Իր աշխատություններում Ա. Շ. շոշափում է բազմաթիվ փիլիսոփայական հարցեր։ Ըստ նրա, բնության մեջ գոյությու ունեցող բոլոր նյութերը չորս հիմնական տարրերի՝ հողի, ջրի, օդի ու կրակի տարբեր միավորումներն ու համադրություններն են։ ճշմարտության բացահայտման խնդրում Ա. Շ. մեծ տեղ է հատկացնում փորձին ու դիտողականությանը, զգայելին համարելով որպես առաջնային, իսկ զգայությունը՝ երկրորդային։ Բնության մեջ ամեն ինչ փոփոխության է ենթարկվում, ծնվում, զարգանում և ապա մահանում՝ ընդունելով այլ գոյաձև։ Ա. Շ. հանգում է նաև բնության մեջ հակասությունների գոյության ու նրանց միասնության ըմբռնմանը՝ այն համարելով բնության գոյության օրենք։ Նա գրում է. «… զի լինելութիւնն իցէ սկիզբն ապականութեան, և ապականութիւն դարձեալ անդրէն իցէ սկիզբն լինելութեան։ Զի այսմ անվնաս հակառակութենէ՝ աշխարհ առցէ զտեւողութիւն» («Տիեզերագիտութիւն և տոմար», 1940, էջ 31)։
Ձախից՝ նմուշ Անանիա Շիրակացու «վեցհազարեակ» թվերի բաժանման աղյուսակներից։ Աջից՝ նմուշ Անանիա Շիրակացու գումարման աղյուսակներից։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան կրոնական որոշ տեսակետների անհեթեթությունը և Փորձել է դրանք փոխարինել գիտականով։ Որպես այդ ընթացքի տրամաբանական հետևանք, շատ հարցերում նա շեղվել է միջնադարյան եկեղեցու գաղափարախոսությունից և ինքը դարձել ոչ կրոնական, հակաեկեղեցական հոսանքի հիմնադիրներից մեկը։ Լինելով Հայաստանում «ճշմարտության երկակիություն» ուսմունքի առաջին մշակողներից մեկը, Ա. Շ. սահմանափակել է աստվածաբանության ոլորտները և հնարավորություն ստեղծել բնական ու փորձնական գիտությունների զարգացման համար։
Ա. Շ–ու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Ա. Շ–ու աշխատություններում շոշափված հարցերի գիտական բացատրությունների արժեքը դուրս է գալիս հայկական միջնադարյան գիտության շրջանակներից և խոշոր արժեք ներկայացնում համաշխարհային մշակույթի և գիտության պատմության համար։
Մեծ է Ա. Շ–ու թողած ժառանգության ազդեցությունը հայ գիտության և դպրության հետագա զարգացման վրա. դարեր շարունակ նրա դասագրքերով են առաջնորդվել մեր դպրոցներում, օգտագործվել են կազմած աղյուսակներն ու ուսումնասիրությունների արդյունքները, իսկ նրա տոմարագիտական աշխատությունները մինչև այժմ էլ չեն կորցրել իրենց թարմությունը։ Ա. Շ. փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում։
Երկ․ Մնացորդք բանից, ի լույս ած Ք. Պ. [ատկանյան], ՍՊԲ, 1877։ Տիեզերագիտաթիւն և տոմար, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1940։ Լուսնի պարբերաշրջանները, աշխատասիր. Ա. Աբրահամյանի, Ե., 1962։ Вопросы и решения... изд. и пер. И. А Орбели, П., 1918; Космография, пер. с древнеарм., предис. и коммент. К. С. Тер-Давтяна и С. С. Аревшатяна, Е., 1962.
Գրկ. Տեր-Մկրտչյան Գ., Անանիա Շիրակացի, Վաղ-պատ, 1896։ Աբրահամյան Ա. Գ., Անանիա Շիրակացու մատենագրությունը. ուսումնասիրություն, Ե., 1944։ Առաքելյան Ա., Անանիա Շիրակացի, Ե., 1955։ Անանիա Շիրակացի, Ե., 1958։ Պետրոսյան Գ., Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե., 1959։ Թահմիզյան Ա., Մի Էջ հայկական վաղ միջնադարյան երաժշտական տեսությունից, «ԲՄ», 1960, № 5։ Թումանյան Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Ե., 1964։ Խրլոպյան Գ. Տ., Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե., 1964։ Անասյան Տ. Մ., հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 731–74։ Чалоян В., История армянской филисофии (древний и средневек. период), Е., 1959; Patri W., Ananija Schirakazi – ein armenischer Kosmograph des 7. Jahrhunderts. «Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft», B. 114, München, 1964.
ԱՆԱՆԻԿՅԱՆ Մարտիրոս Հարությունի (1875–1924), ամերիկահայ բանասեր, հրապարակախոս, ռամկավար կուսակցության գործիչ։ Ծնվել է դեկտ. 25-ին, Սեբաստիայում։ Ավարտել է Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը (1895) և Հարթֆորդի (ԱՄՆ) Աստվածաբանական ճեմարանը (1901)։ Ա. զբաղվել է հնդեվրոպական և սեմական հին ու նոր լեզուների (հայերեն, պարսկերեն, լատիներեն, հունարեն, անգլերեն, գերմաներեն, եբրայերեն, արաբերեն), նաև արևելյան հին ու նոր կրոնների, մասնավորաբար մահմեդական աստվածաբանության, ուսումնասիրությամբ։ Ա–ի «Հայոց հին կրոնը» հոդվածը լույս է տեսել «Hasting's Encyclopaedia of Religions and Ethics», իսկ «Հայոց դիցաբանությունը»՝ «Encyclopaedia of Mythology of Races» հանրագիտարանների առաջին հատորներում։ Ա․ աշխատակցել է «Հայաստանի կոչնակ»-ին, որտեղ հրատարակվել են նրա «Մեծն Ներսես Պարթև», «Հայ ազգին ծագումը», «Քննական պատմություն հայոց», «Նարեկացին և Նարեկը» և այլ գործեր։ Մահացել է օգոստոսի 4-ին, Դամասկոսում։
Երկ. Վարդանանց պատերազմը, Նյու Յորք, 1918։ Քննական ուսումնասիրություններ, Նյու Յորք, 1932։
ԱՆԱՆԻՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, հնագիտական մշակույթ։ Տարածված էր Կամա և մասամբ Վոլգա գետերի ավազանում, մ. թ. ա. VIII–III դդ.։ Անվանումը ստացել է Անանինո գյուղից (Թաթարական ԻՍԱՀ, Ելաբուժի շրջան), որի մոտ 1858-ին հայտնաբերվել է հարուստ դամբարանադաշտ։ Անանինցիները զբաղվել են պղնձի, երկաթի, ոսկրի, կաշվի մշակությամբ, բրուտագործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ և որսորդությամբ։ Առևտրական կապեր են ունեցել սկյութների, սարմատների, Կովկասի և Սիբիրի ցեղերի հետ։ Ոմանք կարծում են, որ անանինցիները ուդմուրտների և կոմի–զիրյանների նախնիներն են։
ԱՆԱՆՅԱՆ Անահիտ Արշակի (ծն. 1900), հայ սովետ, բանջարաբույծ–սելեկցիոներ։