Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ավարտվեց Աֆղանստան ներխուժած անգլիական զորքերի արտաքսումով։ Երկրորդ պատերազմի (1878–80) հետևանքով Աֆղանստանի էմիր Աբդոռահմանը ճանաչեց անգլիական վերահսկողությունր իր երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ և համաձայնեց տերիտորիալ զիջումների, պահպանելով, սակայն, ներքին գործերի տնօրինման իրավունքը։ Երրորդ պատերազմը (1919-ի մայիսի 3–հունիսի 3) ավարտվեց Ռավալպինդիում՝ 1919-ի օգոստոսին ստորագրված անգլո–աֆղանական հաշտության նախնական պայմանագրով, որով պահպանվեց Աֆղանստանի տերիտորիալ ստատուս քվոն։ Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ազդեցությամբ Աֆղանստանում ժող. պատերազմի հեռանկարը Անգլիային հարկադրեց ճանաչել Աֆղանստանի անկախությունը (1919-ի օգոստոս), որը արտացոլվեց 1921-ի անգլո–աֆղանական պայմանագրում։

ԱՆԳԼՈ–ԲՈՒՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1899–1902, Անգլիայի նվաճողական իմպերիալիստական պատերազմն ընդդեմ ոսկով ու ալմաստով հարուստ հարավ–աֆրիկյան Օրանժ և Տրանսվաալ բուրական հանրապետությունների։ Բուրերը համառ դիմադրություն ցույց տվեցին, սակայն հետագայում պարտվեցին թշնամու գերակշռող ուժերից և հաշտության պայմանագիր ստորագրեցին (1902), որով Տրանսվաալն ու Օրանժը դարձան անգլիական գաղութներ։ 1910-ին բուրական հանրապետությունները մտցվեցին նոր կազմակերպված Հարավ–Աֆրիկյան Միություն դոմինիոնի մեջ։


ԱՆԳԼՈ–ԵԳԻՊՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1936, ստորագրվել է օգոստոսի 26-ին, Լոնդոնում։ Ա–ե. պ., ձևականորեն հայտարարելով Եգիպտոսի ռազմական օկուպացման վերացումը, փաստորեն Անգլիային իրավունք էր վերապահում զորքեր ունենալ Եգիպտոսում և իր ձեռքում պահել Ալեքսանդրիայի ծովային բազան։ Պատերազմի դեպքում Եգիպտոսը պարտավոր էր իր նավահանգիստները, օդանավակայանները ու կապի միջոցները տրամադրել անգլիական հրամանատարությանը։ Պայմանագիրը վերականգնում էր նաև Արևելյան Սուդանը համատեղ կառավարելու մասին 1899-ի անգլո–եգիպտական համաձայնությունը, որը փաստորեն չեղյալ էր համարվել 1924-ին, երբ Անգլիան իր տիրապետությունը հաստատեց Սուդանում։ 1954-ի անգլո–եգիպտական համաձայնագրով 1936-ի Ա–ե. պ. կորցրեց իր ուժը։


ԱՆԳԼՈ–ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍՈՒԴԱՆ, Սուդանի անվանումը բրիտանական գաղութային տիրապետության շրջանում (1899–1955)։


ԱՆԳԼՈ–ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՍ ԳՐԵՐ 1801, 1809, 1814, 1857,1882,1919։ 1801-ի քաղաքական և առևտրական պայմանագրերը կնքվել են հունվարի 4-ին, Թեհրանում։ Իրանը պարտավորվում էր պաշտպանել Հնդկաստանին՝ Աֆղանստանի կամ եվրոպական որևէ տերության հարձակման դեպքում։ Անգլիան պարտավորվում էր Իրանին մատակարարել զենք և ռազմական հանդերձանք։ Առևտրական պայմանագրով անգլ. և հնդ. վաճառականներին արտոնվում էր անգլ. որոշ ապրանքներ առանց մաքսի ներմուծել Իրան։ 1809-ի պայմանագիրը («դաշինքի և բարեկամության մասին») կնքվել է մարտի 12-ին, Թեհրանում, այն բանից հետո, երբ Տիլզիտի հաշտությամբ (1807) Ֆրանսիան դադարեց օգնել Իրանին՝ Ռուսաստանի դեմ 1804–13-ին մղվող պատերազմում։ Իրանը պարտավորվում էր խզել հարաբերությունները Ֆրանսիայի և Անգլիային թշնամի մյուս պետությունների հետ, իսկ Անգլիան պարտավորվում էր մինչև պատերազմի ավարտը Իրանին տարեկան վճարել 160 հզ. թուման և հրահանգիչներ ու զենք ուղարկել իրանական բանակի համար։ 1814-ի պայմանագիրը կնքվել է Թեհրանում, նոյեմբ. 25-ին, 1809-ի պայմանագրի հիման վրա։ Իրանը պարտավորվում էր չեղյալ հայտարարել Անգլիային թշնամի բոլոր եվրոպական պետությունների հետ կնքված պայմանագրերն ու դաշինքները, թույլ չտալ, որ նրանց զորքերը Իրանի վրայով անցնեն Հնդկաստան, Աֆղանստանի և Բրիտանական Հնդկաստանի միջև պատերազմ ծագելու դեպքում՝ անգլիացիներին օգնել զորքով, զինվորական հրահանգիչներ հրավիրել միայն Անգլիայից կամ նրան բարեկամ երկրներից։ Անգլիան պարտավորվում էր Իրանի վրա որևէ եվրոպական տերության հարձակման դեպքում Իրանին օգնել Հնդկաստանից բերված անգլիական զորքով կամ 200 հզ. թուման ամենամյա նպաստով, վերանայել ռուս–իրանական պայմանագրով (տես Գյուլիսաանի հաշտության պայմանագիր 1813) հաստատված ռուս–իրանական սահմանը հօգուտ Իրանի, չմիջամտել Իրանի ներքին գործերին և Իրանի ու Աֆղանստանի միջև հնարավոր պատերազմին։ 1857-ի պայմանագիրը վերջ դրեց 1856–57-ի անգլո–իրանական պատերազմին։ Կնքվել է մարտի 4-ին, Փարիզում, նախապատերազմյան ստատուս քվոյի հիման վրա և ունի փոխզիջման բնույթ։ Իրանը պարտավորվում էր զորքերը հանել Հերաթից ու Աֆղանստանին հարող մի քանի այլ վայրերից և ճանաչել Հերաթի ու Աֆղանստանի անկախությունը։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից Հերաթի ու Աֆղանստանի միջև տարաձայնություններ ծագելիս՝ դիմել Անգլիայի միջնորդությանը։ Անգլիան պարտավորվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս բերել Իրանից։ 1882-ի համաձայնագիրը կնքվել է մարտի 2-ին։ Այն անգլիացիներին իրավունք էր վերապահում ստուգման ենթարկել իրանական առևտրական նավերը։ 1919-ի համաձայնագիրը կնքվել է օգոստ. 9-ին։ Անգլիան իրավունք էր ստանում վերակառուցել իրանական բանակը, խորհրդատուներ ունենալ Իրանի պետական հիմնարկություններում ևն։ Իրանին տրամադրված 2 մլն. ֆունտ ստեռլինգ փոխառությունը պետք է ծախսվեր անգլիացիների հսկողությամբ։ Համաձայնագիրը չեղյալ հայտարարվեց 1921-ի փետրվարին՝ իրանական հասարակայնության ճնշման տակ։


ԱՆԳԼՈ–ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1907, կնքվել է օգոստ. 18(31)–ին, Պետերբուրգում։ Աշխարհի բաժանման համար իմպերիալիստական տերությունների մղած պայքարում անգլո–գերմ. և ռուս–գերմ. հակասությունների սրման արդյունքն էր։ Երկու կողմերը ճանաչեցին Տիբեթի տերիտորիալ անձեռնմխելիությունը։ Իրանը բաժանվում էր երեք գոտու. 1. ռուսական ազդեցության (հյուսիսային), 2.անգլիական ազդեցության (հարավային) և 3. չեզոք (անգլիականի և ռուսականի միջև)։ 3-րդ գոտին դարձավ անգլո–ռուական մրցակցության ասպարեզ։ Ռուսաստանը ճանաչում էր Անգլիայի ազդեցությունը Աֆղանստանում՝ պայմանով, որ պահպանվի նրա տերիտորիալ ամբողջականությունը։ Համաձայնագիրը Անտանտի ձևավորման կարևոր փուլ էր, միևնույն ժամանակ ուղղված էր Արևելքի ժողովուրդների ազգային–ազատագր. շարժման դեմ։


ԱՆԳԼՈ–ՍԱՔՍԵՐ, V–VI դարերում Կելտական Բրիտանիան նվաճած գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի և ֆրիզների ընդհանուր անվանումը։ VII–X դդ. Ա–ս–ի և կելտական տարրերի (մասնավորապես բրիտների) խառնուրդից կազմավորվեց անգլո–սաքսոնական ժողովուրդը։ Նորմանդական նվաճումից (1066) հետո Ա–ս., որոնք արդեն խառնվել էին Անգլիայի հս–արլ–ում և արլ–ում բնակություն հաստատած դանիացիների և նորվեգացիների հետ, ձուլվեցին Ֆրանսիայից եկածներին, և սկզբնավորվեց անգլ․ ազգությունը (տես Անգլիացիներ


ԱՆԳԼՈ–ՍԱՔՍՈՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ, Կելտական Բրիտանիայի նվաճումը հյուսիս–գերմանական ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի, ֆրիզների կողմից (V–VI դդ.)։ Բնիկների՝ բրիտների մի մասը, չցանկանալով հպատակվել նվաճողներին, համառ դիմադրությունից հետո գաղթեց մայր ցամաք՝ հաստատվելով Արմորիկա թերակղզում, որն ստացավ Բրետան անունը։ Բրիտանիայում անգլո–սաքսերն ստեղծեցին մի քանի թագավորություններ։ Տեղական բնակչությունը մասամբ ոչնչացվեց կամ մղվեց դեպի հս. և արմ., մասամբ էլ դարձավ ստրուկ ու կիսազատ։ Սակայն, բնիկների զգալի մասը ձուլվեց նվաճողներին։


ԱՆԳԼՈ–ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1904 (ֆրանս. «Entente cordiale» – «սրտագին համաձայնություն»), կնքվել Է ապրիլի 8-ին, Լոնդոնում։ Ֆրանս–ռուսական դաշինքի (1891–93) և անգլո–ռուսական համաձայնագրի (1907) հետ միասին դարձավ հակագերմանական խմբավորման՝ Անտանտի հիմքը։ Բաղկացած էր մեկ կոնվենցիայից և երկու դեկլարացիայից, որոնք կարգավորում Էին Նյու Ֆաունդլենդի, Սիամի (Տաիլանդ), Արևմտյան Աֆրիկայի, Մադագասկարի և այլ տերիտորիաների վերաբերյալ եղած վեճերը։ Սիամը Մենամ գետով բաժանվում էր անգլիական և ֆրանսիական ազդեցության ոլորտների։ Եգիպտոսին և Մարոկկոյին վերաբերող դեկլարացիան կազմված էր հրապարակման ենթակա և գաղտնի մասերից։ Կողմերը հրապարակվող մասում պարտավորվում էին այդ երկրների քաղաքական իրավիճակը չփոփոխելով հանդերձ՝ ճանաչել Անգլիայի գերիշխանությունը Եգիպտոսում, իսկ Ֆրանսիայինը՝ Մարոկկոյում։ Գաղտնի