Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


գնդաձևության ապացույցներ։ Նա Երկրագունդը բաժանեց գոտիների՝ տաք, երկու բարեխառն, երկու ցուրտ, նշելով, որ ապրելու համար ամենապիտանին բարեխառն գոտին է։ Դիկեարխը կազմեց աշխարհի քարտեզը (կիրառելով աստիճանացանցի սաղմերը), փորձեց որոշել Երկրագնդի չափերը։ Երատոսթենեսն առաջինն օգտագործեց «աշխարհագրություն» տերմինը։ Նա, չափելով Ալեքսանդրիայի և Սիենայի միջև ընկած աղեղի մեծությունը, որոշեց Երկրի միջօրեականի երկարությունը։ Ստրաբոնը կազմեց իր «Աշխարհագրություն»-ը (17 գրքից)։ Երկրի մասին հին հույների գիտելիքներն ամփոփեց Պտղոմեոսը՝ ստեղծելով երկրակենտրոն (գեոցենտրիկ) ուսմունքը և 8 հատորյա «Աշխարհագրություն»–ը։

Միջնադարում անտիկ աշխարհի աշխարհագրական ժառանգությունը զարգացրին Կովկասի, Միջին Ասիայի ժողովուրդները և արաբները։ Աշխարհագրական հարուստ նյութ է պարունակում պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»–ը (V դ.)։ VI–VII դդ. սահմանագլխին ստեղծվեց նշանավոր «Աշխարհացոյց»–ը՝ ժամանակի Ա–յան գլուխգործոցը։ Աշխարհագրական առաջադեմ գաղափարներ տվեց Անանիա Շիրակացին։ IX–X դդ. աշխարհագրական հայտնագործություններ կատարեցին նորմանները՝ հասնելով մինչև Ամերիկա (Նյուֆաունդլենդ)։ Արաբները X–XIV դդ. նկարագրեցին Ասիայի հսկայական տարածությունները (այդ թվում՝ նաև Հայկական լեռնաշխարհը)։ Հռոմի պապի պատվիրակները Միջին Ասիայի վրայով հասան Չինաստան։ Մոնղոլների մոտ պատվիրակներ ուղարկեց Կիլիկիայի Հայկական թագավորությունը։ Միջնադարի նշանավոր ճանապարհորդ՝ վենետիկցի Մարկո Պոլոն 1271–95-ին ցամաքով հասավ Չինաստան և հայրենիք վերադարձավ ծովով։

Արդյունաբերության և առևտրի վերելքը նախապայմաններ ստեղծեց Ա–յան բուռն զարգացման և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների համար։ Ք. Կոլումբոսը, Վասկո դա Գաման, Ջ. Կաբոտը, Ֆ. Մագելանը և այլք հայտնագործեցին ծովային նոր ճանապարհներ։ XVI դ. կեսերին հայտնի դարձան ցամաքների մեծ մասի ուրվագծերը։ Ճշգրիտ գիտությունների զարգացումը XVII դ. հնարավորություն ընձեռեց ստեղծել նոր գործիքներ և կատարելագործել հները (ջերմաչափ, ծանրաչափ, խոնավաչափ, կվադրանտ ևն)՝ նպաստելով աշխարհագրական հետազոտությունների խորացմանը։ XVI դ. համապատասխան նկարագրություններով կազմվեցին Ռուսաստանի տարբեր մասերի գծագրերը (դրանցից հիշատակության արժանի է «Մեծ գծագրի գիրքը»)։ Ա–յան զարգացման համար խոշոր նշանակություն ունեցավ XVI դ. արևակենտրոն (հելիոցենտրիկ) ուսմունքի ստեղծումը Ն. Կոպեռնիկոսի (1473–1543), Ջ. Բրունոյի (1548-1600) և Գ. Գալիլեյի (1564–1642) կողմից։ XVII–XVIII դդ. Հվ. կիսագնդում հայտնագործեցին Ավստրալիան և Ն. Զելանդիան (Լ. Տորես, Ա. Տասման, Ջ. Կուկ)։ Ռուս երկրագնացները (Ս. Դեժնև, Վ. Պոյարկով, Ե. Խաբարով և այլք) հետազոտեցին Սիբիրը՝ հասնելով մինչև Խաղաղ օվկիանոս, ծովագնացները (Բերինգի և Չիրիկովի արշավախմբեր) հասան Հյուսիսային Ամերիկայի ափերը։ XIX դ. ընդարձակ հետազոտություններ կատարվեցին Կենտր. և Միջին Ասիայում (Պ. Սեմյոնով–Տյան–Շանսկի, Ն. Սևերցով, Ի. Մուշկետով, Վ. Օբրուչև, Ն. Պրժևալսկի և այլք), Աֆրիկայում (Դ. Լիվինգստոն, Գ. Ստենլի և այլք)։ Կատարվեցին օվկիանոսագիտական հետազոտություններ:

XIX դ. կեսերից ձևավորվեցին Ա–յան ճյուղային գիտությունները։ Հումբոլդը հիմնադրեց կլիմայագիտությունը, ցամաքի լեռնագրությունը, բույսերի Ա. և լանդշաֆտագիտությունը, հետագայում առանձնացան ֆիզիկական Ա-յան մյուս ճյուղերը։ Ավելի ուշ (XIX դ. վերջին և XX դ. սկզբին) ինքնուրույն ճյուղեր առանձնացան նաև տնտ. Ա–ից։

Գիտության և տեխնիկայի զարգացմանը համընթաց կատարելագործվեցին աշխարհագրական հետազոտությունների մեթոդները։ Ժամանակակից Ա. ներառում է երեք համակարգի հետազոտություններ՝ համամոլորակային (պլանետար), շրջանային (ռեգիոնալ) և տեղանքային (տոպոլոգիական)։ Համամոլորակային հետազոտություններն ընդգրկում են աշխարհագրական թաղանթը կամ նրա խոշոր հատվածները՝ մինչև օզոնի շերտի բարձրությունը, շրջանային ուսումնասիրությունները՝ ցամաքի առանձին հատվածները՝ մինչև մի քանի կիլոմետր ուղղաձիգ կտրվածքով, իսկ տեղանքային հետազոտությունները՝ լանդշաֆտի տարրական մասերը, որոնց ուղղաձիգ սահմանները մի քանի տասնյակ մետրից չեն անցնում։ Նման մոտեցումը հնարավորություն է ընձեռում ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարելու, լայնորեն կիրառելով մոդելացումը և էլեկտրոնային հաշվիչ մեքենաները։

Ա–յան զարգացման նոր փուլ սկսվեց գիտական հետազոտություններում դիալեկտիկական մատերիալիզմի սկզբունքների կիրառմամբ։ Դրանում հատկապես կարևոր դեր խաղացին արտադրողական ուժերի զարգացման ու տեղաբաշխման վերաբերյալ լենինյան ծրագրային դրույթները։ Մշակվեցին սովետական Ա–յան տեսական սկզբունքները։ Լ. Բերգը ցույց տվեց բնական միջավայրի մոզաիկ կառուցվածքը և հիմնավորեց լանդշաֆտների բնական շրջանների գոյությունը։ Ա. Գրիգորևը բացահայտեց ֆիզիկա–աշխարհագրական պրոցեսների լարվածության, նյութի և էներգիայի փոխանցման, ջերմության և խոնավության հարաբերակցության նշանակությունը բնական զոնաների ձևավորման և օրգ. աշխարհի արգասաբերության ասպարեզում, զարգացրեց հաշվեկշիռների ուսմունքը՝ ընձեռելով քանակական մեթոդները կիրառելու լայն հնարավորություն։ ՍՍՀՄ–ի և աշխարհի մյուս երկրների տնտեսության առանձնահատկությունների ուսումնասիրության հետ մեկտեղ, սոցիալիստական տնտեսության միասնական զարգացման ու պլանային ղեկավարման պահանջներին համապատասխան, Ա. սկսեց զբաղվել նաև հասարակական արտադրության տերիտորիալ կազմակերպման, տարբեր բնույթի ու նշանակության տնտ. շրջանների ձևավորման ու բարդացման հարցերով։ Այդ գործում մեծ դեր են խաղացել Ն. Բարանսկին, Ն. Կոլոսովսկին և այլք։ Բնական հարստությունների հաշվառման ու կոմպլեքսային օգտագործման, բնակչության ու քաղաքների աշխարհագրական ուսումնասիրության գիտական հիմունքների, տերիտորիալ–արտադրական համալիրների մասին տեսության, տնտ. շրջանցման սկզբունքների, առանձին շրջանների հեռանկարային զարգացման հարցերի մշակմամբ տնտ. Ա. վերածվեց մի գիտության, որը գործնական մեծ օգնություն է ցույց տալիս հեռանկարային պետական պլանավորմանը։

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է աշխարհագրական հարուստ ժառանգություն։ Աշխարհագրական տեղեկություններ են պարունակում հայ պատմիչների գործերը և ձեռագիր այլ աղբյուրներ։ Նոր ժամանակներում Ա. զարգացել է նախապես գաղթավայրերում, հատկապես Մխիթարյան միաբանությունում (Ղ. Ալիշան, Ղ. Ինճիճյան, Ս. Ագոնց ևն)։ Անդրկովկասում ևս զգալի աշխատանքներ են կատարվել (Ա. Ղուկասով, Ե. Լալայանց, Լեո, Հ. Մանանդյան, Ս. Երեմյան)։ ՀՍՍՀ–ում Ա–յան զարգացման գործում մեծ դեր խաղաց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը (Հ. Հովհաննիսյան, Բ. Գալստյան, Հ. Կարապետյան, Ա. Լիսիցյան և այլք), որտեղ ներկայումս գործում են ֆիզիկական Ա–յան, տնտեսական Ա–յան և գեոմորֆոլոգիայի ու գեոդեզիայի ամբիոնները։ Ա. պրոբլեմների գիտական մշակման գործում արժեքավոր աշխատանքներ են կատարվել հանրապետության ԳԱ–ում, սկզբում հարակից գիտությունները ներկայացնող ինստ–ներում, 1958-ից՝ նաև Աշխարհագրրության բաժնում: Ֆիզիկական Ա–յան և տնտեսական Ա–յան ամբիոններ են ստեղծված նաև Երևանի Խ. Արովյանի անվան հայկ. մանկավարժական ինստ–ում։

Աշխարհի ավելի քան 50 երկրներում գործում են ազգային աշխարհագրական ընկերություններ։ Միջազգային աշխարհագրական միությունը կոորդինացնում է աշխարհագրական գիտության ակտուալ պրոբլեմները, հրավիրում միջազգային կոնգրեսներ։ Աշխարհագրական ԳՀԻ–ներ գոյություն ունեն աշխարհի համարյա բոլոր երկրներում։ Դրանցից է ՍՍՀՄ ԳԱ Ա–յան ինստ–ը, Երկրի թաղանթի առանձին բաղադրիչներ ուսումնասիրող ինստ–ները ևն։

ՍՍՀՄ–ում լույս տեսնող աշխարհագրական մասնագիտական գրականությունից ևն՝ ռուս. պարբերականներ՝ «Իզվեստիա Ակադեմիի նաուկ ՍՍՍՌ. Սերիա գեոգրաֆիչեսկայա» («Известия Академии наук СССР. Серия географическая»). «Իզվեստիա Վսեսոյուզնոգո գեոգրաֆիչեսկոգո օբշչեստվա» («Известия Всесоюзного географического общества»), «Գեոգրաֆիա վ շկոլե» («География в школе»). «Վոպրոսի գեոգրաֆիի» («Вопросы географии»), «Գեոգրաֆիա ի խոզյայստվո» («География и хозяйство») ևն, իսկ ՀՍՍՀ–ում՝