Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲՈՎՅԱՆԻ 37

շինարարական տրեստներն իրենց 6 շին֊վարչություններով և գյուղշին տրեստի № 5 շարժական շարասյունը։ 1970-ին Ա. շ֊ում գործում էր շուրջ 230 հիմնարկ֊ձեռնարկություն։

Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրջանում հայտնվեցին նոր բնակավայրեր՝ Նոր Հաճըն, Արզնի քաղաքատիպ ավանները։ Ա. շ֊ի քաղաքատիպ ավանների բնակելի ֆոնդը 1970-ին կազմել է ավելի քան 125 հզ. մ², 1940-ի՝ 2736 մ² փոխարեն։

Ա. շ֊ում կուսակցական և սովետական մարմինները կազմակերպչական մեծ աշխատանք են տարել կոլտնտեսությունների խոշորացման, ջրովի հողամասերի ավելացման, բերքատվության բարձրացման, մասնագիտացված պետական տնտեսությունների կազմակերպման, աշխատատար պրոցեսների մեքենայացման, արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ։ Եթե 1940-ին շրջանում եղել է 38 մեծ ու փոքր կոլտնտեսություն, ապա 1972-ին կար միայն յոթ կոլտնտեսություն՝ Կոտայք, Ակունք, Արամուս, Զառ, Կապուտան, Գյամրեզ, Գեղաշեն գյուղերում։ Կոլտնտեսությունների թվի կրճատումը բացատրվում է լեռնային անբարենպաստ պայմաններում եղած Ղույլի, Աստղաբերդ (Կըզկալա), Ավադ, Դավախարաբ, Ելիջա, Մանգյուզ, Սոյգյոզ, Թեզխարաբ, Բոզքյուսա, Բարձրադիր (Բեզաքլու) գյուղերի վերացումով, որոնց բնակչությունը տեղափոխվել է հարմար բնակավայրեր։ 1958-ին նախկին շրջկենտրոն Քանաքեռը և Ավան գյուղը միացել են Երևանին։ Գառնի, Գողթ, Քյուլլուջա գյուղերում, Աբովյանում և Քանաքեռ ավանում (նոր բնակավայր, որի կառուցումն սկսվել է 1960-ից) ստեղծվել են մասնագիտացված սովետական տնտեսություններ։ Նախկին կոլտնտեսությունների և բնակատեղիների հիմքի վրա ստեղծվել են նաև Աբովյանի ծխախոտի զոնալ փորձակայանը, անասնաբուծական ֊անասնաբուժական ինստ֊ի Բալահովտի ուսումնա֊փորձնական տնտեսությունը, Առինջի պտղատնկարանային տնտեսությունը, Աբովյանի անտառային տեսությունը, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Ողջաբերդի, Պտղնիի, Ջրաբերի, Հացավանի պետական տնտեսությունները, Աբովյանի ջերմոցային տնտեսությունը։ Ա. շ֊ի գյուղատնտեսության մասնագիտացման և մշակվող հողատարածությունների բերքատվության բարձրացման համար մեծ նշանակություն ունեցավ Կոտայքի ջրանցքի շինարարությունը, որի առաջին հերթն ավարտվեց 1958-ին։ 1970-ին ջրովի հողատարածությունները կազմեցին մոտ 10 հզ. հա (1940-ին՝ 4936 հա)։ Ակնա լճից անցկացված ջրանցքով ջրվում են Գեղամա լշ. արոտավայրերը՝ մոտ 1000 հա։

1970-ին կովերի թիվը հանրային հոտում կազմել է 3777 գլուխ, 1940-ի՝ 1382-ի փոխարեն։ Աճել են նաև կոլտնտեսությունների հիմնական ֆոնդերը՝ 1941-ի 2801,4 հզ. ռուբլուց հասնելով 5014,8 հզ. ռուբլու։

Տնտեսությունը։ Ա. շ. դարձել է հանրապետության ժողովրդական տնտեսության համակարգում իր ուրույն տեղն ունեցող ինդուստրիալ֊ագրարային շրջան։ Արդյունաբերությունը տալիս է Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության արտադրանքի մոտ մեկ հինգերորդ մասը, ապակու և բյուրեղապակու 40%-ից ավելին, ոչ ոգելից խմիչքների և հանքային ջրերի մոտ 12%։ Տնտեսության զարգացման հեռանկարները կապված են մշակող արդյունաբերության աճի, հանքային հարստությունների շահագործման և մերձերևանյան գոտում գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ։ Արդյունաբերության մեջ առաջին տեղում է ճշգրիտ սարքաշինությունը։ Շրջանի արդյունաբերության արտադրանքի զգալի մասը տալիս են էլեկտրոնային և սարքաշինական ճյուղերը, 16% ապակե տարայի արտադրությունը, 13% շինանյութերի և 11% սննդի արդյունաբերությունը։

Գյուղատնտեսությունը մերձքաղաքային բնույթ ունի։ Բնորոշ է ինտենսիվ ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտանում է որպես այգեգործական֊անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության օջախներով։ 1970-ին Ա. շ֊ի հողային ֆոնդը կազմել է 84283 հա, որից վարելահող՝ 14569 հա, խոտհարք՝ 3162 հա, արոտավայր՝ 26469 հա, խաղողի և պտղատու այգիներ՝ 5059 հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 27611 հա, անտառներ՝ 6479 հա։ Շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 40% տալիս է անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ՝ 11,5 հզ. գլուխ, 1972)։ Ոչխարաբուծությունը մսա֊բրդա֊կաթնատու բնույթի է։ Սովետական տարիներին Կոտայքի ջրհան կայանի (Քանաքեrի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքից, 1950) և Կոտայքի ջրանցքի (Գյումուշի ՀԷԿ-ի ճնշման ավազանից, 1958) կառուցման շնորհիվ արգավանդ հողերի խոշոր զանգվածներ դարձան ոռոգելի։ Երկրագործության նշանակությունը և տեսակարար կշիռը գյուղատնտեսության մեջ զգալիորեն աճեց։ Առաջատար ճյուղերից են ծխախոտագործությունը, որ տալիս է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14%-ից ավելին, այգեգործությունը և պտղաբուծությունը՝ շուրջ 10%, բանջարաբուծությունը՝ մոտ 8%։ Դաշտավարական աշխատանքների 80% մեքենայացված է։ Ա. շ-ի հս-արմ-ով անցնում է Երևան–Սևան երկաթուղու 27 կմ հատվածը (գլխ. կայարանը՝ Աբովյան)։ Արդ. կենտրոնները գտնվում են երկաթուղու մոտ (Աբովյան), կամ՝ 6–9 կմ հեռավ. վրա (Արզնի, Նոր Հաճըն)։ Խճուղային ճանապարհների համեմատաբար զարգացած, ցանցի շնորհիվ (260 կմ, որից ավելի քան 200 կմ՝ կոշտ ծածկով, 1972) բնակավայրերն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և Երևանի հետ։ Ունի կապի 13 բաժանմունք։