դեմ։ 1930-ական թթ․ սկզբին կոմունիստները կազմակերպեցին գործազուրկների վիթխարի «սովյալ երթերը»։ 1934–36-ին կոմունիստների գլխավորությամբ տեղի ունեցան մասսայական միտինգներ ու բողոքի ցույցեր ընդդեմ ֆաշիստական կազմակերպության։ Ավելի քան 400 անգլիացի կոմունիստներ ինտերնացիոնալիստական բրիգադներում մարտնչեցին Իսպանիայի հայրենասերների կողքին։ Այս շրջանում կուսակցությունը պայքարում էր անգլ․ կառավարության՝ ֆաշիստական ագրեսորների թողտվության քաղաքականության դեմ, ՍՍՀՄ–ի հետ բարեկամության, երկրում միացյալ հակաֆաշիստական ճակատի ստեղծման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ ֆաշիզմի դեմ կոմունիստների անձնազոհ պայքարը բարձրացրեց նրանց հեղինակությունը մասսաների շրջանում։ 1947-ին կոմկուսը առաջադրեց բրիտ․ էկոնոմիկայի զարգացման եռամյա պլան՝ առաջարկելով վերացնել մոնոպոլիաների ճնշող տիրապետությունը, իրականացնել ժող․ տնտեսության կարևորագույն ճյուղերի ազգայնացում և տեխ․ վերակառուցում։ 1951-ին Գործադիր կոմիտեն ընդունեց «Բրիտանիայի ուղին դեպի սոցիալիզմ» ծրագիրը [հավանության է արժանացել կուսակցության XXII համագումարում (1952), իսկ XXV համագումարում (1957) հաստատվեց փոփոխված ծրագրի նախագիծը, XXX-ում (1967) ծրագրում մտցվեցին նոր փոփոխություններ ու լրացումներ]։ Ծրագրում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի բոլոր երկրների հետ խաղաղության ու բարեկամության սկզբունքների հիման վրա։ Կոմկուսը հնարավոր է համարում անցումը սոցիալիզմին՝ առանց զինված պայքարի, պառլամենտի վերափոխման ճանապարհով, այն դարձնելով բանվոր դասակարգի գլխավորությամբ միավորված աշխատավորության գործիք երկրի կառավարող շրջանների հակաժողովրդական քաղաքականության դեմ պայքարելու համար։ Իբրև իր հիմնական խնդիրներից մեկը, կուսակցությունը առաջ է քաշում ձախ ուժերի միասնությունը, որով հնարավոր կդառնա վերացնելու աջ թևի գերիշխանությունը բանվորական շարժման մեջ։ ՄԲԿԿ XXXIV համագումարը (1975) կոչ արեց հասարակական տարբեր ուժերը բանվոր դասակարգի գլխավորությամբ համախմբել լայն, հակամոնոպոլիստական միության մեջ։
Համագումարը հատուկ ուշադրություն դարձրեց արդյունաբերական ձեռնարկություններում կոմունիստների գործունեության ակտիվացմանը։ XXXV համագումարը (1977) հավանություն տվեց «Բրիտանիայի ուղին դեպի սոցիալիզմ» կուսակցության նոր ծրագրին, կոչ արեց մոբիլիզացնել երկրի առաջադիմական ուժերի ջանքերը հանուն աշխատավորների շահերի պաշտպանության, սպառազինությունների մրցավազքի դադարեցման և զինաթափման։
ՄԲԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, որն ընտրում է Գործադիր կոմիտե։ Կոմկուսի շարքերում կա 20,6 հզ․ կոմունիստ (1980)։ Կուսակցության գլխավոր քարտուղարն է Գ․ Մակլենանը։ Կենտրոնական օրգանն է «Քոմենթ» («Comment») շաբաթաթերթը, տեսականը՝ «Մարքսիզմ թուդեյ» («Marxism Today») ամսագիրը։
ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի, հացահատիկային և կերային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ։ Գործում է Բոգդանովկայի պանրի գործարանի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, 2 գրադարան, ակումբ, կինոսարք, մանկապարտեզ։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից, 1829-ին։ Մ․ Գ–ում կա եկեղեցի (1869)։
ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, դատավարական գերագույն մարմին միջնադարյան Հայաստանում։ Պաշտպանել է տիրող դասակարգի շահերն ու իրավունքները։ Գլխավոր դատավորը եղել է Հայոց կաթողիկոսը, որը ժողովների միջոցով սահմանել է կանոններ ու օրենքներ, հետևել դրանց կատարմանը։ Տեղական դատարանները գլխավորել են թեմական եպիսկոպոսները։ Կիլիկյան Հայաստանում հոգևորականությունը զրկվել է դատավարության իրավունքից։ Գործել է թագավորի ձեռքում կենտրոնացված աշխարհիկ դատարանը։
ՄԵԾ ԴՈՒՌՆՈՒԿ, Դուռնիկ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանում, Թբիլիսի–Մառնեուլի–Թեթրիծղարո խճուղու աջ կողմում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևելք։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ ու այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման օբյեկտներ, փոստ, բուժկայան։ Մ․ Դ․ հիմնադրվել է 1750-ին։ Բնակիչները եկել են Ղարաբաղից և Վրաստանի Կախեթի գավառի Թելավ քաղաքից։ Գյուղում կա 2 եկեղեցի Ս․ Գևորգ անվամբ, մեկը՝ կառուցված 1780-ին, մյուսը՝ XIX դ․։ Մ․ Դ–ի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ, գերեզմանատներ և մատուռներ։
ՄԵԾ ԵՂԵՌՆ, Մեծ ոճիր, Հայերի գենոցիդ (ցեղասպանություն), արևմտահայության զանգվածային կոտորած Օսմանյան կայսրությունում 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կազմակերպել են թուրք. կառավարողները՝ կայզերական Գերմանիայի աջակցությամբ և արևմտյան տերությունների թողտվությամբ։
Միջին դարերի մեծագույն արհավիրքներից էր սելջուկ–թուրքերի ներխուժումը Հայաստան և Փոքր Ասիա: Նրանց ավերիչ հարձակումներով սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենամռայլ ժամանակաշրջանը։ Նրանք սկզբում «հիմնեցին Կարահիսարի ավազակային պետությունը» (Архив К․ Маркса и Ф․ Энгельса, т․ 5, с․ 223), իսկ հետագայում կազմավորվեց Օսմանյան կայսրությունը՝ այդ «իսկական ռազմական տերությունը» (նույն տեղում, т․ 6, с․ 189)։ Այնտեղ դժոխային վիճակ ստեղծվեց բոլոր աշխատավորների և քրիստոնյա ժողովուրդների (սլավոններ, հայեր, հույներ, վրացիներ ևն) համար։ Ռազմա–ֆեոդալ․ Թուրքիայում չկար օրինականություն, իշխում էին սուլթանի և նրա փաշաների կամքն ու քմահաճույքը, շարիաթն ու Ղուրանի հետադիմական դոգմաները։ Թուրք. բռնակալներն աշխարհի ժողովուրդներին բաժանում էին երկու մասի՝ «հավատացյալների» (մահմեդականների), որոնք պետք է իշխեն, և այլակրոնների կամ «գյավուրների», որոնց պետք է աշխատեցնել, գանակոծել, սպանել։ Նրանք ճնշում էին նաև մահմեդական աշխատավորներին, բայց հատկապես ծանր էր ոչ–մահմեդական թուրքահպատակների վիճակը, նրանք դատապարտված էին ստրկության, ձուլման (դավանափոխությամբ) կամ ոչնչացման։ Դաժան ճնշման ու շահագործման, կատաղի շովինիզմի, կրոնական մոլեռանդության, անօրինականության, ոստիկանական կամայականության պայմաններում չկար անձի ու գույքի տարրական ապահովություն։
Թուրք. բռնակալները, հրով ու սրով նվաճելով Արևմտյան Հայաստանը, հայերի նկատմամբ սկզբից ևեթ վարել են պետ․ քաղաքականության աստիճանի բարձրացրած բարբարոսական գիծ, որն ահավոր չափերի հասավ արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք (1876–1909)։ Էրզրումում անգլ․ հյուպատոս Քլիֆորդ Լլոյդը նշել է, որ «սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը» («Положение армян в Турции до вмешательства держав в 1895 году», М․, 1896, с․ 133)։ Համիդյան տիրապետությունը «զուլումի» ժամանակաշրջան էր, երբ «թագակիր ավազակը» պահանջում էր «վերջ տալ Հայկական հարցին՝ ոչնչացնելով բոլոր հայերին»։ Նա 1894–96-ին կազմակերպեց ավելի քան 300 հզ․ հայերի կոտորածը։ 1908-ի բուրժուա–վերնախավային հեղափոխությամբ տապալվեց Աբդուլ Համիդը, և իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, որոնք միավորված էին «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքը») կոչվող կուսակցության մեջ։ Բայց ըստ էության ոչ մի էական փոփոխություն տեղի չունեցավ երկրի սոցիալ–տնտ․ կյանքում ու հասարակական հարաբերություններում։ Իթթիհաթականները, դավանելով պանթյուրքիզմի ու պանիսլամիզմի հետադիմական գաղափարախոսությունը, ձգտում էին ոչ միայն պահպանել Օսմանյան կայսրությունը և բռնությամբ ոչնչացնել կամ ձուլել–թուրքացնել հպատակ ժողովուրդներին, այլև ստեղծել համաթուրանական տերություն, որի մեջ կմտնեին բոլոր մահմեդականները։ Երկրի ներսում նրանք սաստկացրին մեծապետական շովինիզմի քաղաքականությունը և կատաղի հալածանքը հայերի ու մյուս հպատակ ժողովուրդների դեմ։ Ակադեմիկոս Ե․ Տառլեն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/423
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ