Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկնել։ Եթե նույն աշխատավարձի դեպքում աշխատօրը երկարացվի, ապա աշխատանքի միջին գինը կիջնի։ Աշխատանքի գինը կարող է մնալ անփոփոխ կամ նույնիսկ իջնել, իսկ աշխատավարձը՝ մեծանալ։ Եթե աշխատանքի նույն գնի պայմաններում աշխատօրվա տևողությունը երկարացվի, ապա ժամանակավարձը կաճի։ Ժամանակավարձը կարող է աճել նաև աշխատանքի գնի անկման պայմաններում։ Եթե աշխատօրվա տևողությունը մեծանում է ավելի արագ, քան ընկնում է աշխատանքի գինը, ժամանակավարձը աճում է։

Աշխատանքի գին կատեգորիայի հետ անխզելիորեն կապված է ժամավարձի համակարգը, որի դեպքում աշխատօրվա տևողությունը և ժամանակավարձի մեծությունը նախապես որոշակի մակարդակով չեն սահմանվում։ Որոշվում է սոսկ աշխատանքի մեկ ժամի վարձի միջին չափը։ Ժամանակավարձն աճելիս աշխատանքի գինն անվանապես կարող է անփոփոխ մնալ, բայց իջնել իր նորմալ մակարդակից, եթե աշխատաժամի հաստատուն գնի դեպքում աշխատօրը երկարացվի իր նորմալ տևողությունից։ Աշխատուժի մաշվածքը, հետևապես նաև նրա արժեքը, աճում է, եթե աճում է աշխատօրվա տևողությունը, ընդ որում, առաջինը համեմատաբար ավելի արագ է աճում, քան երկրորդը։ Նորմալ աշխատօրը գերազանցող աշխատաժամանակը կոչվում է արտաժամյա և աշխատանքը ամեն ժամի հաշվով վարձատրվում է բարձրացրած գնահատմամբ։

Գործավարձը Ա–ի այն ձևն է, երբ բանվորի Ա–ի չափը կախման մեջ է դրվում նրա արտադրած արդյունքների կամ կատարած գործողությունների քանակից ու որակից։ Որպես գործավարձի միավորներ ծառայում են սահմանած գնահատումներն արտադրանքի հատի (հատավարձ) կամ կատարած գործողությունների համար։ Թողարկման օրական նորմայի սահմանման ելակետը ժամավարձով աշխատող ֆիզիկապես ամենաուժեղ և հմուտ բանվորի օրվա ընթացքում արտադրած արդյունքների քանակն է, իսկ հատի գնահատումը պայմանավորվում է բանվորի օրական աշխատավարձի միջին գումարով։ Այսպիսով, հատավարձը ժամանակավարձի փոխակերպված ձևն է՝ որոշ առանձնահատկություններով։ Գործավարձը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունն ու լարունությունը և երկարացնում աշխատօրվա տևողությունը։ Ա–ի գործավարձային ձևը երկար ժամանակ ավելի է համապատասխանել արտադրության կապիտալիստական եղանակին։ Բայց ժամանակակից կապիտալիզմի պայմաններում, երբ արդեն գիտատեխնիկական առաջադիմության հիման վրա անցում է կատարվում արտադրական պրոցեսների համալիր ավտոմատացմանը և անհնարին դառնում բանվորի արտադրանքի թողարկման նորմավորումը, գործավարձը հաճախ փոխարինվում է ժամանակավարձով։ ԱՄՆ–ի արդյունաբերության մեջ բանվորների 70% աշխատում է ժամանակավարձով (1969)։

XX դ. կապիտալիստական երկրներում հանդես եկան ժամանակավարձի և գործավարձի յուրատեսակ ձևափոխված համակարգեր (Թեյլորի, Ֆորդի, Հելսիի, Ռոուենի, շահույթներին բանվորի մասնակցության, աշխատանքների անալիտիկ գնահատումների ևն), որոնք ստացել են «քրտնաբեր սիստեմներ» անվանումը։ Դրանց կիրառման նպատակը շահույթի ավելացումն է՝ աշխատանքի լարունության բարձրացման միջոցով։

Փողի այն գումարը, որ բանվորը ստանում է կապիտալիստին վաճառած իր աշխատուժի համար, կոչվում է անվանական (նոմինալ) Ա.։ Անվանական Ա–ով ձեռք բերվող նյութական ու հոգևոր բարիքների և ծառայությունների ամբողջությունն արտահայտում է իրական (ռեալ) Ա.։ Անվանական և իրական Ա–ի փոփոխությունները չեն համընկնում։ Իրական Ա–ի մեծությունն անմիջականորեն կախված է դրամական Ա–ի և գոյամիջոցների ու ծառայությունների գների մակարդակից, ինչպես նաև բնակարանային վարձի ու հարկերի չափերից։ Եթե անվանական Ա. մնա նույնը, իսկ գոյամիջոցների ու ծառայությունների գները, բնակարանային վարձն ու հարկերն աճեն, ապա իրական Ա. կիջնի։ Այն կիջնի նաև, երբ սպառման առարկաների և ծառայությունների գները աճեն ավելի արագ, քան՝ Ա.։ Ժամանակակից կապիտալիզմին բնորոշ է ինֆլյացիան և բնակչությունից գանձվող հարկերի աճը։ Գլխավոր կապիտալիստական երկրներում ուղղակի և անուղղակի հարկերը կլանում են Ա–ի 1/3։

Ա–ի մեծությունը փոփոխվում է մի շարք գործոնների ազդեցությամբ։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման և կենսամիջոցների արժեքի նվազման հիման վրա աշխատուժի արժեքն իջնում է։ Այն իջնում է նաև բանվորի ընտանիքի անդամներին՝ կնոջն ու երեխաներին արտադրության պրոցեսի մեջ ներգրավելու հետևանքով։ Միաժամանակ աճամ են բանվորների պահանջմունքները և փոխվում դրանց բավարարման եղանակները։ Աճում է աշխատուժի արժեքը։ Աշխատուժի արժեքը կախված է նաև բանվորների որակավորման միջին մակարդակից, որը, գլխավորապես, փոփոխվում է տեխնիկական առաջընթացի ազդեցությամբ։ Այս հակադիր գործոնների պայմաններում կապիտալիստական արտադրությանը հատուկ է աշխատուժի արժեքի իջեցման տենդենցը։ Աշխատուժի արժեքի վրա ազդող հակադիր գործոններն արտացոլվում են նաև Ա–ի մեծության մեջ։ Սակայն իրական Ա–ի փոփոխությունները որոշակի սահմաններում կարող են տեղի ունենալ անկախ աշխատուժի արժեքի փոփոխություններից։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման դեպքում աշխատուժի արժեքն իջնում է, որը կարող է զուգակցվել իրական Ա–ի բարձրացմամբ։

Գործազրկության առկայությունը կապիտալիստներին հնարավորություն է տալիս աշխատուժը գնել արժեքից ցածր գնով։ Ապրանքների հիմնական զանգվածն արտադրում և ուռճացած գներով վաճառում են մոնոպոլիաները, որի հետևանքով իջնում է իրական Ա.։ Միաժամանակ ուժեղանում է կապիտալիստական պետության միջամտությունը աշխատանքի պայմանների և Ա–ի կարգավորման բնագավառում, կիրառվում է անվանական Ա–ի սառեցման քաղաքականություն, որն իրագործվում է ինֆլյացիայի դեմ պայքարելու պատրվակով, օրենսդրական կարգով և կոչված է գների աճման պայմաններում տևականորեն պահպանել անվանական Ա–ի ցածր մակարդակը։ Աշխատուժի արժեքից Ա–ի ետ մնալը բխում է կապիտալիզմի բուն Էությունից, սակայն այդ պրոցեսին հակազդում է բանվոր դասակարգի պայքարը։

Իրական Ա–ի մակարդակի փոփոխությունն ունի հակադիր տենդենցներ, որոնք պայմանավորված են կապիտալիստական վերարտադրության ցիկլային բնույթով, արտադրության աշխուժացման ու վերելքի պարիներին այն դրսևորում է բարձրացման, իսկ ճգնաժամի և դեպրեսիայի ժամանակաշրջանում՝ անկման տենդենց։ Ա–ի մակարդակը պայմանավորված է տարբեր երկրների պատմական զարգացման առանձնահատկություններով՝ բանվոր դասակարգի ձևավորման պայմաններով, կենսական պահանջմունքների ծավալով և կառուցվածքով, կանանց ու երեխաների աշխատանքի կիրառման աստիճանով, բանվոր դասակարգի կազմակերպվածությամբ ևն։ Անհավասարություն գոյություն ունի նաև կապիտալիստական երկրների բանվորների տարբեր կատեգորիաների աշխատանքի վարձատրության մեջ՝ կապված բանվորների ընդհանուր կրթական մակարդակի, մասնագիտական պատրաստության, աշխատանքի պայմանների տարբերության հետ։ Ա–ի և վարձակալման պայմանների վրա մեծ ազդեցություն են ունենում խտրականության տարբեր ձևերը, կանանց աշխատանքը, որպես կանոն, ավելի ցածր է վարձատրվում, քան տղամարդկանցը, նեգրերինը՝ ավելի ցածր, քան սպիտակամորթներինը ևն։ Խիստ ցածր է նաև գյուղատնտ. բանվորների Ա.։

2. Սոցիալիզմի ժամանակ. աշխատանքի վարձատրման ձև պետական սոցիալիստական ձեռնարկություններում, անհրաժեշտ արդյունքի արժեքի գերակշռող մաս, որի տնտեսական սահմանները որոշվում են սոցիալիզմի հիմնական տնտեսական և ըստ աշխատանքի բաշխման օրենքներով։ Ա. արտահայտում է սոցիալիստական արտադրահարաբերությունները և դադարում է աշխատուժի արժեքի (գնի) փոխակերպված ձև լինելուց։ Պետական ձեռնարկություններում բանվորները և ծառայողներն ընդգրկվում են արտադրության պրոցեսի մեջ «վարձման» եղանակով, որը, փողային հարաբերությունների օգտագործմամբ, աշխատողների և ձեռնարկությունների մշտական կապերի առանձնահատուկ ձև է։ Պետությունը պլանավորում է Ա–ի ֆոնդն ամբողջ ժողովրդական տնտեսության ճյուղերի ու ձեռնարկությունների մասշտաբով՝ հաշվի առնելով սպառման հասարակական ֆոնդի ռեսուրսները։ Դրանով իսկ պետական ձեռնարկություններում ապահովվում է բանվործսաայողների Ա. միասնական և կայուն չափերով։ Մյուս կողմից, Ա–ի մի մասը կախվածության մեջ է դրվում տվյալ ձեռնարկության գործունեությունից, որի աղբյուրը ձեռնարկության շահույթից գոյացող նյու-