Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


և Արարատյան գավառներում հանդես են եկել աշուղներ, որոնց ստեղծագործության մեջ գերակշռել են հայերեն երգերը։ Իսկ XIX դ. վերշինե XX դ. մեր նշանավոր աշուղները հորինել են հիմնականում հայերեն։ Համախմբվելով տաղանդավոր վարպետների շուրջը, նրանք ստեղծել են իսկական բանաստեղծական դպրոցներ։ Հայտնի են Շիրինի դպրոցը (կենտրոնը՝ Երևան), որի ներկայացուցիչներն էին Ազբար Ադամը, Հավեսը, Մալուլը, Զահրին, և Նոր դպրոցը (կենտրոնը՝ Ալեքսանդրապոլ), ուր Ջիվանու հետ հանդես են եկել Ջամալին, Սազային, Ֆիզային, Լիսանին, Խայաթը, Պայծառեն և Շերամը։ XX դ. աշուղական դպրոցներն արդեն չկային, թեև ժամանակի նշանավոր աշուղները (Մահուբի Գևորգ, Հրկեզ, Հովսեփ, Աշխույժ, Ավետ, Նոր Սոխակ) շարունակում էին հայ Ա. պ–ի լավագույն ավանդույթները։

Ա. պ–ում գերակշռողը սիրային երգերն են։ Սիրած էակի գեղեցկությունը սովորաբար նկարագրվել է համընդհանուր համեմատություններով, մակդիրներով ու պատկերավորման այլ հնարանքներով։ Սայաթ–Նովան, Գյուրջի Նավեն, Շիրինը, Ջիվանին երգել են սերը, կնոջ գեղեցկությունը։ Աշուղներն արձագանքել են ժողովրդին հուզող պատմա–քաղաքական իրադարձություններին։ Ազատասիրության, հայրենասիրության գաղափարները, լուսավորության հարցերն առաջատար թեմաներ են դարձել XIX դ. աշուղների երգերում։ Ջիվանին քաղաքացիական մեծ ուժով արտացոլել է հայ ժողովրդի սոցիալական–ազգային ծանր վիճակն ու թուրքական բռնապետության հայաջինջ քաղաքականությունը։ Ա. պ–ում որոշակի տեղ են գրավում երգիծական երգերը, որոնք ընդգրկում են կենցաղագրական հարուստ նյութեր, ունեն ճանաչողական արժեք։ Ա. պ–ի առանձնահատկություններից է շատ երգերի խրատական բնույթը։ Խրատական երգեր հորինել են գրեթե բոլոր աշուղները։

Սովետական տարիներին հանդես են եկել մի շարք շնորհալի աշուղներ (Հավասի, Շահեն, Աշոտ և ուրիշներ), որոնք արտացոլել են ժողովրդի կյանքում տեղի ունեցած հեղափոխական շրջադարձը, շարունակել Ա. պ–ի ավանդույթները։ Հայաստանում ապրած և ստեղծագործած ադրբ. աշուղներից հայտնի է Ալասկերը։

Գրկ. Ախվերդյան Գ., Հայ աշուղներ, Թ., 1903 (Գուսանք, հ. 2)։ Լևոնյան Գ., Աշուղների մասին, «ԱՀ», 1904, գիրք 11։ Նույնի, Աշուղները և նրանց արվեստը., 1944։ Հայ աշուղներ, [հ] 1, Ե., 1961։ Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962, էջ 251-72։ Հ. Սահակյան

ԱՇՈՒՂՅԱՆ Գևորգ Ալեքսանդրի (ծն. 1911), հայ դերասան։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1967)։ Ծնվել է հունվարի 5 (18)–ին, Թիֆլիսում։ Ավարտել է Թբիլիսիի (1935) և Մոսկվայի (1937) հայկ. դրամատիկական ստուդիաները։ 1934–39-ին աշխատել է Թբիլիսիի հայկ. դրամատիկական թատրոնում։ 1939-ից Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան է։ Խաղացած դերերից են՝ Ֆերդինանդ (Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934), Լաերտ (Շեքսպիրի «Համլետ», 1942), Վոլոդյա Ուլյանով (Պոպովի «Ընտանիք», 1950), Քարամյան (Օվչիննիկովի «Խիզախում», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952), Վ. Ի. Լենին (Չարենցի «Դեպի ապագան», 1960)։


ԱՇՈՒՆ, տարվա եղանակ։ Հյուսիսային կիսագնդում տևում է աշնանային գիշերահավասարի օրից (սեպտ. 23-ից) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտ. 22), իսկ Հարավային կիսագնդում՝ մարտի 21-ից մինչև հունիսի 22-ը։ Կենցաղում աշնանային ամիսներ են համարվում սեպտեմբերը, հոկտեմբերն ու նոյեմբերը, որոնք Հարավային կիսագնդում գարնանային ամիսներն են։ Հայաստանում, հին սովորությամբ, աշնան սկիզբը համարվել է օգոստոսի վերջը, երբ Փոքր Մասիսի գագաթը ազատվում է ձյունից և սկսվում է ընտրովի այգեկութը։ Արարատյան դաշտում և նախալեռնային շրջաններում աշնան գալուստը համընկնում է օրվա միջին ջերմաստիճանի՝ 15°C սահմանն անցնելու հետ, երբ տերևները սկսում են գունափոխվել, այգիները, անտառները և դաշտերը դառնում են գունագեղ՝ վառ դեղնավուն, կարմիր և ծիրանագույն երանգներով։ Խաղողի վազերի, ծառերի և թփերի տերևները գրեթե ամբողջովին գունափոխվում են հոկտեմբերի վերջին, երբ օրվա միջին ջերմաստիճանը իջնում է մինչև 12°C։ Ա. Հայաստանում երկարատև է, մեղմ, հմայիչ, օրերը մեծ մասամբ պարզ են, տաք, որը նպաստում է մրգերի հասունացմանը։ Հեթանոս հայերը պաշտամունքային շատ տոներ կատարում էին աշնանը, որը հիմնական բերքահավաքի եղանակն էր։ Մեծ Հայքի Տայք նահանգի գյուղերից մեկը կոչվում էր Աշունք։ Աշնան մոտիվը հանդիպում է հայ բանաստեղծների լիրիկական գործերում (Վ. Տերյան, Մ. Մեծարենց, Հ. Թումանյան և ուր.)։ Աշնանն են նվիրված Մ. Սարյանի հայաստանյան բնանկարների ու նատյուրմորտների մեծ մասը, նաև հայ այլ նկարիչների (Հ. Կոջոյան, Ս. Առաքելյան, Գ. Գյուրջյան) շատ կտավներ։ Սովետական Հայաստանում ավանդական են դարձել ամենամյա բերքի տոները, «Ոսկե աշուն» տոնահանդեսը, որին մասնակցում են հանրապետության և ՍՍՀՄ ճանաչված արվեստագետներ, գեղարվեստական ինքնագործունեության խմբեր։


ԱՇՈՒՇԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), Մեծ Հայքի Գուգարք նահանգի բդեշխ (V դ.)։ Ազգակցական կապեր է ունեցել Արծրունիների և Մամիկոնյանների հետ։ Գուգարքում դպրոցներ հիմնելու գործում հովանավորել և աջակցել է Մեսրոպ Մաշտոցին։ Հազկերտ II կրոնափոխության առաջարկը մերժելու պատճառով՝ 449-ին Պարսից ատյանի առաջ պատասխանատվության է կանչվել և պահվել որպես պատանդ։ Ավարայրի ճակատամարտից (451) հետո, երբ պարսկ. իշխանությունը հարկադրված էր որոշ զիջումներ անել հայ ավագանուն, Ա. ազատվել է պատանդությունից։ Ա–ին հաջողվել է կաշառել պարսկ. արքունիքի ազդեցիկ պաշտոնյաներին, նրանց միջնորդությամբ գերությունից ազատել հայ անչափահաս իշխանազուններ Վահան, Վասակ, Արտաշես Մամիկոնյաններին, Ներսեհ, Հրահատ Կամսարականներին և 455-ին իր հետ հայրենիք բերել։ Ա. ստանձնել է նրանց կրթության, դաստիարակության և խնամակալության հոգսերը։ Իշխանազունները չափահաս դառնալուց հետո տիրացել են հայրական կալվածներին, եռանդուն մասնակցել 481–484-ի Վահանանց պատերազմին։ Ա–ի հետագա կյանքի և գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հասել։ Մահացել է խոր ծերության հասակում և, հավանաբար, թաղվել իր նստաքաղաք Ցուրտավում։

Գրկ. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1907։


ԱՇՈՒՐ, Ասուր (եբրայերեն և ասորերեն), 1. ասորեստանցիների գլխավոր աստվածը։ 2. Քաղաք Ասորեստանում (այժմ՝ Քալյաթ–Շարգաթ, Իրաք)։ Ունեցել է մոտ 70 հա տարածություն։ Հնագիտական վաղագույն շերտերը վերագրվում են մ. թ. ա. IV հազարամյակին։ Մ. թ. ա. III հազարամյակի վերջում և II սկզբում քաղաք–պետություն էր և տարանցիկ առևտրի հայտնի կենտրոն։ Մ. թ. ա. II հազարամյակի կեսից եղել է Ասորեստանի մայրաքաղաքը։ Մ. թ. ա. IX դ. դադարել է թագավորանիստ լինելուց, բայց շարունակել է համարվել մայրաքաղաք։ Մ. թ. ա. 614-ին մեդացիները գրավել և ավերել են Ա.։ Մ. թ. ա. վերջին դարերում Ա. պարթևական քաղաք էր։ Անգլիացի հնագետ Օ. Լեյարդը 1845–47-ին առաջին անգամ ուսումնասիրել է Ա–ի 1821-ին հայտնաբերված ավերակները։ 1903–14-ի պեղումների ժամանակ գտնվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական և գրական հուշարձաններ՝ պալատներ, տաճարներ, ամրոցներ և գրադարան (սեպագիր տեքստեր)։

Գրկ. Дьяконов И. М., Развитие земельных отношений в Ассирии, Л., 1949; Parrot A., Archéologie mésopotamienne. Les étapes. P., [1946].


ԱՇՈՒՐԲԱՆԻՊԱԼ (ծն. թ. անհտ. – մ. թ. ա. 633), Ասորեստանի թագավոր մ. թ. ա. 669-ից։ Ասարհադոն թագավորի հաջորդը և որդին։ Ա–ի քաղաքականությունը հիմնականում ուղղված է եղել Ասորեստանի աշխարհակալության պահպանմանը։ Գահակալման տարիներին Ա. համառ պատերազմներ է մղել ապստամբած Եգիպտոսի (անկախացավ մ. թ. ա. 655-ին), կիմերական, սկյութական, պարսկական և մարական ցեղերի դեմ։ Մ. թ. ա. 653–648-ի պատերազմներում հաղթել է ըմբոստացած եղբորը՝ Բաբելոնի թագավոր Շամաշամուկինին՝ քայքայելով նրա գլխավորած հակաասորեստանյան դաշնակցությունը (Բաբելոն, Ելամ, արամեացիներ, քաղդեացիներ ևն)։ Ա. քաջահմուտ էր սեպագրությանը (նախապես պատրաստվել էր քրմական գործունեության), ստեղծագործել է՝ գրել աղոթքներ, հիմներ։ Նինվեում հավաքել էր տասնյակ հազարավոր պատմական, կրոնական, գիտական բնագրեր։ Նինվեի (այժմ՝ Քույունջիկի բլուր) պեղումների ժամանակ (1949–54) հայտնաբերվել է Ա–ի գրադարանը, որն արժեքավոր աղբյուր է Առաջավոր Ասիայի հնագույն մշակույթի ուսումնասիրման համար։