Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նրանց մակերևույթը հիդրոֆոբացման են ենթարկում նոր սինթետիկ նյութերի (քրոմոլան, վելան ևն) միջոցով։ Հականեխիչ տոգորումը կատարվում է պղնձի և քրոմի աղերի օգնությամբ՝ գործվածքի մակերեվույթը դաբաղանյութերի . լուծամզուքով ամրացնելով։ Հրակայուն դարձնելու համար գործվածքները քսածածկում են ծարիրի, տիտանի, անագի աղերով՝ հետագայում դրանք չլուծվող միացությունների վերածելով։ Բրդե գործվածքները ցեցից պաշտպանելու նպատակով մշակում են ֆտորի աղերի լուծույթներով, ինչպես նաև՝ միաժամանակ քլորի ատոմներ, հիդրօքսիլ և սուլֆախմբեր (էյլաններ) պարունակող օրգանական պրեպարատներով։ Տես նաև Վերջնամշակում գործվածքների։

ԱՊՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բուլանըխի գավառում։ XX դ. սկգբին ուներ 80–90 տուն բնակիչ, կեսը՝ հայ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մոտակայքի քարհանքից պատրաստում էին ջրաղացի քարեր։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մի մասը զոհվել է, իսկ փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՊՐԻԼՅԱՆ ԵՂԵՌՆ, տես Մեծ եղեռն:


ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ, Վ. Ի. Լենինի «Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ հեղափոխությունում» զեկուցման թեզիսները, որտեղ տրված է Ռուսաստանում բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից սոցիալիստական հեղափոխությանն անցնելու ծրագիրը։ 1917-ի ապրիլի 4 (17)–ին, Ռուսաստան վերադառնալու հաջորդ օրը, Վ. Ի. Լենինը Պետրոգրադում հանդես եկավ բոլշևիկների ժողովում, ապա բանվորների և զինվորների դեպուտատների սովետների համառուսաստանյան խորհրդակցության բոլշևիկ և մենշևիկ պատվիրակների միացյալ ժողովում, որտեղ շարադրեց պրոլետարիատի խնդիրները հեղափոխության մեջ։ Հաշվի առնելով միջազգային և ներքին պայմանները, երկրում դասակարգային ուժերի փոխհարաբերությունը երկիշխանության պայմաններում՝ Վ. Ի. Լենինը տվեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստական հեղափոխության վերաճելու կոնկրետ դիրքորոշում։ «Ռուսաստանում ընթացիկ մոմենտի առանձնահատկությունը,– ասաց Լենինը,– անցումն է հեղափոխության առաջին էտապից, որը պրոլետարիատի բավականաչափ գիտակից և կազմակերպված չլինելու պատճառով իշխանությունը տվեց բուրժուազիային, դեպի նրա երկրորդ էտապը, որն իշխանությունը պետք է տա պրոլետարիատի և գյուղացիության ամենաչքավոր խավերի ձեռքը» (Երկ., հ. 24, էջ 4)։

Վ. Ի. Լենինի «Ապրիլյան թեզիսներ»-ի նախնական ուրվագիրը: 3 (16) Ապրիլ, 1917 : Ձեռագրի սկիզբը:

Լենինը ժամանակավոր կառավարությանը անմիջապես տապալելու կոչ չէր անում, որովհետև էսեռա–մենշևիկյան սովետները համագործակցում էին այդ կառավարության հետ, որի պատճառով երկրում կար չգիտակցված վստահություն նրա նկատմամբ։ Առաջարկելով «Ոչ մի աջակցություն ժամանակավոր կառավարությանը» տակտիկան՝ միաժամանակ Լենինը առաջ էր քաշում «Ամբողջ իշխանությունը Սովետներին» լոզունգը։ Դա նշանակում էր, որ էսեռա–մենշևիկյան սովետները պետք է ձգտեին մենիշխանության՝ հրաժարվելով ժամանակավոր կառավարության հետ համագործակցելուց և ստեղծեին իրենց սեփական կառավարությունը, որը սովետներում էսեռների և մենշևիկների մեծամասնություն կազմելու պատճառով անխուսափելիորեն կլիներ էսեռա–մենշևիկյան։ Այսպիսով, կվերանար բուրժուական կառավարությունը, և իշխանությունն ամբողջությամբ կանցներ մանրբուրժուական դեմոկրատիային։ Այդպիսի իշխանությունը Լենինն անվանում էր բանվորների և գյուղացիների հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրա։ Հետագայում սովետներում ծավալված միջկուսակցական պայքարի և աշխատավորական զանգվծների շրջանում ագիտացիայի միջոցով մերկացնելով էսեռների և մենշևիկների հակաժողովրդական քաղաքականությունը՝ բոլշևիկները վերընտրությունների ժամանակ կկարողանային շահել մեծամասնություն, արմատապես կփոխեին սովետների և հետևաբար կառավարության կազմն ու քաղաքականությունը։ Այսպիսով, սովետների բոլշևիկացման շնորհիվ իշխանությունը կանցներ պրոլետարական դեմոկրատիային և բանվորների ու գյուղացիների հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրան խաղաղ ճանապարհով կվերաճեր պրոլետարիատի դիկտատուրայի։ Լենինը 1905-ի և 1917-ի հեղափոխությունների փորձի ուսումնասիրության հիման վրա հայտնագործեց Սովետների հանրապետությունը, որպես պրոլետարիատի դիկտատուրայի քաղաքական ձև։ Սա մարքսիզմի հետագա զարգացումն էր Վ. Ի. Լենինի կողմից։ Հեղափոխության խաղաղ զարգացման հնարավորությունը, որը Լենինը համարում էր «չափազանց հազվադեպ պատմության մեջ և չափազանց արժեքավոր», հուլիսյան իրադրությունից հետո բացառվեց, որովհետև հակահեղափոխական բուրժուազիային հաջողվեց հասնել մենիշխանության։ «Ամբողջ իշխանությունը Սովետներին» լոզունգը կուսակցության VI համագումարի կողմից ժամանակավորապես հանվեց, որովհետև մենշևիկները և էսեռները սովետները դարձրել էին ժամանակավոր կառավարության կցորդ։ Միայն կոռնիլովյան դավադրության ջախջախումից հետո, երբ սովետներում մեծամասնություն կազմեցին բոլշևիկները, հնարավոր եղավ նորից առաջադրել «Ամբողջ իշխանությունը Սովետներին» լոզունգը, որն արդեն զինված ապստամբության միջոցով պրոլետարիատի դիկտատուրան հաստատելու կոչ էր։ Սոցիալիստական հեղափոխությունը քաղաքականապես պատրաստելու համար կարևոր նշանակություն ուներ պատերազմի մասին հարցադրումը։ Լենինն ընդգծում էր, որ պատերազմը մնում էր որպես թալանչիական, իմպերիալիստական, որ առանց կապիտալի տիրապետության տապալման հնարավոր չէ կայուն խաղաղություն հաստատել երկրում։ Վ. Ի. Լենինն առաջարկում էր երկրի բոլոր հողերի ազգայնացում, բանկերի միաձուլում մեկ ընդհանուր ազգային բանկի մեջ, հասարակական արտադրության և մթերքների բաշխման վրա սովետների վերահսկողության սահմանում։ Կուսակցական կյանքի բնագավառում Վ. Ի. Լենինն առաջարկեց անհապաղ հրավիրել կուսակցության համագումար, փոփոխել կուսակցության ծրագիրը, անվանումը։ Նա առաջարկում էր կուսակցությունը կոչել կոմունիստական, որը կհամապատասխաներ բոլշևիկների հիմնական նպատակին՝ կոմունիզմի կառուցմանը։ Ա. թ–ում Վ. Ի. Լենինը առաջարկում էր ստեղծել նոր, III կոմունիստական ինտերնացիոնալ, որն ազատ կլիներ օպորտունիզմից և սոցիալ–շովինիզմից։ Կուսակցության ներսում Ա. թ–ին դեմ հանդես եկավ Կամենևը, որը պնդում էր, թե Ռուսաստանը սոցիալիստական հեղափոխության համար չի հասունացել։ Սակայն կուսակցության գաղափարական համախմբվածությունը վառ կերպով դրսևորվեց ՌՍԴԲԿ(բ) յոթերորդ (Ապրիլյան) համառուսաստանյան կոնֆերանսում [1917–ի ապրիլի 24–29 (մայիսի 7–12)–ին], որը Ա. թ. ընդունեց որպես կուսակցության քաղաքական գործունեության հիմք։ Ա. թ. ջերմորեն ընդունեցին Անդրկովկասի բոլշևիկները։ «Բակինսկի ռաբոչի», «Սոցիալ–դեմոկրատ», «Բանվորի կռիվը», «Կավկազսկի ռաբոչի» և այլ թերթեր աշխատավոր զանգվածներին պարզաբանում էին Ա. թ.,նրանց մոբիլիզացնում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար։

Գրկ. Լենին Վ. Ի., Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ ռևոլյուցիայում, Երկ., հ. 24։ Նույնի, Պրոլետարիատի խնդիրները մեր ռևոլյուցիայում, նույն տեղում: Նույնի, Նամակներ տակտիկայի մասին, նույն տեղում։