Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Այդերուկներ։

էգը՝ մոխրագույն փետուրներ։ Ածում են 7–12 ձու և ծածկում սեփական մարմնից պոկած աղվափետուրով։ Բնակվում են հիմնականում ծովափերում և կղզիներում։ Բնադրման առաջին շրջանում նստակյաց են։ Սնվում են փափկամարմիններով, մանր խեցգետնակերպերով։ Սովորական Ա–ի (S. mollissima) աղվափետուրը ջերմամեկուսիչ է, օգտագործվում է տաք հագուստների արտադրության մեջ։ Յուրաքանչյուր բնից միջինը հավաքվում է 17–20 գ աղվափետուր։ Տես նաև Բադեր։

ԱՅԴԻԹ (Aidit) Դիպա Նուսանտարա (1923–1965), Ինդոնեզիայի կոմունիստական ու բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է հուլիսի 30-ին, Սումատրա կղզում։ 1943-ից՝ Ինդոնեզիայի կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Բազմաթիվ անգամ ձերբակալվել է ճապոնական, հոլանդական և անգլիական զինվորական իշխանությունների կողմից։ 1947-ին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի, իսկ 1948-ին՝ քաղբյուրոյի անդամ։ 1951–54-ին եղել է ԻԿԿ Կենտկոմի քարտուղար, 1954–59-ին՝ գլխավոր քարտուղար, 1959-ից՝ ԻԿԿ Կենտկոմի նախագահ։ Ա. եղել է Ինդոնեզիայի Բարձրագույն կոնսուլտատիվ խորհրդի անդամ (1959-ից), ժամանակավոր ժողովրդական կոնսուլտատիվ կոնգրեսի նախագահի տեղակալ (1960-ից), ազգային ճակատի նախագահի տեղակալ (1961-ից), անպորտֆել մինիստր (1962-ից)։ 1965-ի նոյեմբերին Ա. զոհ դարձավ «սեպտեմբերի 30-ի իրադարձությունների» (տես Ինդոնեզիա) հետևանքով ԻԿԿ–ի դեմ հետադիմական ուժերի սանձազերծած տեռորի։


ԱՅԴԻՆԲԵԿՈՎ Մուխտադիր (Աբդուլ Մուխտադիր Այդինբեկ օղլի) (1884–1918), հեղափոխական գործիչ, բանվոր։ ՌՍԴԲԿ անդամ 1904-ից։ «Հումմեթ» կազմակերպության ղեկավար գործիչներից։ 1906-ին աշխատել է նավթարդյունաբերական բանվորների միությունում, մասնակցել է ս–դ. «Ֆարուք» խմբակի ստեղծմանը։ 1908-ին ձերբակալվել է Բաքվում և աքսորվել Արխանգելսկի նահանգ։ 1911-ին վերադառնալով աքսորից՝ հեղափոխական աշխատանք է տարել Բալախանիի բանվորների շրջանում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի անդամ, Բաքվի սովետի դեպուտատ, նավթարդյունաբերական բանվորների միության վարչության անդամ։ 1918-ին ղեկավարել է Բաքվի ժողկոմսովետի կողմից Դաղստանի հեղկոմին օգնության ուղարկված բոլշևիկ բանվորների խումբը։ 1918-ի աշնանը սպանել են մուսավաթականները Ղուբայի գավառում։


ԱՅԴԻՆՅԱՆ Արթուր (Հարություն) Մկրտչի (ծն. 1923), հայ սովետ, երգիչ (լիրիկական տենոր)։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1960)։ Ծնվել է օգոստ. 15-ին, Սալոնիկում (Հունաստան)։ 1952-ին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Հայֆիլհարմոնիայի մենակատար (1947–54 և 1965-ից)։ Ելույթներ է ունենում ՍՍՀՄ քաղաքներում։ Համերգներ է տվել Ռումինիայում (1964), Բուլղարիայում (1965), Չեխոսլովակիայում (1966), Կանադայում (1967)։ Ա. կատարում է ռոմանսներ, արիաներ, Էստրադային երգեր։ Նկարահանվել է «Սիրտն Է երգում» (1956, «Հայֆիլմ») կինոնկարում՝ գլխավոր հերոսի դերում։ Վոկալիստների համամիութենական մրցույթի (1957) և Երիտասարդության ու ուսանողների միջազգային VI փառատոնի (1957) դափնեկիր Է։

(նկ․) Չ. Այթմատով։


ԱՅԹՄԱՏՈՎ Չինգիզ (ծն. 1928), կիրգիզ սովետ. գրող։ Ծնվել Էդեկտ. 12-ին, Կիրգիզական ՍՍՀ Կիրովի շրջանի Շեքեր ղշլաղում։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Կիրգիզական ՍՍՀ կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար՝ 1969-ից։ Գրում է կիրգիզերեն և ռուսերեն։ 1952-ին ռուսերեն հրատարակել է «Լրագրավաճառ Զյույդոն» պատմվածքը։ Լայն ճանաչում է գտել կիրգիզ կնոջ՝ փորձությունների դիմացած սիրո, հասարակական գործունեության, իրավունքի մասին պատմող «Ջամիլյա» վիպակով (1958), որը ֆրանսերենի թարգմանել է Լուի Արագոնը (1959)։ «Լեռների և տափաստանների վիպակներ»–ի (1962) համար արժանացել է լենինյան (1963), իսկ «Մնաս բարով, Գյուլսարի» (1966) վիպակի համար՝ ՍՍՀՄ պետ. (1968) մրցանակների։ Ա. ՍՍՀՄ VII–VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։

Երկ. Երեք վիպակ [Մայրական դաշտը։ Առաջին ուսուցիչը։ Բարդի իմ, կարմիր գլխաշորով] Ե., 1965։ Մնաս բարով, Գյուլսարի, Ե., 1968։ Սպիտակ շոգենավը, «ՍԳ», 1971, № 1։


ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ալեգորիա (հուն. άλληγορία, ἂλλος, այլև՝ – άγορεύω խոսում եմ բառերից, այլախոսություն ), գեղարվեստական կերպարից դուրս, նրա մեջ չտարրալուծվող, նրա նկատմամբ իրենց ինքնուրույնությունը պահպանող վերացական գաղափարների պայմանական պատկերումը արվեստում։ Ա–ում կերպարի և նրա նշանակության կապն ստեղծվում է անալոգիայի միջոցով (օր. առյուծը որպես ուժի մարմնացում ևն)։ Ի հակադրություն խորհրդանիշի բազմիմաստությանը, Ա. ունի միանշանակ հաստատուն որոշակիություն և բացահայտվում է ոչ թե անմիջականորեն գեղարվեստական կերպարում, այլ սոսկ կերպարի բովանդակած բացահայտ կամ թաքուն ակնարկների և նշանների մեկնաբանման միջոցով, այսինքն՝ կերպարը որևէ հասկացության (կրոնական դոգմա, բարոյական, փիլ. գաղափարներ ևն) հանգեցնելու միջոցով։

«Ա.» տերմինն առաջին անգամ կիրառվել է Պսևդո–Լոնգինի և Ցիցերոնի ճարտասանական տրակտատներում։ Միջնադարյան գեղագիտությունը արվեստի գործը գնահատում էր չորս նշանակությամբ՝ այլաբանական, քերականական, բարոյական և դաստիարակչական։ Որպես գեղարվեստական կերպարի յուրահատուկ ձև՝ Ա. մանրամասն քննվել է XVIII դ. և XIXդ. սկզբի գերմանական գեղագիտության մեջ (Վինկելման, Գյոթե, Շելլինգ, Հեգել, Զոլգեր, Շոպենհաուեր և ուրիշներ)։

Գրականության մեջ այլաբանական շատ կերպարներ վերցված են դիցաբանությունից և բանահյուսությունից։ Ա–յան հիմքով են ստեղծված առակը, առածը, մորալիտեն, ինչպես և միջնադարյան արլ. պոեզիայի շատ գործեր, հանդիպում է նաև այլ ժանրերում (հեքիաթ, ժող. երգեր ևն)։ Հայ իրականության մեջ Ա. լայնորեն կիրառվել է միջնադարում՝ Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակներում, նոր ժամանակներում՝ Հ. Պարոնյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ե. Չարենցի և այլոց ստեղծագործություններում։ XIX դ. կեսից Ա. հասկացվում է իբրև գեղարվեստական արտահայտչամիջոց (տես Այլաբերություն

Կերպարվեստում Ա. (կայուն ատրիբուտներով ֆիգուրներ, որևէ հասկացություն մարմնավորող ֆիգուրների խմբեր և կոմպոզիցիաներ) հատուկ ժանր է, որի բնորոշ գծերը նկատելի են դեռևս

(նկ․) Ֆ. Սալվիատի։ Գթության այլաբանությունը 1544–48-ի միջև։ Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆյորենցիա։