Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թական խրախուսման ֆոնդն է։ Պետությունը ներգործում է Ա–ի վրա ինչպես ուղղակիորեն՝ Ա–ի ֆոնդի անմիջական պլանավորման, կենտրոնացված կարգով տարիֆային դրույքներ և պաշտոնեական ռոճիկներ սահմանելու, աշխատանքի նորմատիվների և որոշ նորմաների (աշխատօրվա տևողության սահմանում և աշխատանքի նորմավորում) միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ գների պլանավորման և ձեռնարկությունների եկամուտների կարգավորման միջոցով։ Միաժամանակ ընդլայնվում են ձեռնարկությունների իրավունքներն աշխատանքի նորմավորման, պարգևատրման և պարգևների չափերի, շահույթից գոյացվող խրախուսման ֆոնդի բաշխման պայմանների սահմանման գործում։

Բանվոր–ծառայողները ստանում են Ա. դրամական ձևով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքային հարաբերություններով։ Ա. կախված է աշխատանքի քանակից ու որակից՝ աշխատանքի արտադրողականությունից ու ինտենսիվությունից, աշխատողների որակավորումից, կարողություններից և ընդունակություններից։ Նրա մեծությունը որոշելիս հաշվի են առնվում աշխատանքի բարդությունը, ծանրությունը, պայմանները, վտանգավորությունը, տվյալ ճյուղի ժողովրդատնտեսական նշանակությունը, բնակլիմայական պայմանները ևն։ Ա–ի տարբերացումը հիմնականում իրագործվում է տարիֆային համակարգի միջոցով, որն ընդգրկում է տարիֆա–որակավորման տեղեկատուներ, տարիֆային ցանցեր և տարիֆային դրույքներ։ Տարիֆա–որակավորման տեղեկատուները պարունակում են տվյալ ճյուղին բնորոշ աշխատանքների թվարկումը։ Այսպես կոչված համընդհանուր մասնագիտությունների բանվորների համար կիրառվում է նաև միասնական տեղեկատու, որտեղ նշվում են այս կամ այն աշխատանքը կատարող բանվորի գիտելիքներին և ունակություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աշխատանքները տարիֆավորող տարակարգերը։ Ներկայումս շատ ճյուղերում կիրառվում է վեց տարակարգ, առաջինով տարիֆավորվում են առավել պարզ աշխատանքները, մյուսներով՝ առավել բարդերը, որ պահանջում են բարձր որակավորում։ Յուրաքանչյուր բանվորի շնորհվում է որոշակի տարակարգ՝ կախված նրա գիտելիքներից և ունակություններից։ ճյուղային տարիֆային ցանցերը բաղկացած են տարիֆային գործակիցներից։ Ընդ որում, առաջին տարակարգի գործակիցը բոլոր ճյուղերում հավասար է 1-ի։ Մյուս տարակարգերի գործակիցներն արտահայտում են յուրաքանչյուր տվյալ տարակարգի աշխատանքի բարդությունը։ Յուրաքանչյուր տարակարգի համար պետությունը ռուբլիներով և կոպեկներով սահմանում է ամսական, օրական և ժամային տարիֆային դրույքներ։ 1956–61-ին ՍՍՀՄ–ում անցկացված Ա–ի կարգավորման ժամանակ տարիֆային դրույքների տարբերությունը 2,5–3-ից իջեցվեց 1,8–2-ի։ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման IX հնգամյակում (1971–75) Ա–ի նվազագույնը 70 ռ. հասցնելու կապակցությամբ այդ տարբերությունները նույնպես կրճատվելու են։ Տարիֆային դրույքը դեռևս լրիվ Ա. չէ։ Բանվորները ստանում են նաև պարգևատրում։

Սոցիալիզմի ժամանակ կիրառվում է Ա–ի երկու ձև՝ ժամանակավարձ և գործավարձ, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի համակարգեր։ ՍՍՀՄ արդյունաբերության մեջ 1970-ին գործավարձով աշխատում էր բանվորների մոտավորապես 60%: Սակայն գիտատեխնիկական առաջադիմությունն աստիճանաբար բարձրացնում է Ա–ի ժամանակավարձային ձևի դերը։ Ժամանակավարձն ունի երկու համակարգ՝ պարզ ժամանակավարձ և ժամանակավարձային–պարգևատրական։

Գործավարձն ունի մի շարք համակարգեր։ Դրանցից ամենապարզը ուղղակի գործավարձն է, մյուսը՝ գործավարձային–պարգևատրականը։ Առանձին ճյուղերում երբեմն կիրառվում է գործավարձային պրոգրեսիվ համակարգը։ Բացի անհատական գործավարձից լայն տարածում ունի կոլեկտիվ գործավարձը, երբ բանվորի վարձատրությունը կախվածության մեջ է դրվում ագրեգատի, բրիգադի, հոսքի գծերի, տեղամասի հերթափոխի թողարկած արտադրանքի քանակից։ Գործավարձի հատուկ տարատեսակներից է ակորդային Ա., երբ կարգագրով սահմանվում է բանվորի կամ բանվորների խմբի Ա–ի ընդհանուր գումարն այն աշխատանքի կամ արտադրանքի ծավալի համար, որն անկախ կատարման ժամկետից նախատեսվում է առաջադրանքով։

Սոցիալիստական արտադրության զարգացմանը զուգընթաց անշեղորեն աճում է իրական Ա.: Աշխատանքի արտադրողականության, աշխատողների որակավորման, նվազագույն Ա–ի, տարիֆային դրույքների ու ռոճիկների բարձրացման, ինչպես նաև նյութական խրախուսման ֆոնդի մեծացման հիման վրա աճում է դրամական Ա.։

Իրական Ա. որոշակի էտապներում աճում է նաև անձնական սպառման առարկաների մանրածախ գների և ծառայությունների տարիֆների իջեցման, բնակչությունից գանձվող հարկերի կրճատման կամ իջեցման շնորհիվ ևն։

Սոցիալիզմի ժամանակ Ա. աշխատավորների եկամտի միակ աղբյուրը չէ։ Ա–ից բացի նրանք ստանում են վճարումներ և նպաստներ սպառման հասարակական ֆոնդերից՝ սոցիալական ապահովության, կենսաթոշակների, ուսանողներին տրվող թոշակների, զանազան նպաստների, անվճար ուսուցման ու բժշկական սպասարկման, մանկամսուրների, մանկապարտեզների, առողջարանների, հանգստյան տների ծախսերի ձևով։

Ա–ի տարիֆային համակարգի և ձևերի կազմակերպման հիմնական սկզբունքներն ընդհանուր են սոցիալիստական բոլոր երկրների համար։ Սիաժամանակ առանձնահատկություններ են դրսևորվում տարիֆային դրույքների տարբերացման մեջ, որի հիմքում ընկած են որակյալ աշխատուժի հաշվեկշիռը, ինչպես նաև երկրի տնտեսական հնարավորությունները։ Ռրոշ առանձնահատկություններ կապված են ձեռնարկությունների Ա–ի ֆոնդի պլանավորման, շահույթից նյութական խրախուսման ֆոնդերի գոյացման կարգի հետ։ Սոցիալիստական տնտեսության զարգացման կարևոր օրինաչափություններից մեկն այն է, որ աշխատանքի արտադրողականության աճի տեմպերը գերազանցում են միջին Ա–ի աճի տեմպերին։

Ա–ի համակարգը շարունակ կատարելագործվում է սոցիալիստական հանրային արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954։ Նույնի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, Ե., 1950։ Լենին Վ. Ի., Քրտինք քամելու «գիտական» սիստեմը, Երկ., հ. 18։ Նույնի, Աղքատացումը կապիտալիստական հասարակության մեջ, նույն տեղում։ Նույնի, Պետություն և ռևոլյուցիա, Երկ., հ. 25։ ՍՄԿՊ ծրագիրը և կանոնադրությունը (ընդունված է ՍՄԿՊ XXII համագումարի կողմից), Ե., 1964։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971։ Володин В. С., Заработная плата в условиях современного капитализма М., 1967; Труд и заработная плата в СССР. Сб. под ред. Волкова А. П. [и др.], М., 1968. Վ. Ներկարարյան, Ռ. Շախկուլյան

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՍԱՌԵՑՈՒՄ, տես Աշխատավարձ։


ԱՇԽԱՏԱՎՈՐ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ, Սովետական հանրապետության սահմանադրական ակտ, որն օրենսդրականորեն ամրապնդել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումները, հռչակել սոցիալիստական պետության հիմնական սկզբունքներն ու խնդիրները։ Ընդունվել է 1918-ի հունվ. 12 (25)–ին, Բանվորների և զինվորների դեպուտատների սովետների համառուսաստանյան III համագումարում, ապա հունվ. 18(31)–ին՝ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների համառուսաստանյան III համագումարում։ Ստորագրել է Վ. Ի. Լենինը։ Դեկլարացիայով Ռուսաստանը հռչակվեց Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների հանրապետություն, որտեղ ամբողջ իշխանությունը, կենտրոնում և տեղերում, պատկանում է սովետներին։ Դեկլարացիան սովետական իշխանության հիմնական խնդիրը համարեց ոչնչացնել մարդու կողմից մարդու շահագործումը, վերացնել հակամարտ դասակարգերը, ճնշել շահագործողների դիմադրությունը։ Հաստատվեցին հողի մասնավոր սեփականության վերացման, բանվորական վերահսկողության սահմանման, ժողովրդական տնտեսության գերագույն խորհրդի ստեղծման, բանկերի ազգայնացման մասին դեկրետները, մտցվեց համընդհանուր աշխատանքային պարհակ, դեկրետավորվեց կարմիր բանակի կազմակերպումը։ Դեկլարացիայում արտացոլված էին սովետական պետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները՝ պայքարը հանուն խաղաղության, հարգանքը բոլոր ժողովուրդների ազգային սուվերենության նկատմամբ։ Հավանության արժանացան Ֆինլանդիայի անկախության հռչակումը, ռուսական զորքերը Իրանից դուրս բերելը, «Թուրքա