Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բուսականությանը բնորոշ են էֆեմերները, էֆեմերոիդները, սուկուլենտները և հալոֆիաները (աղասերները)։ Բույսերն ունեն բարձր սննդայնություն։ Ոռոգելի օազիսների մշակովի բույսերն ունեն ապրանքային բարձր արժեք։ Կենդանիները վարում են գիշերային կամ աղջամղջային կյանք։ Ցերեկը բարձր ջերմությունից պաշտպանվելու համար նրանց մի մասը թաքնվում է ստվերներում, մյուս մասը՝ քուն մտնում (որոշ տեսակներ՝ մինչև 9 ամիս)։ Շատ կենդանիներ ջուր չեն խմում, և օրգանիզմի խոնավության պակասը լրացվում է ֆիզիոլոգիական ճանապարհով՝ սննդի տսւրրալուծմամբ։ Կերով չապահովված սեզոններն անցկացնելու համար շատ կենդանիներ ճարպ են կուտակում։ Ավազի վրայով տեղաշարժումը մշակել է ոտնաթաթերի բարձիկներ կամ թիամատներ։

Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների, Ա. բաժանվում են քարային, կավային, ավազային, աղուտային են տիպերի։ Քարային Ա. (արաբ․ համադա) առաջացել են թույլ հողմահարվող հիմնահողերի վրա, ունեն հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ, խճային կամ կոպճաքարային մակերևույթ (Սահարայում՝ ռեգի, Կենտրոնական Ասիայում՝ գոբի)։ Քարային Ա–ի ժայռերն ու քարերը երկաթ պարունակելու դեպքում ծածկվում են շագանակագույն պաշտպանական փայլուն կեղևով (արևայրուկ)։ Կավային Ա. առաջացել են ծովային, լճային, գետային և պրոլյուվիալ կավային նստվածքների վրա։ Ծովային աղիացած կավերի շրջանում տարածված են աղուտները՝ աղասեր բուսականությամբ, անուշահամ ջրերի կավային նստվածքների շրջանում՝ բուսականությունից համարյա զուրկ թաքիրները։ Գիպսա–անհիդրիտային Ա. տարածված են Ամերիկայի և Ասիայի ավելի չորային մասերում։ Ծածկված են գիպսի փայլուն կեղևով և մինչև 5 մ գմբեթաձև բարձրություններով։ Բուսատեսակները քիչ են, բայց քանակով ավելի շատ, քան թաքիրներում։ ՍՍՀՄ–ում գիպսա–անհիդրիտայինԱ–ի տիպին են պատկանում Ուստյուրտը և Հարավային Կզըլկումը։ Ավազային Ա–ին բնորոշ է ավազային մակերևույթը։ Ավազներն առաջանում են տեղական հիմնահողերի քայքայումից և ալյուվիալ նստվածքների հողմահարումից։ Ավազներն առաջացնում են բլուրներ, բարխաններ, թմբեր, բուրգեր ևն։ Ավազների խոնավակլանունակության շնորհիվ այս Ա. համեմատաբար ջրով ավելի հարուստ են, քան մյուսները։ Ավազային Ա–ում կան անուշահամ ջրերի բազմաթիվ լճակներ։ Շարժուն ավազներում բուսականություն չկա, ամրացած ավազուտները համեմատաբար հարուստ են և օգտագործվում են որպես արոտավայրեր ոչխարների, այծերի, ուղտերի համար։ Ավազային Ա–ից են Թուրքմենական Կարակումը, Մերձբալխաշյան ավազուտները, Տակլա–Մականը, Մերձարալյան Կարակումը, Մեծ և Փոքր Բարսուկները, Կենտրոնական Կզըլկումը, Ալաշանը ևն։ ԿավայինԱղուտային Ա. գոյացել են ծովային նստվածքներից՝ աղերի մակերես դուրս գալու կամ ալյուվիալ նստվածքների փոքր խորություններում գտնվող ջրերի գոլորշիացման պատճառով։ Հողերն աղուտային են։ Գերակշռող աղերը նատրիումի և մագնեզիումի սուլֆատներն են։ Այդ Ա., աղերի կուտակման աստիճանին համապատասխան, բուսազուրկ են կամ ունեն աղասեր բուսականություն։ Կայծքարային Ա. առաջացել են գլխավորապես արևադարձային գոտիներում։ Լատերիտային պրոցեսներն առաջացնում են ռելիեֆը զրահապատող կայծքարա–ագատային կեղև, որպիսին տեղ–տեղ նկատվում է Թուրքմենիայի Ա–ում։

Ա–ի յուրացումն սկսվել է պալեոլիթից։ Նեոլիթում օգտագործվում էին որպես արոտավայրեր և մասամբ՝ հողագործության համար (գետերի հեղեղատները)։ Բրոնզի դարաշրջանում կառուցվել են ոռոգիչ ջրանցքներ, փորվել ջրհորներ։ Օազիսային հողագործությունն աստիճանաբար դարձել է բնակչության գոյության հիմնական միջոցը։ Արևադարձային գոտու Ա–ի ոռոգովի շրջաններում մշակում են բամբակենի ու շաքարեղեգ։ Աֆրիկայի Ա–ում արտեզյան ջրերի հայտնաբերմամբ ստեղծվեցին բազմաթիվ մանր օազիսներ, աճեց փյունիկյան արմավենին։ ՍՍՀՄ Ա–ում ոռոգման նոր ցանցի ստեղծումով եռապատկվել է մշակովի հողերի տարածությունը։ Ա–ի յուրացման համար կարևոր է նաև նրանց ընդերքի օգտագործումը։

Պատկերազարդումը տես աղ. XVII, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։

ԱՆԱՊԵՍՏ (<հուն. άνάπαιστος), տես Վերջատանջ։


ԱՆԱՊԼԱԶՄՈԶՆԵՐ, ընտանի և վայրի որոճող կենդանիների հիվանդություններ։ Հարուցիչներն արյան կարմիր գնդիկների մակաբույծները՝ անապլազմաներն են։ Հիվանդությանը փոխանցում են արոտային տզերը և միջատները (պիծակը, մոծակները ևն)։ Ա. տարածված են ամենաուրեք։ Ա–ով հիվանդ կենդանիների մոտ նկատվում է զարգացող սակավարյունություն (արյան կամիր գնդիկների քանակի խիստ կրճատմամբ), դող, ժամանակ առ ժամանակ ջերմաստիճանի բարձրացում, այտուց, լորձաթաղանթների գունատություն (նման սպիտակ ճենապակու)։ Ս. ախտորոշվում են արյան մանրադիտակային հետազոտմամբ, իսկ խոշոր եղջերավորների և այծերի համար մշակված է ախտորոշման շճաբանական մեթոդ։ Կանխարգելումը՝ պայքար արոտային տզերի դեմ, արյուն վերցնելիս (բոլոր դեպքերում) հականեխային կանոնների պահպանում։ Բուժումը՝ տետրացիկլինով, բիովիտինով, տերամիցինով, բիոմիցինով։


ԱՆԱՊՍԿԱՅԱ (ն. Նիկոլաևկա), գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, Անապկա գետի առափնյա բլուրների վրա, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք: 6570 բն. (1968), ռուսներ, հայեր, ուկրաինացիներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Կա գինու գործարան, սղոցարան։ Ունի միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներ, մշակույթի տուն, 2 ակումբ, կապի բաժանմունք, բուժական–մանկաբարձական կայան, դեղատուն, կենցաղ–սպասարկման կոմբինատ։ Գյուղը հիմնադրել են կոզակները 1836-ին, հայերը եկել են 1927-ին՝ շրջակա գյուղերից, նաև Ախալքալաքից, Սևանի ավազանից։


ԱՆԱՍՅԱՆ Հակոբ Սեդրակի (ծն. 1904), հայ սովետ, պատմաբան–աղբյուրագետ, մատենագետ–բանասեր։ Ծնվել է մայիսի 15-ին, Թուրքիայի Էսքի–Շեհիր քաղաքում, ավարտել Ս. Ղազարի բարձրագույն վարժարանը։ 1947-ից գիտաշխատող է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ Ա. ի հայտ է բերել XVII դ. արևմտահայ ազատագրական շարժումների մասին նոր փաստեր։ Նշանակալից են Ա–ի բնագրագիտական հրապարակումները։ Նա գիտական շրջանառության մեջ է դրել Բյուզանդիայի անկման շրջանին և XVII դ. լեհ–թուրքական հարաբերությունների պատմությանը վերաբերող հայկ. աղբյուրները, Այգեկցու «Արմատ հաւատոյ» երկը։ Ա–ի աչքի ընկնող գործերից է «Հայկական մատենագիտություն» (հ. 1, 1959) աշխատությունը։

Երկ. Նպաստ մը հայոց ազատագրական պատմության. Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի, «Երկունք», 1934, հոկտ–դեկտ.։ Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին, Ե., 1957։ XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե., 1961։ Յովհաննէս Կամենացի, Պատմութիւն պատերազմին Խոթինու, Ե., 1964։ Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ, Վնտ., 1969։


ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ, պետական անասնաբուժական ցանցի հիմնարկ, որտեղ հետազոտության տարբեր մեթոդներով հաստատվում են կենդանիների անկման պատճառները, ախտորոշվում հիվանդությունները, մշակվում և կազմակերպվում դրանց կանխման ու վերացման միջոցառումները, հետազոտվում են ախտաբանական նյութը, կերը, ջուրը, կենդանական ծագման սննդամթերքները, հումքը ևն։ Ա. լ–ում պատրաստում են կերային անտիբիոտիկներ, հյուսվածքային և այլ պատրաստուկներ, որոնք օգտագործվում են հիվանդությունները բուժելու, կանխելու, մատղաշների աճը խթանելու և կենդանիներին բտելու համար։ Ա. լ. պրոպագանդում է անասնաբուժության նվաճումները և առաջավոր փորձը։ Ա. լ–ում հետազոտությունները տարվում են մանրէաբանության, շիճուկաբանության, արյունաբանության, թունաբանության, հյուսվածաբանության, ախտաբանության բաժիններում։ ՀՍՍՀ–ում գործում են (1969) մեկ հանրապետական և 32 շրջանային Ա. լ–ներ։


ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ, կառավարական ակտ՝ անասնաբուժական գործի հիմնական օրենքը և նրա օրենսդրության բաղկացուցիչ մասը։ Գործող Ա. կ. հաստատվել է 1967-ին։ Ա. կ–ում շարադրված են ՍՍՀՄ անասնաբուժական ծառայության, ղեկավարման, անասնապահության անասնաբուժական սպասարկման կազմակերպման հարցերը, կարանտին սահմանելու և վերացնելու կարգը, անասնաբուժա–սանիտարական հսկողությունը և վերահսկողությունը, բուժիչ, կանխարգելիչ և այլ դեղերի արտադրության, պահպանման, օգտագործման սկզբունքները ևն։ Ի լրումըն Ա. կ–ի, գյուղատնտեսության մինիս–