Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Ալինջաչայ) գետի աջ ափին։ Հիշատակվում է XIII դարից, սակայն նյութական հուշարձաններ կան XI դարից (1051)։ XIV դ. եղել է ունիթորների (կաթոլիկների) դեմ պայքարի կենտրոն։ Այդ է վկայում մեզ հասած մի ձեռագիր, որը գրվել է Ա–ում, 1379-ին (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №159)։ XVII դ. սկզբին Ա. ուներ 100 տուն հայ բնակիչ։ Աբբաս I շահի արշավանքի ժամանակ գյուղը դատարկվեց։ Հետագայում այնտեղ վերստին բնակություն հաստատեցին Սալմաստից և այլ տեղերից վերադարձած հայեր։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (հատկապես՝ քարակոփությամբ)։ Գյուղն ուներ եկեղեցի՝ Մ. Գևորգ և Ս. Խաչ ու Ս. Կարապետ (կառուցվել է 1381) վանքերը։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Գևորգ վանքը, որտեղ հիմնվել էր Ապրակունյաց դպրոցը:

Ապրակունիս: Ս. Կարապետ վանքը հարավ–արևելքից

Ս. Կարապետ վանքը հիմնադրել է Մաղաքիա Ղրիմեցին ունիթորների՝ Նախիջևանի գավառում կաթոլիկություն տարածելու փորձերի դեմ պայքարելու համար։ Ս. Կարապետ վանքում պահվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը այժմ գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. №№ 2587, 2669, 2732, 3033, 3393, 4272, 4276)։ Վանքը կառուցված է կապտավուն սրբատաշ քարով։ Չորս հաստահիմն սյուների վրա բարձրանում է աղյուսակերտ գմբեթը՝ ութ լուսամուտներով։ Բեմի երկու կողմերում կրկնահարկ խորաններ են։ Արևմտյան դռան եզրերը զարդարված են որմնաքանդակներով։ 1656-ին վանքր նորոգվել է։ Ավելի ուշ այն ներսից նկարազարդել է բանաստեղծ և նկարիչ Նաղաշ Հովնաթանը իր որդիների՝ Հարությունի և Հակոբի հետ։

Ա. այժմ մտնում է Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանի մեջ։

Գրկ. Սմբատյանց Մ., Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջակա և շրջակայից նորա, Տփղիս, 1904։ Ս. Բարխուդարյան

ԱՊՐԱԿՈՒՆՅԱՑ ԴՊՐՈՑ, դպրոց (վարդապետարան), որ գործել է Ապրակունիս գյուղի մերձակա Ս. Գևորգ վանքում։ Հիմնադրվել է 1369-ին, վարդապետ Մաղաքիա Ղրիմեցու ջանքերով։ Րաբունապետն էր Սարգիս Վարդապետ Ապրակունեցին։ Դասավանդվում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, կրոնի պատմություն, հռետորական և գրչության արվեստ։ Դպրոցի նպատակն էր Տաթևի համալսարանի համագործակցությամբ պայքարել կաթոլիկ եկեղեցու գործակալների (ունիթորների) դեմ։ 1379-ին Սարգիս Վարդապետը տեղափոխվել է Աստապատի նորաբաց դպրոցը, իսկ Ա. դ. սկսել է ղեկավարել Հովհաննես Որոտնեցին։ 1384-ին, տասնհինգ տարվա պայքարից հետո, ունիթորները թունավորեցին Սաղաքիա Ղրիմեցուն։ Երկու տարի անց, 1386-ին մահացավ Հովհաննես Որոտնեցին, որից հետո վարդապետական աթոռը զբաղեցրեց Գրիգոր Տաթևացին, որի րաբունապետությամբ Ա. դ. գործեց մինչև 1391։ Ա. դ–ում ընդօրինակված ձեռագրերից երկուսը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. №№2519 և 5707)։

Գրկ. Յասմաւուրք, ԿՊ, 1730։ Սեդրակյան Ա., Հնութիւնք հայրենեաց ի գավառին Երնջակու, Վաղ–պատ, 1872։ Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, գիրք 1, 2 հրտ., Բեյրութ, 1960։ ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Խաչիկյան, Ե., 1950։ Ա. Մաթևոսյան


ԱՊՐԱՆՔ, Ապրանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ա. ուներ եկեղեցի (Ս. Փրկիչ) և վարժարան։ Նրա մոտ էր գտնվում Ծակքարի Ս. Դավթի վանքը, որտեղ պահպանվել է խաչարձան՝ անընթեռնելի արձանագրությամբ։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, նրանց մի մասը զոհվել է, մյուսը տարագրվել տարբեր երկրներ։


ԱՊՐԱՆՔ, աշխատանքի արդյունք, որ իր հատկություններով բավարարում է մարդու որևէ պահանջմունքը (ֆիզիկական կամ հոգեկան) և նախանշված է ուրիշի սպառման համար՝ փոխանակության միջոցով։ Պատմականորեն աշխատանքի արդյունքները դառնում են Ա., երբ արտադրողական ուժերի զարգացման հետևանքով կատարվում է աշխատանքի հասարակական բաժանում և առաջանում արդյունքների ավելցուկ կամ հավելյալ արդյունք։ Աշխատանքի առաջին խոշոր հասարակական բաժանումը՝ երկրագործության անջատումը անասնապահությունից, հասցրեց ապրանքափոխանակությանը երկրագործ և խաշնարած ցեղերի ու համայնքների միջև։ Ապրանքային հարաբերությունների հետագա զարգացումը կապվում է աշխատանքի հասարակական բաժանման խորացման, արտադրության միջոցների մասնավոր սեփականության ծագման, ապրանքային տնտեսության հակասությունների սրման, փոխանակության ձևերի զարգացման և փողի հայտնության հետ։ Ապրանքային արտադրությունը համընդհանուր բնույթ է ստանում կապիտալիզմի ժամանակ, երբ աշխատուժը ևս դառնում է Ա.։ Մարքսը Ա. անվանում է կապիտալիստական հասարակության հարստության տարրական ձևը։ Ա. ունի երկու հատկություն, մի կողմից սպառարժեք, մյուս կողմից՝ արժեք։ Աշխատանքի արդյունքի օգտակարությունը, որով կարող է բավարարել մարդկանց այս կամ այն պահանջմունքը, նրան դարձնում է սպառարժեք կամ բարիք։ Սպառարժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը, ինչ հասարակական ձև էլ այն ունենա։ Ապրանքային տնտեսության պայմաններում սպառարժեքները միաժամանակ փոխանակային արժեքի իրային կրողներն են։ Փոխանակային արժեքն ամենից առաջ ներկայանում է որպես քանակական հարաբերություն, որով տարբեր սպառարժեքները փոխանակվում են միմյանց հետ։ Ա–ի մեջ պարունակվող ապրանքարտադրողների աշխատանքը կազմում է նրա արժեքր։ Ա–ի արժեքի մեծությունը որոշվում է ոչ թե նրա արտադրության վրա առանձին ապրանքարտադրողների ծախսած անհատական աշխատաժամանակով, այլ հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Դա այն աշխատաժամանակն է, որ արտադրության հասարակականորեն նորմալ առկա պայմաններում և տվյալ հասարակության մեջ գոյություն ունեցող աշխատանքի հմտության ու ինտենսիվության միջին մակարդակի պարագայում պահանջվում է որևէ սպառարժեք պատրաստելու համար: Այդ ժամանակը որոշվում է արտադրության այն պայմաններով, երբ ստեղծվում է տվյալ ապրանքատեսակի մեծմասը։ Հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը փոփոխվում է աշխատանքի արտադրողականության փոփոխման շնորհիվ։ Որքան բարձր է աշխատանքի արտադրողականությունը, այնքան փոքր է որևէ Ա. արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը, հետևաբար, նրա արժեքը և ընդհակառակը։ Այդ փոփոխություններն արտացոլվում են ապրանքների փոխանակային արժեքի մեջ։ Հետևաբար, Ա–ի փոխանակային արժեքը նրա արժեքի դրսևորման ձևն է։ Ապրանքարտադրողները, Ա–ի տարբեր տեսակները հավասարեցնելով միմյանց, դրանով իսկ հավասարեցնում են իրենց աշխատանքի տարբեր տեսակները, մտնում են որոշակի հարաբերությունների մեջ, որոնք կազմավորվում են մարդկանց արտադրական գործունեության պրոցեսում և դրսևորվում ապրանքափոխանակության ժամանակ։

Ա–ի երկու հատկությունները պայմանավորված են նրա մեջ պարունակվող աշխատանքի երկակի բնույթով։ Աշխատանքի տեսակներր միմյանցից տարբերվում են իրենց նպատակով, գործողություններով, առարկայով, միջոցներով և հետևանքով։ Որոշակի նպատակահարմար ձևով ծախսվող աշխատանքը (հյուսնի, դերձակի, կոշկակարի ևն) կոնկրետ աշխատանք է և կոնկրետ օգտակար աշխատանքի իր այդ հատկությամբ ստեղծում է սպառողական արժեքներ։

Փոխանակության ժամանակ կոնկրետ աշխատանքի տարբեր տեսակների ստեղ–