Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կավագի դպրապետության օրոք՝ XII դ. սկզբին։ Ուսուցման մեջ կարևոր տեղ է տրվել քերականությանը, իսկ Իմաստասերի ժամանակ՝ նաև բնական գիտություններին։ Ա. դ–ում ավանդվում էին լեզուներ, գրչության արվեստ, տոմարագիտություն, մաթեմատիկա, աստղաբաշխություն, իմաստասիրություն, ճարտասանություն, աստվածաբանություն, ուսումնասիրվում անտիկ աշխարհի մտածողներ Արիստոտելի, Փիլոնի և այլոց երկասիրությունները։ Ա. դ–ում դասավանդել են Հովհաննես Սարկավագի աշակերտներ Սամուել Անեցին ու Երեմիա Անձրևիկը, Մխիթար Անեցին և ուրիշներ։

Գրկ. Աբրահամյան Ա.Գ., Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, Ե., 1956։ Մովսիսյան Ա. Խ., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958։

ԱՆԻԻ ԿԱՄՈՒՐՋ, կառուցվել է X–XI դարերում, Ախուրյանի վրա։ Մանուչեի մզկիթի և Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից։ Պահպանված մնացորդների (հենարանները գետի աջ և ձախ ափերին) հիման վրա Թ. Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31.25 մ հենամիջային չափերով կամարը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական։ Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող աշտարակային ծավալներում ամփոփված էին դարպասներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էր քաղաքի պաշտպանության շահերին։

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ. 1], Ե., 1942։ Հարությունյան Վ. Մ., Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960։ Орбели И., Путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 41.

(նկ․) Անիի կամուրջը (վերակազմություն Թ. Թորամանյանի)։


ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, միջնադարի ճարտարապետական հուշարձան, կաթողիկե եկեղեցի Անիում։ Կառուցել է Տրդատ ճարտարապետը 989–1001-ին, «Աշոտաշեն» և «Սմբատաշեն» պարիսպների միջանկյալ տարածքի կենտրոնական մասում։ Հիմնադրվել է Սմբատ Բ–ի պատվերով, ավարտվել Գագիկ Ա–ի կնոջ՝ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ։ Նվիրվել է Աստվածածնին։

Հատակագծում Ա. Ս. տ. արտաքուստ ուղղանկյուն (33,50 մ × 21,87 մ), ներքուստ՝ առանձին կանգնած կենտրոնական չորս հզոր գմբեթակիր մույթերով երեք նավի բաժանված կառույց է։ Ցանկանալով մայրաքաղաքի գլխավոր եկեղեցին օժտել ներքին ընդարձակ տարածությամբ՝ Տրդատը դիմել է VII դ. գմբեթավոր բազիլիկի հանրահայտ հորինվածքին, սակայն մույթերը դրել է երկայնական պատերին շատ մոտ, որով կենտրոնական նավը անհամեմատ լայն է ստացվել կողայիններից։ Հավասար բարձրության երկթեք լանջերի տակ առնված և ճակտոններով ավարտվող թաղածածկ խաչթևերի շնորհիվ տաճարը ներքուստ և արտաքուստ ունեցել է խաչագմբեթակիր հորինվածքի տեսք։ Ի տարբերություն VII դ. նմանատիպ եկեղեցիների, խորանն իր հարակից կրկնահարկ ավանդատներով մոտեցվել է արևելյան մույթերին, որով մույթերը շենքի արտաքին պարագծի նկատմամբ գրավել են գրեթե կենտրոնական դիրք, և կառույցն ավելի նմանվել է կենտրոնագմբեթ հորինվածքի։ Այդպիսով ճարտարապետն ընդհուպ մոտեցել է եռանավ թաղածածկ բազիլիկը կենտրոնագմբեթ կառուցվածքի վերածելու գաղափարի իրականացմանը։ Մոտ 20 մ բարձրությամբ թաղածածկ խաչթևերից դեպի կենտրոն ու վեր՝ դեպի գրեթե կրկնակի բարձրության գմբեթը կատարվող տարածական շարժման շնորհիվ վերձիգ համաչափություններ է ստացել տաճարի ինտերիերի ընդարձակ, բայց միասնական ծավալը։ Երկկենտրոն կամարներով ավարտվող, սյունախուրձերով մշակված սլացիկ մույթերի ուղղաձիգ ջլատումները ավելի են ընդգծում այդ ծավալը։ Ենթագմբեթային քառակուսուց դեպի թմբուկ անցումն իրականացվել է առագաստներով։ 1319-ի երկրաշարժի ժամանակ փլված գմբեթը նստած է եղել արտաքուստ բազմանիստ (20 նիստ), անկյուններում զույգ կիսասյուներով զարդարված թմբուկի վրա։ Տաճարի արևելյան ճակատի՝ խորանն ավանդատներից բաժանող և երկայնական պատերի՝ մույթերին հանդիպակաց մասերը ջլատված են եռանկյունաձև խորշերով, որոնք այստեղ ունեն ոչ միայն դեկորատիվ, այլև կոնստրուկտիվ նշանակություն։ Պատերի արտաքին հարթությունները հարդարված են նաև դեկորատիվ մեղմ որմնախարիսխների վրա բարձրացող նուրբ կիսասյուներով, որոնց վրա ձգվում է կամարաշար։ Վերձիգ համաչափություններ ունեցող սյունակամարաշարի մետրիկ շարքը խախտվում է միայն ճակատների կենտրոններում՝ ճակտոնների տակ, որտեղ սյունակամարներն ավելի լայն են և բարձրաթռիչք՝ շեշտելով կառույցի խաչաձև հորինվածքը։ Դեկորատիվ այս հարդարանքը տաճարի վրա ձգված շղարշի պատրանք է ստեղծում և լուսաստվերային գեղանկար խաղերով մեղմում հարթությունների խստությունը։ Տաճարի պատերը բարձրանում են բազմաստիճան գետնախարիսխների վրա. հյուսիսային, արևմտյան և հարավային դռներն ընդգծված են ցայտուն ձևերով մշակված շքամուտքերով։ Կոմպոզիցիոն արտահայտչամիջոցների գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ Ա. Մ. տ. համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից։ Եվրոպական առանձին գիտնականների (Ստրժիգովսկի և ուրիշներ) և Թ. Թորամանյանի կարծիքով տաճարի ինտերիերի ծավալային հորինվածքն իր առանձին տարրերի (երկկենտրոն կամարներ, սյունախուրձեր ևն) համաչափություններով հետագա զարգացում է գտել XII–XIV դդ. գոթական ճարտարապետության մեջ։

(նկ․ ) Անիի Մայր տաճար։ Վերևում՝ հատակագիծը։ Ներքևում՝ հարավային պատի խորշերից մեկի քանդակազարդ պսակը։


ԱՆԻԻ ՇՐՋԱՆ (մինչև 1961՝ Աղինի շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ արևմուտքում։ Կազմվել է 1937-ի հոկտեմբերի 31-ին։ Տարածությունը 429 կմ² է։ Արևմուտքից ՍՍՀՄ պետական սահմանն է (Ախուրյան գետ) Թուրքիայի հետ։ Վարչական կենտրոնը Մարալիկ քաղաքատիպ ավանն է։