Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապես Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման համար։ «Ա.»–ում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր՝ որի սատրապն էր Օրոնտեսը, իսկ արմ. մասում հյուպարքոս էր Տիրիբազոսը։ Ըստ «Ա.»–ի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում, հայերով։ Արևելյան Տիգրիսից մինչև Արաքսի վերին հոսանքը հելլեններն անցել են հայկական գյուղերով։ «Ա.»–ի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում «տները լեցուն էին» մթերքներով (ցորեն, գարի, հաց, գարեջուր, անուշաբույր գինիներ, ընդեղեն, քունջութի, նշի և բևեկնի յուղ, կենդանական ճարպ ևն)։ Երկրագործության տեսակարար կշիռը մեծ էր Հայաստանի տնտեսության մեջ, հանգամանք, որը կարևոր նշանակություն ուներ պետականության կազմավորման ընթացքի համար։ «Ա.»–ի տվյալներից երևում է, որ Հայաստանում տիրապետող է եղել գյուղական–տերիտորիալ համայնքը։ «Ա.» տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի սատրապային վարչակարգի մասին։ Հիշատակվում են գյուղերում կանգնած ապարանք–ամրոցներ, որոնք պատկանել են սատրապներին։ Օրոնտեսի զորքը հայերից էր բաղկացած։ Սատրապն օգտվում էր նաև վարձկաններից։ Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր են գյուղական ճարտարապետության, զենքերի, կենցաղային առարկաների մասին տեղեկությունները։ «Ա.» որոշ պատկերացում է տալիս մ. թ. ա. V–IV դդ. Հայաստանի քաղաքական վիճակի մասին, լուսաբանում հին հայկական հասարակության կյանքի տարբեր կողմերը։ «Ա.»–ի շնորհիվ հելլենները ծանոթացան պարսկական ընդարձակածավալ տերության ներքին թուլությանը և հող պատրաստվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքի համար։ «Ա.» իր պատմագիտական ու գեղարվեստական արժանիքների համար դարեր շարունակ եղել է ընթերցանության հաճելի գիրք, որն այսօր ևս առինքնում է պատմաբաններին, ռազմական գործիչներին և աշխարհագրագետներին։ 1970-ին Երևանում լույս տեսավ «Ա.»–ի հայերեն թարգմանությունը (թրգմ. և ծնթգր. Ս. Կրկյաշարյանի)։

ԱՆԱԲԱՐ (վերին հոսանքում՝ Մեծ Կուոնամկա), գետ Ցակուտական ԻՍՍՀ–ում։ Երկ. 939 կմ, ավազանը՝ 100 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Միջին Սիբիրական սարահարթի հս. մասից և թափվում Լապտևների ծովը՝ առաջացնելով Անարարի խորշը։ Գլխավոր վտակներն են՝ Փոքր Կուոնամկան, Ուջան, Սուոլաման, Խարաբիլը։ Սնումը ձնա–անձրևային է։ Սառցակալում է սեպտեմբերից մինչև հունիս։ Հարուստ է ձկներով (նելմա, մաքսուն, սիգ ևն)։ Ա–ի ավազանում կան ալմաստի հանքեր։


ԱՆԱԲԻՈԶ (հուն. άναβίωοίς - կենսադարձ), օրգանիզմի վիճակ, երբ կենսական պրոցեսները (նյութափոխանակություն ևն) ժամանակավորապես դանդաղում են կամ աննկատ լինելու աստիճան դադարում։ Ա. առաջանում է անողնաշարավորների (միջատներ, կլոր որդեր ևն), ինչպես նաև բույսերի և մանրէների մոտ, կյանքի պայմանների խիստ վատթարացման (բարձր և ցածր ջերմաստիճաններ, խոնավության բացակայություն ևն) հետևանքով։ Բարենպաստ պայմաններ ստեղծվելիս բնականոն կենսագործունեությունը վերականգնվում է։ Ա–ի շնորհիվ օրգանիզմները հարմարվում են միջավայրի անբարենպաստ պայմաններին։ Ռուս գիտնական Պ. Ի. Բախմետևը, միջատները սառեցնելով մինչև -7°C, պարզել է, որ վերակենդանացում հնարավոր է, եթե հյուսվածքների հեղուկը չի սառցակալում։ Բույսերի չոր սերմերը Ա–ի վիճակում ծլունակությունը պահպանում են երկար տարիներ։ Ա. և կենդանիների ձմեռային քունը չպետք է շփոթել։ Ձմեռային քնի ընթացքում բնականոն կենսագործունեության զգալի խախտում չի նկատվում։ Ա. կիրառվում է հյուսվածքները և չոր վակցինաները պահպանելիս, սրտի, թոքերի, ուղեղի վիրահատական միջամտությունների ժամանակ, երբ պահանջվում է վիրահատվող օրգանիզմի սառեցում (տես Հիպոթերմիա), տիեզերագնացության ասպարեզում (բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը) և գյուղատնտ. կենդանիների արհեստական սերմնավորման գործում (ցածր ջերմաստիճանում պահպանում է արժեքավոր արտադրողների սպերման)։

Գրկ. Шмидт П. Ю., Анабиоз, 4 изд., М.-Л., 1955 (им. библ.). Շ. Մաթևոսյան


ԱՆԱԳ (Stannum), Sո, տարրերի պարբերական համակարգի IV խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 50, ատոմական զանգվածը՝ 118,69։ Բնական Ա. բաղկացած է (0,95%), (0,65%), (0,34%), (14,24%), (7,57%), (24,01%), (8,58%), (32,97%), (4,71%) և (5,98%) իզոտոպներից։ Վերջին իզոտոպը թույլ ռադիոակտիվ է ( տարի)։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից կարևոր են՝ ( = 118 օր), ( = 175 օր) և ( = 136 օր)։ Ա. հայտնի է շատ վաղուց։ Ա. p տարր Է, նրա ատոմի Էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է , թաղանթները լրացված են։ Նրա համաձուլվածքները պղնձի հետ՝ անագա–պղինձները, օգտագործվում էին դեռևս 6000 տարի առաջ։ Ավելի ուշ Ա. օգտագործվում էր տարբեր զարդեր, ամանեղեն պատրաստելու համար։ Հոմերոսի պոեմներում հիշատակություններ կան անագի մասին։ Երկրի կեղևի %(ըստ զանգվածի) Ա. Է։ Բնության մեջ հանդիպում Է միացությունների ձևով, որոնցից կարևորը անագաքարն է (կասիտերիտ)՝ ։ Ա–ի հանքավայրերի մասին տես Անագի հանքանյութեր հոդվածում։

Ա. կռելի, փափուկ, սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 231,9°C, եռմանը՝ 2362°C։ Հայտնի են Ա–ի α (խտությունը՝ 5846,6 կգ/մ³) և β (խտությունը՝ 7298,4 կգ/մ³) ալոտրոպային ձևափոխությունները։ 13,2°C–ից ցածր ջերմաստիճաններում β Ա–փոխակերպվում է մոխրագույն փոշու (տես Անագի ժանտախտ), որը կիսահաղորդչային հատկություններ ունեցող (X Ա. Է։ Ա. սովորական պայմաններում քիմիապես կայուն Է, օդում դանդաղ խամրում է օքսիդի բարակ թաղանթով պատվելու պատճառով։ Քիմիական միացություններում Ա. լինում է քառարժեք և երկարժեք։ Երկարժեք Ա. հեշտությամբ օքսիդանում Է՝ վերածվելով քառարժեք Ա–ի։ Հալված Ա. թթվածնի մթնոլորտում այրվում Է՝ առաջացնելով երկօքսիդ՝ , որը թթուների, հիմքերի, աղերի և վերականգնիչների ջրային նոսր լուծույթների նկատմամբ չափազանց կայուն նյութ Է։ Շիկացնելիս ածխածինը և ջրածինը վերականգնում են ։ Ա–ի երկօքսիդն օգտագործվում է արծնապակիներ և ջնարակներ ստանալու համար։ Ա–ի օքսիդը () թթուներում հեշտ լուծվող սև փոշի Է։ Արդ. կիրառություն չունի։ Ա–ի օքսիդները ջրում անլուծելի ամֆոտեր նյութեր են։ Ա. լուծվում է ալկալիների խիտ լուծույթներում՝ առաջացնելով անագային՝ և անագական՝ է թթուների աղեր (ստանիաներ և ստանատներ)։ Թթվային լուծույթներում Ա. գտնվում Է կամ կատիոնների ձևով։ Ա–ի և մագնեզիումի համաձուլվածքները թթվով մշակելիս առաջանում է (չնչին քանակով) Ա–ի հիդրիդ՝ , որը անգույն, թունավոր գազ Է։ Ա. հեշտությամբ միանում է ֆտորի և քլորի հետ՝ առաջացնելով և (տես Անագի քլորիդներ)։ Ծծմբի հետ տաքացնելիս Ա. առաջացնում է սուլֆիդներ՝ և ։ –ի դեղնաոսկեգույն բյուրեղները մտնում են փայտը, գիպսը և այլ իրեր ոսկեպատող ներկերի բաղադրության մեջ (թերթոսկի)։ Ազոտին, ածխածնին և սիլիցիումին Ա. ուղղակի չի միանում։ Հայտնի Է, սակայն, Ա–ի նիտրիդը՝ , որը քայքայվում է 360°C–ում։ Ա. միացություններ է առաջացնում բազմաթիվ մետաղների հետ։ Հալված Ա. հեշտությամբ թրջում է մետաղները՝ մեծացնելով նրանց դիմադրությունը կոռոզիայի նկատմամբ։ Օրգանական բազմաթիվ նյութերի հետ Ա. (հատկապես քառարժեք) առաջացնում է անագօրգանական միացություններ, որոնք թունավոր նյութեր են։ Նրանցից շատերը օգտագործվում են որպես պոլիվինիլքլորիդի կայունացուցիչներ, կաուչուկների հակաօքսիդներ և կատալիզատորներ՝ պոլիուրետանների ստացման համար, ինչպես նաև թղթի արդյունաբերության և անասնաբուժության մեջ։ Ա–ի ստացման համար հանքաքարը նախ հարստացնում են, ապա վերականգնում ածխածնով։ Կարևոր նշանակություն ունի նաև օգտագործված անագապղինձների և սպիտակ թիթեղների վերամշակումից երկրորդային անագի ստացումը։ Ա. օգտագործվում է պահածոների տուփերի համար երկաթի անագապատված սպիտակ թիթեղներ (արտադրվող Ա–ի 40%), զոդանյութեր, տպագրական և գնդառանցքակալային համաձուլվածքներ, անագապղինձ ևն պատրաստելու համար։


ԱՆԱԳԱՊԱՏՈՒՄ, կլայեկում, մետաղից, գլխավորապես պղնձից և պղնձի համաձուլվածքներից պատրաստված առարկաների և կիսաֆաբրիկատների