բերդի որձաքարով շարված պարիսպը (բացվել է պեղումներով)։ Քարերն ունեն ծիծեռնակապոչ գամերի համար արված փորվածքներ։ Այդ շրջանին է վերագրվում նաև միջնաբերդի թաղակապ, միանավ, այսպես կոչված՝ պալատական եկեղեցին (VII դ.). որի որմնասյուներին պատկերված են 4 ավետարանիչների խորհրդանիշ բարձրաքանդակները, ինչպես նաև Աբրահամի՝ Իսահակին զոհաբերելու տեսարանը։ Եկեղեցու մուտքի բարավորին պատկերված է երկու հեծյալների բարձրաքանդակը։ XIII դ. հյուսիսային պատին կից կառուցվել է զվարթնոցատիպ որմնասյուներով կրկնահարկ տապանատուն–մատուռ, որի ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր (չափագրությունը կատարել Է Ն. Բունիաթյանը): 963–64-ին Աշոտ Գ Ողորմածի կառուցած «Աշոտաշեն» պարիսպների (բացվել է 1893-ին) աշտարակներում, պատմիչների վկայությամբ, եղել են փոքրիկ եկեղեցիներ։ Թ. Թորամանյանը երկու կողմնային աշտարակներում հայտնաբերել է մատուռներ։ Այդ պարիսպը շրջափակում էր Շահաստանը։ Ա–ի արագորեն ընդարձակվող թաղամասերը պարսպապատելու նպատակով՝ Սմբատ Տիեզերակալի կառուցած «Սմբատաշեն» պարիսպները (2500 մ) Գայլաձոր–Իգաձոր հատվածում կրկնակի էին, 8–10 մ բարձրությամբ, արտաքին կողմից պաշտպանված խորը, ավելի քան 500 մ երկարությամբ ջրով լի խրամով։ Այդ ջրի ավելցուկն օգտագործվում էր ջրաղացների, ձիթահանքերի քարերը պտտեցնելու և բանջարանոցները ջրելու համար: XI – XIII դդ. «Սմբատաշեն» պարիսպները անընդհատ նորոգվել են Շադդադյանների, Զաքարյանների և առանձին անհատների կողմից։ Պահպանված արձանագրություններից հայտնի է, որ աշտարակներ են կանգնեցրել Մամախաթունը (92-րդ աշտարակ), Շանուշեն (46-րդ աշտարակ) և ուրիշներ։ Բոլոր աշտարակները, բացի Ծաղկոցաձորի և Գայլաձորի աշտարակներից, կլոր են։ Դրանց մի մասը ներքուստ երկու–երեք հարկանի է եղել, դրանցում տեղավորվել է պահակազորքը։ Աշտարակներն ունեցել են հրակնատներ և ատամնավոր վերջավորություններ։ Ա–ի 40 դռներից յուրաքանչյուրն ուներ իր անունը։ Ելումուտը կարգավորելու և փողոցները մաքուր պահելու նպատակով ծանր բեռներով սայլերն ու կառքերը քաղաք էին մտնում առանձին դռներով։ Արտաքին պարիսպների երեք մեծ մուտքերը՝ Կարուց, Դվնո, Ավագ, որոնց դռները երկաթագամ արտաքին երես են ունեցել, համարվել են անխորտակելի։ Եղել են նաև դռնակներ։ Սրբատաշ պատերի միապաղաղությունը վերացնելու համար դեղնավունից բացի օգտագործել են կարմիր և սև քար։ Մուտքերից մեկի վերին մասն ունի շախմատաձև շարվածք։ Պարիսպները արտաքուստ զարդարված են (խաչեր, արծիվ, վիշապ, ցլի գլուխ պատկերող զարդաքանդակներ, արձանագրություններ ևն)։ Գլխավոր մուտքի վրայի վազող հովազի բարձրաքանդակը, հավանաբար, XIII դ. Ա–ի զինանշանն է։ Ա–ի պարիսպները, չնայած մեծ չափերին, ճնշող տպավորություն չեն գործել, եղել են համահնչյուն տեղի ռելիեֆին, կազմել քաղաքի համայնապատկերի անքակտելի մասը, դարձել քաղաքի զարդը, տնեցիները աշխատում էին ամեն ինչ ներկայացնել գեղեցիկ և հմայիչ տեսքով։ Ա. ուներ արվարձաններ, մատույցները պաշտպանող ամրություններ, պահակատեղիներ (Մաղասբերդ, Տիգնիս), կային մենաստաններ, ուր կուսակրոն հոգևորականները զբաղվում էին ուսուցմամբ, ձեռագրեր ընդօրինակելով (Հոռոմոս, Բագնայր, Երերույք, Տեկոր)։ Կային 30 մ ավելի թռիչքով քարե կամուրջներ: Միջնադարում նման կամուրջները բացառիկ էին։ Դրանցից մեկն ունեցել է երկու կողմում աշտարակավոր երկաթագամ դռներ և տախտակյա բացվող մասեր։ Նրա կամարակիր երկու կենտրոնական հենարանների հեռավորությունը 31,5 մ է։ Ա–ի հատակագծային նախնական կորիզը կազմել են ամրացված միջնաբերդը և սրա ստորոտում փռված Շահաստանը։ Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված է եղել արքունի ընդարձակ պալատը, որը կրում էր շուրջ չորսդարյա շինարարական գործունեության հետքերը։ Պատմիչների նկարագրած ոսկեզօծ որմնանկարներով ձևավորված պալատի դահլիճներից մեզ են հասել չնչին մնացորդներ, երկար միջանցքը (50 մ), որի արևմտյան ծայրին, Ծաղկոցաձորի կողմից բացվել է գլխավոր մուտքը, պալատը բաժանելով երկու թևի՝ հյուսիսային և հարավային։ Հարավային թևում էր Կամսարականների բազիլիկ եկեղեցին, որը դարձել էր պալատական համալիրի բաղկացուցիչ մասը։ Հյուսիսային թևի որոշ հատվածներ երկհարկանի էին. երկրորդ հարկում տեղադրված էին հանդիսասրահները։ Հս–արլ. սրահում եղել են գիպսե հարդարանքի մասեր՝ որսի տեսարանով։ Պալատական դահլիճներից միայն հս–արմ. է շարված մաքուր տաշած տուֆով, առանց հարդարանքի։ Մնացած դահլիճներում սենյակների պատերը եղել են ճեղքված քարից՝ ծածկված սվաղով, որմնանկարներով, թանկարժեք դիպակներով։ Հյուսիսային թևում է եղել բաղնիքն իր բաժանմունքներով (7 սենյակ), սառը և տաք ջրերի ավազաններով, ջրամատակարարման, ջրահեռացման և տաքացման համակարգով։ Պալատի դահլիճները և սենյակները դասավորված էին այնպես, որ հաճելի տեսարան է բացվել դեպի Գագկաշեն եկեղեցին, Ծաղկոցաձորը, հեռավոր Ալաջայի (Արջոառիճ) լեռները (հս–արմ. դահլիճ), Մայր տաճարը, Ախուրյանի կիրճը, Արագածը (արևմտյան դահլիճ), դեպի միջնաբերդի ստորոտը փռված քաղաքը (հս–արմ. դահլիճ)։
Հայկական ճարտարապետության պատմության մեջ Ա. հայտնի է որպես պաշտամունքային կառույցների նշանավոր կենտրոն։ VIII դարից Հայաստանում ճարտարապետական հորինվածքների զարգացումը կանգ էր առել արաբների տիրապետության հետևանքով։ Մայրաքաղաք դառնալուց հետո Ա–ի շինարվեստի զարգացումն ընթացավ մինչարաբական շրջանի հայկական ճարտարապետության ամբողջ ժառանգության, անցյալի հուշարձանների հատակագծային և ծավալային հորինվածքների վերստեղծման ու վերամշակման ուղիով, փաստոըեն սկսվելով այն տեղից, որտեղ արհեստականորեն ընդհատվել էր դրանց աստիճանական զարգացումը։ Ա–ի բոլոր կառույցներն էլ վերարտադրում են VII դ. հանրահայտ կոմպոզիցիաները. Բագրատունյաց ճարտարապետության փառքը՝ Անիի Մայր տաճարը, գմբեթավոր բազիլիկից խաչակենտրոնագմբեթի անցնելու տարբերակ է, Առաքելոց եկեղեցին՝ քառաբսիդ կենտրոնագմբեթ, Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն)՝ զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցին, Փրկչի եկեղեցին, Հովվի եկեղեցին՝ բազմաբսիդ ևն։ Սակայն դրանք կրկնողություն չեն, այլ դրսևորվում են իբրև տիպի տարբերակված կամ կատարելագործված օրինակ։ Քաղաքային կյանքի և աշխարհիկ մտածողության աշխուժացումը իր կնիքը դրեց Ա–ի ճարտարապետության վրա։ Նույնիսկ եկեղեցական կառույցներում որոշակիորեն նկատվում է քաղաքացիական ճարտարապետության ազդեցությունը, որն առավել ցայտուն արտահայտված է դեկորատիվ հարդարանքների մեջ։ Առաջնակարգ նշանակություն է ստացել մակերևույթների պլաստիկ մշակումը։ Լայն տարածում գտած եռանկյունաձև ուղղաձիգ խորշերից բացի, որոնք երբեմն կատարում են զուտ դեկորատիվ դեր, գրեթե ամենուր օգտագործվել է նաև դեկորատիվ որմնակամարաշարը, որն ստեղծում է լուսաստվերային գեղեցիկ խաղեր, ընդգծում կառուցվածքների համաչափությունների ուղղաձիգությունը։ Տրոմպայինին վերջնականապես փոխարինած առագաստային անցումները հնարավորություն են ստեղծել կառուցել արտաքուստ կամարաշարերով և սյունափնջերով հարդարված, բազմանիստ կամ լրիվ բոլորշի թմբուկներ, որոնք շատ հաճախ ավարտվել են ամպհովհարաձև վեղարով։ Լուսամուտները ներառվել են քանդակազարդ կամ բարդ տրամատավորված շրջանակների մեջ, իսկ պսակները հաճախ նստել են կիսասյուների վրա։ Եկեղեցիներից շատերն ունեցել են մեկից ավելի շքամուտք։ Դռների բացվածքների երկու կողմերից ուժեղ շեշտված որմնասյուների վրա բարձրացել են կամարակիր սյունափնջեր, իսկ վերնասյամերը ծածկված են եղել արձանագրություններով։ Մուտքերը եղել են ներքուստ հաճախ կամարակապ, իսկ արտաքուստ ունեցել են լայն երեսակալներ, որոնք ավարտվել են անտիկ ճարտարապետության մոտիվներով (ականթներ, ուլունքներ ևն) քանդակազարդված արխիտրավներով։ Զարդաքանդակների հորինվածքներին ավելի բնորոշ է եղել երկրաչափական կազմությունը։ VII դ. տաճարների ընդարձակ լուսամուտները փոխարինվել են դեպի վեր ձգված նեղ բացվածքներով։ Տաճարների ներքին տարածությունները ձգվել են դեպի գմբեթի կիսագունդը, որը խորհրդանշել է երկնակամարը։
Սելջուկյան ավերածություններից հետո, Զաքարյանների ժամանակ, Ա–ի ճարտարապետությունը ապրեց իր զարգացման հաջորդ շրջանը, երբ առաջատարն ու հիմնականը արդեն աշխարհիկ շենքերն էին՝ նրանցում մշակված ձևերը։ Կառուցվեցին պալատներ, որոնց մեջ ժողովրդական