Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղՆ. Թահմիզյանական ստեղծագործության գանձարանը՝ տակավին XVIII դարում իրենց ծոցից ծնելով հանճարեղ Սայաթ–Նովային՝ Անդրկովկասի ամենամեծ աշուղին։ Ա–ները, սկսելով պարսկա–հայկական, թուրքա–հայկական և վիրա–հայկական դպրոցներից, ի վերջո հանգեցին հայկական–ազգային դպրոցի հիմնադրմանը՝ հանձին Ջիվանու, որն իր ստեղծագործության հիմքում դրեց հայոց գրական լեզուն և ազգային–ժողովրդական եղանակները։ Գրականության մեջ հիշատակված հայ աշուղների թիվը անցնում է մի քանի հարյուրից։ Կարկառուն դեմքեր են պարսկա–հայկական աշուղական դպրոցի հիմնադիր Ղուլ Էգազն ու Մկրտիչը (Նոր Զուղա, XVII դ. առաջին քառորդ), թուրքա–հայկական աշուղական դպրոցի հիմնադիրներ Արթինը և Ռումանին (Կ. Պոլիս, XVIII դ. 30-ական թթ.), վիրա–հայկական աշուղական դպրոցի հիմնադիր Սայաթ–Նովան, Երևանի աշուղական դպրոցի գլխավոր ներկայացուցիչ Շիրինը, հայկական ագգային աշուղական նոր դպրոցի հիմնադիր Ջիվանին և սովետական շրջանի նշանավոր աշուղներ Շերամը, Հավասին, Աշոտը, Շահենը։ Սկսած 1970-ական թթ. հայ Ա–ները վերանվանվեցին գուսաններ։

Գրկ. Լևոնյան Գ., Աշուղները և նրանց արվեստը, Ե., 1944։ Кочарян А., Армянская народная музыка, М.–Л., 1939; Кушнарев Х. С., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958; Атаян Р. А., Армянская народная песня, М., 1965. Ն. Թահմիզյան

«ԱՇՈՒՂ ՂԱՐԻԲ», արևելյան ժողովրդական երգախառն սիրավեպ։ Ձևավորվել է XVII ղ.։ Գովերգում է ազնիվ, նվիրական սերը, քննադատում մարդկային երջանկաթյանը խորտակող ավատական օրենքները։ Սիրավեպը բազմաթիվ տարբերակներով տարածվել է Անդրկովկասում, Իրանում և Թուրքիայում։ «Ա. Ղ.»–ի մոտիվներով Մ. Յու. Լերմոնտովը գրել է «Աշիկ–Կերիբ» (1837, հրտ. 1846) հեքիաթը, ադրբեջանական կոմպոզիտոր Ու. Հաջիբեկովը՝ «Աշըղ Գարիբ», իսկ Ռ. Ս. Գլիերը՝ «Շահսենեմ» օպերաները։ «Ա. Ղ.» սիրավեպը բազմաթիվ տարբերակներով պատմվել է հայ ժողովրդի մեջ։ Այն գրառել են Գ. Տեր–Աղեքսանդրյանը, Ջիվանին և ուրիշներ։

Գրկ. Տեր–Աղեքսանդրյան Գ., Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, մաս 1, Թ., 1885, էջ 334–41։ Ջիվանի, Աշըղ Ղարիբի հեքիաթը, փոխադր. տաճկերենից, Ալեքսանդրապոլ, 1887։ Ա. Երևանլի


ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ժողովրդա–պրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ, որը հատուկ է աշուղներին։ Ունի իր պահանջները, որոնցից գլխավորներն են՝ բանաստեղծությունները հորինել աշուղական տաղաչափությամբ, յուրացնել տվյալ շրջապատին ու ժամանակին հատուկ աշուղական կանոնական եղանակները և հարստացնել դրանք, մասնակցել աշուղական հրապարակային մրցություններին, երգով և նվագակցությամբ ելույթներ ունենալ մենակ կամ ընկերներով։ Տես նաև Աշուղական պոեզիա, Աշուղական երաժշտություն։ Ն. Թահմիզյան


ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ժոդովրդական երգ ու նվագի դարավոր նվաճումների վրա հիմնված, կայուն ավանդույթներ ունեցող պրոֆեսիոնալ երաժշտություն։ Նրան հատուկ մեղեդիները, գյուղական և քաղաքային ժողովրդական երգերի եղանակների համեմատությամբ, ավելի ծավալուն են, ընդանակ կրելու հուզական, գաղափարական ավելի մեծ բեռնվածություն և աչքի են ընկնում չափածո տարբեր խոսքերի հետ կապված նպատակամետ շեշտադրությամբ ու կոմպոզիցիայի ակնառու գծերով։ Ա. ե–յան մեջ լայնորեն օգտագործվում են երգի քառյակային ձևերը (կրկնակով, առանց կրկնակի ևն, ըստ որում՝ խորացնելով մեղեդին տնից տուն տարբերակելու սկզբունքը), միաժամանակ մշակվում են ավելի բարդ ձևեր (օրինակ՝ բալլադին մոտեցող ձևը)։ Ա. ե–յան մեջ կիրառվում են մեղեդու ծավալման երեք սկզբունքներ՝ ասերգային, երգային և պարերգային (առանձին–առանձին կամ հարակցված կերպով)։ Հայ Ա. ե–յան մեջ մեղեդիների ելևէջային հիմքը կազմում են շուրջ 20 ձայնեղանակներ, որոնք հանդիպում են նաև հայկական գյուղական, քաղաքային–ժողովրդական ու հոգևոր երգարվեստում։ Առավել գործածական են ալտերացված հնչյունաշարով եղանակները։ Հայ աշուղների երգերում ռիթմական բազմազան գծագրերն ընդհանրապես հիմնված են մետրական որոշակի ցանցի վրա, որը գոյանում է պարզ, բարդ և խառը տարբեր չափերից։ Հաճախ օգտագործվող մի չափ է 6/8՝ «տեղաշարժված» յամբի հետևյալ պատկերով.

Լայնորեն կիրառվում են նաև 5/8, 7/8, 8/8 չափերը։ (Տես նաև Աշուղական չափեր)։

Հայ աշուղական երգ–նվագը կատարողական առումով ևս ուրույն դպրոց է ներկայացնում. ի տարբերաթյուն ժողովրդականի՝ բնույթով համերգային է։ Պահանջում է ունկնդիր հասարակայնաթյան առկայություն և ունի նրա վրա ներգործելու միտում։ Աշուղական կատարողական արվեստի անքակտելի հատկանիշներից է հանկարծաբանաթյունը (իմպրովիզացիան), որը կատարվող երգն ու նվագը երբեմն զգալիորեն մոտեցնում է տեղն ու տեղը հորինված ստեղծագործությանը։ Երգեցողությունը նվագի ընկերակցությամբ մատուցելու նպատակով հայ աշուղները տարբեր վայրերում և ժամանակներում օգտագործել են երաժշտական գործիքներ՝ սանթուր, քանոն, քյամանչա, սազ, թամբուր, թառ, չոնգուր, քյամանի, ջութակ։ Աշուղի նվագը, բացի երգեցողությանը ընկերակցելուց, ամեն մի երգի, երբեմն նրա յուրաքանչյուր տան սկզբում և վերջում կատարում է նաև ներածության ու եզրափակման ինքնուրույն պաշտոն։

Գրկ. Кушнарев Х. С., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958. Ն. Թահմիզյան


ԱՇՈՒՂԱԿԱՆ ՁԱՓԵՐ, երգելու համար հորինված վանկական ոտանավորների տեսակներ։ Հայ Ա. չ. տարբերվում են բանաստեղծական և գուսանական չափերից։ Տողի ամբողջությունը, իբրև մի մեծ ռիթմական միություն, պահվում է տողավերջի հաստատուն դադարով և հանգերով, որոնք լինում են զորեղ, հաճախ կազմված հանգաբառից հետո կրկնվող նույն բառերով։ Սեծ տողերը հատածով սովորաբար բաժանվում են երկու կիսատողերի, բայց հատածն էլ երբեմն ճշտությամբ չի պահվում. օրինակ՝ 15 վանկանի տողերը միևնույն բանաստեղծության մեջ բաժանվում են մերթ 7/8, մերթ 8/7 կիսատողերի, երբեմն էլ հատածի հետ բառական ոտքը չի վերջանում։ Ա. չ–ից ամենակարճը 5 վանկանի բայթավուրն է, որի փոփոխված ձևը քյուշեթն է։ Տարածված չափերից են 10 վանկանի գյաֆը («Փոքր ինչ դադարիր//Նավ ալեկոծման», Գյուրջի Նավե), 11 վանկանի ղոշման («Եթե մեղավո՛րը //մընա անպատի՛ժ, աշխա՛հը կեցություն //չի՛ լինի երբեք»), 11 վանկանի դաստանը («Ինչ կենդանի՜//փոքրին կուլ տա՞լ/ է ուզո՛ւմ, ձըկի փուշ կը՛ //լինի, կը՛խը–րի բո՛ւկը», Զիվանի) ևն։ Ա. չ–ից հայտնի են նաև բայաթին, դյաբեյթը, շարքին, եդաքլաման, մուխամազը, ղազելը, դիվանին, դաստանը, ռուբային, վարսաղը։

Գրկ. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տաղաչափություն, Ե., 1933, էջ 299–320։ Լևոնյան Գ., Աշուղական արվեստը, Երկ., Ե., 1963։


ԱՇՈՒՂԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ, ժողովրդական երգիչ–բանաստեղծների պոեզիան, սկզբնավորվել է XVI դարում։ Նախապես բանավոր լինելով՝ սերտորեն առնչվել է ժող. բանահյուսությանը։

Հայ աշուղներ հանդես են եկել դեռևս XVI դ. կեսերին, սակայն Ա. պ. հայ իրականության մեջ լայն տարածում ու ճանաչում է գտել միայն հաջորդ դարում։ Պատմա–քաղաքական հանգամանքների բերումով Ա. պ. սկզբնավորվել է ոչ թե բուն Հայաստանում, այլ հայկական գաղթավայրերում՝ Նոր Զուղայում, Թիֆլիսում, Աստրախանում, Կ. Պոլսում ևն։ XVII–XVIII դդ. Նոր Ջուղայի աշուղները (Էգազ, Ղուլ Արզունի, Բադեր օղլի Ղազար, Ամիր օղլի, Ղուլ Հարություն Սալմաստցի և ուրիշներ) հիմնադրել են իրանահայ աշուղական դպրոցը՝ առաջինը հայ մշակույթի պատմության մեջ։ XVIII դ. կազմավորվել է վիրահայ աշուղական դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչները՝ Շամչի Մելքոն, Սայաթ–Նովան, Բադաղ Օղլանը, Քիչիկ Նովան, Ֆրեյդունը և ուրիշներ, հիմնականում ապրել և ստեղծագործել են Թիֆլիսում։ Աշուղական դպրոցներ ստեղծվել են նաև Թուրքիայում (XVII–XVIII դդ.), Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում՝ հատկապես Գանձակում և Բաքվում (XIX դ.)։ Հայ թափառական աշուղներն իրենց երգերը հորինել են ժողովրդի խոսակցական լեզվով, հաճախ էլ թուրքերեն, պարսկերեն, վրացերեն ևն։ Մի քանի լեզուներով ստեղծագործած աշուղներից ամենանշանավորներն են Սայաթ–Նովան, Շամչի Մելքոն, Հարթուն Օղլին և Մահտեսի Սիրունին։

XIX դ. 50–60-ական թթ. Ա. պ. լայն տարածում է գտել նաև բուն Հայաստանում։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Սյունիքի