ԱՄՏՄԱՆ–ԲՐԻԵԴԻՏ (Amtmanis – Brieditis) Ալֆրեդ Ֆրիցևիչ (1885–1966), լատիշ սովետ. ռեժիսոր և դերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1953)։ Ծնվել է հուլիսի 24 (օգոստ. 5)–ին։ 1919-ից աշխատել է Դրամայի լատվիական թատրոնում (Ռիգա), 1944-ից եղել է նրա գեղարվեստական ղեկավարը, 1949-ից՝ գլխավոր ռեժիսորը։ Բեմադրել է Լացիսի «Ձկնորսի որդին» (1949), Ուպիտի «Կանաչ երկիր»–ը (1950)։ Ա–Բ–ի լավագույն դերերից են՝ Ուլդիս, Ինդուլիս (Ռայնիսի «Փչիր հովիկ», «Ինդուլիսը և Արիան»), Ատվասար (Գրիգուլիսի «Կավ և ճենապակի»), Կնուրով (Ա. Օստրովսկու«Անօժիտը»)։ ՍՍՀՄ պետ. մրցանակների (1948, 1950, 1951) դափնեկիր Է։ Մահացել է մայիսի 15-ին, Ռիգայում։
ԱՄՐԱԴԻԼ, Ամրադուլ, գյուղ Պարսկահայաստանում՝ Արաքսի աջ կողմում, Ղարադաղի գավառում, սակավաջուր լեռնային վայրում։ 1915-ին ուներ 42 տուն հայ բն., որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կար եկեղեցի և նախակրթական վարժարան։
ԱՄՐԱԿԱՊՄԱՆ ԴԵՏԱԼՆԵՐ, մեքենաների և կոնստրուկցիաների մասերն իրար հետ ամրակապող դետալներ։ Մեքենաշինության մեջ Ա. դ. են պարուրակային միացումների դետալները՝ հեղույսները, պտուտակները, գամասեղները, մանեկները, ինչպես նաև օժանդակ դետալները՝ տափօղակները, երիթակները, երբեմն՝ գամերը, կեռաբևեռները, մեխերը ևն։ Հիմնականում թողարկվում են համապետական ստանդարտներին համապատասխան՝ բարձր արտադրողականությամբ նստավորման ավտոմատների, պարուրակահան ավտոմատ հաստոցների և ավտոմատ գծերի միջոցով։
ԱՄՐԱԿԱՊՈՒՄ ՀԱՆՔԱՐԱՆԱՅԻՆ, արհեստական շենությունների կառուցում ստորգետնյա հանքափորվածքների փլուզումը կանխելու և լայնական կտրվածքի ձևն ու չափերը պահպանելու նպատակով։ Ամրակապերը ըստ ծառայության ժամկետի լինում են հիմնական և ժամամանակավոր։ Դրանց ձևի և նյութի ընտրությունը կախված է փորվածքի նշանակությունից, ձևից, չափերից, լեռնային ճնշման մեծությունից ևն։ Պատրաստվում են փայտից, մետաղից, բետոնից, երկաթբետոնից ևն։ Կլոր հատվածքով ուղղաձիգ հանքափողերի ամրակապման համար կիրառվում են բետոնե, թուջե կամ երկաթբետոնե ամրակապեր։ Հորիզոնական կամ թեք (մինչև 30°) հիմնական փորվածքները ամրակապում են բետոնով (նկ. 1), երկաթբետոնով և խառը եղանակով (պատերը՝ բետոնով կամ երկաթբետոնով, իսկ առաստաղը՝ մետաղե հեծաններով)։ Հորիզոնական նախապատրաստական փորվածքների ամրակապերը լինում են՝ սեղանաձև, ուղղանկյուն և կամարաձև։ Սեղանաձև և ուղղանկյուն ամրակապերի համար օգտագործում են փայտ, մետաղ և հավաքովի երկաթբետոն, իսկ կամարաձևի համար՝ բետոն և հատուկ պրոֆիլի մետաղե ամրակապ։ Փայտե ամրակապերը պատրաստում են շրջանակներով, որոնք անկայուն ապարներում տեղադրվում են համատարած (նկ. 2, ա), իսկ կայուն ապարներում՝ իրարից որոշակի հեռավորության վրա (նկ. 2, բ)։ Վերջին դեպքում շրջանակների միջև ընկած տարածությունները ամրակապվում են փուշտաներով։ Այդպես են վարվում նաև որոշակի հեռավորության վրա տեղադրված մետաղե ամրակապերի դեպքում (նկ. 3)։ Մեծ տարածում են ստացել ձողային և տորկրետբետոնե ամրակապերը, որոնց առավելությունը նյութերի խնայողությունն է և փորվածքի կտրվածքում ամրակապի փոքր մակերեսը։
Գրկ. Слесарев В. Д. Крепление горных выработок, М., 1952; Орлов В. В. и др., Проведение и крепление горных выработок, М., 1965.
Նկ. 1. Հիմնական լեռնային փորվածքների ամրակապեր, ա. ուղղաձիգ հանքակողի բետոնե ամրակապը (երկայնական կտրվածք), բ. կամարաձև բետոնե ամրակապ, գ. կլոր հատվածքով ամրակապ՝ բետոնե քարերից։
Նկ․ 2․ Սեղանաձև փափտե ամրակապեր։
Նկ. 3. Մետաղե ամրակապեր, ա. սեղանաձև, գ. կամարաձև։
ԱՄՐԱԿՑՄԱՆ ՄԵՔԵՆԱ, կարի մասնագիտացված մեքենա–կիսաավտոմատ՝ գործվածքի բացվածքները (գրպաններ, մերակներ) ամրակցելու (թելերի մաքոքային միահյուսմամբ թափկարերով), ծալերը ևն ամրացնելու համար։ Մեքենան անց Է կացնում ամրակցման երկայնական թելերը, ապա դրանք փաթաթում խիտ զիգզագաձև թակալակարով։ Ա. մ. թելերի միահյուսումը կատարում է սովորական կարի մեքենայի նման, իսկ թափկարերի պահանջվող դասավորությունն ապահովվում է ասեղի և գործվածքը տանող շարժիչի համատեղ աշխատանքով։ Մեքենան ամբողջ աշխատանքը կատարում է ավտոմատ կերպով, անհրաժեշտ է միայն առարկան դնել մեքենայի սեղմակի մեջ ու հանել։ Արտադրողականությունը՝ 8 ժամում մինչև 5 հզ. ամրակցում։
ԱՄՐԱՆ, շինարարության մեջ երկաթբետոնե կոնստրուկցիաներում գործածվող մետաղակմախքը, որը մտցվում է կոնստրուկցիայի մեջ՝ մասերն ուժեղացնելու (ամրացնելու) և առաջ եկող ներքին ձգող ճիգերն իրենց վրա ընդունելու համար։ Մեծ կիրառություն է գտել պողպատե Ա. ձողերի, լարերի, վանդակների, կարկասների (ճկուն Ա.), տարբեր պրոֆիլի գլոցված տարրերի (կոշտ Ա.) ձևով։ Ա–ները դասակարգվում են ըստ պատրաստման տեխնոլոգիայի՝, շիկագլոցված ձողային և սառը ձգված լարային, ըստ կիրառության՝ չլարված և լարված, ըստ պրոֆիլի՝ հարթ և պարբերական։ Հիմնականում պատրաստվում է ածխածնային պողպատից, ինչպես նաև ցածրալեգիրված պողպատներից։ Երկաթբետոնի մեջ Ա–ների տեղավորման պրոցեսն անվանում են ամրանավորում։
Ամրան. 1, 2. Պարբերական պրոֆիլի շիկագլոցված ամրան։ 3. Յոթլարանի հյուս։ 4. Երկհյուս ճոպան։
ԱՄՐԱՆԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, ամրանային ձողերն ուղղելու և կտրելու հաստոց։ Ավտոմատ Ա. հ. (նկ.) ուղղում, ժանգից մաքրում և կտրում է 3–8 մմ (կամ 4–14 մմ) տրամագծով ամրանային պողպատը՝ այն բաժանելով մինչև 3 մ (կամ 7 մ) երկարության առանձին ձողերի։ Արտադրողականությունը՝ 60 մ/ր։
ԱՄՐԱՑՈՒՄ մետաղների տեխնոլոգիայում, մետաղների ամրության (առաձգականության, հոսունության, ամրության սահմանների) և կարծրության բնութագրերի բարձրացում։ Կատարվում Է մակակոփման, մխման, մետաղների հնացման (տես Հնացում մետաղների) և մետաղների քիմիական–ջերմային մշակման միջոցով։ Ա–ման աստիճանը կարող է շատ մեծ լինել, այսպես՝ մակակոփման միջոցով սակավածխածնային (մինչև