Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

52 ԱԳԼՈՄԵՐԱՏ

պայքարում Ա. հզոր զենք է։ Վ. Ի. Լենինը նշել է կուսակցության գաղափարական֊քաղաքական աշխատանքի երեք տեսակ՝ տեսական գործունեություն, պրոպագանդա և ագիտացիա։ Պրոպագանդայի համեմատությամբ Ա֊ի առանձնահատկությունը մասսայականությունն է, ավելի մասնավոր ու կոնկրետ գաղափարների, գիտելիքների տարածումը։ Ա֊ի միջոցներն են՝ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, պլակատը, ծաղրանկարը, թռուցիկները, կոչերը ևն։

Ա. կարևոր տեղ է գրավում ՍՄԿԿ գաղափարական աշխատանքի զինանոցում։ Նրա բովանդակությունը կապված է կուսակցության առջև դրված կոնկրետ խնդիրների հետ։ Բոլշևիկյան Ա֊ի հիմնական հատկանիշներն են՝ բարձր գաղափարայնությունը, նպատակասլացությունը, ճշմարտացիությունը, մատչելիությունը, պարզությունը, կոնկրետությունը, մարտական և հարձակողական բնույթը։ Ա. վարող անձին անվանում են ագիտատոր։ Ար. Սիմոնյան

ԱԳԼՈՄԵՐԱՏ (< լատ. agglomerare – հավաքել, կիտել), ապարների զանազան տրամաչափի, չհղկված, չտեսակավորված, խառնիխուռն իրար վրա թափված, տձև բեկորների, ավազի, հրաբխային մոխրի, մանրախճի կույտ։ Հայաստանում Ա. տարածված է Անիի պեմզայի, Ջրաբերի պեռլիտի հանքավայրերում։


ԱԳԼՈՄԵՐԱՑՈՒՄ, 1. մետալուրգիայում. եռակալման միջոցով մանր կամ փոշենման հանքանյութերից խոշոր և ծակոտկեն կտորներ (ագլոմերատ) ստանալու ջերմային պրոցես՝ դրանց հալման համար անհրաժեշտ հատկություններ և ձև հադորդելու նպատակով։ Սև մետալուրգիայում Ա. դոմնային արտադրության համար բովախառնուրդ պատրաստելու հիմնական եղանակն է։ Միաժամանակ օգտագործվում է գունավոր մետալուրգիայում (ցինկի, կապարի արտադրություն ևն), ինչպես նաև մեծ քանակությամբ ծծումբ պարունակող հանքաքարից այն մասնակիորեն հեռացնելու նպատակով։ Ա֊ման նշանակությունը հատկապես մեծ է օգտակար հանածոների հարստացումից հետո հանքաքարի խոշոր կտորներ ստանալու գործում։ Ա֊ման անհրաժեշտ ջերմությունն ստացվում է բովախառնուրդին ավելացրած վառելանյութը (կոքս, քարածուխ) այրելու միջոցով։ Ծծմբային հանքաքարի Ա֊ման դեպքում այդ ջերմությունն ապահովվում է սուլֆիդների այրմամբ։ Օդը տրվում է վերևից ներքև՝ անցկացվելով բովախառնուրդի բոլոր շերտերի միջով։ 2. Տնտեսագիտության մեջ. ազգաբնակչության կուտակումը խոշոր քաղաքներում կամ արդյունաբերության կենտրոնացումը որոշ վայրերում։ Վ. Մելքոնյան


ԱԳԼՈՒՏԻՆԱՏԻՎ ԼԵԶՈՒՆԵՐ (<լատ. aglutinatio — կցում, սոսնձում), տես Կցական լեզուներ։


ԱԳԼՈՒՏԻՆԱՑԻԱ, 1. բժշկության մեջ. հեղուկներում կախված մասնիկների (մանրէներ, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և այլ բջիջներ) միմյանց կպչելու երևույթ։ Ա. տեղի է ունենում օրգանիզմում (հատկապես արյան շիճուկում) տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած ագլուտինինների (տես Ագլուտինին) ազդեցությամբ։ Ա֊ի հետևանքով փորձանոթում վերցրած պղտոր կախույթը պարզվում է, առաջանում է հեղուկի բաց գույնի շերտ և նստվածք։ Ա. կարևոր է առանձին վարակիչ հիվանդությունների (որովայնային տիֆ, պարատիֆեր, բրուցելոզ, տուլարեմիա) ախտորոշման, մանրէների տեսակների որոշման համար։ 2. Լեզվաբանության մեջ. բարդ բառերի և քերականական ձևերի կազմության եղանակ՝ արմատի վրա մասնիկների հավելման միջոցով։ Ա֊ի դեպքում յուրաքանչյուր մասնիկ օժտված է լինում քերականական մեկ իմաստով։ Ա. հատուկ է կցական լեզուներին։


ԱԳԼՈՒՏԻՆԻՆ, ագլուտինացիա առաջացնող հատուկ նյութ, որ հայտնվում է արյան շիճուկի մեջ վարակիչ հիվանդությունների և հակավարակային պատվաստումների ժամանակ։


ԱԳՆՈՆ Շմուել Յոսեֆ (ծն. 1888), հրեա գրող (Իսրայել), նոբելյան մրցանակի դափնեկիր (1966)։ Ծնվել է Գալիցիայում։ 1908-ին տեղափոխվել է Պաղեստին։ Գրում է իվրիտերեն։ Նրա «Հարսնատվություն» (1931) վեպը նվիրված է Գալիցիայի հրեաների կենցաղին։ Հոգեբանական խորաթափանցությամբ աչքի են ընկնում «Պարզ պատմվածք» (1935), «Ծովի խորքում» (1935) և այլ վիպակները։ Ա֊ի երկերը թարգմանվել են մի շարք լեզուներով։


ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ (հուն․ ά ժխտական մասնիկ + γνῶσις — գիտելիք, իմացություն), իմացաբանական հայեցակետ, ըստ որի մարդու ճանաչողական հնարավորություններն սկզբունքորեն սահմանափակ են։ Ա֊ի տարրեր եղել են դեռևս հին սկեպտիկների ուսմունքում, սակայն դրանք դասական ձևակերպում ստացել են Դ. Հյումի և Ի. Կանտի փիլիսոփայության մեջ։ XIX–XX դդ. Ա. առավել ցայտուն ու սիստեմատիկ զարգացում ստացավ պոզիտիվիզմի և պրագմատիզմի մեջ։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա. դարձավ բուրժ. փիլիսոփայության առավել բնորոշ գծերից մեկը։

Ըստ Ա֊ի, մարդկանց ընկալումները իմացության միակ օբյեկտներն են, և էմպիրիկ տվյալներից զգայությունների աղբյուրի վերաբերյալ եզրահանգում անելը սկզբունքորեն անթույլատրելի է։ Ա. «…չի գնում՝ ո՛չ դեպի արտաքին աշխարհի ռեալության մատերիալիստական ճանաչումը, ո՛չ դեպի աշխարհի իդեալիստական ընդունումը՝ որպես մեր զգայություն» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 14, էջ 136)։ Ա֊ի նման դիրքը ըստ էության փիլիսոփայության հիմնական հարցը սուբյեկտիվ իդեալիզմի ոգով լուծելու քողարկված ձև է, քանի որ զգայություններից դուրս հավաստի բան իմանալու անհնարինությունը նշանակում է, որ զգայությունների աշխարհն է միակ իրական աշխարհը, որ, իբր, միայն նրա գոյությունն է հավաստիորեն հայտնի։ Զգայություններից այն կողմ չգնալու Ա֊ի ձգտումն ի վերջո հանգեցնում է այն հետևությանը, թե օրենքները ճանաչել չի կարելի և այդպիսով գիտությունը զրկում է օբյեկտիվ բովանդակությունից։ Ա֊ի հետագա էվոլյուցիան չփոխեց նրա սկզբունքային դիրքորոշումը, թեպետև գիտության ու հասարակական կյանքի զարգացմամբ առաջադրված նոր խնդիրները որոշակի ազդեցություն ունեցան Ա֊ի վրա՝ կանխորոշելով նրա նոր ձևերը։ Դասական Ա., բացառելով փիլիսոփայության հիմնական հարցի գիտական լուծման հնարավորությունը, բացահայտորեն չէր ժխտում ինչպես այդ հարցի, այնպես էլ առհասարակ փիլիսոփայության ճանաչողական նշանակությունը։ Այնինչ Ա֊ի նեոպոզիտիվիստական ձևը, հատկապես տրամաբանական պոզիտիվիզմը, գիտական գիտելիքի փիլիսոփայական վերլուծությունը հանգեցնելով գիտելիքի ձևական֊տրամաբանական կառուցվածքի, «գիտության լեզվի» վերլուծությանը, փիլիսոփայության հիմնական հարցը հայտարարեց «տրամաբանորեն անթույլատրելի մետաֆիզիկա» և առաջին պլանի վրա մղեց մատերիալիզմի ու իդեալիզմի հաղթահարման և փիլիսոփայության մեջ երրորդ՝ «չեզոք, անկուսակցական» գծի ստեղծման հարցը։ Նա փիլիսոփայական հետազոտության միակ օբյեկտը հռչակեց «գիտության լեզվի» տրամաբանական վերլուծությունը, որը, իբր, զերծ է աշխարհայացքային բնույթի խնդիրներից։

Ժամանակակից հասարակական կյանքում Ա. խաղում է խիստ հետադիմական սոցիալական դեր՝ պաշտպանելով բուրժուազիայի հակասական շահերը, որը շահագրգռված է և՛ կրոնի, և՛ բնագիտության մեջ՝ վերջինում տեսնելով արդյունաբերության զարգացման խթան։ Բուրժուական գաղափարախոսությունն օգտվում է գիտության՝ երևույթների աշխարհով սահմանափակված լինելու ագնոստիկական թեզից, ապացուցելու համար, թե գիտական տեսությունները չեն կարող փաստարկներ ծառայել կրոնի և իդեալիզմի դեմ։ Այստեղից էլ գիտությունը դիտվում է որպես միայն գործնականորեն օգտակար «աշխատանքային հիպոթեզ»։ Գիտությունը սահմանափակելով և մեկուսացնելով գաղափարական պայքարից՝ Ա. դրանով ամրապնդում է նաև աշխարհայացքային հարցերի լուծման գործում մենաշնորհ ձեռք բերելու կրոնի հավակնությունը։

Ա֊ի վերոհիշյալ ձևերից տարբերվում են Հեքսլիի (ագնոստիցիզմ տերմինի հեղինակի) և որոշ այլ բնախույզների հայացքները, որոնց մոտ օբյեկտիվ աշխարհի գոյության և ճանաչելիության կասկածանքները բխում են ոչ թե աշխարհայացքից, այլ դրանք էկլեկտիկորեն զուգակցվում են ըստ էության մատերիալիստական ըմբռնումների հետ։ Ա֊ի իմացաբանական արմատները թաքնված են մեր գիտելիքների հարաբերականության և պատմական պայմանավորվածության մեջ, ինչպես նաև զգայություններից դեպի իրականություն և վերացական մտածողություն կատարվող անցման առանձնահատկությունների մեջ։ Ա֊ի հերքումը պրակտիկան է, որը ապացուցում է մեր գիտելիքների ճշմարտացիությունը։ «Եթե մենք կարող ենք ապացուցել բնության տվյալ երևույթի մեր ըմբռնման ճշտությունը նրանով, որ մենք ինքներս ենք այն առաջացնում, առաջ բերում այն իր իսկ պայմաններից, բացի դրանից ստիպում ենք նրան ծառայել մեր նպատակներին,