Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տրությունը հրատարակում է հրահանգներ և կանոններ։ Հրատարակված բոլոր օրենքները, կանոնները և հրահանգները ամփոփված են «Անասնաբուժական օրենսդրություն» ժողովածուում։

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ, պետական անասնաբուժական ծառայության հիմնարկ։ Սպասարկում է մի քանի տնտեսությունների և բնակավայրերի անասնապահությանը։ Ա. տ–ի նպատակն է արմատավորել զոոհիգիենիկ, անասնաբուժա–սանիտարական կանոնները, անցկացնել կանխարգելիչ, հակահամաճարակային, բուժական միջոցառումներ, կատարել կենդանիների նախասպանդային զննում, կենդանիներից ստացված սննդամթերքների անասնաբուժա–սանիտարական փորձազննություն ևն։ Տիպային Ա. տ. ունի մանեժ, դեղատուն, ախտահանիչ նյութերի ու կենսաբանական պատրաստուկների պահեստ, կենսաջերմային հորեր, մեկուսարան են։


ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱ–ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, երկրի անասնաբուժա–սանիտարական բարեկեցությունն պահովող միջոցառումների համակարգ։ Նպատակն է բնակչությանը զերծ պահել մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից, կրճատել կենդանիների անկումը, ապահովել անասնաբուժա–սանիտարական տեսակետից կենդանական լավորակ մթերքների և հումքի արտադրությունը։ Ա–ս. հ. ընդգրկում է միս վերամշակող ձեռնարկությունների անասնաբուժական սպասարկումը, վերահսկում է շուկաներում վաճառվող կենդանական և բուսական մթերքները, անասունների և կենդանական մթերքների ներմուծումը և արտահանումը։ Ա–ս. հ. իրագործում են անասնաբուժական բոլոր հիմնարկները, ինչպես նաև միս, կաթ և սննդամթերքներ ստուգող մասնագիտացված կայանները, սահմանային կետերը են։ Ա–ս. հ–յան հիմնական դրույթները սահմանված են ՍՍՀՄ անասնաբուժական կանոնադրությամբ։


ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱ–ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԶՆՆՈՒԹՏՈՒՆ, 1. կենդանական մթերքների հետազոտության և անասնաբուժա–սանիտարական գնահատման մեթոդները մշակող գիտություն։ 2. Անասնաբուժական ծառայության ֆունկցիան՝ այդ մեթոդների կիրառմամբ որոշելու մթերքների պիտանի լինելը սննդի համար։ Գործնական հիմնական խնդիրը սննդամթերքներից, տեխ. հումքից մարդկանց փոխանցվող հիվանդությունների կանխումը և կենդանիների մանրէական, ճիճվային, վիրուսային հիվանդությունների կանխարգելումն է։ Ա–ս. փ. սերտորեն կապված է հարակից գիտությունների՝ կենդանիների անատոմիայի, մանրէաբանության, մակաբուծաբանության, կենդանիների համաճարակագիտության, հյուսվածաբանության հետ։ Ա–ս. փ. որպես գիտություն ձևավորվել է XX դ. սկզբին և հայտնի է եղել մսաբանություն անունով։ Ա–ս. փ. որպես գիտություն միավորում է կենդանիների և թռչունների սպանդի հիգիենան, կենդանիների նախասպանդային պահվածքը և զննումը, մսեղենի և օրգանների ետսպանդային փորձազննումը, սննդամթերքների լաբորատոր հետազոտությունը, դրանց անասնաբուժա–սանիտարական գնահատումը, պայմանական պիտանի ու անպետք մթերքների և հումքի վարակազերծումը ևն։

Անասնաբուժա–սանիտարական փորձագետներն իրենց գործնական աշխատանքում ղեկավարվում են ՍՍՀՄ անասնաբուժական կանոնադրությամբ, պետ. ստանդարտներով (ՊՍՏ), փորձազննության գործող կանոններով։

Հայաստանում Ա–ս. փ. ունի հարուստ ավանդույթներ։ Պեղումներից ստացված հնագիտական նյութերը, պահպանված ձեռագրերը, պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհում դեռևս շատ հնում զարգացած է եղել անասնապահությունը, հետևաբար և՝ պանրագործությունը, կաշեգործությունը, մսագործությանը (ապուխտ, սուջուխ), կաթի վերամշակումը (մածուն, յուղ, կաթնասեր, լոռ ևն), սննդամթերքների պահպանման ձևերը (աղածո ձուկ, աղաջրի օգտագործում, մառանների առկայություն ևն)։ Սննդամթերքների վերամշակման, պահպանման մասին արժեքավոր և ուսանելի դիտողություններ կան Կիլիկիայի հայկական պետության ժամանակներում թարգմանված «Գիրք վաստակոց»–ում։ Հայկական ՍՍՀ–ում Ա–ս. փ. որպես ինքնուրույն գիտություն զարգացել է Լ. Հարությունյանի, Ս. Քենտիկյանի և ուրիշների ջանքերով։ Ա–ս. փ–յան գիտահետազոտական աշխատանքները տարվում են Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստիտուտի համապատասխան ամբիոնում։

Գրկ. Բենտիկյան Մ. Լ. և Ավագյան Հ. Ս., Սպանդային մթերքների անասնաբուժական–սանիտարական էքսպերտիզա, Ե., 1968։ Руководство по ветеринарно-санитарной экспертизе и гигиене переработки животных продуктов, под ред. И. В. Шура, 2 изд., перераб. и доп., М., 1965. Մ. Քենտիկյան


ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների օրգանիզմի կառուցվածքը, նրանում ընթացող բնականոն, ախտաբանական պրոցեսները, հիվանդությունների պատճառները, նշանները, ախտորոշման և բուժման մեթոդները։ Միաժամանակ Ա. ասելով հասկացվում է կենդանիների և մարդկանց հիվանդությունները կանխող, վերացնող անասնաբուժա–սանիտարական միջոցառումների համալիրը։ Ա. սերտորեն կապված է անասնաբուծության, բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանական մի շարք գիտությունների հետ։ Ա. միավորում է կենդանիների անատոմիան, ֆիզիոլոգիան, հյուսվածաբանությունը, անասնաբուժական մանրէաբանությունը, դեղագիտությունը, ախտորոշագիտությունը, ծննդագիտությունը (արհեստական սերմնավորման հետ), մակաբուծաբանությունը, կենդանիների համաճարակագիտությունը, ընդհանուր և մասնավոր վիրաբուժությունը, ներքին ոչ վարակիչ հիվանդությունները և դրանց բուժումը, անասնաբուժա–սանիտարական փորձազննությունը, դատական Ա.։

Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ են հասել Եգիպտոսում հայտնաբերված «անասնաբուժական պապիրուս»–ից (մ. թ. ա. 4-րդ հազարամյակ), ուր նկարագրված են թռչունների գոնջությունը, տավարի ժանտախտը, կենդանիների կատաղությունը ևն։ Հին Եգիպտոսում «Կյանքի դպրոց» վարժարանում տարբեր գիտությունների հետ ուսումնասիրվել է նաև Ա․։ Հնդկական Վեդայական ժողովածուներում նկարագրված են կենդանիների մի շարք հիվանդություններ և դրանց բուժման միջոցները։ Պարսկական «Ավեստա»–ում խոսվում է շների որոշ հիվանդությունների և հատկապես կատաղության մասին։ Հին Հունաստանում հայտնի են եղել հիպիատորները (ձիաբույժներ)։ Նրանց անասնաբուժական աշխատությունների մեծ մասը ընդգրկված է «Հիպիատրիկա» ժողովածուի մեջ (կազմվել է X դ.): Ժողովածուի 420 հոդվածներից 121-ը հույն ձիաբույժ Ապսիրտինն է (մ. թ. IV դ.): Ա–յան մասին գրել են նաև հռոմեացի գիտնականներ Վառոնը (մ. թ. ա. 116–27), Կալումելլան (մ.թ. I դ.) և ուրիշներ։ Միջին դարերում առավել հայտնի էին իտալացիներ՝ Ջ.Ռուֆոյի (XI11դ.),Կ. Ռուինի (XIVդ.), ֆրանսիացիներ՝ Վ. Կոյտրեի (XVI դ.)» Ժ․ Սոլեյսելի (XVII դ.) և ուրիշների երկերը։ XVIII դ. եվրոպական երկրներում բացվում են անասնաբուժական դպրոցներ, հրատարակվում հանրագիտարաններ, աշխատություններ և պարբերականներ։ Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է 1733-ին, Մոսկվայի մոտ գտնվող Խորոշյովո գյուղի ձիաբուծարանում։ XIX դ. իմունոլոգիայի, մանրէաբանության բնագավառներում Լ. Պաստյորի, Ռ. Կոխի և ուրիշների հայտնագործություններից հետո գործածության մեջ մտան վակցինաները, շիճուկները, անտիբիոտիկները ևն։

Հին Հայաստանում Ա–յամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, ավելի ուշ՝ պայտարները։ Հնագույն Ա. բաղկացած էր երկու տարրից՝ ա. բնության մեջ գոյություն ունեցող բուժամիջոցների որոնում՝ դեղանյութեր պատրաստելով բույսերից (լոշտակ, արքայիկ, դդում, սխտոր,կտավատի սերմ), ձվից, արջի, ոզնու ճարպից ևն, բ. զանազան հմայությունների գործադրում՝ «չար ոգիներից» ազատելու համար։ Այս երկու հիմնական տարրերը՝ փորձնական–գիտական և սնոտիապաշտական, եղել են բոլոր կրոններում, այդ թվում և քրիստոնեության մեջ։ Միջին դարերում կիրառվել են վիրաբուժական միջամտություններ վերքերի, ջարդվածքների, հոդախախտումների, դժվար ծննդաբերության և այլ դեպքերում։ XII դ. (կամ ամենաուշը XIII ղ. սկզբներին) Կիլիկիայում արաբերենից թարգմանվել է «Գիրք վաստակոց»–ը (հայերեն հրտ. 1877), որը օտարազգի քսան հեղինակների (նրանց թվում՝ Վառոնի) գրվածքների հավաքածուն է։ Գրքի առանձին գլուխներում լուսաբանված են կենդանիների զանազան հիվանդություններ (աչքացավ, աչքի սպիտակում, միզակապություն, տաքություն, թոքացավ, խոցտուկ ևն) և դրանց կանխման ու բուժման ձևերը։ 1696-ին Ղազար Ամթեցին (Հոգոց վանք) արաբերենից հայերեն է փոխադրել «Բժշկարան վասն ձի ու ջորոյ և կամ իշու…» գրվածքը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 459)։ Բժշկարանում (ընդամենը 10 թերթ) խոսվում է մարմնի տարբեր հատվածների հիվանդությունների և դրանց բուժման միջոցառումների մասին, իսկ «Վասն հիվանդութեանց անասնոց» ձեռագրում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի