Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ների կալվածքները։ 780-ական թթ. Կամսարականներից գնել է Այրարատի Շիրակ և Արշարունիք գավառները, իր նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան։ Ձեռք է բերել նաև Մամիկոնյանների Տարոն գավառը։ Հաջողությամբ պայքարել է Ջահհաֆյանների դեմ, որ ձգտում էին նվաճել Հայաստանը։ Ութմանիկներից (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում) նեղվող Գնունի տոհմը Ա. Բ–ի հովանավորությամբ Աղիովիտ գավառից տեղափոխվել է Տայք նահանգը։ 804-ին խալիֆայությունը ստիպված է եղել Ա. Բ–ին ճանաչել որպես Հայոց իշխան։ Ա. Բ. մերժել է Սիջագետքի Խառան քաղաքի եպիսկոպոսի՝ քաղկեդոնականության ընդունելու առաջարկը։ Միխայել Ասորու պատմության մեջ Ա. Բ. համարվում է Բագրատունի առաջին թագավորը։ Ն. Ադոնցի ենթադրությամբ Ա. Բ. «մսակեր» է անվանվել պաս չպահելու պատճառով։ Ա. Տեր–Ղևոնդյան

ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾ (ծն. թ. անհտ.–977), Հայոց թագավոր 953-ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին։ Ա. Գ Ո–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953-ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961-ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շենքեր, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Ա. Դ Ո. հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագեաք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև Ա. Գ Ո–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966-ին հիմնել է Սանահինի, իսկ 976-ին՝ Հաղբատի (Հաղպատի) վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Ա. Գ Ո. երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Ըստ Ասողիկի, Ա. Գ Ո. «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։ Անիի արվարձաններից մեկում, Ախուրյանի ափին՝ Հայոց Բագրատունիների գերեզմանոցում պահպանվել է Ա. Դ Ո–ի գերեզմանը։

Գրկ. Ստեփանոս Տարոնեցի [Ասողիկ], Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Լեո, Երկ. Ժող., հ. 2, Ե., 1967։ Ս. Պողոսյան


ԱՇՈՏ Դ (ծն. թ. անհտ.– 1040), Հայոց թագավոր 1022-ից, Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավակնությամբ 1020-ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրակսւնի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանների միջնորդությամբ 1022-ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Ա. Դ՝ Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Ա. Դ օգնություն է ստացել նաև Բյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։

Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղ–պատ, 1898։ Լեո, Երկ. Ժող., հ. 2, Ե., 1967։


ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂ, Աշոտ շինող (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ ճարտարապետ։ Կառուցել է Զորի քարավանատունը։ Պատմական Հայաստանի բազմաթիվ իջևանների կառուցողներից միակն է, որի անունը մեզ է հասել արաբատառ արձանագրությամբ՝ «Աշոտ կառուցող»։


ԱՇՈՏԱՎԱՆ (մինչև 1948՝ Աղքենդ), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Սիսիան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հարավ։ 455 բն. (1970), հայեր։ Ա–ի կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Գյուղի տերիտորիան մնալու է Որոտանի կասկադի Տոլորսի ջրամբարի տակ, որի պատճառով էլ Ա–ից 1 կմ արևմուտք կառուցվում է նոր գյուղ։ Ա. է վերանվանվել ծագումով նույն գյուղացի, Հայրենական մեծ պատերազմում զոհված գնդապետ Աշոտ Սարգսյանի (1903–1941) անունով։ Բ. Գասպարյան


ԱՇՈՐԱ (Secale), տարեկան, միամյա բույս հացազգիների ընտանիքից։ Ցողունի բարձրությունը՝ 70–200 սմ, հասկի առանցքը՝ չկոտրվող, արմատները հասնում են մինչև 20–25 սմ խորության, ծաղկաբույլը՝ հասկ, պտուղը՝ հատիկ, խաչաձև փոշոտվող։ 1000 հատիկի քաշը՝ 11–55 գ: Տարածված է 12 տեսակ՝ 11-ը վայրի, մեկը՝ մշակովի (S. cereale)։ Մշակվում է պարենի և կերի համար։ Ա–ի յուրաքանչյուր կգ կանաչ զանգվածը պարունակում է 0,18 կերային միավոր, սիլոսը՝ 0,17, չոր խոտը՝ 0,41։ Ծղոտն օգտագործվում է թղթի, լիգնինի, ծղոտե գորգերի արտադրության համար։ ՀՍՍՀ–ում Ա. մշակվում է լեռնային շրջաններում, սահմանափակ տարածություններում։ Աշնանացան ցորենի համեմատությամբ ավելի վաղահաս է, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ցանքը կատարվում է օգոստոսի 2-րղ կեսից մինչև սեպտեմբերի 1-ին կեսը, 4–5 սմ խորությամբ։ Կերի համար բերքահավաքը կատարվում է հասկակալման փուլում։ Լավագույն սորտերից են՝ Վյատկան, Սարատովսկայա–1, Լիսիցինը։ Ա. Մաթևոսյան


ԱՇՈՑՔ, Աշոցան, Արշոցան, գավառ Այրարատ նահանգում։ Համապատասխանում է ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանին, ունի դաշտային ցուրտ ու համեմատաբար խոնավ կլիմա։ Հիշատակվում է ուրարտական արձանագրություններում Իշկիգուլա (Iškugulu) ձևով։ Մինչև Հայաստանի առաջին բաժանումը Ա. հավանաբար մտնում էր Գուգարքի մեջ, իսկ այնուհետև՝ Այրարատի։ Գավառի կենտրոնն էր Աշոցք ավանը (այժմ՝ Ղազանչի կամ Ղայղուլի)։ Ա. կազմում էր Աշոցյան նախարարության ժառանգական սեփականությունը։ Թ. Հակոբյան


ԱՇՈՑՔԻ ՍԱՐԱՀԱՐԹ, գտնվում է Հայկական ՍՍՀ հյուսիս–արևմուտքում, Եղնախաղի, Չըլդըրի, Ջավախքի և Շիրակի լեռնաշղթաների միջև։ Բարձր. 1900–2100 մ է։ Կազմված է շրջակա հրաբխային լեռներից արտավիժած դոլերիտային բազալտներից, ծածկված՝ ցամաքային նստվածքներով (դելյուվիալ, լճա–գետային ևն)։ Լավային բլուրների և թմբերի միջև գոյացել են առանձին դաշտեր՝ Վերին Ախուրյանի, Ղազանչիի, Վարդաղբյուրի, Ամասիայի։ Ա. ս. գտնվում է Սևան–Ամասիա մետաղածին գոտում։ Կան մկնդեղի (ռեալգար, աուրիպիգմենտ) երևակումներ, քրոմիտ պարունակող գերհիմքային ապարներ (Դաշտաքար լեռ), այրվող թերթաքարեր (Բանդիվան գյուղի մոտ 150 մլն. տ), տորֆ (Ղուկասյան գյուղի մոտ, 3 մլն. մ³)։ Ա. ս–ի կլիման խստաշունչ է. Շուրաբադում հունվարի միջին ջերմաստիճանը –12°C է, նվազագույնը՝ –46°C (ամենացածրը ՀՍՍՀ–ում), հուլիսինը՝ +14°C։ Ձնածածկույթի հաստությունը 0,5 մ է և ավելի, տևողությունը՝ մինչև 130 օր։ Տարեկան տեղումները հասնում են 550–600 մմ-ի (մոտ կեսը՝ ապրիլ–հունիս ամիսներին)։ Ա. ս. հարուստ է ստորերկրյա ջրերով ու աղբյուրներով։ Գետերը հորդանում են գարնանը։ Խոշոր գետը Արփի լճից սկիզբ առնող Ախուրյանն է։ Տարածված են բավականին հզոր, լվացված սևահողերը և լեռնա-մարգագետնային հողերը։ Բուսականությունը խոտային (մինչև 1 մ), մարգագետնա–տափաստանային է։ Բնորոշ են հացազգիները՝ սիզախոտ, դաշտավլուկ, շյուղախոտ։ Արփիի լճափի տորֆակալած հողերի վրա տարածված են եղեգնաթավուտներ, բոշխային ճահճուտներ և մարգագետիններ։ Կերային հարուստ բազայի վրա զարգանում է անասնապահությունը։ Մշակում են հացահատիկային բույսեր։ Հեռանկարային են ձկնային տնտեսությունը, լեռնա–կլիմայական առողջավայրերի և մերձլճային հանգստի գոտու ստեղծումը։ Ա. Ասլանյան


ԱՇՎԱԳՀՈՇԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), հնդիկ բանաստեղծ։ Գրել է սանսկրիտերեն։ Ըստ ավանդության, ապրել է Կանիշկա թագավորի (II դ.) օրոք։ Գրել է էպիկական, դրամատիկական և քնարական ստեղծագործություններ: Գլուխգործոցը «Բուդդհաչարիթա» պոեմն է, ուր ներկայացվում է Բուդդայի կյանքը։ Պոեմը հարուստ է պալատական կյանքի, բնության զունեղ պատկերներով։ Բուդդայական փիլիսոփայության մի շարք դրույթներն են շարադրված Ա–ի «Սաունդարանանդա» պոեմում։ Ա. գրել է նաև «Շարիփութրաքարանա» դրաման։ Նրան է վերագրվում «Սութրալանքարա» ժողովածուն, որը մեզ է հասել չինարեն թարգմանությամբ։ Այնտեղ ամփոփված են խրատական բնույթի արձակ ու չափածո լեգենդներ։

Երկ. Жизнь Будды, пер К. Бальмонта, М., 1913.