Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԴԱՄԱՆՅԱՆ ԾՈՎ, Հնդկական օվկիանոսի կիսափակ ծով, արևելքից ողողում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիները, հարավից՝ Սումատրա, արևմուտքից՝ Անղամանյան և Նիքոբարյան կղզիները։ Ա. ծ–ի հիմնական նավահանգիստներն են՝ Ռանգունը (Բիրմա), Փինանգը, Ջորջթաունը (Մալայզիա)։


ԱՆԴԱՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, արշիպելագ Հնդկական օվկիանոսում, Բենգալյան ծոցի և Անղամանյան ծովի միջև։ Պատկանում են Հնդկաստանին։ Տարածությունը 6,5 հզ. կմ² է, բն. 39 հզ. (1961)։ Ա. կ–ում կան ծխացող հրաբուխներ։ Մշակվում են կաուչուկատու ծառեր, կոկոսյան արմավենի, բրինձ։ Միակ քաղաքը Պորտ–Բլերն է։


ԱՆԴԱՄԱՆՑԻՆԵՐ, Անդամանյան կղզիների բնիկները։ Ա. ցածրահասակ են (տղամարդկսւնց միջին հասակը՝ 148 սմ, կանանցը՝ 138 սմ), պատկանում են նեգրոիդ մարդաբանական տիպին։ Ա–ի հավատալիքներին բնորոշ է անտառի ոգիների պաշտամունքը։


ԱՆԴԱՄԱՎՆԱՍՈՒՄ (անդամախեղում, ինքնավնասում), առողջության կամ մարմնի տարբեր մասերի դիտավորյալ, ապօրինի ինքնավնասում։ Ա–ման նպատակով օգտագործվում են հրազեն, սուր և բութ գործիքներ, տրանսպորտային միջոցներ, թերսնուցում, ցածր ջերմաստիճան ևն։ Ա–ման տեսակներն են՝ շնչառական օրգանների արհեստական ճանապարհով առաջացրած հիվանդություններ (բրոնխիտներ, պլևրիտներ), ստամոքս–աղիքային համակարգի (փորլուծություն), վիրաբուժական (հեշտոցի և ուղիղ աղիքի արտանկումներ, ճողվածքներ), մաշկի վնասվածքներ (խոցեր, թարախային բորբոքումներ), միզա–սեռական օրգանների (միզապարկի և միզուկի բորբոքումներ, արյունամիզություն) և այլ հիվանդություններ ու սինդրոմներ։ Ա. առավելապես նկատվում է հոգեկան հիվանդների մոտ։ Առողջ անձանց կողմից Ա. կատարվում է մարմնի այՆ մասերում, որոնք կյանքի համար սակավ վտանգավոր են։ Ա. դատապարտելի արարք է։ Ն․ Ավագյան


ԱՆԴԱՅ (Anday) Մելիխ Ջևդեթ (ծն. 1915), թուրք բանաստեղծ։ Առաջին ժողովածուն՝ «Ղարիբ» (1941, Օրհան Վելիի և Օկտայ Ռիֆաթի հետ), երիտասարդ թուրք բանաստեղծ–նորարարների գրական մանիֆեստն էր։ Լույս է ընծայել՝ «Հանգիստը կորցրած ծառը» (1946), «Հեռագրատուն» (1952), «Կողք–կողքի» (1956) գրքերը։ «Սովետական Ռուսաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Բուլղարիա, Հունգարիա» (1965) ճանապարհորդական նոթերում նկարագրել է սոցիալիստական երկրների կյանքը, արգահատանքով հիշել թուրք ջարդարարների բարբարոսությունները հայ ժողովրդի նկատմամբ։


ԱՆԴԱՆՏԵ (իտալ. andante, andare – քայլել բառից), երաժշտության մեջ՝ հանդարտ քայլքին համապատասխանող չափավոր դանդաղ տեմպ։

(նկ․) «Անդաստան» հանդեսի շապիկը։


«ԱՆԴԱՍՏԱՆ», պարբերական գրականության և արվեստի։ Լույս է տեսել 1952–1969-ին, Փարիզում, նախ որպես եռամսյա, ապա որպես պարբերագիրք (տարին մեկ համար)։ Խմբագիրն էր Բ. Թոփալյանը։ «Ա.» տպագրել է գեղարվեստական ոչ ծավալուն գործեր, գրականության, արվեստի, գեղագիտության, մշակույթի հարցերին նվիրված հոդվածներ, գունավոր վերարտադրություններ հայ նկարիչների գործերից։ Զգալի տեղ Է հատկացրել թարգմանական (մեծ մասամբ ֆրանսերեն) նյութերին՝ նպատակ ունենալով ֆրանսախոս և օտար ընթերցողներին ծանոթացնել հայ դասական գրողների ստեղծագործություններին (Քուչակ, Սայաթ–Նովա, Հ. Թումանյան, Դ. Վարուժան, Ե. Չարենց և ուրիշներ)։ «Ա.»–ին աշխատակցել են Հ. Զարդարյանը, Զ. Որբունին, Վ. Քաչան, Վ. Մավյանը, Լ. Անդրե–Մարսելը և այլ հայ ու ֆրանսիացի հեղինակներ։ Տպագրել է նաև սովետահայ գրողների գործերից։


ԱՆԴԵԶԻՆ, ապար կազմող միներալ՝ պլագիոկլազների խմբից։ Համակարգը տրիկլինային Է։ Գույնը՝ սպիտակ, կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2670 կգ/մ³։ Սովորաբար հանդիպում է հատիկներով։


ԱՆԴԵԶԻՏ (անվանումը՝ Անդյան լեռներից), հրաբխային ապար՝ սովորաբար պորփյուրային կառուցվածքով։ Մեծ մասամբ մուգ մոխրագույն Է։ Ներփակումները ցրված են մանրահատիկ անդեզինից և ավգիտից կամ հրաբխային ապակուց կազմված հիմնական զանգվածում։ Բազալտների հետ միասին Ա. մեծ տարածում ունի ինչպես հնագույն, այնպես Էլ ժամանակակից հրաբխայնության շրջաններում։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաներում, Արագած լեռնազանգվածում, Դեբեդ, Որոտան, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում ևն։ Օգտագործվում է որպես շինարարական և թթվակայուն նյութ։


ԱՆԴԵՐ (ինկերեն՝ անտա–պղինձ, պղնձյա լեռներ), Անդյան Կորդիլիերա (Andes), աշխարհի ամենաերկար (9000 կմ) լեռնային համակարգը և ամենաբարձրներից մեկը (Ակոնկագուա, 6960 մ)։ Հս–ից և արմ–ից եզերում են ամբողջ Հարավային Ամերիկան։ Առաջացել են ալպյան լեռնակազմական պրոցեսների հետևանքով։ Ա–ի տեկտոնական պրոցեսները շարունակվում են նաև այժմ։ Նորագույն ժամանակներում եղել են ուղղաձիգ բարձրացումներ։ Ա. կազմված են հս–ից հվ. ձգվող լեռնաշղթաներից, իսկ նրանց միջև ընկած են ներքին սարահարթերը կամ իջվածքները։ Հս–ում Ա. ձգվում են արմ–ից արլ.։ Հս–արլ–ում գտնվում են Կարիբյան Ա. (բարձր, մինչև 2765 մ), նրանց անմիջական շարունակությունն են Հյուսիս–արևմտյան Ա., որոնք Կաուկա և Սագդալենա գետերի հովիտներով բաժանվում են Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Կորդիլիերայի։ Ավելի հարավ (մինչև հվ. լ. 4°) ձգվում են վառ արտահայտված հրաբխականությամբ՝ Էկվադորի Ա. (Զիմբորասո՝ 6262 մ, Կոտոպախի, Սանգայ ևն)։ Հարավային լայն. 4°–ից մինչև 14° գտնվում են Պերուական Ա. (ալպյան տիպի ռելիեֆով, մասնատված Մարանիոն, Ուկայալի գետերի վերին հոսանքներով)։ Մինչև հվ. լ. 28° տարածված են Կենտրոնական Ա., համակարգի ամենաընդարձակ (լայն. 700–800 կմ) և բարդ մասը։ Այստեղ, մոտ 4000 մ բարձրության վրա, գտնվում է Պունա սարահարթը իր մի քանի մնացորդային լճերով (Տիտիկակա, Պոոպո ևն)։ Հվ. լ. 28°–ից հվ. ձգվում են Չիլի–Արգենտինյան Ա., ուր աչքի են ընկնում Գլխավոր Կորդիլիերան (Ակոնկագուա) և Առափնյա Կորդիլիերան, որոնք բաժանված են Երկայնակի հովտով։ Ծայր հվ–ում են Պատագոնյան Ա. (մինչև 4035 մ)՝ բազմաթիվ սառցապատված զանգվածներով։ Առափնյա Կորդիլիերան այստեղ վերածվում է կղզիների (Չիլիական արշիպելագ), իսկ Երկայնակի հովիտը՝ նեղուցների։ Ա–ի լանդշաֆտը բազմազան է։ Լեռների արլ. լանջերին (Կոլումբիական Ա. մինչև հվ. լ. 28°) զգալի է Ատլանտյան օվկիանոսից եկող խոնավությունը։ Արմ. լանջերին (հվ. լ. 5°–28°) բնորոշ են չոր անապատային կլիման և մակերեսային ջրերի աղքատ հոսքը։ Հվ. լ. 28°–ից հվ. տեղումներն ավելանում են և Պատագոնյան Ա–ի արմ. լանջերին, բարեխառն գոտում հասնում 5–7 հզ. մմ–ի։ Արլ. լանջերը չոր են (բացառությամբ ծայր հարավի)։ Ա–ով է անցնում միջօվկիանոսային ջրբաժանը, որից սկիզբ են առնում Հարավային Ամերիկայի գետերի մեծ մասը։ Ա–ի հս–արմ. լանջերը ծածկված են լատերիտային հողերով և լեռնային խոնավ արևադարձային անտառներով, որոնք ավելի վեր փոխվում են տերևաթափ անտառների և ապա՝ մարգագետինների (պարամոս)։ Չիլիի մերձարևադարձային Ա–ում գերակշռում են դարչնագույն հողերով և մշտադալար չոր մերձարևադարձային անտառներով ու թփուտներով շրջանները։ Հվ. լ. 38°–ից հվ. տարածված են խոնավ մշտականաչ և խառն անտառները՝ անտառային գորշ հողերով։ Պունայի