Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թյան ասպարեզն է։ Ա. թ–ի զարգացման ընթացքում ցամաքի մակերևույթի վրա, օվկիանոսի և ծովի հատակում, նրա բաղադրիչները առաջացրել են համակցություններ՝ աշխարհագրական կամ բնական տերիտորիալ կոմպլեքսներ (գեոկոմպլեքսներ), որտեղ կատարվում է էներգիայի և նյութի անընդհատ փոխանակություն, բաղադրիչների փոխներգործություն։ Վերջիններս էլ ընկած են Ա. թ–ի ամբողջականության և անքակտելիության հիմքում, պայմանավորում են նրա գոյությունը որպես բնության ուրույն երևույթի, որոշակի դեր խաղում նրա կազմության, դինամիկայի ու զարգացման մեջ։ Ա. թ–ի զարգացման օրինաչափությունների իմացությունը անհրաժեշտ է բնության վերափոխման հարցերը ճիշտ լուծելու, բնական հարստությունները հետախուզելու և նպատակահարմար օգտագործելու համար։

Գրկ. Կալեսնիկ Ս. Վ., Ընդհանուր երկրագիտության հիմունքները, մաս 1–2, Ե., 1956–59։ Ա. Բաղդասարյան


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, XV–XVII դարերում եվրոպական ճանապարհորդների աշխարհագրական հայտնագործությունները։ Դրանք պայմանավորված էին Եվրոպայում ապրանքային արտադրության զարզացմամբ, դեպի Արևելք նոր ճանապարհներ հայտնագործելու անհրաժեշտությամբ (հին ճանապարհները XV դ. գրավել էին թուրքերը), ոսկու նկատմամբ պահանջարկի խիստ աճով։ Այդ հայտնագործությունները հնարավոր դարձան, երբ հաստատվեց երկրի գնդաձևությունը և ստեղծվեցին օվկիանոսում նավարկող հարմարավետ նավեր։ Ա. մ. հ–ի թվին են պատկանում, ամենից առաջ, Ամերիկայի հայտնադործումը Ք. Կոլումբոսի կողմից (1492), որը հիմք դրեց նոր աշխարհամասի գաղութացմանը, Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ճլանապարհի հայտնագործումը Վասկո դա Գամայի կողմից (1497–99), Ֆ. Մագելանի առաջին շուրջերկրյա նավարկությունը (1519–22) ևն։ Հայտնագործված երկրների գրավումը, կողոպուտը ու շահագործումը նպաստեցին կապիտալի նախասկզբնական կուտակմանը և համաշխարհային շուկայի առաջացմանը։ Ա. մ. հ. խիստ խթանեցին աշխարհագրության, ինչպես նաև բնագիտության շատ ճյուղերի զարգացմանը։ (Տես նաև մայր ցամաքների մասին հոդվածների աշխարհագրական հայտնագործությունների և ուսումնասիրությունների պատմությունը բաժինը)։


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ, բնության այն առարկաների ու երևույթների ամբողջությունը (հողը, ջուրը, բուսական ու կենդանական աշխարհը, երկրի ընդերքի հարստությունները, էներգիայի աղբյուրները, մթնոլորտի ստորին շերտը, կլիման), որոնք անմիջականորեն կապված են մարդկային կյանքի հետ, մասնավորապես ներառված են հասարակական արտադրության ոլորտի մեջ՝ կազմելով հասարակության գոյության ու զարգացման բնական անհրաժեշտ հիմքը։ Պատմական զարգացման զուգընթաց Ա. մ–ի շրջանակ ներն ընդլայնվում են, բնության նորանոր մասեր ու երևույթներ են ներգրավվում հասարակական կյանքի մեջ։ [h Աշխարհագրական ուղղության] ներկայացուցիչները գերագնահատում են Ա. մ–ի դերը, այն համարում հասարակական զարգացման վճռական գործոն։ Մարքսիզմը, մերժելով այդ տեսակետը, միաժամանակ ընդունում է Ա. մ–ի որոշակի դերը հասարակության կյանքում։ Ա. մ., լինելով բարենպաստ կամ անբարենպաստ արտադրողական ուժերի, արտադրության առանձին ճյուղերի զարգացման համար, դրանով իսկ արագացնում կամ դանդաղեցնում է հասարակական զարգացման ընթացքը։ Ընդ որում, Ա. մ–ի այդ ազդեցությունը միշտ էլ միջնորդավորվում է հասարակական հարաբերություններով և պատմականորեն փոփոխվում է։ Հասարակությունը, ավելի ու ավելի լայնորեն օգտագործելով բնության ուժերը, հետզհետե դուրս է գալիս բնությանն ստրկացված լինելու վիճակից։ Հասարակական կյանքում գնալով ավելի մեծ դեր է սկսում խաղալ Ա. մ–ի այն մասը, որն անմիջական հիմք է ծառայում աշխատանքի միջոցների ստեղծման համար (օգտակար հանածոները, էներգիայի աղբյուրները), քան այն մասը, որն անմիջական հիմք է ծառայում կենսամթերքների արտադրության համար (բուսական և կենդանական աշխարհը, բերրի հողը)։ Ա. մ. ինքը ևս փոփոխություններ է կրում (թեև դանդաղ) թե հասարակության ազդեցությամբ և թե նրանից անկախ։

Գրկ. Восканян А. М., О роли географической среды в развитии общества, Е., 1956.


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑԻԿԼ, գեոմորֆոլոգիական հասկացություն՝ տրված Ու. Մ. Դևիսի կողմից, XIX դարի վերջին։ Ըստ Դևիսի, ռելիեֆի բազմազան ձևերի առաջացումը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքի և արտածին պրոցեսների փոխազդեցությամբ՝ որոշակի ժամանակաշրջանում։ Այս վերջինն էլ նա անվանում է Ա. ց., որի ընթացքում սկզբնական բարձրադիր ռելիեֆն աստիճանաբար մասնատվում է, դենուդացիայի ենթարկվում և վերածվում պենեպլենի։ Ա. ց–ի՝ ընթացքում ռելիեֆի զարգացումն ապրում է «երիտասարդության», «հասունության» և «ծերության» փուլեր։ Միայն երկրակեղևի նոր տեկտոնական բարձրացումները կարող են երիտասարդացնել ռելիեֆը և սկիզբ հանդիսանալ նոր Ա. ց–ի։


ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական բաժին Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կազմում։ Ատեդծվել է 1958-ի օգոստոսին։ Մշակում է հանրապետության աշխարհագրության հարցերը, ինչպես նաև՝ լեռնային երկրների աշխարհագրության տեսական պրոբելմները։ Արշավախմբերի և հանույթային մասշտաբի քարտեզագրության միջոցով ուսումնասիրում է ՀՍՍՀ բնական պայմանները, կազմում բնական հարստությունների կադաստրային բնութագրերը։ Ուսումնասիրությունների հիման վրա կազմվել և հրատարակվել են՝ «Հայկական ՍՍՌ ատլաս» (1961), «Հայկական ՍՍՀ երկրաբանություն», հ. 1, Գեոմորֆոլոգիա (1962, ռուս.), «Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» (1971) և այլ աշխատություններ։ Ա. բ. զբաղվում է նաև հայ ժողովրդի աշխարհագրական ժառանգության ուսումնասիրությամբ։


ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, բնական և հասարակական գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է բնական և արտադրական տերիտորիալ համալիրներն ու դրանց բաղադրամասերը։ Ա. սկզբում եղել է Երկրագնդի ու նրա մասերի բնության, բնակչության ու տնտեսության վերաբերյալ գիտելիքների հանրագումար։ Հետագայում միասնական Ա. տրոհվել է՝ վերածվելով գիտությունների համակարգի։ Ժամանակակից Ա–յան հետազոտության առարկան աշխարհագրական թաղանթն է՝ իր բնական և հասարակական տարրերով։ Դրանց ուսումնասիրությամբ զբաղվում են երկու խումբ գիտություններ՝ ֆիզիկական աշխարհագրությունը և տնտեսական աշխարհագրությունը: Ֆիզիկա–աշխարհագրական գիտությունների խումբը բաղկացած է ընդհանուր ֆիզիկական Ա–ից (երկրագիտություն, լանդշաֆտագիտություն, հնէաաշխարհագրություն) և աշխարհագրական թաղանթի առանձին տարրերն ուսումնասիրող գիտություններից (գեոմորֆոլոգիա, կլիմայագիտություն օվկիանոսագիտություն, ջրաբանություն, հողերի Ա., բույսերի Ա., կենդանիների Ա., սառցադաշտագիտություն, սառցույթագիտություն)։ Տնտեսաաշխարհագրական գիտությունների խմբի մեջ մտնում են տնտեսա–աշխարհագրական երկրագրությունը (համաշխարհային և առանձին երկրների տնտ. Ա.), ճյուղերի Ա., բնական պայմանների և հարստությունների Ա., արդյունաբերության Ա., գյուղատնտեսության Ա., տրանսպորտի Ա., շինարարության Ա., սպասարկման ճյուղերի Ա., բնակչության Ա.։ Աշխարհագրական գիտությունների համակարգում ուրույն տեղ են գրավում երկրագրությունը, քարտեզագրությունը, պատմական Ա. և աշխարհագրության պատմությունը, քաղաքական, բժշկական և ռազմական Ա–ները, հայրենագիտությունը։

Ա–յան սաղմերը ձևավորվել են ստրկատիրական հասարակարգում՝ Փյունիկիայում, Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հնդկաստանում, հետագայում՝ Հին Հունաստանում և Հռոմում։ Առևտրի և ծովագնացության զարգացումը, ռազմական արշավները հնարավորություն տվին հույներին ու հռոմեացիներին ընդարձակելու իրենց աշխարհագրական, մտահորիզոնը։ Հին աշխարհի մտածողների ջանքերով, մ. թ. ա. VI–IV դդ. դրվեցին աշխարհագրական գիտության հիմքերը։ Թալեսը գրեց իր «Մետեորոլոգիան», Անաքսիմանդրոսը կազմեց հայտնի աշխարհի քարտեզը, Հերոդոտոսը, ճանապարհորդելով Մերձավոր Արևելքի երկրներում, տվեց նրանց նկարագրությունը։ Կատարելագործվեցին մեծ տարածություններում կողմնորոշվելու, աշխարհագրական կետերի դիրքը որոշելու մեթոդները։ Երկրի, իբրն օվկիանոսով շրջապատված վահանաձև մարմնի, սկզբնական գաղափարն աստիճանաբար իր տեղը զիջեց գնդաձևության ուսմունքին։ Դեմոկրիտն արդեն քննում էր Երկրի ձևի հարցը, երկրաշարժերի, քամիների, Նեղոսի հորդացումների պատճառները։ Արիստոտելը տվեց Երկրի