Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ջրի պաշտամունքի հիմնական գծերը։ Ա–ի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Ա–ին նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Ա–ի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Արագած, Արայի լեռ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Ա–ին էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։

Գրկ. Մատիկյան Ա., Արա Գեղեցիկ, Վնն., 1930։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։ Կ. Մելիք–Փաշայան

«ԱՐԱ» (ARA,անգլ․ American Relief Administration) (Ամերիկյան օգնության վարչություն), գոյություն է ունեցել1919–1923-ին։ Ղեկավարն էր Հ. Հուվերը։ Կոչված էր պարենային և այլ օգնություն ցույց տալու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժած եվրոպական երկրներին։ Պովոլժիեում սովի ժամանակ, 1921-ին, սովետական կառավարությունը թույլատրեց «ԱՐԱ»–ի գործունեությունը ՌՍՖՍՀ–ում։ «ԱՐԱ»–ի կազմակերպած՝սննդամթերքի, դեղամիջոցների և այլ մատակարարումները որոշակի օգնություն եղան սովյալների համար։ Սակայն ԱՄՆ–ի կառավարող շրջանները փորձում էին այդ օգնությունն օգտագործել հակահեղափոխական տարրերին աջակցելու, հեղափոխական շարժման դեմ պայքարելու, ամերիկյան իմպերիալիզմի դիրքերը եվրոպական երկրներում ամրապնդելու նպատակով։


«ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ», հայ ժողովրդական առասպել։ Ավանդվել է Մովսես Խորենացու մշակմամբ, այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով։ Ըստ Խորենացու, Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Մարտում Արան զոհվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է. Շամիրամը իր մտերիմներից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։ Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարը աշխարհակալ Ասորեստանի դեմ։ Առասպելն ունի շատ հին ծագում և սերտորեն աղերսվում է էր Հայորդու, Հին Արևելքի Իշտարի ու Թամմուզի, հունական Աֆրոդիտեի ու Ադոնիսի և այլ առասպելների հետ։ Հիմք է դարձել հայ գրականության և արվեստի մի շարք երկերի (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը, Վ. Սուրենյանցի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը և այլն)։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե.,1968։ Սեբեոս, Պատմություն, 4 հրտ., Ե., 1939։ Էմին Մ., Վեպ հանուն Հայաստանի, Մ., 1850։ Սրվանձտեանց Գ., Գրոց ու բրոց, ԿՊ, 1874։ Աբեղյան Մ., Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ,Վաղ–պատ, 1901։ Մատիկյան Ա., Արա Գեղեցիկ, Վնն., 1930։ Ղափանցյան Գ., Արա Գեղեցկի պաշտամունքը, Ե., 1944։ Ա.Նազինյան


ԱՐԱԲԱ–ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ, Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Միջերկրական ծովից մինչև Պոնտոս ձգվող սահմանային գոտի (արաբ. «Սուղուր»), որը VII–X դարերում ենթակա էր երկու կողմերի անվերջ ասպատակություններին։ Ընդգրկում էր Կիլիկիան (արաբ. Ասորիքի սահմանային գոտի) և Փոքր Հայքի մերձեփրատյան շրջանները (արաբ. Վերին Միջագետքի սահմանային գոտի)։ Կիլիկիայում արաբների վարչական կենտրոնը Տարսոնն էր, կարևոր էին նաև Ադանան, Մոփսուեստիան (Մսիս), Անարզաբան, Հարունիյան և Մարաշը։ Վերին Միջագետքի (Զագիրա) սահմանային գոտում արաբների վարչական կենտրոնն էր Մելիտինեն (Մալաթիա), իսկ կարևոր ռազմական հենակետերը՝ Տերենտե, Սոզոպետրա, Հիսն Մանսուր, Բեհեսնսա և Հադաս բերդերը, ինչպես նաև Բարձր Հայքի Կամախ բերդը (Բարձր Հայք և Ծոփք նահանգների արմ. մասերի հետ միասին)։ Սահմանային այդ գոտու հետ սերտորեն կապված էին Հայաստանի Շիմշատ, Խարբերդ և, հատկապես, Կարին քաղաքները։ Ամբողջ Փոքր Ասիան և մանավանդ նրա հվ–արլ. կողմերն արաբա–բյուզանդական անվերջ ընդհարումների թատերաբեմ էին։ Կռվող կողմերը փոխադարձաբար քանդում էին հակառակորդի բերդերն ու քաղաքները՝ամայացնելով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիան։ Այս կողմերի ասորի, հայ և հույն բնակչությունը մեծապես տուժեց, նրա թիվը պակասեց, որի համար խալիֆայությունը որոշ հարկային առանձնաշնորհումներ տվեց նրանց։ Մակեդոնական հարստության ժամանակ հույներն սկսեցին նեղել արաբներին։ Վասիլ I կայսրը (867–886) գրավեց պավլիկյանների կենտրոնները և, մասնավորապես, Տևրիկեն։ 928-ին Մելիտինեի ամիրան հպատակություն հայտնեց Բյուզանդիային։ Նիկեփորոս II Փոկաս կայսրը գրավեց Կիլիկիան, իսկ Հովհաննես I Չմշկիկը՝ Անտիոքը, Մծբինը և Ամիդը։ 1032-ին Բյուզանդիան գրավեց նաև Եդեսիան և, այսպիսով, ամբողջ սահմանային գոտին ներքին նահանգների հետ միասին անցավ հույներին։ Արաբա–բյուզանդական երեքհարյուրամյա ռազմական ընդհարումների հետևանքով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիայի զգալի մասն ամայացան՝ նպաստավոր հող ստեղծելով սելջուկյան հրոսակների համար, որոնք հեշտությամբ հաստատվեցին Փոքր Ասիայում։ Ա․Տեր–Ղևոնդյան


ԱՐԱԲԱԿԱՆ ԱՄԻՐԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, արաբական տիրապետության ժամանակ Հայաստանում արաբ գաղթականների ստեղծած իշխանություններ։ Հայաստանում առաջին ամիրայությունն ստեղծվեց Աղձնիք նահանգում (VIII դ. սկիզբ)՝ Շայբանի ցեղի կողմից։ Աբբասյանների ժամանակ այս ցեղից մի քանի ամիրաներ վարում էին Արմինիայի ոստիկանի պաշտոնը։ Հարուն ալ–Ռաշիդի օրոք (786–809) Հայաստանում Բյուզանդիայի դեմ սահմանային գոտի ստեղծելու, հայ նախարարությունները թուլացնելու նպատակով արաբ ոստիկանները Հայոց Տուրուբերան նահանգի Հարք, Ապահունիք գավառները գաղթեցրին Սուլայմ ցեղի (Կայս մեծ ցեղից) ռազմիկ արաբներին՝ Կայսիկներին, և ստեղծվեց Կայսիկների ամիրայությունը (Հարքում և Ապահունիքում)։ Տուրուբերանի Աղիովիտ գավառում ստեղծվեց Ութմանիկների ամիրայությունը։ Հայաստանի տարբեր գավառներում թափառում էին Ջահհաֆյանները, որոնց տան հիմնադիր Ջահհաֆն ամուսնացել էր 774–775-ի ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանի դստեր հետ և, հանդես գալով որպես Մամիկոնյանների ժառանգորդ, ձգտում էր տիրել Տարոնին ու Մամիկոնյանների մյուս տիրույթներին։ Սակայն, Հայոց իշխան Աշոտ Մսակերից պարտություն կրելով, չկարողացավ հաստատվել Հայաստանի որևէ գավառում, բայց իր որդի Աբդ ալ–Մալիքի հետ գրավեց Դվինը։ Նա համոզեց Մամուն խալիֆին՝ իր որդուն դարձնել Արմինիայի ոստիկան։ Բայց Աշոտ Մսակերի եղբայրը՝ սպարապետ Շապուհ Բագրատունին, ոչնչացրեց Զահհաֆյանների ուժերը, իսկ Դվինի բնակիչներն սպանեցին Աբդ ալ–Մալիքին։ Բաբեկի ապստամբության ժամանակ Հայաստանում հանդես եկավ Ջահհաֆի եղբորորդի Սևադան, որն ամուսնացել էր Արուսյակ Բագրատունու հետ։ Սևադային և նրա հետ ժամանակավորապես դաշնակցած Սմբատ սպարապետին հաղթեց Խալիդ ոստիկանը։ Սևադան շուտով վտարվեց Հայաստանից, և նրա տոհմին ասպարեզից դուրս մղեցին Բագրատունիները։ Արդնում և Բաղեշում ստեղծվել էր Զուարիկների ամիրայությունը։ Արզնի տեր Մուսա իբն Զուրարան ամուսնացել էր Տարոնի գահերեց Բագարատ Բագրատունու քրոջ հետ, իսկ որդին՝ Աբուլ–Սադրան, Արծրունի իշխանուհու հետ և ծածուկ ընդունել քրիստոնեություն։ Բուղայի արշավանքի ժամանակ (852–855) նորից Հայաստան եկան արաբների նոր խմբեր, իսկ հներն ամրապնդեցին իրենց դիրքերը։ Ատրպատականի Սաջյան ամիրաների օգնությամբ Դվինում և ավելի ուշ Գողթնում ստեղծվեցին ամիրայություններ։ Աշոտ Բագրատունու իշխանության և թագավորության տարիներին (862–890) Հայաստանում նրան ենթակա էին Կայսիկների ամիրայությունը՝ Ապահունիքում ու Հարքում, Ութմանիկներինը՝ Բերկրիում, և Կարինի ամիրայությունը։ Հայոց թագավորությանը ժամանակավորապես ենթակա էին Հերի ամիրան և Արզնի Զուրարիկները, իսկ Կարինի տերերը կապված էին նաև խալիֆայության հետ։ Կայսիկ Աբուլ–Վարդին հաջորդած երեք որդիները 902-ին ապստամբեցին Սմբատ Ա–ի դեմ, սակայն թագավորը ճնշեց այս շարժումը։ Սմբատ թագավորի մահից հետո Կայսիկները ենթարկվեցին Բյուզանդիային, իսկ 964-ին վերջ տրվեց նրանց իշխանությանը։ Բյուզանդիան 949-ին գրավեց և կործանեց Կարինը։