Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձատրություն ստացել կալվածք Հևեշի գավառում։ Նրան շնորհվել է կոմսի տիտղոս, ինչպես նաև «մեծապատիվ» մակդիրը կրելու իրավունք։ Ա. Պ–ին տրվել է նաև հատուկ տոհմանշան (զինանշան) ունենալու արտոնություն։ 1683-ին Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկին նպատակ ուներ Պարսկաստան կազմակերպվելիք դեսպանությունը վստահել նրան, բայց 1684-ից Ա. Պ. այլես չի երևում միջազգային ղիվանագիտական ասպարեզում։

Ա. Պ. եղել է Հայաստանում, բանակցություններ վարել կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու հետ՝ ցանկանալով իր ծրագրած հակաթուրքական համադաշնակցության մեջ ներգրավել հայերին և վրացիներին։ Այդ նպատակով այցելել է նաև Վրաստան, ուր Վրաց կաթողիկոսը համակրանքով է վերաբերվել նրա գաղափարներին։ Նրա միջնորդությամբ Հայոց և Վրաց կաթողիկոսությունների միջև վերստեղծվել են բարեկամական կապերը։ 1678-ին Ա. Պ. հեղինակել է լատիներեն լեզվով արժեքավոր մի աշխատություն՝ «40 սյուներով դահլիճ»–ը, ուր նկարագրել է Պարսկաստանը։ Այնտեղ տեղեկություններ կան նաև Պարսկաստանի հայ կաթոլիկների մասին։ Ա. Պ–ի երկը կարևոր աղբյուր է նաև XVII դ. հայ ազատագրական մտքի պատմության համար։

Երկ. Bedik P., Cehil Sutun, Viennae, 1678.

Գրկ. Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 2, Ե., 1959։ Կալլոշ Լ. և Կերեկեշհազի Ժ., Ապետիք կոմսին զարմանալի կյանքը, թրգմ. հունգ. Ա. Ֆոկոլյանի, «Բազմավեպ», 1946–47, 1949, 1953–56։

ԱՊԵՐՏՈՒՐԱ (<լատ. Apertura – անցք), օպտիկական սարքի գործող կտրվածք, բնութագրվում է ոսպնյակների չափսերով կամ դիաֆրագմաներով։ Տարբերում են անկյունային Ա. (α)՝ օպտիկական սարքի մեջ մտնող լույսի կոնաձև փնջի եզրային ճառագայթների միջև կազմված անկյունը (տես գծ.) և թվային Ա., որը հավասար է n·sinα/2 (ո–ը առարկան շրջապատող միջավայրի բեկման ցուցիչն է)։

Ապերտուրա.jpg

Թվային Ա–ի մեծությունից է կախված պատկերի պայծառությունը (համեմատական է Ա–ի քառակուսուն) և լուծող ուժը (համեմատական է Ա–ին)։


ԱՊԵՔՍ (<լատ. apex – գագաթ), երկնոլորտի կետ, որի ուղղությամբ շարժվում է Արեգակը կամ Երկիրը։ Արեգակի շուրջը Երկրի շարժման Ա. տարվա ընթացքում տեղափոխվում է՝ միշտ մնալով խավարածրի հարթության վրա։ Շրջապատի աստղերի նկատմամբ Արեգակի շարժման Ա–ի (որը գտնվում է Հերկուլես համաստեղությունում) հասարակածային կոորդինատներն են՝ α=270°, δ=+ 30°։


ԱՊԻԱ, քաղաք–նավահանգիստ Ուպոլու կղզում (Խաղաղ օվկիանոս), Արևմտյան Սամոայի մայրաքաղաքը։ Բն. 25,5 հզ. (1966)։ Ծովային և օդային ուղիների միջանկյալ կայան է Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև։


ԱՊԻԱՆՈՍ (Αππίανός), Ապիանոս Ալեքսանդրացի (ծն. թ. անհտ. – 170–ական թթ.), հռոմեական պատմիչ, ծագումով հույն։ 160-ական թթ. հունարեն լեզվով գրել է «Հռոմի պատմությունը», որը բաղկացած էր 24 գրքից։ Ա. փառաբանել է Հռոմը, ձգտել արդարացնել նրա նվաճումները։ Պատմության 1-ին գիրքը նվիրել է Հռոմի պատմության հնագույն շրջանին, 2–4-րդը՝ Իտալիայի նվաճմանն ու գալլական պատերազմին, 5–8-րդը՝ Փյունիկյան պատերազմներին, 9– 11-րդը՝ Հունաստանի և հելլենիստական պետությունների զավթմանը, 13–17-րդը՝ հանրապետության ներքին կյանքին, 18–21-րդը՝ Եգիպտոսի գրավմանը, 22-րդը՝ կայսրության I դ. անցքերին, 23–24-րդը՝ Տրայանոսի պատերազմներին։ Ամբողջությամբ մեզ են հասել 6–8-րդ և 11–17-րդ գրքերը, 18–24-րդը կորել են, մնացածներից միայն պատառիկներ են պահպանվել։ Ա–ի օգտագործած աղբյուրներն ու ժամանակագրական կարգը ոչ միշտ են հավաստի։ Ա–ի աշխատությունը կարևոր աղբյուր է նաև հելլենիստական Հայաստանի պատմության համար։ Առանձնապես արժեքավոր են 11–12-րդ գրքերում (Սիրիական, Միհրդատական) Տիգրան Բ Մեծի գործունեության վերաբերյալ հաղորդումները։

Երկ. Аппиан, Митридатовы войны, Сирийские дела, пер. С. П. Кондратьева, вед. О. Севастьяновой "Вестник древней истории", 1946, № 4.


ԱՊԻՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ (via Appia), հին աշխարհի ռազմավարական նշանավոր ճանապարհ, որ պահպանվել է առ այսօր (երկ. 350 կմ)։ Կառուցումը նախաձեռնել է հռոմեական ցենզոր Ապիոս Կլավդիոսը, մ. թ. ա. 312-ին։ Սկզբնապես Հռոմը միացնում էր Կապուային։ Մ. թ. ա. 244-ին հասցվեց մինչև Բրունդիզիում (այժմ՝ Բրինդիզի)։ Սալարկված է քառակուսի քարերով։

Այս ճանապարհով հռոմեական լեգեոններն իջնում էին հարավ՝ դեպի Արևելք նվաճողական արշավանքների մեկնելու համար։ Սպարտակի ապստամբության պարտությունից (մ. թ. ա. 71) հետո հռոմեացիները Ա. ճ–ի եզրերին խաչեցին գերված ստրուկ ռազմիկներին։


ԱՊԼԻԿԱՏ (<լատ. applicatus - կցված), կետի դեկարտյան կոորդինատներից մեկը տարածության մեջ։


ԱՊԼԻՏ (<հուն. άπλοδε – հասարակ), բաց գույնի մագմատիկական ապար՝ բաղկացած դաշտային սպաթի և քվարցի տձև հատիկներից։ Ստրուկտուրան պանիդիոմորֆ–հատիկային է։ Ա. սովորաբար գրանիտների երակային տարբերակն է. կան նաև դիորիտ–ապլիտներ և սիենիտ–ապլիտներ։ Ա–ի որոշ տեսակներ օգտագործվում են և՛ կերամիկական արտադրության մեջ, և՛ որպես թթվակայուն ապարներ։


ԱՊԽՏՈՒՄ, ձկնեղենի, մսեղենի, բանջարեղենի, մրգի և պանիրների մշակում ջերմությամբ կամ փայտանյութի այրումից ստացվող ծխով։ Ծխի պարունակած քիմիական նյութերը (ալդեհիդևեր, կետոններ, թթուներ, խեժեր, սպիրտներ, ֆենոլներ ևն) սննդամթերքին տալիս են յուրահատուկ գույն, հաճելի հոտ և համ, բարձրացնում նրա դիմացկունությունը։ Ծխով ապխտելու դեպքում գերադասելի է սաղարթավոր ծառերի (կաղնի, հաճար, թխկի, լաստենի, կաղամախի) փայտը կամ թեփը։ Ձկնեղենի տաք Ա. կատարվում է 80°C–ից 140°C ջերմաստիճանում՝ 3–4 ժամվա ընթացքում։ Սառը ապխտման դեպքում ձկնեղենը մշակվում է 28°C–ից 32°C ծխի մեջ՝ 2–4 օրվա ընթացքում։ Մսեղենի Ա. կիրառվում է հումապխտած երշիկեղենի պատրաստման ժամանակ։ Տաք եղանակով պատրաստում են ապխտած կամ կիսաապխտած երշիկեղենը, ինչպես նաև խոզի, տավարի և ոչխարի միսը։ Ա–ման տևողությունը կախված է ջերմաստիճանից, հումքի բաղադրությունից, երշիկի հաստությունից, մսի կտորի քաշից, աղ դնելու եղանակից։ Երշիկեղեն սառը եղանակով ապխտելիս մշակում են 7 օր՝ 18°C–ից 22°C, տաքը՝ 12–48 ժամվա ընթացքում՝ 32°C–ից 43°C ջերմաստիճանում։ Խոզի, տավարի և ոչխարի մսի Ա. տևում է 6–120 ժամ՝ 20°C–ից 45°C, իսկ տավարի չորացրած միսը՝ 55°C–ից 57°C ջերմաստիճանում։ Մթերքները սովորաբար Ա. են աղ դրած վիճակում, որը ոչ միայն հեշտացնում է ծխի գազերի ներթափանցումը մթերքի ներքին շերտերը, այլև բարձրացնում է նրա դիմացկունությունը, որն անհրաժեշտ է երկարատև պահպանման համար։ Կիրառում են նաև էլեկտրաստատիկ Ա. (10–60 կվ լարման էլեկտրական դաշտում) և անծուխ Ա., երբ մթերքները մշակում են փայտի չոր թորումից ստացված զանազան ապխտող նյութերով։ Մի շարք երկրներում Ա. են մշակվող մսեղենի մինչև 40%–ը։ ՍՍՀՍ–ում ամեն տարի Ա. են մսեղենի մոտ 1/3-ը և թողարկում 80000 ց ապխտած ձուկ։ Գ․ Բակունց


ԱՊՆ, տես Նորություններ մամուլի գործակալություն։


ԱՊՇԵՐՈՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Կասպից ծովի արևմտյան ափին. Ադրբեջանական ՍՍՀ–ում։ 60 կմ երկարությամբ մտնում է ծովը, լայն, մինչև 30 կմ։ Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3°C, հուլիսի 25°C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ա. թ. նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։ Ա. թ–ում է գտնվում Բաքու քաղաքը։


ԱՊՈԳԱՄԻԱ, ապոգամետիա, (< հուն. άπο – առանց +γάμος ամուսնություն), բույսերի բազմացման եղանակ, երբ սաղմն առաջանում է առանց բեղմնավորության, ոչ թե ձվաբջջից, այլ