Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայերն Աջարիայում։Աջարական Ինքնավար Հանրապետության տերիտորիայում բնակվում են մեծ թվով հայեր, որոնց նախնիները հիմնականում համշեցիներ են։ Նրանք հոծ խմբերով եկել են Սև ծովի Կովկասյան ափերը XVIII դ. սկզբներին, երբ Համշենում սկսվել են բռնություններ իսլամը տարածելու նպատակով։ Համշենահայության հոսքը Ա. ավելի ուժեղացավ 1860-ական թթ. և հատկապես 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո, երբ Սև ծովի Կովկասյան ափերն անցան Ռուսաստանին։ Հայերի նոր խմբեր այս վայրերում հաստատվեցին 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք գաղթել էին Բիթլիսից, Մուշից, Տրապիզոնից, Արդվինից։ Գաղթածների մեծ մասը արհեստավորներ էին, որոնք նպաստեցին Ա–ի տնտեսական կյանքի աշխուժացմանը։ Հայ բնակչության կենտրոնացման համեմեմատ Ա–ում հիմնադրվել են հայկական դպրոցներ (Մեսրոպյան երկսեռ ուսումնարան, ծխական դպրոց և այլն)։ Ուսումնական գործը ավելի բարելավվեց, երբ 1905-ին Կովկասում վերաբացվեցին հայծխական դպրոցները։ Ա–ի հայության կյանքում մեծ դեր է խաղացել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Բաթումի մասնաճյուղը։ Ընկերությունը հիմնել է փոխօգնության և օգնության դրամարկղներ, իր հովանավորության տակ վերցրել դպրոցները, թատրոնը, Բաթումում գործող գեղարվեստական խմբակները։ Հայ կանանց մեջ գրագիտություն տարածելու նպատակով դարասկզբին Բաթումում գործում էր «Հայ կանանց միությունը»։ XIX դ. վերջից Ա–ի և հատկապես Բաթումի հայութունն ապրում էր թատերական, երաժըշտական աշխույժ կյանքով։ 1886-ից սկսեց գործել հայկական թատրոնը (տես Բաթումի հայկական թատրոն)։ 1909-ին հայկական թատրոնին հատկացվեց նոր շենք։ XIX դ. վերջից Բաթումում պարբերաբար գործել են երգեցիկ խմբեր։ 1898-ին Քրիստափոր Կարա–Մուրզուն կազմեց 80 հոգուց բաղկացած երգեցիկ խումբ, հետագայում (1910) 60 հոգուց բաղկացած խումբ կազմեց Կոմիտասը՝ միաժամանակ համերգներ տալով ու վարելով հայկական եկեղեցու պատարագը (Բաթումի հայկական եկեղեցին կառուցվել է 1885-ին, Խրիմյան Հայրիկի ջանքերով)։ Բազմիցս Բաթում են այցելել հայ մտավորականներ, գրողներ։ 1908-ին Բաթումում դասախոսություններով հանդես եկավ Լեոն։

Բաթումի համայնքի կյանքը ավելի աշխուժացավ 1920-ական թթ. սովետական իշխանության հաստատումից հետո։ Հրատարակվեցին թերթեր՝ «Կոմունիստ» (1921) և «Բաթումի բանվոր» (1922)։ Բաթումում ,հայկական թատրոնից բացի, գործում էր հայկական կոմերիտական դրամատիկ խումբը։ 1923-ին Բաթումում կազմակերպվեց Հայարտուն (հայ արվեստագեըների տունը), որը ղեկավարում էր քաղաքի հայկական թատերական, գրական, երաժշտական կյանքը։ Այդ գործում մեծ վաստակ ունի կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը։

Ներկայումս Ա–ում բնակվում են 21700 (1970) հայեր, հիմնականում՝ Բաթումում, Չաքվայում, Քոբուլեթում։ Նրանք զբաղվում են արհեստներով, պտղաբուծությամբ, թեյագործությամբ, նավահանգստի բանվորներ ու ծառայողներ են։ Բաթումում կա 2 հայկական միջնակարգ դպրոց՝ 385 աշակերտով, Չաքվայում՝ 8-ամյա դպրոց՝ 100 աշակերտով։ Բաթումը բազմիցս ընդունել և հյուրընկալել է հայրենիք վերադարձող սփյուռքահայերին։

Գրկ․ Грузия М., 1967 (серия «Советский Союз»); Нижарадзе Н., Советская Аджария. Економико-георафическая характеристика, Батуми, 1961; Советская Грузия к 50-летию Великой Октябрьской социалистической револуции [стат. сб.], Тб., 1967; Борьба за победу Советской власти в Аджарии, Документы и материалы (1917-21), Батуми, 1961; История Грузии, ч. 1, Тб., 1962.

ԱՋԱՐՆԵՐ, աջարելի, վրացիներ, որոնք ապրում են Աջարական ԻՍՍՀ–ում։ Խոսում են վրացերեն։ Թուրք, տիրապետության ժամանակ (XVIդ. 2-րդ կես - 1878) հարկադրված են եղել ընդունել մահմեդականություն (մինչ այդ քրիստոնյաներ էին)։ Չնայած բռնի թուրքացման քաղաքականությանը, Ա. պահպանել են ազգային ինքնագիտակցությունը, մայրենի լեզուն, մշակույթի և կենցաղի ինքնատիպ ձները։


ԱՋԵՄ, Աջամ, տերմին, որով արաբները անվանում էին հին շրջանում իրենց անմիջական հարևաններին՝ պարսիկներին,իսկ հետագայում՝ ընդհանրապես բոլոր ոչ արաբներին։ Օմայան խալիֆաների օրոք, երբ արաբներն առաջատար դեր էին խաղում մահմեդականության հիմնավորման և տարածման գործում, Ա. հասկացության գործածությամբ ընդգծվում էր նրանց գերազանցությունը այլ ժողովուրդների նկատմամբ։ Աբբասյանների ժամանակ դրությունը հիմնովին փոխվեց։ Պարսիկները ոչ միայն քաղաքական գերակշռության հասան, այլև սկսեցին հանդես գալ իրենց հոգևոր արժեքների գերազանցության հավակնությամբ։ Երբ հակամարտությունը մարեց, Ա. ասելով հասկանում էին սոսկ օտարածին, պարզապես նկատի ունենալով արաբների և այլազգիների էթնիկական տարբեր ծագումը։Այսպես, ուշ միջնադարից սկսած Իրաք–աջամի ասելով հասկանում էին Իրանական Միջագետքը, մինչդեռ բուն Իրաքն անվանում էին Իրաք–արաբի։

Թուրքիայում աջեմի–օղլան անվանում էին քրիստոնյաների երեխաներին, որոնց վերցնում էին սուլթանական պալատում ծառայելու համար, ընդ որում 5–7 տարվա նախապատրաստությունից հետո, երբ նրանք հմտանում էին թուրքերենին և վարժվում մուսուլմանական սովորույթներին։ Այդ նպատակի համար անհամապատասխան ճանաչվածներին մեծ մասամբ դարձնում էին ենիչերիներ: XVII դ. աջեմի–օղլանների ինստ. վերացավ, թեն նրանցից կազմված ենիչերիների զորքը գոյություն ուներ մինչև 1826-ը։ Հավանաբար Ա–ից է առաջացել հայերի «Աճեմ» (Աճեմյան) անունը։


ԱՃԵՄԻ, որդի Աբուբեքրի (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի ճարտարապետ։ Նախիջևանում կառուցել է Ցուսուֆ իբն Կուսեյիրի (1162) և Մոմինե–խաթունի (1186) աշտարակաձև դամբարանները։ Ա. կարողացել է մեծ վարպետությամբ և ինքնատիպ հնարքներով լուծել ծավալային հորինվածքի, արտաքին ճարտարապետության արտահայտչականության խնդիրները (ջլաղեղներ, ջնարակած բազմագույն աղյուսի ձևավոր շարվածք, երկրաչափական օրնամենտ են)։ Հին Նախիջևանում աթաբեկների շրջանից մնացած այդ դամբարանների վրայի արաբերեն հիշատակազրությունների տակ Ա. իրեն քաղաքի ճարտարապետ տիտղոսով է բնորոշում. «Շինեաց Աճեամ որդի էպուպէքրի ճարտարապետ Նախճավանի (Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893, էջ 502)։

Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963, էջ 118։ Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, М., 1963, с. 84-85, 372. Նկ. տես Ադրբեջանական ՍՍՀ։


«ԱՋԵՆԱ» («Agena»), հրթիռի վերջին աստիճան, որն օգտագործվում է ամերիկյան մի շարք տանող հրթիռների («Ատլաս–Աջենա», «Թոր–Աջենա») տիեզերական արձակումների համար։ Կշիռը վառելիքի հետ միասին մոտ 7 տ է, հեղուկային հրթիռային շարժիչի քարշումը՝ 72 կն (7,2 տ)։ «Ա.» օգտագործվել է ուղեծրում՝ մոտեցման և կցման փորձեր կատարելիս (տես «Ջեմինի»


ԱՋԸԼՈՒ, մինչև 1960՝ գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում: Բնակիչները փոխադրվել են նույն շրջանի Մուսալլամ գյուղը։


ԱՋԻԲԱՋ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի հարավ–արևմտյան ստորոտին, Գեղի գետի ափին, շրջկենտրոնից 40 կմ հյուսիս–արևմուտք։ 227 բն. (1970), ադրբեջանցի–