Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնական պայմանները։ Գտնվում է Արագած լեռնազանգվածի արմ. լանջերին (Շիրակի դաշտի հվ–արմ. և Թալինի սարավանդի հս. մասում)։ Տերիտորիայի 33%-ը բարձր է 1500 մ, 66%-ը՝ 1500–2000 մ։ Կենտր. և հվ. մասերը ծածկված են Արագածից արտավիժած լավաներով, հս.՝ լճա–գետային նստվածքներով։ Հս. և արմ. մասերը հարթավայրային են, կենտր.՝ բլրապատ։ Բնորոշ են հանգած հրաբուխների կոնաձև բլուրներն ու լավային առանձին հոսքերը։ Կլիման բարեխառն է՝ տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով, կայուն ձյունածածկույթով (100–120 օր)։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 6°C–ից 8°C է, հունվարինը՝ -7°C–ից -8°C, հուլիսինը՝ 16°C–ից 20°C։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 140–200։ Տարեկան տեղումները՝ 350–600 մմ (առավելագույնը՝ մայիսին)։ Գտնվում է 7–8 բալանոց սեյսմիկ գոտում։ Ջրային պաշարներից աղքատ է։ Արմ–ում Ախուրյան գետն է, հս. մասում՝ Չլկան գետակը։ Գերակշռում են լեռնատափաստանային սևահողերը։ Տիրապետող են տարախոտա–հացազգի բույսերը, բարձրադիր մասերում՝ ենթալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնատափաստանային տեսակները՝ գայլը, աղվեսը, նապաստակը, խայտաքիսը, կզաքիսը, դաշտամուկը։ Հարուստ է հրաբխային ծագում ունեցող շինանյութերով՝ տուֆ (Մարալիկ, Սառնաղբյուր, Անի, Անիպեմզա), պեմզա (Անիպեմզա, Սառնաղբյուր), խարամ, անդեզիտա–բազալտ (Գուսանագյուղ, Անի կայարանի շրջակայք) ևն։ Տուֆի ու պեմզայի պաշարներով, որակով ու հանույթով ՀՍՍՀ–ում գրավում է առաջատար տեղ։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 16877 մարդ (1972), հայեր (98,4%), ռուսներ և քրդեր (1,6%)։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 40 մարդ է։ Համեմատաբար խիտ է բնակեցված Ախուրյան գետին հարող մասը։ Ունի 22 բնակավայր; Բնակչության 24% ապրում է քաղաքատիպ բնակավայրերում (Մարալիկ, Անիպեմզա)։

Քարտեզը տես 273 Էջից առաջ՝ ներդիրում։

Պատմական ակնարկ։ Ա. շ. Ախուրյանի, Արթիկի և մի քանի այլ շրջանների տերիտորիաների հետ միասին հնում եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակի գավառի կազմում։ Բագրատունիների թագավորության շրջանում կազմել է Անի–Շիրակի թագավորության կենտրոնական մասը, որի անկումից հետո անցել է Զաքարյան իշխաններին։ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվելուց հետո Ա. շ և հարակից շրջանները կազմեցին Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառը (1849), որն իր գոյությունը պահպանեց նաև Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1929 (1924-ից կոչվեց Լենինականի գավառ)։ Շրջանը հարուստ է ճարտարապետական հուշարձաններով։ Անիպեմզա ավանի մոտ է գտնվում Երերույքի տաճարը (V դ.), Բարձրաշենում՝ Աստվածածին եկեղեցին (VII դ.), Գուսանագյուղում՝ միջնադարյան ամրոց, Հայկաձորում՝ Լուսավորիչ եկեղեցին (X դ.), Սառնաղբյուրում՝ Հոգեվանքը (V–XIII դդ.), Ներքին Ջրափիում՝ քարավանատուն և կամուրջ (XIII դ.), ինչպես նաև բազմաթիվ կիկլոպյան ու միջնադարյան հուշարձաններ։

Մինչև 1920 Անիի ներկայիս շրջանում մարքսիստական գաղափարները տարածում էին Ալեքսանդրապոլի (Լենինական) գավառի բոլշևիկյան խմբակները։ 1918-ին Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում ստեղծված տեղական ռազմա–հեղափոխական կոմիտեն լայն գործունեություն է ծավալում նաև շրջակա բնակավայրերում, որին մասնակցում են Անի կայարանի երկաթուղայինները և շրջակա գյուղերի չքավոր գյուղացիները։ 1920-ին, Ալեքսանդրապոլում Մայիսյան ապստամբության ծավալման օրերին դաշնակցական կառավարության դեմ ոտքի են ելնում նաև շրջակա գյուղերի աշխատավորները։

(նկ․) Անիի սովետական ան|սւեսության ցորենի արտերը։

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո էլ Ա․ շ–ի կուսակցական կազմակերպությունը գտնվում Էր Ալեքսանդրապոլի գավառային կազմակերպության կազմում։ 1927-ին ձևավորվել է Մարալիկի (Մոլլա Գյոքչայի) շրջանային կուսկազմակերպությունը։

Ա. շ–ի կուսակցական կազմակերպությունը մինչև 1972 ունեցել է 22 կոնֆերանս։

1973-ի հունվ. 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 58 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 1073 կոմունիստներով և 56 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 2866 կոմերիտականներով։

Տնտեսությունը։ Նախասովետական շրջանում նոսր բնակեցված գյուղատնտեսական հետամնաց շրջան Էր, չուներ արդյունաբերական ոչ մի ձեռնարկություն։ Սովետական իշխանության տարիներին դարձել է ՀՍՍՀ հացահատիկի և շինանյութերի առաջատար շրջաններից մեկը։

Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են շինանյութերի արդյունահանումն ու Էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությունը։ 1972-ին Ա. շ–ում (Մարալիկ, Անիպեմզա, Աղին, Սառնաղբյուր) գործում էր արդ. 9 ձեռնարկություն՝ 10588 հզ. ռուբլի համախառն արտադրանքով։ Մարալիկի մագնիսական ուժեղացուցիչների գործարանը տալիս է շրջանի արդյունաբերության համախառն արտադրանքի 70%-ից ավելին։ Գործարանը վերակառուցվում է և մոտակա տարիներին զգալիորեն կավելացնի արտադրանքը։ Ա. շ–ում տարեկան արդյունահանվում է 800–900 հզ. մ³ պեմզա, 150 հզ. մ³ տուֆ քար, 50 հզ. մ² բազալտ ևն։ Շինանյութերի հետախուզման և արդյունահանման աշխատանքներին զգալիորեն նպաստեց Անի կայարանից Անիպեմզա երկաթգծի կառուցումը (1926)։ Շինանյութերի արդյունաբերության հետագա զարգացմանը, ինչպես նաև արդյունաբերական նոր ձեռնարկությունների տեղադրմանը կնպաստի նաև Պեմզաշեն–Մարալիկ երկաթուղին։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, հացահատիկի մշակությունը։ Հողային ֆոնդի (42900 հա) 56% է օզտագործվում գյուղատնտեսական արտադրության համար։ Վարելահողերը 17 հզ. հա են։ Ցանքատարածությունների 57% (9,6 հզ. հա, 1971) զբաղեցնում է հացահատիկը (ցորեն, գարի)։ Ունի 182 հա խոտհարք և 8150 հա արոտավայր։ Կերային կուլտուրաները զբաղեցնում են մոտ 5 հզ. հա տարածություն։ Տեխնիկական կուլտուրաներից մշակվում է կտավատ (մոտ 200 հա)։ Շրջանում ոռոգելի հողատարածությունը 570 հա Է։ Սառնաղբյուր գյուղի մոտ կառուցվում է 5 մլն. մ³ տարողությամբ ջրամբար, որը Անիի և Արթիկի շրջաններում կոռոգի մոտ 1000 հա։ Ա. շ. ոռոգման համար ջուր կստանա նաև Վարդաքարի, Կառնուտի և Ախուրյանի ջրամբարներից։ Ոռոգելի հողատարածությունների ընդարձակումը հնարավորություն կստեղծի մշակելու շաքարի ճակնդեղ, ծխախոտ, իսկ ցածրադիր մասերում՝ զբաղվելու պտղաբուծությամբ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3 տալիս է անասնապահությունը։ Ունի 15,3 հզ. գլուխ խոշոր և 81 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն (1972)։ Զարգանում է նաև թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը։ Ա, շ–ի արևմտյան մասով անցնում է Թբիլիսի– Լենինական–Երևան երկաթուղու 39 կմ հատվածը,