երևանի գրավմանը։ Զուլֆեղար խանի հետ ի կատար է ածել Հայաստանից բնակչության բռնի տեղահանության մասին Աբբաս 1-ի հրամանը։ 1606–08-ին Արարատյան երկրի գյուղերը վերաբնակեցրել է Ալաշկերտից և Վասպուրականի հս. գավառներից բռնի քշված հայ գյուղացիներով, նորոգել ջրանցքները։ Ա–Գ. սիրաշահում և հովանավորում էր հայ բարձրաստիճան հոգևորականությանը, ունևոր և իշխող դասին։ Նա դաժան դատաստան տեսավ վերջիններիս դեմ ընդվզած Մեխլուի հետ։ Ա–Գ. իր բեկլարբեկության տարիներին բազմիցս ետ է մղել թուրքական զորքերի հարձակումները, ապա հակահարձակումներով ասպատակել Կարսը, Ալաշկերտը, Զարիշատը, հասել մինչև Վան։ Մահացել է Գեորգի Սահակաձեի գլխավորած ապստամբների դեմ մղվող կռիվներում ստացած ծանր վերքից։
Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Զաքարիա Սարկավագ, Պատմագրաթիւն, Վաղ–պատ, 1870։ Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, կազմ. Հ. Փափագյան [մաս 1], հրովարտակներ, պր. 2, Ե., 1959։
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ, որդի Եղիայի (մոտ 1420/25–1496), հայ բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր։ Ծնվել է Ամասիա քաղաքում (Փոքր Ասիա)։ Շրջել է Արևելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը։ Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում կամ Արաբիայում։ Տիրապետել է հունարենին, լատիներենին, պարսկերենին, արաբերենին, թուրքերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկագիտությունը։ Երկար տարիներ ապրել է Կ.Պոլսում, եղել Մուհամմեդ II սուլթանի պալատական բժիշկը, հռչակվել «ճառահպաշի ռամադան» (վիրաբուժապետ)։ Մահացել է դեկտ. 8-ին, Բրուսայում։ Ամիրդովլաթ Ամասիացի։ Ա. Ա. հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության և դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Աշխատությունները գրված են ժամանակի աշխարհաբարով (միջին հայերենով), կրում են էմպիրիկ բժշկության կնիքը և արտացոլում միջին դարերի բժշկագիտության լավագույն կողմերն ու սկզբունքները։ Առաջին աշխատությունը՝ «Ուսումն բժշկության» (1459), նվիրված է մարդու անատոմիայի, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցերին։ «Օգուտ բժշկության» (1469, հրտ. 1940) աշխատությունը «Ուսումն բժշկության»–ի վերամշակումն է։ Գիրքը ունի երկու մաս. առաջինը՝ մարդակազմություն, երկրորդը՝ ախտաբանություն, ուր մանրամասը նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշները, հիվանդի բուժումը և խնամքը։ Գրքում Ա. Ա. ներկայացրել է հիվանդությունների 209 փոփոխակ, դրանք ստորաբաժանել է կլինիկական երկու՝ սուր և քրոնիկական ձևերի։ Հոգեբուժության ասպարեզում արժեքավոր են մոլություն, ցնորամտություն, մելամաղձություն, ընկճվածություն, անքնություն, վերնոտություն ախտանիշների և հիվանդությունների մասին տեղեկությունները։ Կանացի հիվանդություններից նկարագրել է դաշտանային ցիկլի խանգարումները և սեռական օրգանների խոցերն ու ուռուցքները, չբերության պատճառները ևն, մանկաբարձության ասպարեզում՝ արգանդի կառուցվածքը, դերն ու գործունեությունը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Ա. Ա. շոշափել է նաև աշխատանքի, հանգստի, սննդի, ամուսնության հիգիենայի մի շարք հարցեր։ Ա. Ա. աչքի (հիմնականում՝ աչքի թաղանթների) հիվանդություններին նվիրել է 20 գլուխ, քիթ–կոկորդ–ականջաբանությանը՝ 15 գլուխ (6-ը ականջի հիվանդություններին, 5-ը՝ քթի և 4-ը՝ ըմպանի), նկարագրել է ականջաբորբերը, խլությունը, քթի պոլիպները և անգինաները։
«Ախրապատին» (1459) աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ դեղագործություն և դեղագիտություն (ամփոփված 25 գլուխներում)։ Առաջին մասում զետեղված են դեղագրեր (դեղատոմսեր), մանրամասն նկարագրված են դեղանյութերի բաղադրությունը, քանակը, պահպանման միջոցները։ Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ցուցումները դրանց օգտագործման մասին։ «Ախրապատին»–ի 23-րդ գլուխը (հայտնի է «Աղյուսակերպ բառարան» անունով) հայերեն–հունարեն–«ֆրանկերեն»–պարսկերեն դեղաբանական բառարան է, որտեղ նկարագրված են դեղերի ֆիզիկաքիմիական հատկությունները, դեղապատրաստուկների ձևերը, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, յուրաքանչյուր դեղի դիմաց բերված են բժիշկ հեղինակների (Գաղիանոս, Հեսու, Հունան, Բագրատ, Սահակ, Ֆոլոս) կարծիքները դեղերի զորության մասին։
Դեղագիտությանն է նվիրված նաև «Բառք այբուբենական ի վերայ ցավոցն» (կազմված 1468-ին) դեղերի անունների համառոտ բառարանը (26 էջ), որի ձեռագիր տարբերակները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և Վիեննայի Մխիթարյան մատենադարանում։ Ա. Ա. արաբերենից թարգմանել է «Գիրք ռամկական»–ը (1474)։ Դեղագիտական աշխատություններից արժեքավոր է «Անգիտաց անպետ»–ը (1482, հրտ. 1926), որը վեցլեզվյան (հայերեն–հունարեն–պարսկերեն–թուրքերեն–արաբերեն–լատիներեն) հանրագիտարանային բնույթի բառարան է։ Ա. Ա–ու գրչին է պատկանում նաև «Վասն նշանաց հիւանդին, զկենաց և զմահուն» աշխատությունը, որի միակ օրինակը գտնվում է Փարիզի Ազգային մատենադարանում։
Ա. Ա. իր աշխատություններում ամենից խոր ու բազմակողմանի մշակել է դեղագիտությունը, սակայն մեծ տեղ է տվել նաև անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության, թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, քիթ–կոկորդ–ականջաբանության, նյարդային, հոգեկան, մաշկային, վեներական հիվանդությունների և հիգիենայի հարցերին։ Ա. Ա–ուն հայտնի են եղել բուսական, կենդանական