Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(նկ․) Անտարկտիկական համայնապատկեր։

նեղ է (240 կմ) և խորը (500–600 մ)։ Օվկիանոսի հատակն ունի հրաբխային մասնատված ռելիեֆ։ Ա–ին բնորոշ են երկրագնդի ամենախստաշունչ կլիման, ծովի և ցամաքի մեծ սառցապատվածությունը և աղքատ բուսականությունը։

Միջազգային իրավական վիճակը։ 1959-ի դեկտ. 1-ին, Վաշինգտոնում ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Արգենտինան, Բելգիան, Նոր Զելանդիան, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունը, Չիլին և Ճապոնիան պայմանագիր կնքեցին Ա–ի վերաբերյալ, ըստ որի, Ա. կարելի է օգտագործել միմիայն խաղաղ նպատակներով։ Մասնավորապես, արգելվում է այնտեղ ռազմական բազաների և ամրությունների կառուցումը, զորավարժությունների անցկացումը և ամեն տեսակի զենքի փորձարկումը։ Պայմանագիրն ամրապնդեց Ա–ում բոլոր երկրների համար գիտական հետազոտությունների ազատության սկզբունքը, որը ձևավորվել է պետությունների պրակտիկայում՝ Միջազգային գեոֆիզիկական տարվա ընթացքում։ Արգելվում են Ա–ում ամեն տեսակ միջուկային պայթեցումները և ռադիոակտիվ նյութերի տարածումը։ Պայմանագիրը չի ընդունում Ա–ում կողմերի նախկինում ունեցած տերիտորիալ հավակնությունները, միաժամանակ նշելով, որ մասնակցությունը պայմանագրին չի նշանակում նաև հրաժարում այդ հավակնություններից։

Գրկ. Советская комплексная антарктическая экспедиция. Материалы, т. 1-51, Л., 1959–67; Атлас Антарктики, т. 1, М.-Л., 1966; Мовчан А. П., Правовой статус Антарктики - международная проблема, в кн.: Советский ежегодник международого права. 1959, М., 1960; Антарктика. Материалы по истории исследования и по физической географии [Сб. статей], М., 1958; Геогорафия Антарктиды, М., 1968; Трешников А. Ф., История открытия и исследования Антарктиды, М., 1963; Барков Н. И., Тарасова Ж. А., Десять лет советских исследований в Антарктике. Библиографич. указатель отечественной лит-ры за 1956–1965 гг., Л., 1968.

(նկ․) Կղզի «Միրնի» կայանի մոտ։

ԱՆՏԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԿԼԻՄԱ, Հարավային կիսագնդի բևեռային շրջանի կլիման։ Երկրագնդի ամենացուրտ և դաժան կլիման է։ Հիմնական առանձնահատկություններն են՝ մշտական սառնամանիքը, կարճ, շատ սառը ամառը և երկարատև, դաժան ձմեռը, ուժեղ քամիներն ու փոթորիկները, հաճախակի ձյունը և մառախուղները։


ԱՆՏԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՕԱԶԻՍՆԵՐ, սառցածածկույթից ազատ ցամաքի տեղամասեր Անտարկտիդայամ։ Առանձին վայրերում Ա. օ. գրավում են մեծ տարածություններ (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ²) և հարուստ են լճերով։ Ամռանն օազիսներում ջերմաստիճանը 0°–ից բարձր է։ Առաջին Ա. օ. հայտնաբերել է Ռ. Սկոտի արշավախումբը (1901–04)՝ Մակ–Մյորդո նեղուցի մոտ։ Մեծ Ա. օ–ից է Ուիլքսի երկրի արմ–ում գտնվող Բանգերա օազիսը (425 կմ²). այն հանգամանորեն ուսումնասիրել է սովետական արշավախումբը (1956–58)։ Ա. օ. կան Վիկտորիայի երկրում, Ալեքսանդր Առաջինի երկրում, Ուիլքսի երկրում, Գրեյամի երկրռոմ ևն։ Բուսական և կենդանական աշխարհը շատ աղքատ է։ Տեղ–տեղ աճում են քարաքոսեր և մամուռներ։ Թռչուններից բնակալում են մրրկահավը, հյուսիսային ուրուրը, Ադելի պինգվինը։ Ա. օ–ի առաջացումը մեծ մասամբ կապում են Անտարկտիկական սառցածածկույթի եզրամասային զոնայում սառցի նահանջի հետ։ Սառցից ազատված մուգ ժայռերը կուտակում են արևային զգալի ջերմություն և, դրանով իսկ, նպաստավոր պայմաններ ստեղծում օազիսների զարգացման համար։


ԱՆՏԵԼԱՄԻ (Antelami) Բենեդետտո (մոտ 1150 – մոտ 1230), իտալացի քանդակագործ և ճարտարապետ, եղել է ռոմանական ոճի քանդակագործության վարպետ։ Ա. ազդվել է հարավֆրանսիական արձանագործությունից։ Ստեղծագործել է հիմնականում Պարմա քաղաքում, ուր սկսել է մկրտարանի շինարարությունը (1196) և կատարել քանդակների զգալի մասը։ Քաղաքի տաճարի համար կերտել է «Խաչից իջեցնելը» (1178) բարձրաքանդակը։ Ավելի ուշ Ա. ստեղծել է որմնախորշերի մեջ կանգնեցված արձաններ, որ կարևոր փուլ էր արձանագործությունը պատից ազատելու ընթացքում։


ԱՆՏԵԿԼԻԶ (<անտի … + հուն․ χλιειε – թեքվածք), երկրակեղևի շերտերի կամարաձև, զառիկող ընդարձակ բարձրացում պլատֆորմի սահմաններում։ Ա–ներն ունեն անկանոն գծագրությունն հարյուրավոր կիլոմետրերի հասնող ընդլայնական կտրվածք։ Ա–ների կարծր հիմքը գտնվում է երկրի մակերեսի մոտ և երբեմն մերկանում է. պալեոզոյան ու մեզո–կայնոզոյսւն նստվածքներից կազմված ծածկույթը փոքր հզորություն ունի (հաճախակի բացակայում են ամբողջական շերտախմբեր, որոնք զարգացած են կից իջվածքներում՝ սինեկլիզներում)։ Ա–ի թևերում ծածկույթի շերտերի անկումն աննշան է։ Թևերը հաճախ բարդացված են երկրորդ կարգի պլատֆորմային կառուցվածքներով։ Ա–ները զարգանում են երկրաբանական մի շարք ժամանակաշրջանների ընթացքում՝ երկրակեղևի դանդաղ բարձրացման հետևանքով։ ՍՍՀՄ–ում Ա–ներ հայտնի են Ռուսական և Սիբիրական պլատֆորմներում (Վորոնեժի, Բելոռուսական, Անաբարի ևն)։


ԱՆՏԵՆԱ (<լատ. antenna – առագաստակալ), ռադիոալիքների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք: Հաղորդիչ Ա. բարձր հաճախականության տատանումները փոխակերպում է նույն հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների և դրանք ճառագայթում տարածության մեջ, իսկ ընդունիչ Ա. կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող էլեկտրամագնի–