Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղի մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ։ Ա. ամայացվել ու ավերվել է XX դ. սկզբին։

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Անդրանիկ Վահանի (ծն. 1909), ամերիկահայ գրող, խմբագիր, մշակութային, քաղաքական գործիչ։ Ծնվել է հոկտեմբերի 4-ին, Արևմտյան Հայաստանի Չմշկածագի գավառի Հազարի գյուղում։ 1928-ից բնակվում է ԱՄՆ–ում։ 1937–57-ին խմբագրել է «Նոր օր» եռօրյա թերթը, «Պայքար» օրաթերթը, ապա «Պայքար» հանդեսը, 1970-ից «Նոր օր» օրաթերթը։ Առաջին պատմվածքները լույս են տեսել 1932-ին։ Ա. քննադատել է ամերիկյան ապրելակերպը, սոցիալական անարդարությունները («Սպիտակ արդարություն», 1938)։ «Կարմիր ասպատակի օրագրեն» (1947) գրքում պատկերել է ուկրաինական պարտիզանների կյանքը Հայրենական մեծ պատերազմում։

Երկ. Սպիտակ արդարություն, Ե., 1960։ ՍՓյուռքը և հայրենիքը, Բեյրութ, 1962։ Տարագիր երկնքի տակ, Բոստոն, 1967։


ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Գալուստ Սարգսի (1869–1906), հայ հրապարակախոս, խմբագիր, մանկավարժ։ Ծնվել է հունվարի 1-ին, Մուշում։ Ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը (1887)։ 1889-ից Կ. Պոլսում աշխատակցել է «Մասիս» և այլ պարբերականների։ 1898-ից խմբագրել է «Բյուրակն» թերթը, գործուն պայքար ծավալել արևմտահայ գրական լեզվի մաքրության, գրականության ժողովրդայնության համար։ Զբաղվել է նաև ուսուցչությամբ Կ. Պոլսում, Ռոդոսթոյում և Մուշում։ Հայերենի է փոխադրել Հաքսլիի «Գիտական զրույցներ» գիրքը։ Մահացել է մարտի 17-ին։

Երկ․ Գիտություններու վրա ժողովրդական դասեր, հետևողությամբ Հքսլեի, ԿՊ, 1897։


ԱՆԴՐԵԵՍԿՈՒ (Andreescu) Յոն (1850–1882), ռումինացի նկարիչ։ ՌՍՀ ակադեմիայի պատվավոր անդամ (1948, ետմահու): Ծնվել ե փետրվարի 15-ին, Բուխարեստում։ Սովորել է Բուխարեստի Գեղարվեստի դպրոցում (1869–72) և Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1879–81)։ 1870-ական թթ. վերջերին հարել է Բարբիզոնի դպրոցին։ Ա–ի ռեալիստական գործերը հիմնականում դիմանկարներ են, բնանկարներ և պատկերներ ռումին գյուղացու կյանքից։ Ա–ի ծննդյան 100-ամյակի առթիվ հանրապետության նկարչության ազգային մրցանակը վերանվանվեց «Յոն Անդրեեսկու մրցանակ»։ Ա. մահացել է հոկտ. 22-ին, Բուխարեստում։


ԱՆԴՐԵԵՎ Անդրեյ Անդրեևիչ (1895-1971), սովետական կուսակցական և պետական նշանավոր աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1914-ից։ Ծնվել է հոկտեմբերի 30-ին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1926–30-ին եղել է ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1932–52-ին՝ անդամ, 1924–25-ին և 1935–46-ին՝ Կենտկոմի քարտուղար, 1939–52-ին՝ Կենտկոմին կից կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ։ 1931–35-ին աշխատել է որպես ՍՍՀՄ հաղորդակցության ճանապարհների Ժողկոմ, 1943–46-ին՝ ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստր, 1946–1953-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի 4 և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Մահացել է դեկտ. 5-ին, Մոսկվայում։

(նկ․) Ա. Ա. Անդրեև։ (նկ․) Բ. Ֆ․ Անդրեև։


ԱՆԴՐԵԵՎ Բորիս Ֆեոդորովիչ (ծն. 1915), ռուս սովետական կինոդերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ծնվել է հունվարի 27 (փետր. 9)–ին, Սարատովում։ Առաջին կինոդերակատարումներում՝ Նազար Դումա («Տրակտորիստներ», 1939), Սաշա Սվինցով («Երկու մարտիկ», 1943), Բուրմակ («Ասք Սիբիրյան երկրի մասին», 1948) անձնավորել է արտաքնապես անտաշ, զորեղ, բարեհոգի և անմիջական ռուս երիտասարդների կերպարներ։ 1950-ական թթ–ից Ա. կերտել է հոգեբանորեն խորը, զգացմունքային մեծ ուժի, ինքնատիպ, գունեղ կերպարներ՝ Իլյա Ժուրբին («Մեծ կյանք», 1954), Պարագլուխ («Լավատեսական ողբերգություն», 1963) ևն։ Ա. արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1948, 1950)։ Պարգևտրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով։

(նկ․) Բ. Ֆ. Անդրեևը Պարագլխի դերում՝ «Լավատեսական ողբերգություն» կինոնկարում (1963)։


ԱՆԴՐԵԵՎ Լեոնիդ Նիկոլաևիչ (1871–1919), ռուս գրող։ Ծնվել է օգոստոսի 9(21)–ին, Օրյոլում։ Գրական գործունեությունն սկսել է 1895-ից՝ ֆելիետոններով։ Վաղ շրջանի պատմվածքներում («Բերգամոտը և Գարասկան», 1898, «Շտաբս–կապիտան Կաբլուկովի կյանքից», 1898 ևն) արտահայտել է դեմոկրատական հայացքներ, հետագայում հարել է դեկադենտական դպրոցին, մարդկային կյանքը համարել անիմաստ, բանականությունը՝ անզոր («Պատը», 1901, «Միտք», 1902, «Վասիլի Ֆիվեյսկու կյանքը», 1904)։ «Նահանգապետը» (1906), «Յոթ կախվածների պատմությունը» (1908), «Իվան Իվանովիչ» (1908) պատմվածքներում քննադատել է բուրժուական հասարակության հիվանդոտ կողմերը, միաժամանակ արտահայտելով համակրանք հեղափոխության (1905–07) նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ա. հեռացել է ռուս գրականության առաջադեմ ավանդույթներից։ Դժգոհությունը կյանքից նրա հերոսների մոտ արտահայտվում է անարխո–նիհիլիստական խռովարարությամբ («Խավար», 1907, «Արքա Սովը», 1908, պատմվածքները և «Սև դիմակներ», 1908, «Անաթեմա», 1910, փիլիսոփայական դրամաները)։ Ա–ի ստեղծագործությունը մոտիկ է եղել էքսպրեսիոնիզմին։ Սահացել է սեպտ. 12-ին, Նեյվալայում (Ֆինլանդիա)։

(նկ․) Լ.Ն. Անդրեև։ (նկ․) Ն. Ա. Անդրեև։

Երկ. Օտարազգին, Թ., 1903։ Խավար, Էջմիածին, 1908։ Յոթ կախվածների պատմությունը, Ե., 1909։ Անաթեմա, Թավրիզ, 1910։ Полн. собр. соч., т. 1–8, СПБ, 1913.


ԱՆԴՐԵԵՎ Նիկոլայ Անդրեեիչ (1873–1932), ռուս սովետական քանդակագործ և գրաֆիկ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1931)։ Ծնվել է հոկտեմբերի 14(26)–ին, Մոսկվայում։ Սովետական արվեստի պատմության մեջ Ա. խոշոր ներդրում է կատարել Վ. Ի. Լենինի կերպարը մարմնավորող քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների՝ «Լենինիանա» հայտնի շարքով (19Չ0–33, Լենինի կենտր. թանգարան, Տրետյակովյան պատկերասրահ), որ կատարել է բնականից արված էտյուդների և ճեպանկարների հիման վրա։ Նախասովետական շրջանից հայտնի է Ա–ի՝ Ն. Վ. Գոգոլի հուշարձանը (1909, Մոսկվա)։ Սոցիալիստական արվեստի ձևավորման շրջանում «մոնումենտալ պրոպագանդայի» լենինյան ծրագրի ակտիվ իրագործողներից էր (Ա. Ի. Գերցենի, 1922, Ն. Պ. Օգարյովի, 1922, Ա. Ն. Օստրովսկու, 1929, հուշարձանները Մոսկվա–յում)։ Ա. ստեղծել է նաև հոգեբանական դիմանկարների գրաֆիկական շարք (Մ. Մ. Գորկի, 1921, Ա. Վ. Լունաչարսկի, 1921, Ֆ. Է. Ձերժինսկի, 1922)։ Մահացել է դեկտ. 24-ին, Մոսկվայում։

Պատկերազարդումը տես աղ. XIX, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։


ԱՆԴՐԵԵՎ Վեսելին Գեորգիև (ծն. 1918), բուլղար գրող, կոմունիստ։ Սկսել է գրել 1934-ից։ Մասնակցել է հակաֆաշիստական զինված պայքարին (1941–45), եղել է «Չավդար» պարտիզանական բրիգադի կոմիսար։ Նրա գրչին են պատկանում «Պարտիզանական երգեր» (1947) բանաստեղծությունների ժողովածուն, «Աշխարհում կա Մոսկվա» (1951) ակնարկաշարը, «Լոբանյան անտառում» (1953) հուշագրու–