Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ստիպեց «գրանդներին» ժամանակավոր համաձայնության գալ լևելերների հետ և ընդունել նրանց դեմոկրատական ծրագրի մի մասը։ Դա ապահովեց պառլամենտական բանակի միասնական գործողությունները Կրոմվելի ղեկավարությամբ և թագավորական զորքի ու շոտլանդացիների ջախջախումը 1648-ի օգոստոսին։ Երկրորդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648-ի դեկտ. 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտից վտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։ Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոս I, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվ. 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցին թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649-ի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։ Անգլիական հանրապետությունում (1649–53) պետ. իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժ. ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649–50)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։ 1649–50-ին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641-ին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան 1652-ին միացվեց Անգլիային։ 1650–52-ին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրԵց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժ. դիկտատուրայի հաստատման համար։ 1653-ին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյսւն պառլամենտը։ 1653-ի դեկտ. 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմական դիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով (1653–59)։ Լորդ–պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժ. սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութային ձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651–54), Իսպանիայի (1655–57) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ–Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657-ին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա–ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։ 1660-ի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտը Կառլոս I որդուն հռչակեց թագավոր՝ Կառլոս II անունով (1660–85)։ Նա պարտավորվեց հարգել նոր բուրժ. կարգերը և պառլամենտի գերիշխանությունը։ Վերականգնվեց նաև անգլիկան եկեղեցին՝ որպես պետ. եկեղեցի։ 1660–88-ը Ստյուարտների վերահաստատման շրջանն է։ Խախտելով իրենց խոստումները՝ Ստյուարտները, հատկապես Հակոբ II (1685–88), փորձում էին վերականգնել հին վարչակարգը։ Դա հանգեցրեց 1688–89–ի պետ. հեղաշրջմանը («Պանծալի հեղափոխություն»), որի հետևանքով պետ. իշխանությունը վերջնականապես անցավ խոշոր բուրժուազիային։ Հաստատվեց սահմանադրական միապետություն։ Ա. բ. հ. իր բնույթով ժողովրդական էր։ Սակայն, հեղափոխության հիմնական պտուղներից օգտվեց բուրժուազիան։ Ա. բ. հ. նախադրյալներ ստեղծեց արտադրողական ուժերի բուռն աճի համար և մեծ ներգործություն ունեցավ կապիտալիզմի զարգացման վրա։ Ա. բ. հ–յամբ սկսվում է նոր պատմության դարաշրջանը։

Գրկ. Маркс К. и Энгельс Ф., [Рецензия] Гизо «Почему удалась английская революция? Рассуждение об истории английской революции», Соч., 2 изд., т. 7; Маркс К., Буржуазия и контрреволюция, там же, т. 6; Английская буржуазная революция XVII в., т. 1–2, под. ред. Е. А. Косминского и Я. И. Левицкого, М., 1954; Лавровский В. М. и Барг М. А., Английская буржуазная революция М., 1958. Գ. Հարությունյան

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, տես Ռախիտ։


ԱՆԳԼԻԱԿԱՆ ՄՍԱԲՐԴԱՏՈՒ ՈՉԽԱՐՆԵՐ, XVIII–XIX դդ. Անգլիայում ստացված կիսանրբագեղմ ոչխարի ցեղեր։ Բաժանվում են երկարաբուրդ, կարճաբուրդ և լեռնային խմբերի։ Ամենից շատ տարածված են երկարաբուրդ ցեղերը՝ լեյստյորները, բորդյոր–լեյստյորները, լինքոլները, ռոմնի–մարշերը, դևոնները ևն (ընդամենը՝ 10 ցեղ)։ Ոչխարները խոշոր են, բուրդն ունի յուրահատուկ փայլ և մինչև 30 սմ երկարություն։ Բրդատվությունը՝ 4–6 կգ։ Կարճաբուրդ 12 ցեղերից ավելի հայտնի են շրոպշիրները, հեմպշիրները, օքսֆորդդաունները, սոութդաունները և դորսեթները։ Բրդի երկարությունը՝ 6–10 սմ, բրդատվությունը՝ մոտ 3 կգ։ Ունեն լավորակ միս։ Օգտագործվում են վաղահաս ցեղեր ստանալու համար։ Լեռնային ոչխարները (15 ցեղ) ունեն ոչ մեծ չափեր և տարբեր որակի բուրդ։ Ա. մ. ո. վաղահաս են՝ 3–4 ամսական դառներից ստացվում է մինչև 20 կգ միս։ Միսը համեղ Է, բարձրորակ։ Ունեն նաև բարձր բրդատվություն։ Ա. մ. ո. բուծում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում, եվրոպական երկրների հատկապես մեղմ կլիմա ունեցող շրջաններում, նաև ՍՍՀՄ–ում։


ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐ, ազգ, Մեծ Բրիտանիայի հիմնական բնակչությունը, մոտ 45 մլն. մարդ (1967)։ Ապրում են նաև Իռլանդիայում, անգլիական նախկին դոմինիոններում ու գաղութներում և այլ երկրներում։ Լեզուն անգլերենն Է։ Հավատացյալ Ա–ի մեծամասնությունը պատկանում է անգլիկան (ավելի քան 25 մլն.) և կաթոլիկ (3,4 մլն.) եկեղեցիներին։ Կան նաև բողոքական տարբեր աղանդների հետևորդներ։ VII– X դդ. կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը՝ V–VI դդ. Բրիտանական կղզիներ ներխուժած գերմ. ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների և բնիկների՝ գեյլերի, պիկտերի, բրիտների ձուլմամբ։ Ա–ի Էթնիկական պատմության մեջ շրջադարձ տեղի ունեցավ, երբ նորմանները գրավեցին Անգլիան (1066), և մոտ երկու դար պաշտոնական լեզուն ֆրանսերենն Էր։ XIII–XIV դդ. անգլո–սաքսերը և նորմանները միաձուլվեցին, կազմավորվեց միասնական անգլիական ազգություն։ XVI դ. ստեղծվեց համաանգլիական խոսակցական և գրական լեզուն։ XVII դ. Անգլիական բուրժուական հեղափոխության հաղթանակով հիմնականում ավարտվեց անգլիական ազգի ձևավորումը։ XVII–XIX դդ. գաղութային նվաճումների հետևանքով շատ Ա. տեղափոխվեցին նոր գրավված երկրները (Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա) և, խառնվելով բնիկների ու այլ երկրներից եկած վտարանդիների հետ, ստեղծեցին անգլերեն խոսող նոր ազգեր՝ ամերիկացիներ, ավստրալիացիներ, նորզելանդացիներ ևն։ Ա–ի կենցաղում պահպանվել են ավանդական շատ սովորույթներ, զանազան ծիսական արարողություններ, բնակարանները երկհարկ են՝ միմյանց հետ ներքին աստիճանասանդուղքներով կապված սենյակների ուղղահայաց դասավորությամբ, տարածված Է բուխարիկը, օգտագործում են յուրատեսակ ուտեստեղեն, հագուստ ևն։ Անգլիան մարզական շատ խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս ևն) հայրենիքն Է։ Հարուստ Է անգլիացիների բանահյուսությունը։ Ի. Գրոզդովա


ԱՆԳԼԻԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, բողոքական եկեղեցիներից մեկը։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ Ա. ե. Անգլիայի պետական եկեղեցին Է։ Ձևավորվել XVI դ., Ռեֆորմացիայի շրջանում։ Ա. ե–ու առաջնորդը թագավորն է, գահերեցը՝ Քենտըրբերիի արքեպիսկոպոսը։ Ինքնուրույն Ա. ե–ներ կան նաև Շոտլանդիայում, Ուելսում, Իռլանդիայում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Անգլիկան եկեղեցին միավորում է շուրջ 30 մլն. հավատացյալների։

Գրկ. Անկլիքան եկեղեցի Ա անոր հնութիւնը, հաւատքը, քահանայական պաշտօնը և պաշտամունքը, ԿՊ, 1847։


ԱՆԳԼՈ–ԱՖՂԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ, Անգլիայի զավթողական, գաղութատիրական պատերազմները Աֆղանստանի դեմ։ Առաջին պատերազմը (1838–42)