Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առողջապահությունը։ Ա. շ-ում գործում է 6 հիվանդանոց (315 մահճակալով), 38 բուժ-մանկաբարձական կայան և գյուղական ամբուլատորիա, 3 դեղատուն (1973)։

Մշակույթը։ 1972/73 ուս. տարում Ա. շ֊ում կար 39 դպրոց (այդ թվում՝ 21 միջնակարգ)՝ 18100 աշակերտով, 13 մսուր և մանկապարտեզ (շուրջ 620 երեխա)։ Ա. շ֊ում գտնվում է Երևանի անասնաբուծական֊անասնաբուժական ինստ֊ի կենսաքիմիայի լաբորատորիան, գյուղատնտեսության մինիստրության պտղա-բանջարաբուծական սելեկցիոն կայանը, Ծխախոտի և մախորկայի համամիութենական ԳՀԻ֊ի ծխախոտի հայկական փորձակայանը։ Շրջանն ունի 36 գրադարան (200 հզ. կտոր գիրք), 35 մշակույթի տուն և ակումբ, 11 կինո։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են, ընդունում են հեռուստատեսային հաղորդումներ։ Լույս է տեսնում «Արշալույս» շրջանային թերթը։

Աբովյանի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի անվանումը Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ակունք գյուղ 230 1190
Առինջ գյուղ 572 2981
Այգեգործական սովետական
տնտ. կից ավան
ավան 104 1031
Արամուս գյուղ 450 2150
Արզնի քտա 5643
Բալահովիտ գյուղ 340 1619
Գառնի գյուղ 884 4554
Գեղադիր գյուղ 97 498
Գեղաշեն գյուղ 511 2813
Գեղարդ գյուղ 40 221
Գետամեջ* գյուղ 123 576
Գյամրեզ գյուղ 257 1405
Գողթ գյուղ 212 1095
Զառ գյուղ 183 973
Զովաշեն գյուղ 58 272
Կաթնաղբյուր գյուղ 79 330
Կապուտան գյուղ 194 1066
Կոտայք գյուղ 214 1143
Հացավան գյուղ 97 494
Զորադբյուր գյուղ 256 1075
Մայակովսկի գյուղ 240 1163
Նոր գյուղ գյուղ 140 708
Նոր Հաճըն* քտա 3871
Նուռնուս գյուղ 86 344
Ոդջաբերդ գյուղ 146 717
Պտղնի ավան 202 972
Ջրաբեր գյուղ 82 377
Ջրվեժ գյուղ 487 2930
Սարանիստ ավան 44 136
Սնաբերդ գյուղ 105 536
Քանաքեռավան* ավան 333 1892
Քյանքյան գյուղ 73 365
Քյուլլուջա ավան 84 482
  • ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972-ի մարտի 15-ի որոշմամբ այս բնակավայրերը մտել են ՀՍՍՀ Նաիրիի շրջանի մեջ։

Պատկերազարդումը տես աղ. I, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։ Ս. Դուլյան, Թ. Հակոբյան

ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, գործում է Քանաքեռում (այժմ Երևանի շրջագծի մեջ), 1939-ից։ Գտնվում է Խ. Աբովյանի հայրական տանը՝ կառուցված մոտ 200 տարի առաջ։ Բաղկացած է պատշգամբից, հյուրասենյակից, թոնրատնից, մառանից։ Հարակից շենքում տեղավորված է կենսագրական թանգարանը։ Ցուցադրված են «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խ. Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ։


ԱԲՈՐԻԳԵՆ (լատ. aborigenes–նախասկզբնական բնակիչներ), տես Բնիկ։


ԱԲՈՐՏ (լատ. Abortus–վիժում), վիժում, անցուցք, հղիության ընդհատում և պտղաձվի հեռացում առաջին 28 շաբաթվա (7 լուսնամսի) ընթացքում։ Ա. լինում է ինքնաբեր և արհեստական։

Ինքնաբեր Ա. առաջանում է արգանդի պատի և պտղաձվի կապի խախտումից։ Պատճառներն են՝ մոր ընդհանուր հիվանդությունը (գրիպ, տիֆ, սիֆիլիս, տուբերկուլոզ, արյան հիվանդություններ, սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, A, E վիտամինների պակաս), սննդային և դեղորայքային թունավորումը, ճառագայթային հիվանդությունը, սեռական օրգանների հիվանդությունը (արգանդին հավելումների բորբոքում, ուռուցք, թերզարգացում), ինչպես և ֆիզիկական տրավման (ծանրություն բարձրացնելը, որովայնի վնասվածքը) ու հոգեկան ապրումները (վախ, հուզմունք)։ Ըստ կլինիկական ընթացքի, ինքնաբեր Ա. լինում է սպառնացող (արգանդի թեթև կծկումներ, ձգող ցավեր գոտկամասում, չնչին արյունային արտադրություն), սկսվող (ցավեր որովայնի ստորին մասում և գոտկամասում, սակավ, բայց անընդմեջ արյունային արտադրություն, արգանդի պարանոցը պահպանվում է, անցքը փակ է), «ընթացքի մեջ» (արգանդի կծկումներ և ուժեղ ցավեր, անընդհատ և առատ արյունային արտադրություն՝ արգանդի կարճացած պարանոց), թերի մակարդուկներով (առատ արյունահոսություն, պուլսի անկում, շոկային վիճակ, ներքին զննման ժամանակ շոշափվում են պտղաձվի մասերը, պարանոցի անցքը բաց է, արգանդը՝ անհավասար փափուկ), լրիվ (պտղաձուն լրիվ վիժվում է, արգանդը՝ դատարկ, կծկված, ամուր, փոքրացած), չկայացած (պտղաձուն մահանում է և երկար ժամանակ՝ ամիսներ, նույնիսկ տարի և ավելի, մնում արգանդում)։ Սպառնացող և սկսվող Ա-ի դեպքում հղիության պահպանում հնարավոր է (անկողնային ռեժիմ, արգանդի կծկումը դադարեցնող, նյարդային համակարգը հանգստացնող դեղանյութեր, վիտամիններ), մյուս ձևերի դեպքում անհնար (ուժեղ արյունահոսությունների ժամանակ մաքրում են արգանդի խոռոչը)։

Արհեստական Ա. պտղաձվի հեռացումն է պտղաձվի կամ հղի կնոջ օրգանիզմի վրա անմիջաբար ներգործելու միջոցով։ Տարբերում են՝ օրինական (բժշկական) և ապօրինի (կրիմինալ) արհեստական Ա-ներ։ Օրինական արհեստական Ա. կատարվում է հիվանդանոցային պայմաններում, վիրահատական միջամտությամբ։ Ա. թույլատրվում է ժառանգաբար փոխանցվող ծանր հիվանդությամբ տառապելու, առողջական վիճակի համար վտանգավոր հղիության, ինչպես նաև անցանկալի ծննդաբերության դեպքում։ Հակացուցումներն են՝ գոնորեան, սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքումները, թարախային օջախների առկայությունը, վարակիչ հիվանդությունները ևն։ Ա. կատարվում է բժշկական մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ հղիության առաջին 12 շաբաթվա ժամկետում։ Ապօրինի է համարվում արտահիվանդանոցային պայմաններում (նույնիսկ բժշկի կողմից) կատարվող ամեն մի վիժում։ Ապօրինի Ա. վտանգավոր է կյանքի համար, այն կարող է արգանդի պատռվածքի և ներքին օրգանների վնասվածքների պատճառ դառնալ։