Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գյուղատնտ. գիտ. դ–ր (1966), ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1967)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (8.4.1971)։ Ծնվել է օգոստ. 27-ին, Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ 1926-ին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ-ի գյուղաանտ. ֆակուլտետը։ Ա. ՀՍՍՀ բանջարաբուծական փորձա–սելեկցիոն կայանի կազմակերպիչն ու դիրեկտորն է (1933-ից)։ Ա. ստացել է լոլիկի և բանջարանոցային այլ կուլտուրաների բարձրարժեք սորտեր՝ «Անահիտ–20», «Երևանի–14», «Հայկական շտամբովի–152», «Մասիսի–202», «Հոբելյանական–261», «Կարինե–388», «Արաքս–322», «Էջմիածնի–260»։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման արժանացել է գյուղատնտեսական արտադրության զարգացման գործում աչքի ընկնող հաջողությունների համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։

Երկ. Հայաստանի բանջարապահածոային կուլտուրաները, Ե., 1965։

ԱՆԱՆՅԱՆ Արմեն Արտեմի (1896–1958), պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ծնվել է Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ 1914–17-ին եղել է զինվոր Կովկասյան ռազմաճակատում։ Զորացրվելուց հետո Թիֆլիսում մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Եղել է Լոռի–Փամբակի գավառային ԲԳՏ նախագահ (1921), կուսակցության Դարալագյազի (1922–23) և Նոր Բայազետի (1924) գավկոմների քարտուղար, Լենինականի գավգործկոմի նախագահ (1928–29), ՀԿ(բ)Կ Լենինականի քաղկոմի քարտուղար (1930–31), Հայաստանի Կենտգործկոմի և Աևդրկենտգործկոմի նախագահ (1931–33), ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի (1933–34) և Նոր Բայազետի շրջանային կոմիտեի (1934–37) քարտուղար։ 1928–1937-ին եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի անդամ։ Մահացել է դեկտ. 18-ին, Երևանում։


ԱՆԱՆՅԱՆ Կարլեն Մարտիրոսի (ծն. 1924), հայ ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ծնվել է սեպտեմբերի 21-ին, Թիֆլիսում։ 1953-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը։ Ա–ի նախագծերով կառուցվել են Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանը (1956, ճարտ. Կ. Խուդաբաշյանի հետ), Սևանի էլեկտրաապակեմեկուսիչների գործարանը (1961–1962), Երկանի քիմիական ռեակտիվների գործարանը (1962–64, ճարտ. Վ. Ավետիսյանի հետ), Սարատովի գինու գործարանը (1963), Երևանի Լենինյան և Օրջոնիկիձեի շրջանները կապող ուղանցույցը (1966, ինժեներ Գ. Պողոսյանի հետ)։


ԱՆԱՆՅԱՆ Պողոս Գրիգորի (աշխարհական անունը՝ Անտոն, ծն. 1922), բանասեր, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր (1970-ից)։ Ծնվել է ապրիլի 27-ին, Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազարի վանքում, ապա Հռոմի Գրիգորյան համալսարանում ուսումնասիրել փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1943-ին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ, 1960-ին ձեռնադրվել վարդապետ։ 1964-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Վատիկանում։

Բանասիրության տարբեր հարցեր են շոշաւիում «Բազմավեպ»-ում լույս տեսած Ա. Պ-ի «Ճշդում մը Կորյունի «Վարք Մաշտոց»-ի հրատարակություններուն մեջ» (1955, № 11–12), «Դավիթ Անհաղթի անտիպ մեկ ճառը» (1956, №3–5), «Ոսկան վարդապետի լատիներեն թարգմանությունը Կորյունի «Վարք Ս. Մեսրոպա» համառոտ պատմության» (հայերեն և իտալերեն, 1966) ուսումնասիրությունները և առանձին հրատարակություններ։ Աշխատակցել է նաև «Bibliotheca Sanctorum» վարքագրական ու վկայաբանական տասներկու հատորանոց (1961–69) և այլ հանրագիտարանների:

Երկ. Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռնադրության թվականը և պարագաները, Վնտ., 1960։ Եվտիքիոս Կ. Պոլսո պատրիարքին կորսված և անտիպ մեկ գրությունը [հայերեն և իտալերեն] Armeniaca (Mélanges d'études Arméniennes), Venise, 1969։ Վարք Ս. Մեսրոպ Մաշտոցի, Վնտ., Բանասիրական ուսումնասիրութիւն՝ Գրոց Գիւտի հեղինակի կեանքին ու գործին մասին…, 1969։ Ս. Քոլանջյան

(նկ․) Ա. Ա. Մնանյան։ (նկ․) Վ. Մ. Անանյան։


ԱՆԱՆՅԱՆ Վախթանգ Ստեփանի (ծն. 1905), հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 26 (օգոստոսի 8)–ին, Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում։ 1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930–31), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931–1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։ Ա. որոշակի ներդրում ունի որսորդական պատմվածքի զարգացման գործում հայ գրականության մեջ։ Նրա «Որս» (1934) գրքում ռեալիստական պատկերներով արտացոլված է հայկական բնաշխարհը։ 1947–66-ին հրատարակվել են Ա–ի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Ճանաչված գործերից է «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։ Ա–ի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1–4, 1961–67) աշխատությունը լայն պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Ա–ի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, չինարեն, ճապոներեն, գերմաներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1936) վիպակներն արժանացել են մրցանակի։ Այդ գրքերի հիման վրա գրված սցենարներով ստեղծվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Ա. մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ԱԱՀ պետական մրցանակի (1970)։

Երկ. Երկ., հ. 1–6, Ե., 1968–71։

Գրկ. Գյուլնազարյան Խ., Վախթանգ Անանյան, Ե., 1963։ Խ. Գյուլնազարյան


ԱՆԱՆՈՒԽ, տես Դաղձ։


ԱՆԱՆՈՒՆ Դավիթ (Տեր–Դանիելյան, 1879–1943), հայ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ Ծնվել է Մեծ շեն գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջան)։ Սկզբնական կրթությունն ստացել է Գանձակում, այնուհետև լրացրել ինքնակրթությամբ։ Գրասենյակային աշխատող Է եղել Բաքվի նավթահանքերում։ Դեռևս պատանի հարել է հնչակյան կուսակցությանը, ապա՝ դաշնակցությանը, իսկ 1905-ից՝ Հայ սոցիալ–դեմոկրատական բանվորական կազմակերպությանը (սպեցիֆիկներ), դարձել նրա գաղափարախոսը։ 1918-ի վերջերին ապրել է Թիֆլիսում, 1919-ից բնակություն է հաստատել Երևվանում։ Ա. աշխատակցել է «Մշակ», «Նոր հոսանք» թերթերին և կազմակերպել «Մեր ուղին» (1912), «Գործ» (1917), «Հայաստանի կոոպերացիա» (1919), «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի» (1921), «Նորք» (1922) և այլ պարբերականների հրատարակությունը։ Հայաստանում սովետական իշխանության հաղթանակից հետո մինչև 1926-ը աշխատել է որպես Հեղափոխության թանգարանի դիրեկտոր։ 1926-ից ապրել է Կովկասի սահմաններից դուրս։ Մահացել է Աստրախանում։

Իր հոդվածներում և, մասնավորապես, «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1, 1916, հ. 2, 1922, հ. 3, 1926) աշխատության մեջ Ա. «տնտեսական մատերիալիզմի» դիրքերից շարադրել է արևելահայերի հասարակական–քաղաքական և մշակութային զարգացման պատ-