Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակներում Սովետական Միություն եկած անձինք (բացի քաղաքական վտարանդիներից), որոնք որևէ պետության քաղաքացիությանը պատկանելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացրել, համարվում են սովետական քաղաքացիներ։ Սովետական քաղաքացիություն է շնորհվում նաև նրանց երեխաներին։ Ս. Օսիպյան

ԱՊԱՖԻ ՄԻՔԱՅԵԼ Ա (Apaffi Mihaly I), Տրանսիլվանիայի իշխան (1661–1690)։ Նրա օրոք հունգարացիները Հաբսբուրգների դեմ ապստամբություն բարձրացրին։ Ապստամբությունը ճնշվեց, սակայն Ա. Մ–ին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։ Ա. Մ. վարել է հունգարահայերին հովանավորելու քաղաքականություն։ 1672-ին Տրանսիլվանիայում հաստատվեց Մոլդովայից գաղթած 3000 հայ ընտանիք։ Հայերն այդտեղ նպաստել են արդյունագործության ու առևտրի զարգացմանը, հիմնել Գեռլա և Եղիսաբեթուպոլիս քաղաքները։ Ա. Մ. միջամտել է, որպեսզի Բիստրիցա քաղաքի իշխանությունը հարկերից ազատի հայ առևտրականներին։ 1680-ի հրամանագրով Ա. Մ. հայերին իրավունք է տվել Տրանսիլվանիայում ազատ առևտուր անել, մի այլ դեպքում իր պաշտպանության տակ է վերցրել նրանց անձը և ունեցվածքը։ 1689-ի հրամանագրով հայերին իրավունք է վերապահվել ունենալ իրենց դատավորին։


ԱՊԱՖԻ ՄԻՔԱՅԵԼ Բ (Apaffi Mihaly II), Տրանսիլվանիայի իշխան (1690–1713)։ Հոր՝ Ապաֆի Միքայել Ա–ի մահից հետո ուներ լոկ անվանական իշխանություն։ Վիեննայի արքունիքից նրա կախումը ուժեղացել է հատկապես 1699-ին, Կարլովիցի պայմանագրից հետո։ Ա. Մ. շարունակել է հայերի նկատմամբ իր հոր քաղաքականությունը։ 1696-ի փետր. 7-ի հրամանագրով Բաշդբալով գյուղում (տես Եղիսաբեթուպոլիս) հաստատված հայերին թույլատրել է ընտրել իրենց դատավորին, պահպանել իրենց դավանանքը, ազատ առևտուր անել ևն։ Հայերն իրավունք ունեին հարկ եղած դեպքում ուղղակի դիմել իշխանին։ 1700-ի հուլիսի 26-ին Ա. Մ–ի կինը՝ Կատարինե Բետլեն իշխանուհին, իր պաշտոնյաներին կարգադրել է, նկատի ունենալով հայերի ծառայությունները, նրանց չնեղել և տոնավաճառների ժամանակ թույլ տալ առևտուր անել ցանկացած տեղում։ 1712-ին Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ առաջնորդ Օքսենտ Վրզարյան վարդապետը ցանկացել է Բաշդբալովի հայերին տեղափոխել իր հիմնած Գեռլա քաղաքը, որտեղ նրանք պետք է կաթոլիկություն ընդունեին։ Հայերը դիմել են այն ժամանակ Վիեննայում գտնվող Ա. Մ–ին, որը Լեոպոլդ կայսրից խնդրել է թույլ տալ հայերին չտեղաշարժել։ Կայսրը 1712-ի նոյեմբերի 25-ի իր գրությամբ հարգել է այդ խնդրանքը։ Ա. Մ–ի հովանավորությունը նպաստել է, որ հայերը կառուցեն Եղիսաբեթուպոլիս քաղաքը, որտեղ և պահպանել են իրենց դավանանքը մինչև 1731-ը։


ԱՊԴԱՅԿ (Updike) Ջոն (ծն. 1932), ամերիկացի գրող, լրագրող։ Ծնվել է մարտի 18-ին, Շիլինգթոնում (Փենսիլվանիայի նահանգ)։ Սովորել է Անգլիայում՝ նկարչական դպրոցում, ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1958-ին լույս է տեսել Ա–ի բանաստեղծությունների ժողովածուն։ «Նույն դուռը» (1959), «Տոնավաճառը անկելանոցում» (1959), «Վազիր, ճագար» (1960), «Աղավնու փետուրները» (1962), «Կենտավրոս» (1963), «Ագարակում» (1965) ստեղծագործություններում քննադատել է բուրժ. քաղաքակրթությունը։ Եղել է Հայաստանում, գրել «Երևան» բանաստեղծությունը։


ԱՊԵԼԼԵՍ (Άπελλής), մ. թ. ա. IV դարի երկրորդ կեսի հույն գեղանկարիչ։ Աշխատել է Եփեսոսում, Կոսայում, Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Պլինուս Ավագի վկայությամբ, եղել է մակեդոնյան թագավորների պալատական նկարիչը։ Աշխատել է տեմպերայով, փայտե տախտակների վրա, հմտորեն կիրառել է լույսի և ստվերի փոխհարաբերումները։ Նկարել է Ալեքսանդր Մակեդոնացու դիմանկարները, «Զրպարտություն» պատկերը, ջրից դուրս եկող Աֆրոդիտեին, որը բազմաթիվ նմանակումներ է ունեցել հելլենիզմի արվեստում։ Ա–ի՝ ժամանակին փառաբանված գործերը չեն պահպանվել։


ԱՊԵԼՅԱՑԻԱ (լատ. appellatio - դիմում), դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումների բողոքարկման ձև։ Ա–ի կարգով վերադաս դատարանը ստուգում է ստորադասի որոշումը, կրկնում գործում եղած և հետազոտում նոր ներկայացված ապացույցները, հաստատում բողոքարկված որոշումը կամ, վերացնելով այն, կայացնում նորը։ Դրանով Ա. տարբերվում է վճռաբեկությունից։ Ա–ի դեպքում վերանայվում է ամբողջ գործն ըստ էության։ Ա–ի կարգով ընդունված որոշման դեմ սովորաբար թույլատրվում է բերել վճռաբեկ բողոք։ Ա. ձևավորվել է Ֆրանսիայում, աբսոլյուտիզմի ամրապնդման շրջանում, քանի որ այս ձևով է հնարավոր եղել տեղական ֆեոդալների դատարաններում քննարկվող գործը տեղափոխել թագավորական դատարան։ Ա., որպես կանոն, թույլատրվում է բոլոր դատարանների դատավճիռների նկատմամբ, չհաշված բացառիկ (օր. ռազմա–դաշտային դատարաններ) և երդվյալ ատենակալների դատարանների դատավճիռները։ 1917-ի նոյեմբ. 22-ի՝ դատարանի մասին առաջին դեկրետով Ա. վերացվել է ՍՍՀՄ–ում, որպես նորաստեղծ ժողովրդական դատարանների հեղինակության ամրապնդմանը չնպաստող ինստ.։ ՍՍՀՄ–ում դատական որոշումների բողոքարկման ձևը վճռաբեկությունն է։


ԱՊԵՅՐՈՆ (հուն. άπείρον - անվերջ), հասկացություն Անաքսիմանդրոսի փիլիսոփայության մեջ, որ նշանակում է հավերժ շարժման մեջ գտնվող անսահման, անվերջ, անորոշ, որակազուրկ սկզբնանյութ։


ԱՊԵՆԴԻԿՈԻԼԱՐԻԱՆԵՐ (Appendiculariae), քորդավորների տիպի թրթուրաքորդավորների ենթատիպի կենդանիների դաս։ Ջրային կենդանիներ են՝ 0,3 – 2,5 սմ երկարությամբ։ Մարմինը կազմված է իրանից և պոչից, որտեղ, ի տարբերություն մնացած թրթուրաքորդավորների, ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է քորդան։ Իրանը շրջապատված է առջևից և հետևից անցքեր ունեցող դոնդողային «տնակով»։ Նուրբ ցանցով ծածկված առջևի անցքից պոչի շարժումներով ջուրը մղվում է ներս և դուրս գալիս հետևի անցքից՝ ապահովելով սննդանյութի հայթայթումը և կենդանու առաջշարժումը։ Ցանցը կեղտոտվելիս կենդանին պոչի հարվածով ծակում է «տնակի» պատը, դուրս գալիս այնտեղից և մեկ ժամ հետո իր շուրջը նոր «տնակ» գոյացնում։ Ա. տարածված են ծովերում, օվկիանոսներում և ներկայացնում են տեսական հետաքրքրություն։


ԱՊԵՆԴԻՑԻՏ, տես Որդանման ելուստի բորբոքում։


ԱՊԵՆԻՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, հարավային Եվրոպայում՝ Տիրենյան, Ադրիատիկ և Հոնիական ծովերի միջև գտնվող թերակղզի։ Տարած. 149 հզ. կմ2 է, երկարությունը՝ մոտ 1100 կմ2, լայնութ. 130–300 կմ։ Ռելիեֆում տիրապետող են միջին բարձրության մասնատված լեռները (Ապենինյան լեռներ) և բլրային նախալեռները։ Ա. թ–ում է գտնվում Իտալիայի մեծ մասը։ Տես նաև Իտալիա։


ԱՊԵՆԻՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ (իտալ. Appennino, <կելտ. pen–գագաթ), լեռնային համակարգ Ապենինյան թերակղգում։ Ձգվում են Ալպերից մինչև Կալաբրիա։ Երկարությունը 1200 կմ է։ Ամենաբարձր գագաթը Կոռնոն է (2914 մ)։ Ա. լ–ին բնորոշ են զառիկող լանջերով միջին բարձրության լեռնային և բլրային նախալեռները։ Կազմված են ավազաքարերից, կավերից, կրաքարերից։ Կան գորշ ածուխ, լիգնիտ, բոքսիտ, մարմար, հանքային աղբյուրներ։ Կլիման լեռնամիջերկրածովային է (ամառը՝ չոր, ձմեռը՝ անձրևոտ)։ Գետերը կարճ են՝ հիդրոէներգետիկ մեծ պաշարներով։ Լեռնալանջերը և ցածրադիր մասերր ծածկված են ձիթենիներով, խաղողի այգիներով, մշտականաչ կաղնու թավուտներով, բարձրադիր մասերը՝ կաղնու, շագանակենու, հաճարենու և փշատերև անտառներով։


ԱՊԵՏԻՔ ՊԵՏՐՈՍ (Պետրոս Պետիկ Հայ) (ծն. թ. անհտ. - մոտ 1684), հայազգի դիվանագետ։ Ծնվել է Հալեպում, պարսկահայի ընտանիքում։ Հռոմի Ուրբանյան վարժարանում սովորել է աստվածաբանություն և օտար լեզուներ։ Ա. Պ. իր դիվանագիտական գործունեությունն սկսել է XVII դ. 60-ական թթ., երբ Եվրոպայում ձգտում էին ստեղծել հակաթուրքական համադաշնակցություն՝ նրա մեջ ընդգրկելով նաև Պարսկաստանը։ Բանակցությունների համար Հռոմի պապը Ա.Պ–ին ուղարկել է պարսից շահ Սոլիման II մոտ։ Ա. Պ. բարյացակամ ընդունելություն է գտել պարսկական արքունիքում։ Դեպի Պարսկաստան երկրորդ ուղևորության ժամանակ, թուրքերի դեմ դաշնակցություն ստեղծելու նպատակով՝ Ա. Պ. նշանակվել է շահի ներկայացուցիչը Եվրոպայում, որտեղ այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, Լեհաստան, Ավստրիա։ 1677-ին Ա. Պ. տեսակցել է Ավստրիայի Լեոպոլդ կայսեր հետ։ Այնուհետև մեկնել է Հռոմ, նպաստել Հռոմի և Վիեննայի միջև հարաբերությունների սերտացմանը։ Նա մեծ ծառայություններ է մատուցել Հունգարիան թուրքական լծից ազատագրելու գործին։ 1680-ին Ա. Պ. վերջնականապես հաստատվել է Հունգարիայում, իր ծառայությունների դիմաց իբրև վար–