Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հեռացում։ Ա. օրգանիզմում առաջ է բերում խոր փոփոխություններ՝ մանկական հասակում՝ եվնուխոիդիզմ (պայմանավորված սեռական գեղձերի արտազատական ու ներզատական գործունեության բացակայությամբ և ճարպակալման ու ոսկորների զարգացման անհամաչափությամբ), մինչև սեռական հասունացումը՝ խողովակավոր ոսկորների երկարում, ճարպակալում, սեռական հասունացումից հետո՝ բեղերի մորուքի մազաթափություն, նյութափոխանակության խանգարում, սեռազրկում են։ Հնում գերիներին որպես պատիժ ամորձատել են։ Արևելքում ստրուկներին ամորձատել և դարձրել են ներքինի։ Միջին դարերում տղաներին ամորձատել են մանկական ձայնը եկեղեցական երգչախմբում պահպանելու նպատակով։ Ամորձատում են նաև մի շարք հիվանդությունների (սեռական գեղձերի չարորակ նորագոյացություններ, տուբերկուլոզ, վնասվածքներ) բուժման դեպքում։ Կենդանիների Ա. բարձրացնում է նրանց աշխատունակությունը և մսատվությունը (տես նաև Կրտում): Ա. Միդոյան

ԱՄՈՐՁԻՆԵՐ, արական սեռական զույգ գեղձեր։ Սաղմնադրվում են որովայնի խոռոչում, ծնվելու նախօրյակին իջնում փոշտ (ամորձապարկ)։ Ա. կազմված են 250–300 բլթերից, որոնց մեջ տեղակայված են սերմնաբեր նուրբ խողովակներ։ Ա. արտադրում են սպերմատոզոիդներ և հորմոն (տեստոստերոն), որով և պայմանավորված են արական սեռի երկրորդական հատկանիշների (դեմքի մազակալում, ձայնի փոփոխություն են) զարգացումը։

ԱՄՈՐՁՈՒ ԵՐԱԿՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՑԱՎՈՐ ԼԱՅՆԱՑՈՒՄ, հիվանդություն։ Լինում է առաջնային (ինքնուրույն) և երկրորդային (ախտանշային)։ Առաջնայինի պատճառներն են՝ սեռական օրգաններում հաճախակի կատարվող արյունալեցումը, երակների փականային անբավարարությունը, ամորձին բարձրացնող մկանների թուլությունը։ Ախտանիշներն են՝ ամորձիների, փոշտի և աճուկային շրջանների ձգող ցավերը, որոնք սաստկանում են քայլելիս և ֆիզիկական լարվածության ժամանակ։ Երկրորդայինը այլ հիվանդությունների ախտանիշ է (կոնքի խոռոչի բորբոքային պրոցեսներ, երիկամների ուռուցք)։ Բուժումը կոնսերվատիվ է, արդյունք չլինելու դեպքում՝ վիրաբուժական։

ԱՄՈՐՁՈՒ ՓԱԿԵՂՆԵՐԻ ՋՐԱԿԱԼՈՒՄ, ամորձու փակեղների միջև շիճուկային հեղուկի կուտակումը, որի հիմքում ընկած են թույլ արտահայտված բորբոքային պրոցեսներ։ Պատճառներն են՝ փոշտի հաճախակի վնասվածքները, բորբոքումները։ Ա. փ. ջ. սուր (ախտանշային) և քըրոնիկական (ինքնուրույն) բնույթ ունի։ Սուրը լինում է ամորձու և մակամորձու խիստ բորբոքումների, վնասվածքների դեպքում և ուղեկցվում է ցավերով ու բարձր ջերմությամբ։ Քրոնիկականի դեպքում ամորձին և մակամորձին սկզբնական շրջանում մնում են անփոփոխ, հետագայում հեղուկի շատացման և փոշտի ծավալի մեծացման հետևանքով առաջ են գալիս սերմնալարի ուղղությամբ ծանրության զգացում և ցավեր։ Բուժումը վիրաբուժական է։

ԱՄՈՐՏԻԶԱՏՈՐ (<ֆրանս. amortir–թուլացնել, մեղմել), տես Մեղմիչ։

ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ (ուշ լատ. amortisatio – մարում), 1. մեքենաների, սարքավորման, շենքերի, կառույցների մաշվելուն համեմատ նրանց արժեքի մաս–մաս փոխանցումն արտադրվող արդյունքին (տես Ամորտիզացիա հիմնական արտադրական ֆոնդերի)։ 2. Հարկվող գույքի արժեքի փոքրացում (կապիտալացված հարկի գումարի չափով)։ 3. Ա. տեխնիկայում (ֆրանս. <amortir – թուլացնել, մեղմել), հարվածների մեղմացում (տես Մեղմիչ

ԱՄՈՐՏԻԶԱՑԻԱ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ, հիմնական ֆոնդերի արժեքի մաս առ մաս փոխանցումը (մաշվելու համեմատ) դրանց միջոցով արտադրվող արդյունքին և այդ արժեքի օգտագործումը՝ աշխատանքի միջոցների մաշվածքը փոխհատուցելու համար։ Հիմնական ֆոնդերի ամորտիզացիան աշխատանքի միջոցների այն մասն է, որը մաշվելուն համեմատ նրանցից անջատվում է, փոխանցվում արդյունքի մեջ՝ նախապես գոյություն ունենալով որպես անավարտ արտադրության, այնուհետև՝ պատրաստի ապրանքային արտադրանքի արժեքի մաս, իսկ վերջինիս իրացումից հետո դրամական գումար՝ նախատեսված մաշումը փոխհատուցելու համար։ Ա. հ. ա. ֆ. անհրաժեշտությունը բխում է վերարտադրության պրոցեսում հիմնական ֆոնդերի մասնակցության առանձնահատկություններից. հիմնական ֆոնդերը գործում են արտադրության մի շարք պարբերաշրջանների ընթացքում՝ պահպանելով իրենց բնաիրային ձևը։ Արդյունքի յուրաքանչյուր միավորի արժեքը պարունակում է Ա. հ. ա. ֆ., այսինքն՝ հիմնական ֆոնդերի սկզբնական (եթե կատարվել է վերագնահատում, ապա վերականգնման) արժեքի մի մասը։ Համապատասխանաբար, որոշակի մեծության Ա. հ. ա. ֆ. է պարունակում և ձեռնարկության տարեկան հասույթը։ Հիմնական ֆոնդերի օգտագործման ժամկետը լրանալուց հետո նրանց յուրաքանչյուր տարրի արժեքն ամբողջությամբ վերադառնում է դրամական ձևով, այսինքն՝ ավարտում է իր պտույտը, և հիմնական ֆոնդերը փոխհատուցվում են արժեքային արտահայտությամբ։ Բնաիրային ձևով հիմնական ֆոնդերը վերարտադրվում են մասնակիորեն (կապիտալ նորոգում) և ամբողջովին (նորացում)։ Հիմնական ֆոնդերի արժեքային մաշվածքին զուգընթաց գոյանում է փոխհատուցման ֆոնդ, որը կոչվում է ամորտիզացիոն ֆոնդ։ Այդ ֆոնդը ստեղծվում է ամենամսյա ամորտիզացիոն մասհանումների միջոցով՝ պետության սահմանած նորմաներով։ Ընդհանուր նորման (լրիվ վերականգնման և կապիտալ նորոգման) որոշվում է հետևյալ բանաձևով.

(Սա+Կն+Ա-Լ) · 100/Ծժ · Սա, որտեղ

Ան–ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորման է (տոկոսներով),

Սա–ֆոնդերի սկզբնական արժեքը,

Կն–ֆոնդերի կապիտալ նորոգման արժեքն ամբողջ ծառայության ժամանակաշրջանում,

Ա–ֆոնդերի արդիականացման արժեքն ամբողջ ծառայության ժամանակաշրջանում (որոշվում է միայն սարքավորումների և տրանսպորտային միջոցների համար),

Լ–շարքից դուրս եկած ֆոնդերի լուծարքային արժեքը,

Ծժ–ֆոնդերի ծառայության ժամկետը։

Գիտականորեն հիմնավորված ամորտիզացիոն նորմաների սահմանումը ենթադրում է հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն ժամանակաշրջանի (ծառայության ժամկետի) որոշումը՝ հաշվի առնելով ինչպես դրանց ֆիզիկական, այնպես էլ բարոյական մաշումը։ Գործող նորմաների կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ գրեթե լրիվ հաշվի են առնում սարքավորումների բարոյական մաշումը, ինչպես նաև միջին նորոգման ծախսերը, որ տարեկան կատարվում են մեկ անգամից ոչ ավելի և իրենց տնտեսական բնույթով չեն տարբերվում կապիտալ նորոգումից։

Ամորտիզացիոն մասհանումները մտնում են արտադրանքի ինքնարժեքի մեջ՝ բաժանվելով երկու մասի՝ հիմնական ֆոնդերի լրիվ փոխհատուցման և դրանց մասնակի նորոգման համար։ Ընդ որում, առաջանցիկ տեմպերով աճում են հիմնական ֆոնդերի նորացման մասհանումները։ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության մասշտաբով դրանց բաժինն ամբողջ ամորտիզացիոն մասհանումների մեջ 1950-ի 24%-ից 1968-ին հասել է 49%-ի (արդյունաբերության մեջ համապատասխանաբար՝ 32 և 51%)։ Այդ կապակցությամբ նվազում է կապիտալ նորոգման մասհանումների բաժինը, թեև դրանց գումարը բացարձակորեն աճում Է։ Պլանավորման և տնտեսական խթանման նոր համակարգով նորացման համար ամորտիզացիոն մասհանումների զգալի բաժինը (շատ ճյուղերում 30–45%) թողնվում է ձեռնարկություններին՝ որպես չկենտրոնացված կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուր։ Այդ միջոցները մտնում են ձեռնարկության զարգացման ֆոնդի մեջ։ Կապիտալ նորոգման ամորտիզացիոն մասհանումների վերաբաշխումը սահմանափակ է, առավելագույնը՝ 10%։ Կապիտալ նորոգման ամորտիզացիոն ֆոնդը թույլատրվում է օգտագործել նոր հիմնական ֆոնդեր ձեռք բերելու համար, երբ այն ավելի արդյունավետ է, քան հների նորոգումը։ Ա. հ. ա. ֆ–ի տնտեսական բովանդակությունը հիմնական ֆոնդերի պարզ վերարտադրության ապահովումն է, բայց պարունակում է նաև ընդլայնված վերարտադրության տարր։ Ամորտիզացիան արտացոլում է հիմնական արտադրական ֆոնդերի մաշումը և օգտագործվում կապիտալ ներդրումների, կապիտալ նորոգման ու արդիականացման նպատակով։ Այն կարևոր է հասարակական արդյունքը, արտադրանքի ինքնարժեքը, գները, կապիտալ ներդրումների արդյունավետությունը հաշվարկելու, հիմնական ֆոնդերի ռացիոնալ օգտագործումը խթանելու, տնտեսական հաշվարկն ամրապնդելու համար։ Ա. Առաքելյան