Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծած բազմապիսի ապրանքներ համեմատվում և հավասարեցվում են միմյանց։ Կոնկրետ աշխատանքի տարբեր տեսակները, չնայած նրանց որակական տարբերություններին, մարդկային ուղեղի, նյարդերի, մկանների ևն–ի արտադրողական ծախսումներ են ե այդ իմաստով՝ մարդկային միանման աշխատանք, աշխատանք առհասարակ։ «Ամեն մի աշխատանք, մի կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է բառի ֆիզիոլոգիական իմաստով,– և մարդկային միանման կամ աբստրակտ աշխատանքի իր այդ հատկությամբ նա ապրանքների արժեք է ստեղծում։ Ամեն մի աշխատանք, մյուս կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է առանձին նպատակահարմար ձևով, և կոնկրետ օգտակար աշխատանքի իր այդ հատկությամբ նա սպառողական արժեքներ է ստեղծում» (Մարքս Կ.,«Կապիտալ», հ. 1, 1954, էջ 53)։ Աբստրակտ աշխատանքը ապրանքային արտադրության առանձնահատուկ տնտեսական կատեգորիա է, որ արտահայտում է որոշակի արտադրահարաբերություններ։ Եթե չկա ապրանքային արտադրություն, չկա նաև արժեք, հետևաբար, չի կարող լինել նաև աբստրակտ աշխատանք։

Կոնկրետ աշխատանքի տեսակները տարբերվում են նաև բարդության աստիճանով. մասնագիտական պատրաստականություն չպահանջող աշխատանքը պարզ է, իսկ մասնագիտական պատրաստականություն պահանջողը՝ բարդ։ ժամանակի միավորի ընթացքում բարդ աշխատանքը պարզ աշխատանքի համեմատությամբ ստեղծում է ավելի մեծ արժեք։ հետևաբար, բարդ աշխատանքը բազմապատկված պարզ աշխատանք է, այնպես որ, բարդ աշխատանքի մի որոշ քանակ հավասար է պարզ աշխատանքի մի ավելի մեծ քանակի։ Մասնավոր սեփականության վրա հիմնված ապրանքային արտադրության պայմաններում բարդ աշխատանքի հանգեցումը պարզի կատարվում է տարերայնորեն։ Ա–ի արժեքի մեծությունը որոշվում է պարզ աշխատանքի հասարակականորեն անհրաժեշտ քանակով։

Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակարգերում Ա–ի մեջ մարմնացած աշխատանքի երկակի բնույթն արտացոլում է ապրանքարտադրողների մասնավոր և հասարակական աշխատանքի միջև եղած հակասությունը։ Մասնավոր սեփականության պայմաններում առանձնացված ինքնուրույն ապրանքարտադրողների աշխատանքն ունի անմիջական մասնավոր բնույթ։ Յուրաքանչյուր ապրանքարտադրող արտադրությունն իրագործում է որպես մասնավոր գործ՝ ելնելով իր սեփական շահերից։ Նրանց աշխատանքն ամբողջ հասարակության մասշտաբով համաձայնեցված չէ։ Բայց դրա հետ միաժամանակ առանձին ապրանքարտադրողները միմյանց հետ կապված են աշխատանքի հասարակական բաժանման համակարգով։ Նրանք արդյունք են արտադրում վաճառքի, միմյանց պահանջմունքները բավարարելու համար։ Ուստի առանձին ապրանքարտադրողի աշխատանքն ըստ էության հասարակական բնույթ ունի, որը, սակայն, ապրանքարտադրողների առանձնացվածության հետևանքով արտադրության պրոցեսում չի երևում, թաքնված է. այն դրսևորվում է փոխանակության պրոցեսում՝ անուղղակի ճանապարհով, ապրանքների փոխանակության միջոցով։ Հետևաբար, Ա. արտադրող աշխատանքի հակասությունը դրսևորվում է որպես սպառարժեքի և արժեքի հակասություն։ Ա–ի այդ հակասությունը որոշակիորեն արտահայտվում է նրա իրացման դժվարությունների և ապրանքարտադրողների մրցակցային պայքարի մեջ։

Սոցիալիզմի պայմաններում արտադրվող արդյունքները նույնպես դառնում են Ա.։ Սակայն սոցիալիստական արտադրահարաբերություններն արմատապես փոխում են ապրանքային հարաբերությունների սահմանները, բովանդակությունը, տեղը և դերը։ Սոցիալիզմի ժամանակ քանի որ արտադրության միջոցները հասարակական սեփականություն են, ուստի հողը և նրա ընդերքը, անտառները և ջրերը, պետական ձեռնարկությունները, բնակելի ֆոնդը ևն, ինչպես նաև աշխատուժը առուծախի առարկա չեն։ Ա. են դառնում արտադրության միջոցներն ու սպառման առարկաները, որ արտադրվում են ինչպես պետական, այնպես էլ կոոպերատիվ–կոլտնտեսային ձեռնարկություններում ու անձնական օժանդակ տնտեսություններում։ "Հասարակական սեկտորի ներսում արտադրության միջոցները, ի տարբերություն անձնական սպառման առարկաների, ունեն առանձնահատուկ ապրանքային բնույթ, դրանց բաշխումը հիմնականում կատարվում է նյութատեխնիկական պլաններին համապատասխան։ Պետական սեկտորի ներսում արտադրության միջոցների սեփականատերերի փոփոխություն տեղի չի ունենում։ Ապրանքների արտադրությունն ու փոխանակությունը հիմնականում իրագործվում է պլանաչափորեն. պլանավորվում են աշխատանքային ծախսումները։ Սոցիալիզմի ժամանակ աշխատանքն ունի անմիջական հասարակական բնույթ։ Ապրանքների արտադրության վրա ծախսված կոնկրետ և աբստրակտ աշխատանքն արտահայտում են անմիջական հասարակական աշխատանքի երկու կողմերը։ Սպառարժեքի և արժեքի միջև եղած հակասությունը (ցածրորակ արդյունք, ժամանակակից պահանջները չբավարարելը, տեսականու պլանի խախտում ևն) հակամարտ բնույթ չունի և լուծվում է պլանաչափորեն։ Հակամարտ բնույթ չունի նաև անհատական և հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակի միջև եղած հակասությունը, ետ մնացող ձեռնարկությունները հասցվում են առաջավորների մակարդակին։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխ 1–2։ Լենին Վ. Ի., Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ., հ. 1։ Նույնի, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3, էջ 21–23։ Նույնի, Կարլ Մարքս, Երկ., հ. 21, էջ 61 – 63։ Վ. Աղուզումցյան, Վ. Ներկարարյան, Ռ. Շախուլյան

ԱՊՐԱՆՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն, որ զբաղվում է ապրանքների (արտադրության միջոցների և անձնական սպառման առարկաների) սպառողական արժեքների ուսումնասիրությամբ։ Ա. ուսումնասիրում է ապրանքի որակի ապահովման և պահպանման հետ կապված այնպիսի գործոններ ու խնդիրներ, ինչպես հումքը, տեխնոլոգիան, էսթետիկական, առողջապահական, կառուցվածքային, ֆիզիկա–մեխանիկական, քիմիական բազմակողմանիորեն օգտագործելու հատկությունները, նորոգելիությունը, կոմպլեկտայնությունը, ասորտիմենտայնությունը, փաթեթավորման, տեղափոխման, պահպանելիության հնարավորությունները ևն։ Մարդիկ միշտ զբաղվել են շրջապատող բնության առարկաների օգտակար հատկությունների բացահայտման հարցերով։ Սակայն Ա. որպես գիտություն սկսել է ձևավորվել XVI դ., կապիտալիզմի ծագման արշալույսին և մինչև XIX դ. վերջը հիմնականում կրում էր նկարագրական բնույթ։ Բնութագրվում էին ապրանքների արտաքին և կառուցվածքային հատկանիշները, տրվում էր դրանց դասակարգումը՝ հիմք ընդունելով ելանյութը, նշում նպատակային օգտագործումը։

Ապրանքները որպես սպառողական արժեքներ բնութագրելիս ելնում են դրանց քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկություններից։ Այս տեսակետից Ա. սերտորեն կապված է մի շարք գիտությունների, հատկապես՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, տեխնոլոգիայի, բույսերի և կենդանիների ֆիզիոլոգիայի, մեքենագիտության, նյութերի դիմադրության, առևտրի էկոնոմիկայի և կազմակերպման, տնտեսական աշխարհագրության, վիճակագրության հետ և օգտագործում է դրանց նվաճումները։ Ա. հնարավորություն է տալիս ճիշտ ուսումնասիրել բնակչության սպառողական պահանջարկը և հիմնավորված պատվեր ներկայացնել արտադրությանը, որի հիման վրա կազմվում են արտադրական ծրագրերը, նպաստում է շրջանառության ոլորտում նոր տեսակի ապրանքների ներգրավմանը, նշում անհրաժեշտ պայմաններ ապրանքաշարժման և իրացման ժամանակ ապրանքների ֆիզիկա–քիմիական հատկությունների պահպանման համար։ Ա. բաժանվում է երկու մասի՝ պարենային և արդյունաբերական ապրանքների Ա.։ Դրանք իրենց հերթին բաղկացած են ապրանքների խմբերից և ենթախմբերից։ Պարենային ապրանքների մեջ մտնում են՝ հացը և հացամթերքները, միսը և երշիկեղենը, ճարպերը, բանջարեղենը, կաթը և կաթնամթերքը ևն։ Արդյունաբերական ապրանքները ընդգրկում են հետևյալ հիմնական խմբերը՝ գործվածքեղենը, կարի արտադրանքը, տրիկոտաժը, կոշկեղենը, գալանտերեան, շինանյութերը, էլեկտրաապրանքները։

Ապրանքների որակի, տեսակայնության, ստանդարտների պահանջներին, տեխնիկական պայմաններին, նմուշներին համապատասխանության որոշման համար Ա. օգտվում է հետազոտման օրգանոլեպտիկ և լաբորատոր եղանակներից։ Ապրանքների որակի որոշման օրգանոլեպտիկ եղանակը հենվում է գլխավորապես ապրանքների արտաքին հատկանիշների՝ գույնի, հոտի, համի, ձայնի, նախշազարդման, ձևի ևն վրա։ Ապրանքների որակի գնահատականը տրվում է մարդու