Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոր գրավոր լեզվի հայոց, Թ., 1870։ Վանցյան Գ., Պատմական քերականություն արնելահայոց լեզվի, Թ., 1906։ Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե., 1951։ Ղազարյան Ս. Ղ., Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե., 1954։ Սևակ Գ., ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե., 1948։ Նույնի, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955։ Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե., 1969։ Ա. Աբրահամյան


ԱՇԽԱՐՀԱԳԻՐ, միջնադարում պետական վիճակազրություն, մարդահամար, հողերի, անասունների հաշվառում, որ սերտորեն կապված էր հարկային քաղաքականության հետ։ Հայաստանում օտար նվաճողներից Ա. կատարել են պարսիկները, ապա արաբները։ 447-ին Հայաստանում Ա. է կատարել Պարսից Հազկերտ II արքայի (439–457) պաշտոնյա Դենշապուհը՝ ահռելի չափերի հասցնելով զանձվող հարկերը։ Եղիշեն գրում է. «[Հարկի տակ] դրին եպիսկոպոսներին և երեցներին, ոչ միայն շեն, այլև ավերակ տեղերը» (Եղիշե, վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971, էջ 35)։ Հայաստանի, մանավանդ հարկատու ռամիկ ժողովրդի համար կատարյալ աղետ էր արաբ Հեշմ խալիֆի (724–743) պաշտոնյա Հերթի (արաբական աղբյուրներում՝ Հարիթ իբն–աթ–Թայ) 725-ին կատարած Ա., որով հաշվառման ենթարկվեցին հարկատու ազգաբնակչությունը, վարելահողերը, արոտները, անասունները են։ Հերթի Ա. հիմք դրեց Հայաստանում արաբական նոր, ավելի դաժան ե կայուն սիստեմի։ Վերացվեցին ֆեոդալական Հայաստանում մինչ այդ եղած հարկային արտոնությունները։ Նախկին ծխահարկի փոխարեն մտցվեց գլխահարկը, այսինքն՝ եթե մինչ այդ հարկման միավոր էր ճանաչվում ծուխը, ընտանիքը, անկախ դրա շնչերի քանակից, ապա նոր սիստեմով հարկում էին ընտանիքի աշխատունակ շնչերին։ Գլխահարկը արաբներն անվանում էին ջիզիե(ջիզե), այսինքն՝ «վարձատրություն», «հատուցում»։ Արաբները երբեմն մեռածների համար ջիզիե են գանձել նրանց հարազատներից։ Մտցվեցին նաև հողահարկ (խարաջ), անասնահարկ և այլ հարկեր, որոնց մի մասը գանձվում էր դրամով։

Գրկ. Ղեվոնդ Մեծ, Պատմութիւն, 2 հրտ., ՍՊԲ, 1887, էջ 100–101։ Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 2-րդ մասի նյութեր, Ե., 1960, էջ 74–124։ Ս. Լաչաֆարյան


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄ (< լատ. determino – որոշում եմ), բուրժուական սոցիոլոգիական ուղղություն, որն աշխարհագրական միջավայրը կամ նրա առանձին տարրերը դիտում է իբրև հասարակական զարգացման անմիջական ու վճռական գործոն։ Նման կարգի որոշ գաղափարներ արտահայտվել են դեռևս Հին աշխարհում (Դեմոկրիտ, Հիպոկրատ, Արիստոտել), բայց որպես որոշակի հոսանք Ա. ղ. ձևավորվել է XVIII դ. (հիմնադիրն է Մոնտեսքյոն)։ XIX դ. կեսերից Ա. դ. աստիճանաբար կորցնում է իր առաջադիմական նշանակությունը, հակադրվում հասարակության զարգացման մարքսիստական ըմբռնմանը։ Անտեսելով հասարակական զարգացման ներքին շարժիչ ուժերը՝ Ա. դ–ի ներկայացուցիչները (օր. Բոքլը) սոցիալական անհավասարությունը բացատրում էին բնական պատճառներով՝ համարելով հավերժական երևույթ։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա. դ–ի հիման վրա առաջ եկավ գեոպոլիտիկան։ Ա. դ–ին տուրք են տվել նաև որոշ հայ մտածողներ՝ Ա. Գարագաշյանը, Ս. Պալասանյանը և ուրիշներ։ Դա արտահայտվել է, մասնավորապես, հայ ժողովրդի պատմության որոշ հարցերի նրանց մեկնաբանման մեջ։

Գրկ. Ոսկանյան Ա. Մ., Աշխարհագրական դետերմինիզմը հայ պատմագրության մեջ, «ՊԲՀ», 1960, № 2։


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔ, երկրի, պետության կամ աշխարհագրական որևէ շրջանի դիրքը իրենից դուրս գտնվող օբյեկտների կամ տերիտորիայի նկատմամբ։ Ա. դ. մաթեմատիկական աշխարհագրության մեջ որոշվում է տվյալ վայրի կամ կետի աշխարհագրական լայնությամբ և երկայնությամբ, ֆիզիկական աշխարհագրության մեջ՝ ֆիզիկա–աշխարհագրական օբյեկտների (ցամաքների, լեռների, օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի ևն) նկատմամբ նրանց դիրքով։ Ա. դ. ասելով հասկանում են տվյալ երկրի, շրջանի, բնակավայրի դիրքը մյուս տնտեսաաշխարհագրական և ֆիզիկա–աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաև մի պետության դիրքը մյուս պետությունների նկատմամբ։


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԶՈՆԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, Երկրի աշխարհագրական թաղանթի զարգացման օրինաչափություններից մեկը, որն արտահայտվում է հասարակածից դեպի բևեռները տարբեր տիպի լանդշաֆտների հերթափոխությամբ և տարբեր աշխարհագրական գոտիների, աշխարհագրական զոնաների և ենթազոնաների առաջացմամբ։ Հիմքում ընկած է ըստ աշխարհագրական լայնության Արեգակի ճառագայթային էներգիայի անհավասարաչափ բաշխումը, որն առաջացնում է ջերմության, խոնավության, հանքային և օրգանական նյութերի շրջանառության լարվածության փոփոխություն։ Աշխարհագրական զոնայականության հետ են կապված կլիմայական, հիդրոլոգիական, գեոքիմիական, գեոմորֆոլոգիական, հողային և կենսաաշխարհագրական պրոցեսները։ Տարբերում են զոնայականության երկու տիպ, լայնական զոնայականություն՝ հարթավայրերում, և ուղղաձիգ գոտիականություն՝ լեռներում, որը և ՀՍՍՀ–ում, լեռնային ռելիեֆի պատճառով, լավ է արտահայտված։ Բնության առանձին տարրերի զոնայականությունը վաղուց ապացուցված էր մասնավորապես կլիմայի և բուսականության համար, սակայն լանդշաֆտա–աշխարհագրական զոնայականությունը, բնական համալիրների զոնայականությունը, որպես աշխարհագրական գիտության հիմնական օրենք, մշակվել է XX դ. վերջին, Վ. Դոկուչաևի կողմից։

Գրկ. Докучаев В. В., К учению о зонах природы, М., 1948.


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, կամավոր գիտական ընկերություններ, որոնք միավորում են աշխարհագրագետ գիտնականներին, դասախոսներին, դասատուներին, աշխարհագրական գիտությունների զարգացմամբ ու տարածմամբ հետաքրքրվող անձանց։ Ա. ը. կոչված են օժանդակելու աշխարհագրական գիտությունների առաջընթացին, գիտության մասսայականացմանը, հրատարակում են աշխարհագրական և քարտեզագրական աշխատություններ, ամսագրեր, քարտեզներ, զանազան տեղեկատուներ, կազմակերպում գիտական արշավախմբեր։ 1871–1913-ին Ա. ը–ի նախաձեռնությամբ հրավիրվում էին միջազգային աշխարհագրական կոնգրեսներ։ Հետագայում դրանով սկսեց զբաղվել Միջազգային աշխարհագրական միությունը։ XVII–XVIII դդ. կազմակերպվել են Վենետիկի և Նյուրնբերգի, հետագայում՝ Փարիզի (հիմն. 1821), Բեռլինի (1828), Լոնդոնի թագավորական (1830), Ռուսական (1845, այժմ՝ ՍՍՀՄ աշխարհագրական ընկերություն), Ամերիկյան (Նյու Յորք, 1852) Ա. ը.։ Ներկայումս Ա. ը. կան աշխարհի 46 երկրներում։ 1935-ին, Երևանում, պրոֆ. Հ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայկական աշխարհագրական ընկերություն։ Մինչ այդ Հայաստանի աշխարհագրությամբ զբաղվել է Ռուսական աշխարհագրական ընկերության (1926-ից՝ Պետական աշխարհագրական ընկերություն) Կովկասյան բաժանմունքը (Թիֆլիս, 1850), որը և հրատարակել է դրան նվիրված մոտ 200 հոդվածներ ու գրքեր, այդ թվում՝ Հ. Աբիխի, Վ. Լիսովսկու, Ա. Ղուկասովի, Գ. Սրվանձտյանի աշխատությունները։

Գրկ. Семенов П., История полувековой деятельности императорского Руского географического общества, ч. 1–3, СПБ, 1896; Берг Л., Всесоюзное географическое общество за сто лет (1845 –1945 ), М–Л, 1946. Գ. Աբրահամյան


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ, երկրագնդի կոշտ, հեղուկ և գազային թաղանթների փոխներթափանցման ոլորտը։ Նյութի կազմությամբ այն երկրագնդի ամենաբարդ մասն է։ Գրականության մեջ Ա. թ–ի հոմանիշներն են «լանդշաֆտային թաղանթ», «բիոգեոսֆերա» (կենսաերկրաոլորտ), «էպիգեոսֆերա» (արտաքին երկրաոլորտ) հասկացությունները։ Ա. թ–ի վերին սահմանը, ըստ ակադ. Ա. Ա. Գրիգորևի, անցնում է ստրատոսֆերայով (օզոնի առավելագույն կուտակման շերտից ցած, 20–25 կմ բարձր, վրա), ստորին սահմանը՝ երկրի մակերևույթի ենթակեղևային շերտով, ըստ երևույթին, «Մոխորովիչիչի մակերևույթից» քիչ ցած։ Ա. թ–ի կառուցվածքի հիմնական առանձնահատկություններն են՝ բաղադրիչ տարրերի փոխադարձ ներթափանցումը, ներքին կազմի հարկայնությունը և տարածական բարդ մասնատվսւծությունը, նյութի ագրեգատային 3 վիճակում (պինդ, հեղուկ, գազային) գտնվելը, արեգակնային էներգիայի կլանման ու վերափոխման բազմազան բնույթը։

Ա. թ–ում ծագում, զարգանում և աշխարհա–երկրաբանական երևույթներին ակտիվ մասնակցություն է ունենում օրգ. կյանքը։ Ա. թ. մարդկային հասարակության կյանքի և վերափոխող գործունեու-